ՏԻՄ ընտրություններ-2019. ամփոփում ենք տարին

 

 Այս տարի  ընտրվել է  մեկ կին գյուղապետ և ավագանու 17 անդամ

 

Անցնող տարվա ընթացքում տեղական ինքնակառավարման մամինների ընտրություններ անցկացվեցին չորս անգամ ընդհանուր առմամբ 79 համայնքներում։ Այս տարի խոշորացվող համայնքներ չեն եղել։ Ընտրություններն անցել են  փետրվարի 17-ին, հունիսի 9-ին, սեպտեմբերի 29-ին, դեկտեմբերի 8-ին։ 

 

 

WommenNet.am-ի հարցմանն ի պատասխան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տրամադրել է  այս տարվա  ՏԻՄ ընտրություններին մասնակցածների վերաբերյալ սեռով տարբերակված  ամփոփ տվյալները։

 

 

Այս տարվա ընթացքում գյուղապետ կամ քաղաքապետ ընտրեցին 60 համայնքում, որից 21-ում՝  արտահերթ կերպով։ Համայնքի  ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր է ներկայացրել 204 թեկնածու, նրանցից 5-ը մինչև գրանցումը հետ են վերցրել փաստաթղթերը։ 

 

 

Համայնքի ղեկավարի գրանցված 199 թեկնածուներից միայն երկուսը կամ  1%-ն էին կանայք եղել:  Ինքնբացարկ հայտնած բոլոր 24 թեկնածուները տղամարդիկ էին։

 

Երկու կին թեկնածուներից մեկը՝  Հրանուշ Ռոստոմյանը հաղթանակ է տոնել, նրա հետ պայքարում էր երկու տղամարդ։ Հունիսի 9-ին կայացած ընտրություններում քվեարկածների մեծ մասը հենց նրան էր տվել իրենց ձայնը։ Այժմ նա ղեկավարում է Լոռու մարզի Ողջաբերդ գյուղը։ Հիշեցնենք, որ  Ռոստոմյան Հրանուշն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ  է։ Նա նախկին ավագանու անդամ է եղել։

 

 

Հաջորդ կին թեկնածուն՝ Սիրանուշ Աղաջանյանն էր, նա առաջադրված էր  Արարատի մարզի Սիս գյուղում։ Հունիսի 9-ի քվեարկության արդյունքում 48 ձայն ստացավ, սակայն դա բավարար չէր գյուղապետ դառնալու համար։

 

 

Ավագանու ընտրություններում կանայք համեմատաբար ավելի ակտիվ էին։ 2019-ի ընթացքում ավագանու անդամի ընտրություններ են անցկացվել 26 համայնքներում, որից 9-ում՝ արտահերթ կերպով։

 

 

Ընտրություններին մասնակցելու համար ընդհանուր առմամբ փաստաթղթեր է ներկայացրել 309 քաղաքացի, չորսը մինչև գրանցվելը հետ են վերցրել փաստաթղթերը։

 

 

Գրանցված 305 թեկնածուներից 33-ը կամ 11%-ն են եղել կանայք։ Սահմանված ժամկետում ինքնաբացարկ է հայտնել 10 թեկնածու, նրանցից երկուսն էին կին։ 31 կանանցից ավագանու կազմում ընդգրկվել են 17-ը, նրանցից երեքը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 8-ին կայացած ընտրությունների արդյունքում։ Ըստ էության,  կին թեկնածուների հաջողության գործակիցը միջինում մոտ  55% է եղել: 

 

 Ընդհանուր առմամբ, անցնող տարում ՏԻՄ ընտրությունների արդյունքում

ընտրված 60 համայնքապետերից միայն մեկն է կին (1.6%) ,

ավագանու 178 անդամներից 17-ն են (9.5%)  կանայք։

 

Հիշեցնենք, որ ԿԸՀ տվյալներով, այս տարվա ապրիլի դրությամբ   հանրապետության  502 համայնքներում  կին համայնքի ղեկավարների թիվը  1.6% է եղել, իսկ ավագանիների կազմում  կանայք  9,7% են  կազմել: 

 

 

 

Կուսակցությունները գրեթե չեն մասնակցում ՏԻՄ ընտրություններին 

 

ՏԻՄ ընտրությունները համամասնական կարգով անցկացնելու շուրջ ակտիվ քննարկումների համատեքստում ուշագրավ է կուսակցությունների ցածր մասնակցությունը համայնքի ղեկավարի ու ավագանու ընտրություններին։ Նախ, ընդամենը մի քանի կուսակցությունների՝ ՔՊ-ի, ՀԱՍԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի,  Կոմկուսի ներկայացուցիչներն էին մասնակցում այս տարվա  ՏԻՄ ընտրություններին, սակայն նրանք գրեթե բոլորը մասնակցում էին որպես ինքնառաջադրվածներ ,  այսինքն նրանց   կուսակցությունները չէին առաջադրել, ինչը նշանակում է, որ գոնե ֆորմալ առումով կուսակցությունները չեն աջակցել  իրենց անդամ հանդիսացող թեկնածուներին:

 

ԿԸՀ-ի կողմից WomenNet.am-ին տրամադրած տվյալների համաձայն, համայնքի ղեկավարի համար առաջադրված 175 թեկնածուներից 156-ն անկուսակցական է եղել։ Նրանցից ինքնաառաջադրված են 173-ը։  Կուսակցություններն աջակցել են միայն երկու թեկնածուի։ Մի դեպքում Քաղաքացիական պայմանագիրն է կանգնել իր թեկնածուի կողքին, մյուս դեպքում՝ Հանուն Սոցիալական արդարություն կուսակցությունը։ Ի դեպ, վերջինի պարագայում թեկնածուն այդ կուսակցության անդամ չի եղել։

 

Նկատենք, որ Քարաձորում ընտրված համայնքապետը Հրանուշ Ռոստոմյանը ՔՊ անդամ է, սակայն ինքնաառաջադրված էր։ Այսինքն հաղթանակի հասել է առանց կուսակցության աջակցության։

 

Ինչ վերաբերում է  ավագանու անդամի ընտրություններին, ապա այս պարագայում էլ 295 թեկնածուներից 290-ն են ինքնաառաջադրված, անկուսակցական են 276-ը։ Ավագանու ընտրություններում երկու թեկնածու առաջադրել է ԲՀԿ-ն, որից մեկը կին է՝ (Արտաշատում` Աննա Գալստյանը), երեք թեկնածու Հանուն սոցիալական արդարություն կուսակցությունը, որից մեկը կին է (Արաքսյա Ստեփանյանը`Արտաշատում)։

 

 

***

 

ԿԸՀ որոշմամբ, հաջորդ տարվա՝ 2020 թվականի ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրերն արդեն նշանակված են։ Ըստ այդմ, ընտրություններ են նշանակվել մարտի 15-ին, հունիսի 14-ին, հոկտեմբերի 18-ին։

 

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 1578

Գլխավոր էջ