Ավագանու կին թեկնածուներից երեքն առավելագույն ձայներ ստացան իրենց համայնքներում
Փետրվարի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Հայաստանում կին համայնքապետերի թիվը չփոփոխվեց։ Պատճառը հայտնի է՝ 20 համայնքներից որևէ մեկում ղեկավարի պաշտոնի համար առաջադրված կին թեկնածու չկար։
Հիշեցնենք, որ կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին հանրապետության 24 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական էին, իսկ 10-ում՝ արտահերթ: Համայնքներից 20-ում ընթանում էին համայնքի ղեկավարի, իսկ 4-ում` ավագանու անդամի ընտրություններ:
Այս չորս համայնքից էլ միայն 3-ում՝ Մարգարայում, Գետահովիտում ու Իջևանում ավագանու անդամ դառնալու համար պայքարող կին թեկնածուներ կային։ Ընդհանուր թվով ավագանու կին թեկնածուները հինգն էին, նրանցից երեքն ընտրվեցին, ընդ որում առավելագույն ձայներ ստանալով իրենց համայնքներում:
Արմավիրի մարզի Մարգարա համայնքի գործող ավագանին յոթ անդամ ուներ, նրանցից երեքը կանայք էին։ Ավագանու անդամի համար պայքարում էր 13 թեկնածու, որից երեքը կանայք էին՝ անկուսակցական Նինել Ալեքսանյանը, նույն համայնքի միջնկարգ դպրոցի փոխտնօրեն, անկուսակցական Նաիրիա Մարտիրոսյանը (գործող ավագանու անդամ, նախկինում ՀՀԿ-ական), նույն դպրոցի տնօրեն, անկուսակցական Արուսյակ Մուրադյանը։ Նորընտիր ավագանու կազմում երկու կին կլինի։ Ի դեպ, ընտրված կանայք թեկնածուներից առավել մեծ թվով ձայներ ստացածներն են։ Ընտրություններին մասնակցած 557 ընտրողներից Նինել Ալեքսանյանի օգտին քվեարկել է 61 ընտրող, Նաիրիա Մարտիրոսյանի օգտին՝ 59 ընտրող։ Արուսյակ Մուրադյանը 19 քվեով չի կարողանա հաղթահարել անցողիկ շեմը։
Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի գործող ավագանին 6 անդամ ուներ, նրանց թվում կանայք չկային։ Հիշեցնենք, այստեղ 6 տեղի համար պայքարում էր 7 թեկնածու, նրանց թվում մեկ կին կար։ Անյա Խաչատրյանն անկուսակցական է։ Քվեարկության արդյունքում նա ստացել է առավելագույն թվով ձայներ, միակ կին թեկնածուի օգտին քվեարկել է 75 քաղաքացի ընտրություններին մասնակցած 396 ընտրողներից։ Արդյունքում, Գետահովիտի նորընտիր ավագանու կազմում մեկ կին կլինի։
Տավուշի մարզի Իջևան քաղաքի գործող ավագանին 12 անդամ ուներ, նրանց թվում կանայք չկային։ 12 տեղի համար պայքարում էր 33 թեկնածու, որից միայն մեկն էր կին։ Տաթևիկ Մինասյանն անկուսակցական է, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի սոցիալական աշխատող։ Այստեղ Տաթևիկի օգտին քվեարկել է 37 քաղաքացի 8263 քվեարկության մասնակցած ընտրողներից: Նա ամենաքիչ թվով ձայներ հավաքած թեկնածուն է, հետևաբար չի ընդգրկվի ավագանու կազմում։
Վերլուծելով ընտրությունների արդյունքները կարելի է փաստել, որ պահապանվել է մինչ այդ բացահայտված օրինաչափությունը, երբ քաղաքաքային կամ խոշորացված համայնքներում առկա բարձր մրցակցության պայմաններում կին թեկնածուները պարտվում են տղամարդկանց: Իսկ փոքր համայնքներում, որտեղ կանանց ճանաչելիությունն ավելի բարձր է, նրանք առաջադրվելու դեպքում որպես կանոն հաջողության են հասնում:
Ընդհանուր առմամբ նշված չորս համայնքներում փետրվարի 17-ին կայացած ընտրությունների արդյունքում ավագանու կին անդամների ընդհանուր թիվը փոփոխության չի ենթարկվել:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 2476