Համայնքների խոշորացում. Նոր «ապակյա առաստաղ» կանանց համար/ ինֆոգրաֆիկա
Այս տարի հանրապետության 6 մարզերում` Սյունիքում, Տավուշում, Շիրակում, Արարատում, Լոռիում և Վայոց ձորում, խոշորացված համայնքների ընտրություններ են կայացել: Դրանք անցկացվել են փետրվարի 14-ին, սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին` միավորելով ընդհանուր թվով 125 համայնք 17 փնջերում: Բոլոր խոշորացված համայնքների ավագանիներում կանանց ներկայացվածության առումով զգալի նվազեցում արձանագրվեց:
Հոկտեմբերի 2-ին խոշորացված 6 համայնքում` Ամասիայում, Աշոցքում, Արփիում, Վայքում, Ջերմուկում, Զառիթափում, անցկացված ընտրությունների արդյունքում միավորվեց 47 համայնք: Կանանց ներկայացվածությունն ընտրված ավագանիների կազմում կրճատվեց երեք անգամ` մինչև խոշորացումը 51 համայնքի ավագանիներում կանայք ընդհանուր թվով 15% էին կազմում, իսկ խոշորացումից հետո` 5%:
Սեպտեմբերի 18-ին 8 փնջում` Գորիսում, Մեղրիում, Գորայքում, Տեղում, Այրումում, Նոյեմբերյանում, Կողբում և Ուրցաձորում կայացած ընտրությունների արդյունքում միավորվեց 56 համայնք: Կանանց ներկայացվածությունը խոշորացված համայնքների ավագանիներում կիսով չափ նվազեց` 10%-ից խոշորացումից առաջ մինչև 5,5% խոշորացումից հետո:
Փետրվարի 14-ին երեք խոշորացված համայնքներում` Դիլիջանում, Տաթևում, Թումանյանում, անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում միավորվել է 21 համայնք 3 փնջում: Ընտրված ավագանիների կազմում կանանց ներկայացվածությունը նվազել էր երեք անգամ` մինչև խոշորացումը միավորված 21 համայնքի ավագանիներում կանայք 9,2% էին կազմում, իսկ խոշորացումից հետո հետ` 2,8%:
Այսպիսով, համայնքների խոշորացման արդյունքում արձանագրվել է լուրջ հետընթաց կանանց ներկայացվածության առումով: Ինչպես վկայում են մեր զրույցները կանանց հետ, պատճառները տարբեր են` մրցակցությունն է անհամեմատ բարձր, հատկապես երբ գյուղական համայնքները միավորվում են քաղաքների շուրջ, կին թեկնածուների ճանաչելիությունը հարակից համայնքներում ցածր է, իսկ լայն քարոզարշավ ծավալելու հնարավորություններ կանայք, որպես կանոն, չունեն, բացի այդ, ընտրագրավի չափն է մեծանում, ինչը լուրջ խոչընդոտ է կանանց պարագայում: Հաշվի առնելով մարզերում միջհամայնքային ճանապարհների ու տրանսպորտի վիճակը, կանանց համար անհաղթահարելի պատնեշ է դառնում հեռավորությունը կենտրոնից, որի շուրջ միավորվում են համայնքները: Արդյունքում` խոշորացված համայնքների ընտրություններում կին թեկնածուների թիվը ի սկզբանե քիչ է եղել, իսկ ընտրված ավագանիների կազմում կանանց ներկայացվածությունը` 2-3 անգամ ցածր, քան մինչև խոշորացումը: Միակ բացառությունը Սյունիքի մարզի Տեղ համայնքն է. այսօր դա միակ խոշորացված համայնքն է, որի ավագանիում խոշորացումից հետո կանաց թիվն ավելացել է:
Իսկ, օրինակ` նույն մարզի Արփի համայնքում, որը 10 համայնք է միավորել, ավագանու կազմում 7 անդամ է, և միայն մեկն է կին: Մինչդեռ խոշորացումից առաջ այդ համայնքների ավագանիների կազմում եղել է 50 անդամ, այդ թվում` 17 կին: Նույն պատկերն է Տավուշի մարզի Այրումում, որը խոշորացվել է` իր մեջ ընդգրկելով 9 համայնք: Մինչև խոշորացումը նրանց ավագանիների կազմում 54 անդամներից 3-ն էին կանայք, այժմ Այրումում ընտրվել է ավագանու 11 անդամ, և նրանցից ոչ մեկը կին չէ: Այստեղ առաջադրված 36 թեկնածուներից 7-ն էին կանայք, նրանցից որևէ մեկը ավագանու անդամ ընտրվելու համար բավարար ձայներ չստացավ, թեպետ շատերը ավագանիում աշխատելու հաջողված փորձ ունեին: Այս օրինակները, ինչպես ցույց են տալիս ընտրությունների արդյունքները, ցավոք, օրինաչափություն են :
Համայնքների խոշորացման գաղափարը միտված է համայնքների բարեկեցությանը, նոր ծրագրերի իրականացմանը, փոքր համայնքների խնդիրների արդյունավետ լուծմանը: Սակայն այն փաստը, որ կանանց մասնակցությունը ավագանիների կազմում ակնհայտորեն նվազում է, կարող է հարցականի տակ դնել այն դրական ակնկալիքները, որոնք դրված են խոշորացման գործընթացի հիմքում: Անհրաժեշտ է նոր մեխանիզմներ մտածել, որոնք թույլ կտան ներգրավել ակտիվ կանանց ներուժը իրենց իսկ համայնքներին վերաբերող որոշումների ընդունմանը: այս հարցն, ավելի քան արդիական է, քանի որ ՀՀ Կառավարության ծրագրով մյուս տարի նախատեսված է անցկացնել ՏԻՄ ընտրություններ խոշորացվող 150 համայնքների 18 փնջերում:
WomenNet.am
Տվյալները՝ ՀՀ մարզպետարաններ, ՀՀ ԿԸՀ
Դիտումների քանակը` 3741