Լոռիում ՏԻՄ ընտրություններում պայքարող 22 կանացից 11-ին հաջողվել է հաղթանակ տոնել

Նոյեմբերի 5-ին Հայաստանի  կայացած ՏԻՄ ընտրություններին  մասնակցած  49 կին թեկնածուներից   22-ը առաջադրվել էին  Լոռու մարզի համայնքներում: Նրանցից 11-ը հաղթանակ են տոնել՝ ընդգրկվելով ավագանիների կազմում:

 

Լոռիում համայնքապետի պաշտոնի համար առաջադրված միակ կին թեկնածուն Դոնարա Հախինյանն էր, ով պայքարում էր Օձունի համայնքապետի պաշտոնի համար:Վերջինիս, սակայն, իր քվեն տվել է ընդամենը 64 ընտրող:

 

Խոշորացվող 10 համայնքներում՝ Գյուլագարակ, Լոռի բերդ, Ստեփանավան, Տաշիր, Մեծավան, Սարչապետ, Ախթալա, Ալավերդի ու Օձուն համայնքներում առաջադրված 21  կանանցից ընտրվել են 11-ը: Ավագանու անդամության քվեն ստացել է միայն 11-ը:

 

10 համայնքներից 4-ում՝ Ստեփանավանում, Ախթալայում, Սարչապետում ու Օձունում բնակիչներն ընտրություն կատարելիս նախապատվությունը կանանց չեն տվել: Այս համայնքներում ավագանու կազմում միայն տղամարդիկ են:

 

Ալավերդիում ավագանու անդամության համար առաջադրված 3 կանանց էլ՝ Ալավերդու թիվ 5 դպրոցի տնօրեն Լաուրա Մելիքսեթյանին, Ալավերդու բժշկական կենտրոնի բուժքույր Սվետլանա Պետրոսյանին ու նյարդաբան Ռուզաննա Միրզոյանին հաջողվել է հաղթահարել անցողիկ շեմն ու դառնալ ավագանու անդամ, զբաղեցնելով ավագանու համար նախատեսված 15 տեղից 3-ը:

 

Ստեփանավանում իրենց թեկնածությունն առաջադրած 18 մասնակցից 2-ն էին կին՝   հայ-ֆրանսիական մշակութային կենտրոնի Ստեփանավանի մասնաճյուղի ղեկավար Լուսինե Հովհաննիսյանն ու Նարինե Վարդանյանը: Ստեփանավանցիները, սակայն, կանանց բավականաչափ ձայներ չեն տվել, այդպիսով չթույլատրելով նրանց մուտքը համայնքի ավագանու կազմ: Լ. Հովհաննիսյանն ստացել է 119, Ն. Վարդանյանը՝ ընդամենը 13 ձայն:

 

Տաշիրում ավագանու անդամի 17 թեկնածուներից 3-ն էին կին: Այստեղ տղամարդկանց հետ մրցապայքարում հաղթող են դուրս եկել նրանցից երկուսը՝ Տաշիրի ավագ դպրոցի ուսուցչուհի Սուսան Մարդոյանն ու Կաթնառատի դպրոցի տնօրեն Հայկանուշ Ռևազյանը:

 

Ախթալայում 21 թեկնածուներից մեկն էր կին՝ Մեծ Այրումի դպրոցի տնօրեն Սոֆյա Այվազյանը:  Նրան ձայն է տվել ընդամենը 86 ընտրող: Արդյունքում Ախթալայի ավագանու կազմն առաջիկա 5 տարիներին կլինի միատարր:

 

Մեծավանում ավագանու 18 թեկնածուներից 5-ը կանայք էին: Ակտիվ մրցապայքարի արդյունքում նրանցից միայն երկուսին է հաջողվել հաղթահարել անցողիկ շեմն ու հայտնվել ավագանու կազմում: Մեծավանի թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Էլլա Գզիրանցը ստացել է 111, նույն դպրոցի տնօրեն Ալվարդ Մխոյանը՝ 143 ձայն:

 

Սարչապետում առաջադրված ավագանու 14 թեկնածուներն էլ տղամարդիկ էին: Բնականաբար, այստեղ ևս ավագանու կազմը բաղկացած կլինի միայն տղամարդկանցից, ովքեր էլ կկայացնեն խոշորացված համայնքի կարևորագույն որոշումները:

 

Գյուլագարակում միակ կին թեկնածուն Գյուլագարակի դպրոցի հաշվապահ Աիդա Սարգսյանն էր: Վերջինս մրցակցում էր 21 տղամարդկանց հետ: Ա. Սարգսյանն ստացել է 151 ձայն ու զբաղեցրել իր տեղը Գյուլագարակի ավագանու կազմում:

 

Լոռի բերդում ևս մրցակցությունն ուժեղ էր: Երեք կին թեկնածուներն այստեղ մրցակցում էին 16 տղամարդկանց հետ: Նրանցից երկուսին հաջողվել է ստանալ բավարար ձայներ: Բովաձորի համայնքապետի տեղակալ Մելանյա Վարդանյանն ստացել է 115, Լեջանի բուժքույր Թամարա Շահնազարյանը՝ 136 ձայն:

 

Շնողում միակ կին թեկնածուն Մեմիվ ՍՊԸ տնօրեն Աստղիկ Մելիքսեթյանն էր, որն ստացել է 126 ձայն ու մեկ ձայնի առավելությամբ դարձել ավագանու անդամ: Նա մրցակցում էր 18 տղամարդկանց հետ:

 

Օձունում առաջադրված 26 թեկնածուներից երկուսն էին կանայք: Նրանցից և ոչ մեկին սակայն, չի հաջողվել ստանալ բավարար ձայներ: Օձունի զարգացման տեսլականը տղամարդկանց ձեռքում է:

 

 

Նշենք, որ կանանց թիվը  Լոռու մարզի համայնքների ավագանիների կազմում  անցյալ տարի կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում աճել էր  12.5%-ից 19.2%, ինչը ավագանիներում կանանց ներկայացվածության  երկրորդ ցուցանիշն է Սյունիքի մարզում արձանագրված  21.4% -ից հետո:

 

Գայանե Սարգսյան

Դիտումների քանակը` 3349

Գլխավոր էջ