Զոյա Գևորգյան. «Պատրաստ եմ ամեն մի դժվարության, հանուն այն բանի, որ մեր ժողովուրդը կարողանա շտկել իր մեջքը»

Նոյեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի մի շարք խոշորացվող  համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Ընդ որում, դրանք առաջին անգամ են կայանալու միավորված Գեղամասար, Վարդենիս, Շողակաթ համայնքներում: Կարելի է ասել, որ երեք տեղերում էլ կա թեժ մրցակցություն, սակայն առավել լարված  պայքար է ծավալվել Գեղամասար համայնքում: Այստեղ առավել շատ է միավորված համայնքների քանակը, նրանց թվում են Փամբակ, Դարանակ, Արեգունի, Գեղամասար, Ավազան, Արփունք, Կախակն, Տրետուք, Կուտական, Սոթք, Փոքր Մասրիկ, Կութ, Նորաբակ, Շատվան, Ջաղացաձոր, Շատջրեք, Ազատ նախկին համայնքները:

 

Խոշորացվող Գեղամասարում համայնքի ղեկավրի պաշտոնին է հավակնում ՝ Շատջրեքի նախկին գյուղապետ, ՀՀԿ կողմից առաջադրված Զոյա  Գեւորգյանը: Նրա մրցակիցն է ՀՀԿ անդամ  Հակոբ Ավետյանը: Մրցակիցների միջև արդեն իսկ  թեժ պայքար է ծավալվել՝ փոխադարձ մեղադրանքներով ու վարչապետին ուղղված նամակներով:  Սակայն ով էլ ընտրվի  նրան դժվարին  աշխատանք է սպասվում: Միավորված համայնքն ընդգրկում է ոչ միայն 17 բնակավայր, այլ նաեւ բավականին մեծ տարածք, որտեղ ծայրամասերում ընկած բնակավայրերն իրարից գտնվում են 30-40 կիլոմետր հեռավորությամբ, հիմնականում բնակեցված են Ադրբեջանից բռնագաղթված մեր հայրեն ակիցներով, սահմանամերձ են՝ թույլ զարգացած եւ բազմաթիվ սոցիալ-տնտեսական չլուծված խնդիրներ կուտակած:Այս, արդեն նախկին, համայնքները դեռեւս ունեն հազիվ 28 տարվա պատմություն, ժողովրդագրական խնդիրներ, բավականին  թույլ զարգացած ենթակառուցվածքներ:Թեպետ անցած տարիների ընթացքում կառավարությունը թվարկված բնակավայրերում իրականացրել է սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության բազմաթիվ ու բազմազան ծրագրեր, սակայն արվածը մնում է չափազանց անբավարար՝ բնակչության կենսապայմանները լիովին ապահովելու, կենսամակարդակը բարելավելու, կայուն ու համաչափ զարգացում ապահովելու համար: Ահա այսպիսի բեռ են ցանկանում ժառանգել Գեղամասար համայնքի ղեկավարի թեկնածուները, որոնցից մեկը՝ Զոյա Գեւորգյանը, համայնքը կառավարելու 21 տարվա փորձ ունի, եւ, ինչու ոչ, բավականին ակնառու հաջողությհուններ, ի տարբերություն իր մրցակցի, ով ընդամենը ղեկավարում է «ՆԱՐ-ՄԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

 

«Ողջ ընտանիքով, բոլորս մեկ մարդու պես կանգնեցինք մահացու թշնամու դեմ»

 

Բավականին հարուստ աշխատանքային ու հայրենանվեր ճանապարհ է անցել Զոյա Գեւորգյանը: Նա ոչ միայն կին գյուղապետ է, այլ նաեւ՝ կին ազատամարտիկ, ով խիզախաբար մարտնչել է հայրենի Արցախի Խծաբերդ գյուղում ծավալված ինքնապաշտպանական մարտերում՝ նաեւ բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելով:

 

Զոյա Գեւորգյանը ծնվել է 1956 թվականին, Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղում, Ասլան Գեւորգյանի բազմազավակ ընտանիքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ապա՝ Երեւանի պետական բժշկական ուսումնարանը: 1975 թվականից աշխատել է Երեւանի բուժմիավորումում՝ որպես բուժքույր: Ամուսանցել է մայրաքաղաքի բնակիչ, արմատներով մշեցի Գագիկ Կարապետյանի հետ, ունի երեք զավակ՝ երկու տղա եւ մեկ աղջիկ, ովքեր ստացել են բարձրագույն կրթություն եւ աշխատում են հանրային տարբեր ոլորտներում: Արցախյան շարժման առաջին օրերից Զոյա Գևորգյանը վերադարձել է հայրենի գյուղ եւ զինվորագրվել ինքնապաշտպանության ջոկատին:

 

-Մեր գյուղի ինքնապաշտպանության ղեկավարը եղբայրս էր՝ Նարվիկ Գեւորգյանը: Նա երբ զգաց մեր հայրենի գյուղի գլխին կախված սպառնալիքը, մայրաքաղաքից վերցրեց իր կնոջն ու երեք զավակներին եւ մեկնեց Խծաբերդ՝ կազմակերպելու գյուղի ինքնապաշտպանությունը: Նրան հետեւեց նաեւ երկրորդ եղբայրս՝ Արշավիրը: Ապա հայրենասիրական ոգին խոսեց երկու քույրերիս՝ Ռենայի եւ Ռիմայի մեջ: Ի դեպ, Ռիման այդ ժամանակ մայրաքաղաքի Խորհրդային շրջանի ժողկրթբաժվարն էր: Ես էլ միացա մեր ընտանիքին, ու բոլորս մեկ մարդու պես կանգնեցինք մահացու թշնամու դեմ:Նույնիսկ ծեր ծնողներս էին կանգնած գյուղի մարտիկների կողքին՝ նրանց համար մայրս հաց էր թխում, հայրս զանազան ծառայություններ էր կատարում: Ես մարտադաշտից գնդակների տարափի տակ վիրավորներին  էի դորս բերում ու առաջին օգնություն կազմակերպում: Հադրութի շրջանի 14 գյուղեր հայաթափվել էին, բնակչությունը ցիրուցան էր եղել, բայց մեր գյուղը շարունակում էր կենաց-մահու կռիվը:Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, կասեր, թե Գեւորգյան քույրերն ինչպես էին ամեն անգամ Խծաբերդից հասնում մայրաքաղաք ու վերադառնում հակառակ ուղղությամբ՝ ռազմաճակատին առաջին անհրաժեշտ օգնությունը հասցնելու: Քուն ու դադար չունեինք, հոգնածությունն ու դժվարությունն էլ անտեսում  էինք՝ հանուն մեր սուրբ հողի փրկության:Ցավոք, մարտերից մեկում մենք կորցրինք մեր քաջ եղբորը՝ Նարվիկին, ու հետո ճակատագիրն ինձ լրիվ պատահականորեն Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղ բերեց, -իր անցած մարտական ուղու մասին պատմեց Զոյան:

 

Հերթական օգնությունը ռազմաճակատ հասցնելու համար Զոյան գալիս է Մեծ Մասրիկի օդանավակայան, քանի որը, ըստ իր պատմածի, մայրաքաղաքի «Էրեբունի» օդանավակայանը ծանրաբեռնված էր: Թռիչքի ձգձգման պատճառով նա կարճ ժամանակով մնում է Վարդենիսի Շատջրեք գյուղում, որտեղ էլ հետո բնակարան է գնում եւ որոշում հիմնովին բնակություն հաստատել:Առաջին իսկ շփումների ընթացքում նորակազմ համայնքի բնակիչները Զոյային համակրում են այն աստիճան, որ 1996 թվականի նոյեմբերին առաջադրում եւ ընտրում են համայնքի ղեկավարի պաշտոնում: Այդ օրից մինչ հիմա, 7 ընտրաշրջան անընդմեջ, Զոյան անփոփոխ ղեկավարում է Շատջրեքը: Նրա ղեկավարած տարիների ընթացքում այստեղ լուծում են ստացել սոցիալ-տնտեսական ու կենսական կարեւոր նշանակության ծրագրեր:

 

-Հիմնովին լուծում է տրվել խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման հիմնախնդիրներին, մայրուղուց Շատջրեք մտնող կենտրոնական ճանապարհն է հիմնանորոգվել, բնական գազն է մուտք գործել գյուղ, կառուցվել է բուժկետը, վարելահողերի մշակությունը հասցվել է ավելի քան 95 տոկոսի, ավելացել են ծնունդները, բնակչության թիվը ոչ միայն ավելացել է, այլ նաեւ նրա կազմն է երիտասարդացել, շատ քիչ տարեցներ ունենք, արտագաղթ տեղի չի ունեցել, բոլորը զբաղված են հողագործությամբ, անասնապահությամբ, հանրային ծառայության տարբեր ոլորտներում: Մեր համայնքը հուսալի ապագա ունի,-հավաստիացնում է Զոյան:

 

Անկասկած է, որ Շատջրեքում դեռեւս լուծման կարոտ որոշ առանցաքյին հիմնախնդիրներ մնում են, որոնցից ամենակարեւորը դպրոցական շենքի հիմնանորոգումն է եւ համայնքային կենտրոնի կառուցումը, սակայն Զոյա Գեւորգյանը վստահ է, որ աշխատասիրության ու հետեւողականության դեպքում հնարավոր կլինի հաղթահարել բոլոր տեսակի արգելքները, բավարար միջոցներ ստեղծել՝ հեռավոր եւ սահմանամերձ համայնքներում կյանքը եւ մարդկանց կենսապայմանները բարելավելու, դինամիկ զարգացում ապահովելու ուղղությամբ: Նա հավատում է թե իր ուժերին ու կուտակած փորձին, թե այն քաղաքական ուժին ու թիմին, որոնք իր կողքին կլինեն ընտրության ընթացքում ու դրանից հետո:

 

«Այդ համայնքների  դժվարին վիճակը շատ ավելի կապված է վատ կառավարման, քան  միջոցների անբավարարության հետ»:

 

 Իր նախընտրական ծրագրում Զոյան առաջնահերթ է համարում  ոռոգման եւ խմելու ջրի անխափան մատակարարումը, գազամատակարարումը, ճանապարհների բարեկարգումն ու հիմնանորոգումը, անասնապահության եւ հողագործության զարգացումը, առանձին համայնքներում ծխախոտագործության ներդրումը, ծիրանի եւ դեղձի այգիների ստեղծումը, կաթիլային ոռոգման ցանցի ներդրումը եւ արմատավորումը, ձկնաբուծական տնտեսությունների ստեղծումը, գյուղտեխնիկայի համալրումը եւ արդիականացումը, վերամշակող ձեռնարկությունների եւ սառնարանային պահեստների հիմնումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, համայնքում այլընտրանքային էներգետիկայի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելը, գյուղական տուրիզմի զարգացումը,  բուժամբուլատորիաների, բուժկետերի եւ դպրոցական շենքերի հիմնանորոգումն ու արդիականացումը, մանկապարտեզների հիմնումը, բազմազավակ ու կարիքավոր ընտանիքներին խրախուսելու եւ հասցեական ու համապարփակ աջակցության ապահովումը, փոքր եւ միջին ձեռնարկչատիրության խրախուսումը:  

 

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Զոյա Գեւորգյանը հասցրել է հանդիպումներ ունենալ միավորված Գեղամասար համայնքն ընդգրկող բոլոր բնակավայրերում, զրուցել ընտրողների հետ, ծանոթանալ առկա հիմնախնդիրներին, որոնել ու ծրագրել դրանց լուծման հնարավոր միջոցները: Նրա կարծիքով՝ Գեղամասարի կազմում ընդգրկված բնակավայրերի տնտեսական դժվարին վիճակը շատ ավելի կապված է վատ կառավարման, անգործության, քան  միջոցների անբավարարության հետ:

 

-Գրեթե հիմնովին ուսումնասիրել եմ բնակավայրերի հիմնախնդիրները եւ ցավ եմ ապրում, որ այսքան տարիների ընթացքում որոշ համայնքների ղեկավարներ մատը մատի չեն տվել՝ ամենակենսական խնդիրներին լուծում տալու համար:Այդ համայնքները, կարելի է ասել, «լողում»  են ջրի մեջ, բայց թե՛ խմելու, թե՛ ոռոգման ջրին տարիներով կարոտ են, քանի որ իրենց ղեկավարներն այն աստիճան անճար են գտնվել, որ մի քանի հարյուր մետր կամ մի քանի կիլոմետր խողովակ ճարելն անգամ զլացել են՝ մարդկանց թողնելով ծանրագույն պայմանների մեջ: Չեմ կարծում, որ մեծ ցանկության ու նպատակամղվածության դեպքում նրանք այդքան անկարող էին՝ անելու ավելին եւ հնարավորը: Անգործությունն ու անճարակությունը ոչ մի կերպ արդարացում չունեն, նման մարդիկ պետք է այլ տեղերում փնտրեն իրենց ապրուստը՝ չփորձելով այլեւս խաթարել ուրիշների կյանքը: Իհարկե, մեր նախկին համայնքների ղեկավարների շարքում կան նաեւ սրտացավ ու պատասխանատու մարդիկ, որոնց աշխատանքը տեսանելի եւ գնահատելի է, որոնց ուժերը պետք են գալու նաեւ միավորված համայնքում, որոնց հետ ընտրվելու դեպքում պատրաստ եմ աշխատել ու համագործակցել: Անուններով չեմ ուզում խոսել, քանի որ ժողովուրդն ամեն ինչ իր աչքով տեսնում ու գնահատում է,-նշեց Գեղամասար համայնքի ղեկավարի կին թեկնածուն:

 

Նա չափազանց մեծ լավատեսությամբ է նայում նորաստեղծ Գեղամասարի ապագային, վստահեցնում, որ ոչ մի խնդիր չի թողնի անլուծելի, բարձրացված ոչ մի հարց՝ անարձագանք, որ մոտ ժամանակներում համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերում կյանքը կգտնվի որակական նոր մակարդակի վրա, որ մենք կունենանք հայ զինվորի թիկունքին ամուր կանգնած ու հզոր սահմանամերձ գոտի:Բայց դա Զոյա Գևորգյանը  պատրաստվում է անել ոչ թե կախարդական փայտիկի օգնությամբ, այլ՝ անսահման աշխատասիրությամբ, անսասան կամքով ու եռանդով, նվիրվածությամբ, ստեղծած ամեն միջոց արդյունավետորեն օգտագործելու ճանապարհով՝ միշտ առաջնությունը տալով հանրային ու պետական շահերին:

 

-Ես լավ եմ պատկերացնում, թե ժողովրդի վստահության քվեն շահելուց հետո ինձ ինչ է սպասում. Շուրջօրյա անվերջանալի ու տառապալից աշխատանք, կենսական ու հրատապ նշանակության ծրագրերի կազմում եւ իրականացում, միջոցների որոնում ու ներդնում, աղքատության ու գործազրկության, արտագաղթը ծնող պատճառների դեմ անհաշտ պայքար: Բայց ես պատրաստ եմ ամեն մի դժվարության, հանուն այն բանի, որ մեր ժողովուրդը կարողանա շտկել իր մեջքը, փոխել դժվարին կյանքի ընթացքը եւ գտնել արարման սուրբ եւ ուղիղ ճանապարհը: Այդ դժվարություններն իմ դեմ եղել են թե՛ ռազմադաշտում, թե՛ կառավարման ոլորտում, բայց չեմ երկնչել ոչ մի բանի, ոչ մեկի առաջ, հիմա էլ երկնչելու տեղ ու միտք չունեմ: Կարծում եմ, որ տարիների իմ փորձն ու գիտելիքները, անձնական ծանոթություններն ու կապերը բավարար են՝ համապատասխան միջոցներ գտնելու, ծագած ամեն խնդրին լուծում տալու, համայնքի զարգացումն ապահովելու համար: Ի վերջո, ես մի առավելություն էլ ունեմ.  հանրապետության կառավարությունում,  օտարերկրյա պաշտոնյաների կամ ներդրողների հետ հանդիպումներում    ներկայանալու եմ որպես կին ղեկավար, կին ազատամարտիկ, ում դժվար կլինի մերժելը, ով միայն ու միայն ժողովրդի բարօրությունն է ցանկանում: Ես հավատում եմ մեր ժողովրդի ստեղծածար ոգուն, նրա պայծառ գալիքին,-մեր զրույցն ամփոփեց Զոյա Գեւորգյանը:

 

Խոսրով Խլղաթյան

Դիտումների քանակը` 3150

Գլխավոր էջ