Բովաձորցի կանայք սատարում են գյուղի միակ ավագանու թեկնածուին՝ Մելանյա Վարդանյանին
Մելանյա Վարդանյանը Լոռու մարզի Բովաձոր համայնքից առաջադրված ավագանու միակ թեկնածուն է: Նոյեմբերի 5-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների արդյունքում ընտրվելու դեպքում նա կդառնա խոշորացող Լոռի բերդ համայնքի ավագանու անդամ:
Թե ինչո՞ւ գյուղից այլ թեկնածու չի առաջադրվել, Մ. Վարդանյանը դժվարանում է ասել: «Տղամարդկանց մեծ մասը արտերկրում են. մեկնել են արտագնա աշխատանքի: Իսկ այն փոքրաթիվ տղամարդիկ, ովքեր գյուղում են, չեն ցանկացել առաջադրվել»,- ասում է թեկնածուն:
Գյուղի կանայք էլ միացել ու Մ. Վարդանյանի թեկնածությունն առաջադրելու, ապա՝ նրան սատարելու որոշում են կայացրել: Պարզվում է, Բովաձորում տղամարդիկ վաղուց են իրենց դիրքերը «զիջել» կանանց: Մի քանի տարի է, գյուղի ավագանու կազմում ընդգրկվում են միայն կանաք: Մ. Վարդանյանը 1991-ից աշխատում է գյուղապետարանում, նախ որպես աշխատակազմի քարտուղար, ապա համայնքապետի տեղակալ: «Քանի տարի է, գյուղում միայն կանայք են առաջադրվում: Մեր տղամարդիկ լրիվ վստահում են կանանց»,- ժպտում է Մ. Վարդանյանը:
Բովաձորի միակ թեկնածուն մրցակցում է միավորվող 9 համայնքներից ներկայացված թվով 18 մրցակիցների հետ: «Մեր համայնքը շատ համախմբված է: Ես իմ համայնքի վրա եմ իմ հույսը դնում, քանի որ կողքի համայնքներում ինձ այդքան էլ չեն ճանաչում: Հույս ունեմ, որ համայնքը համախմբված ինձ կընտրի ու ես կընտրվեմ: Բայց միևնույն ժամանակ մի քիչ անհանգիստ եմ: Մեր համայնքը միավորվող 9 համայնքների մեջ ամենափոքրն է ու եթե փոքր համայնքներից ավագանու կազմում ներկայացուցիչ չլինի, դրանք կարող են ուղղակի կորչել խոշորացման արդյունքում»,- ասում է թեկնածուն:
Համագյուղացիներին խոստացել է՝ ընտրվելու դեպքում ամեն կերպ նպաստելու է Բովաձորի ճանաչելիության բարձրացմանն ու գյուղի խնդիրների լուծմանը:
«Խնդիրներ շատ ունենք: Ամենակարևորը միջհամայնքային ճանապարհների վիճակի բարելավումն է: Գյուղն ավտոբուս չունի, օգտվում ենք Պրիվոլնոյեի ավտոբուսից, որը ոչ միշտ է գյուղ մտնում… »,- լուծվելիք խնդիրներն է թվում թեկնածուն, չմոռանալով նշել նաև վերջին տարիներին հենց կին ավագանու արդյունավետ աշխատանքի արդյունքում լուծված հիմնահարցերը:
Ակտիվ նախընտրական քարոզարշավ իրականացնելուն թեկնածուին օգնում են երեք որդիները, դրանով իսկ նրան զերծ պահելով տղամարդկանց հետ մրցակցության բոլոր դժվարություններից:
«Կանայք շատ հոգսեր ունեն: Իրենց թվում է, որ եթե ավագանու անդամ դառնան, չեն հասցնի, իրենց ձայնը չի անցնի: Որոշ դեպքում ընտանիքներում չեն ցանկանում կնոջը տնից դուրս՝ այլ աշխատանքներում ներգրավված տեսնել: Բայց կանանց մասնակցությունը ՏԻՄ կառավարմանը շատ կարևոր է: Նույն հարցի շուրջ կանանց տեսակետները շատ հաճախ այլ են լինում, տղամարդկանցը՝ այլ: Երկուսի տեսակետների համադրման արդյունքում հնարավոր է գտնել լավագույն լուծումները»,- վստահ է Մ. Վարդանյանը:
Գայանե Սարգսյան
Դիտումների քանակը` 3247