ՏԻՄ ընտրություններ. առաջադրված կանանց թվում նաև «ոչ իրական» թեկնածուներ են նկատվում
Ապրիլի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց Ձորի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի 36 համայնքներում: Դրանցից 33-ում համայնքապետ են ընտրելու:
Համայնքապետի ընտրություններ
Նախ նկատենք, որ այս ընտրությունների արդյունքում Հայաստանում կին քաղաքապետների թիվը փոփոխության չի ենթարկվի: Թալինը, Սպիտակն ու Հրազդանը հետագայում ղեկավարելու հայտ ներկայացրել են միայն տղամարդիկ:
Գյուղապետների թեկնածուների վերաբերյալ ԿԸՀ հրապարակած տեղեկատվությունը վերլուծելիս նկատում ենք, որ համայնքապետի ընտրություններում առավել «ակտիվ» են լոռեցի կանայք:
Լոռու մարզի Դաշտադեմ համայնքը 2012-ից ղեկավարող Մարինե Խռոյանն կրկին առաջադրվել է: Նրան սատարում է հարազատ կուսակցությունը՝ ՀՀԿ-ն: Երկրորդ թեկնածուն անկուսակցական Վահան Աղայանն է, նա ինքնաառաջադրված է:
Լոռու մարզի Խնկոյան համայնքում ևս երկու թեկնածու է առաջադրված: Գործող գյուղապետ ՀՀԿ-ական Վարուժան Համբարձումյանի հետ մրցելու է եղբոր աղջիկը՝ Ռուզաննա Համբարձումյանը: Գյուղապետը WomenNet.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ առաջադրումը կատարվել է զուտ օրենքի պահանջն ապահովելու համար:
Արմավիրում համայնքապետ են ընտրելու ինը գյուղերում, միայն մեկում՝ Այգեկում է կին թեկնածու առաջադրվել: Այստեղ էլ ՀՀԿ-ական գործող գյուղապետի հետ առաջադրվել է գյուղապետարանում որպես օպերատոր աշխատող, ՀՀԿ-ական Քնարիկ Եղիազարյանը:
Կարող ենք ենթադրել, որ Լոռու մարզի Սարչապետ համայնքում ևս կնոջ առաջադրումը ձևական է, և իրական պայքար չի ընթանալու: Գործող ՀՀԿ-ական գյուղապետ Բորիս Բարոյանի հետ առաջադրվել է անկուսակցական Անժելա Մարտիրոսյանը, ով աշխատում է գյուղապետարանում՝ որպես աշխատակազմի քարտուղար:
Արագածոտնում ՏԻՄ ընտրություններ են նշանակված երկու համայնքում՝ Թալին, Վերին Սասնաշեն: Առաջադրվածների թվում կանայք չկան: Արարատում հինգ համայնքում գյուղապետ են ընտրելու: Այստեղ էլ կանայք բացակայում են:
Գեղարքունիքի երկու համայնքներից որևէ մեկում կին թեկնածու չի առաջադրվել: Կոտայքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու հինգ համայնքներում, կին թեկնածուներ չկան: Սյունիքի երեք գյուղերում համայնքապետի կին թեկնածուներ չեն առաջադրվել:
Վայոց Ձորում համայնքապետ են ընտրելու Գետափում: Բոլոր չորս թեկնածուներն արական սեռի ներկայացուցիչներ են:
Ավագանու ընտրություններ
Նույն օրը՝ ապրիլի 7-ին վեց համայնքներում անացկացվելու են նաև ավագանու անդամի ընտրություններ: Թալինում ավագանու անդամի ընտրության համար առաջադրվել է 32 թեկնածու: Նրանցից երեքն են կանայք: Նկատենք, որ Թալինի գործող ավագանին ունի 11 անդամ, որից մեկն է կին:
Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքում ավագանու անդամի ընտրությունների համար առաջադրվել է 8 թեկնածու, որից միայն մեկն է կին: Լոռու մարզի Սարամեջ գյուղում նույն պատկերն է:
Լոռու մարզի Սարչապետ համայնքում ավագանու 8 թեկնածու կա, կին չկա: Սյունիքի Կուրիս համայնքում 6 թեկնածուներից մեկը կին է, իսկ Չափնի գյուղում վեց թեկնածուից երկուսն են կանայք:
Նշված բոլոր համայնքներում նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մարտի 30-ին և կշարունակվի մինչև ապրիլի 15-ը: Թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև ապրիլի 7-ը՝ ժամը 18:00-ն: Հենց այդ ժամանակ էլ, ամենայն հավանականությամբ, ի հայտ կգան ոչ իրական թեկնածուները՝ լինեն դրանք կին թե տղամարդ:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
ԿԱՆԱՅՔ ՏԵՂԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Արտահերթ ՏԻՄ ընտրություններ. կանայք միայն ավագանու անդամի թեկնածուներ են
ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք
Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված
2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել
ՏԻՄ ընտրություններ. կանայք մեծ թվով ձայներ են հավաքել
Կանայք ՏԻՄ ընտրություններում. դիտարկումներ առաջադրումներից
ՏԻՄ ընտրություններն ու կանայք. համայնքապետի պաշտոնը կանանց չի հրապուրում
Դիտումների քանակը` 3193