The Guardian . Արաբական աշխարհի առաջին լեդիները

Բռնապետների կանայք, ո՞վքեր են նրանք:

 

Բռնապետների կանայք – ո՞վքեր են նրանք: Այս հարցին փորձել է պատասծանել Էնդջելիկ Կրիսաֆիսը բրիտանական The Guardian–ում  օրերս լույս տեսած իր հոդվածում:

 

2010-ի. դեկտեմբերին Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունին լանչի էր հրավիրել սիրիական առաջնորդ Բաշար Ասադի տիկնոջը` Ասմա-Ալ Ասադին: Ելիսեյան պալատի շքեղ միջավայրում առաջին տիկնայք համեստ նստած էին սեղանի շուրջ իրենց ամուսինների կողքին: Այս տեսարանը լուսանկարվեց  և հայտնվեց հայտնի մարդկանց կյանքը լուսաբանող  ֆրանսիական ամսագրում, ինչը հասկանալի է, չէ՞ որ դա էտալոնային ոճ մարմնավորող երկու կանանց շփում էր. նախկին իտալուհի սուպերմոդելի, այժմ երգչուհու և Լոնդոնում ծնված ու «արևելյան դարձած» Սիրիայի առաջին տիկնոջ, ում ֆրանսիական Elle հանդեսը հռչակեց “քաղաքական աշխարհի ամենաոճային կին”, իսկ Paris Match-ը` «Արևելյան Դիանա», «Արևի շող ստվերների երկրում»:

 

…Ելիսեյան պալատում կազմակերպված ընդունելությունից ընդամենը մի քանի օր անց մի թունիսցի բանջարեղեն վաճառող այրեց ինքն իրեն իր իսկ քաղաքի բնակիչների առջև (Սիդի-Բուազիդա-խմբ.):  Այս դեպքը  ավետեց «Արաբական գարուն» ցիկլի հեղափոխության սկզբի մասին: Այժմ` Սիրիայում արյունալի բախումից 11 ամիս անց, Ասմայի` զգուշորեն կերտված բրիտանական ազնվական կերպարից հետք անգամ չի մնացել: Երբ նա հիասքանչ հագնված, ժպիտը դեմքին հայտնվեց ամուսնու հետ հասարակության մեջ` նոր սահմանադրության հանրաքվեին մասնակցելու համար, դա ավելի մեծ բարկություն առաջացրեց ընդդիմության մեջ, որոնց ընկալմամբ Ասման մեր օրերի Մարիա-Անտուանետան է:

 

Հոդվածի հեղինակի կարծիքով, եթե նախկինում Ասմայով հետաքրքրվում էին գլամուր պարբերականները, ինչպես, օրինակ Vogue ամսագիրը, որն անցյալ տարի գրել էր Սիրիայի առաջին տիկնոջ բարեգործական գործունեության մասին, միաժամանակ նշելով, թե ինչ կոշիկներ է նա նախընտրում, ապա այժմ Ասման գրավում է ԶԼՄ-ների ուշադրությունը, երբ Բաշարին աջակցելու  նպատակով իր երեխաներին գրկած գնում է հանրահավաքների: Times-ի խմբագրություն ուղարկած իր էլեկտրոնային նամակում նա բացատրել է, թե ինչու է սատարում ամուսնուն, և դրանով իսկ սկիզբ դրել «Արաբական գարունում» կանանց դերի քննարկմանը:

 

«Ամեն մի հեղափոխություն ունի իր Լեդի Մակբեթը», – կարծում է Միջին Արևելքի փորձագետներից մեկը: Դիկտատորների կանայք շատ տարբեր են, բայց նրանց բոլորին միացնում է այն ատելությունը, որն իրենք են առաջացնում . նրանց մեծ հարստությունը, թանկ զգեստապահարանը:

 

Նրանցից մի քանիսը պաշտպանում են կանանց իրավունքները`  զբաղվելով այսպես կոչված «լիազորված ֆեմինիզմով», մյուսները, այդ թվում և Ասմա-Ալ-Ասադը, զբաղվում են բարեգործությամբ. Այս ամենը շեղում է ժողովրդի ուշադրությունը ռեժիմի դաժան իրողությունից:

 

Լեյլա Տրաբելսին՝ Թունիսի առաջնորդ Զին էլ-Աբիդին Բին Ալիի հավակնոտ կինը, հեշտությամբ դարձավ ատելության թիրախ` խնամիության և կոռուպցիայի հրեշավոր խորհրդանիշ: Իմելդա Մարկոսի 3000 զույգ կոշիկները մանրուք են համարվում` համեմատած նրա հետ, թե նա ինչպես էր վատնում երկրի հարստությունը: Հենց Տրաբեսլին հարուցեց ծայրահեղ անարդարության զգացողությունը, հենց այս կայծից էլ բռնկվեց հեղափոխության կրակը:

 

Նա վերահսկում էր ազգային տնտեսությունը մաֆիայի վատագույն ավանդույթներով: Այն ամենը, ինչ եկամուտ էր ապահովում, սկսած մաքսային անցակետերից, սուպերմարկետների ցանցերից, ավտոսալոններից, գտնվում էր իր տիրապետության  տակ, իսկ իր բարեկամները մեղադրվում են ուրիշների տները, հողատարածքները և բիզնեսները զավթելու համար: Նրա համար ոչ մի դժվարություն չէր ներկայացնում իր պալատը հնագիտական նմուշներով զարդարելը, իսկ աղջիկն ու փեսան երեկույթների համար պաղպաղակ էին պատվիրում Սեն-Տրոպեից, որը բերվում էր ինքնաթիռներով:

 

Տրաբեսլին, ում դուր էր գալիս, երբ իրեն “Madame La Présidente” էին կոչում, թունիսցիների մեջ սարսափ էր առաջացնում: Իր սեղանապետի գրքում, որը վերջերս է լույս տեսել, ասվում է, որ հետևելով ինչ-որ մի ծեսի նա կարող էր զոհաբերել քամելեոններին, իբրև թե իր ամուսնու վրայից անեծքը հեռացնելու համար, ասվում է նաև այն մասին, թե ինչպես է նա պատժել իր խոհարարին` ստիպելով ձեռքերը մտցնել եռացող յուղի մեջ:

 

Այժմ, աքսորված լինելով Սաուդյան Արաբիա, Լեյլա Տրաբեսլին և իր ամուսինը փորձում են բողոքարկել այն  դատավճիռը, որը նախատեսում է 36 տարի ազատազրկում իրենց կատարած բոլոր հանցագործությունների համար:

 

Սյուզաննա Մուբարակին՝ Եգիպտոսի նախկին նախագահ Խոսնի Մուբարակի կնոջը,  (ով կիսով չափ ուելսացի է), հաջողվել է միլիարդավոր դոլարներ կուտակել մի երկրում, որտեղ բնակչության 40 %  ապրում է օրական 1,2 ֆունտով: Հետաքննությունը բացի ամուսնուց զբաղվում է նաև իրենով: Մինչ եգիպտական հեղափոխությունը տեղական թերթերում բազմաթիվ էին Սյուզաննայի բարեգործության, ինչպես նաև կանանց համար արվող ծրագրերի մասին պատմող նյութերը:

 

Բայց ինչպես և Տրաբեսլիի դեպքում, ով գլխավորում էր կանանց իրավունքների պաշտպանության մի քանի կառույց, և ինքն իրեն մրցանակներ էր շնորհում «Ֆեմինիզմի» համար, այն դեպքում, երբ ոստիկանները պարբերաբար ջարդի էին ենթարկում այդ կազմակերպությունների ակտիվիստներին, այս ամենն ընդամենը ձևական բնույթ է կրում: Սյուզաննա Մուբարակը պատրաստակամորեն մասնակցում էր արաբական առաջնորդների կանանց հետ հանդիպումներին, որպեսզի խոսի կանանց մասին, մինչդեռ Եգիպտոսում կանանց նախաձեռնությունները դաժանորեն ճնշվում էին:

 

Ներկայումս Սյուզաննան 71 տարեկան է, նա ամուսնացել է Մուբարակի հետ 17 տարեկանում, երբ վերջինս 30 տարեկան բանակի սպա էր: Ըստ որոշ վկայությունների` ապստամբության ժամանակ նա հեկեկում էր նախագահական պալատի հատակին պառկած՝ հրաժարվելով լքել այն: Նա միջամտում էր պետական պաշտոնյաների նշանակման գործընթացին, ասում են` կառչած էր իշխանությունից, շատ էր ուզում, որ Մուբարակից հետո իշխանությունը փոխանցվեր իրենց որդուն:

 

Լիբիայում գնդապետ Քադաֆֆին ավելի շատ հայտնի է իր կին թիկնապահներով և իրեն շրջապատող այլ կանանցով` ի դեմս ուկրաինուհի բուժքույրի: Բայց նրա երկրորդ կինը` Սաֆիա Ֆարկաշը` նույնպես բուժքույր, շատ հարուստ է եղել` ռեժիմի կողմից յուրացված պետական միջոցների հաշվին: Նրա աղջիկը` Այշան, ում անվանում են տարածաշրջանի Կլաուդիա Շիֆեր, իրավաբան է, հոր թիմի անդամ էր, ում հայրը բնութագրում էր որպես ժամանակակից լիբիացի կնոջ մոդել: Սաֆիան և Այշան պատերազմի ժամանակ թաքնվել էին Ալժիրում: Սովորաբար հավասարակշիռ և զուսպ Սաֆիան փորձում էր ժամանակ առ ժամանակ խաղալ «հասարակ կնոջ և մոր» դեր, որպեսզի ամուսնու կերպարի մեջ մարդկային տարրեր մտցնի: 1980 թվականին ամերիկյան պարբերականին տրված հարցազրույցում նա ասել է, որ վախենում է նույնիսկ «սատկած ճուտիկից», էլ չասած թե ահաբեկիչներից որքան կվախենա: «Եթե ես մտածեի, որ նա (Քադաֆին- խմբ.) ահաբեկիչ է, ես նրա հետ չէի մնա և երեխաներ չէի ունենա նրանից: Նա մարդ է»:

 

Կարծես թե Միջին Արևելքի դյութիչ, կրթված և ժամանակակից առաջին տիկնանց հանդեպ (Հորդանանի թագուհի Ռանիի նման) արևմտյան մամուլի տածած հետաքրքրությունը բավարարվեց, երբ 2000–ին հայտնվեց Ասմա-ալ Ասսադը: Հատկանշական է, որ Ասսադները մինչ հեղափոխությունը ընկալվում էին որպես «ժամանակակից երիտասարդ զույգ»…

 

Ասման ծնվել է Լոնդոնում, նրա ծնողները սիրիացիներ են: Հայրը` վիրաբույժ, մայրը` դիպլոմատ: Ասման ավարտել է լոնդոնյան դպրոցը` աղջիկների համար նախատեսված, ստացել է Լոնդոնյան համալսարանի Թագավորական քոլեջի գերազանցության դիպլոմներ համակարգչային տեխնոլոգիաների և ֆրանսիական գրականության ոլորտում: Համալսարանից հետո աշխատել է Դոյչե բանկում, այնուհետև Ջ.Փ. Մորգան բանկում: Իրեն և իր ընտանիքին Ասսադների հետ կապում էր վաղեմի բարեկամությունը: Բացի այդ Բաշարը վերապատրաստվում էր Լոնդոնյան ակնաբուժական կլինիկայում` Western Eye Hospital-ում: Դամասկոսում ամուսիններին դուր էր գալիս կերտել անհոգ երիտասարդ զույգի կերպար, ովքեր ճաշում են ռեստորանում, երթևեկում են մեքենայով առանց վարորդի, նախընտրում են հսկայական շքեղ բնակարան շքեզ պալատի փոխարեն:

 

Ասման Փարիզում հայտնի դարձավ, երբ հանդես եկավ մշակույթի մասին երկար ճառով, առանց նշումներին նայելու: Դահլիճում ներկա Քրիստին Լեգարդը, ով  այժմ ԱՄՀ ղեկավար է, հիացմունքով նրան էր նայում: 2009 թ. CNN-ի հարցազրույցում Ասման քննադատեց Իսրայելի հարձակումը Գազայի վրա, անվանելով այն «բարբարոսություն»: Նա բազմիցս արտահայտվել է ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին: Եվ նաև իր գլխավոր առաքելության մասին` «փոխել 6 մլն. սիրիացիների մենթալիտետը 180 աստիճան», որպեսզի նրանք դառնան «ակտիվ քաղաքացիներ»:

 

Հենց այն նույն ժամանակ, երբ նա այս ամենն ասում էր, այլախոհներին իր երկրում հետապնդում էին:

 

Այն բանից հետո, երբ Սիրիայում ապստամբություններ սկսվեցին, Ասման լռեց: Բայց անցյալ ամիս նա նամակ էր ուղարկել Times ի պատասխան այն հոդվածի, որտեղ այսպիսի հարց էր հնչել. «Ի՞նչ է մտածում Ասսադի կինը` այդ խելացի, կրթված կինը, ով մեծացել է լիբերալ Բրիտանիայում, այն չարիքի մասին, որ տեղի է ունենում Սիրիայում: Մի՞թե նա անտարբեր է այն մարդկային տանջանքների հանդեպ, որ Բաշար Ասսադն է պատճառում: Մի՞թե արքայադուստր Դիանան դարձավ Մարիա-Անտուանետա»:

 

Սիրիայի առաջին տիկնոջ գրասենյակը արձագանքեց այս հրապարակմանը: Պատասխանում ասվում է, որ առաջին տիկինը սատարում է նախագահին և շատ լարված օրակարգ ունի, նա շարունակում է աջակցություն ցուցաբերել տարբեր բարեգործական կազմակերպությունների: Այս օրերին նա զբաղված է հասարակության հետ երկխոսության ուղիներ փնտրելով, զրուցում է այն ընտանիքների հետ, որտեղ կան զոհեր…

 

Եզրափակելով, The Guardian –ի հոդվածի հեղինակը Chatham House-ի փորձագետի կարծիքն է ներկայացնում այն մասին, որ Ասմա Ասսադն, այնուամենայնիվ, տարբերվում է մյուս արաբական երկրների առաջին տիկնանցից: Սակայն նրա տարբերությունը և կատարած ողջ դերը ծառայում են ընդամենը մի բանի` որ “ռեժիմը գեղեցիկ դեմք ունենա …”


 http://www.guardian.co.uk/world/2012/feb/28/arab-first-ladies-of-oppression?newsfeed=true

Դիտումների քանակը` 11216

Գլխավոր էջ