Ստարտափների արքայադուստրը
Թերեզա Թումանյան. «ՏՏ ոլորտը հետաքրքրել է ինձ դեռ 6-րդ դասարանից»
WomenNet.am-ի զրուցակիցն է 17-ամյա Թերեզա Թումանյանը, ով նշանակալի հաջողությունների է հասել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում վաղ դպրոցական տարիքից՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի շնորհիվ:
Թերեզան այն բազմաթիվ երեխաներից է, ում հրապուրեց տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքը դպրոց և ովքեր սիրով և ոգևորությամբ համատեղում են ուսումը «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի կամ Ստարտափ ակումբի պարապմունքների հետ: Ակտիվորեն մասնակցելով ինտերակտիվ արտադասարանական դասընթացներին, մրցույթներին, ինովացիոն ճամբարներին, նրանք ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներությանը և մաթեմաթիկային։ Տաս տարեկանից սկսած նրանց հնարավորություն է տրվում բացահայտելու իրենց ներուժը, մշակելու, կառուցելու, փորձարկելու և բարելավելու իրենց իսկ ստեղծած տեխնոլոգիական և ինժեներական լուծումները՝ ընթացքում ձեռք բերելով նոր ընկերներ և հետագայում միասին հիմնելով ստարտափներ։
Այս ոլորտում զգալի հաջողություններ գրանցած 17-ամյա Թերեզա Թումանյանը ծնվել և մեծացել է Աշտարակ քաղաքում, հաճախել տեղի ավագ դպրոց, որն ավարտել է գերազանց գնահատականներով: Ներկայումս նա Հայ- ֆրանսիական համալսարանի 1-ին կուրսի ուսանող է, սովորում է ինֆորմատիկայի և կիրառական մաթեմաթիկայի ֆակուլտետում:
-Ծրագրավորման մասին գիտելիքներ ունենալն աշխարհում, որտեղ տեխնոլոգիաներն արագորեն զարգանում են, փոփոխություններ բերելու և մարտահրավերներին դիմակայելու լավագույն միջոցն է: Ինձ ՏՏ ոլորտը հետաքրքրել է դեռ 6-րդ դասարանից, երբ սկսեցի հաճախել «Արմաթ» ակումբի պարապմունքներին, որտեղ գործնականի ու տեսականի համատեղումը օգնեց ավելի լավ պատկերացնել թվային տիրույթն իր մարտահրավերներով: Ընթացքում ծանոթացա «Աղվես» ծրագրավորման լեզվին, որը Scratch ուսուցողական համակարգի հայերեն տարբերակն է: Այն բավականին օգնում է ալգորիթմական մտածողության զարգացմանը,- պատմում է Թերեզան:
Ծրագրավորումից բացի Թերեզան հատուկ վերաբերմունք ունի նաև օտար լեզուների հանդեպ: Մասնագիտական գրականությունն ու ՏՏ ոլորտին առնչվող տեղեկատվությունը կարդում է ոչ միայն հայերենով և ռուսերենով, այլև գերազանց տիրապետում է անգլերեն լեզվին, ինքնուս սովորել է իտալերեն, իսկ այսօր ուսանում է նաև ֆրանսերեն լեզվով:
Թերազայի հաջողություններին մեծապես նպաստել են մասնագիտությամբ բժիշկ ծնողներն ու ինֆորմատիկայի ուսուցչուհին, որոնց խորհուրդները կանաչ լույս վառեցին Թերեզայի ինքնակատարելագործման ճանապարհին: Ուսուցչուհու ղեկավարած խմբակին մասնակցելու ընթացքում ՏՏ ոլորտի հանդեպ հետաքրքրությունն ավելի է մեծանում, իսկ բազմաթիվ օլիմպիադաներին ու մրցույթներին մասնակցելու արդյունքում շահած մրցանակները ոգևորում և հետագայում օգնում են Թերեզային մասնագիտական կողմնորոշման հարցում:
Սռաջին ստարտափով սկսել է զբաղվել 7-րդ դասարանից, երբ ինֆորմատիկայի ուսուցչուհու՝ Նարինե Մեսրոպյանի ուղղորդմամբ ստեղծեցին «Ապահով համացանց»/Safe Internet / հավելվածը: Գաղափարը հետևյալն էր. հավելվածի միջոցով մեդիագիտելիքներ հաղորդել հասակակիցներին , սովորեցնել ինչպես օգտվել համակարգչային ծրագրերից, ինչպես ներբեռնել անհրաժեշտ ծրագիրը, ինչպես պաշտպանվել համակարգչային վիրուսներից…
Թերեզան առանձնակի հպարտությամբ է պատմում այս ծրագրով «Technovation Challenge» Հայաստանում անցկացված մրցույթին մասնակցելու արդյունքում ունեցած իրենց հաղթանակի մասին: Նրա խոսքով «Technovation Challenge»-ը աշխարհի տեխնոլոգիական ձեռներցության խոշորագույն մրցույթ է աղջիկների համար: Այն նպատակ ունի ոգևորել երիտասարդ աղջիկներին՝ նորարարներ ու առաջնորդներ դառնալու, ձեռներեցության և նոր տեխնոլոգիաների ոլորտում ստացած գիտելիքների միջոցով իրենց համայնքների սոցիալական խնդիրները լուծելու ուղղությամբ:
-Ծրագիրն իրենից ներկայացնում է տասներկու շաբաթյա առցանց ուսուցում, որի ընթացքում պարզ ու մատչելի ձևով դասավանդում են ծրագրավորման հիմունքները, գիտելիքներ հաղորդում մարկեթինգի, բիզնես պլանի ստեղծման մասին: Ի դեպ ուսուցանում են նաև հռետորաբանություն, որն այնքան կարևոր է մտքերդ ճիշտ ու համարձակ արտահայտելու համար: Այս կարևոր մրցույթում մասնակցում էինք թիմով ու ստացանք գլխավոր մրցանակ,- ոգևորությամբ պատմում է Թերեզան:
Ի դեպ, Թերեզայի ակտիվությունը չվրիպեց հանձնաժողովի աչքից և նրան շնորհվեց աշակերտ-դեսպանի կոչումը: Դեսպանի դերում նրա առաքելությունն էր ներգրավել ծրագրում այլ աղջիկներին, փոխանցել նրանց իր փորձը: Արդյունքում չորս ամսվա ընթացքում ստեղծվեց աղջիկների նոր թիմ և նոր ստարտափ՝ «1ofU» / Ձեզանից մեկը/ անվամբ: Այն հայալեզու առաջին հավելված է աուտիզմով երեխաների համար, որի միջոցով նրանք կարող են հեշտորեն արտահայտել իրենց մտքերը, ցանկություններն ու զգացողությունները։ 1ofU հավելվածով թիմը մասնակցեց 2018-ին կայացած «Տեխնովացիա» հերթական մրցույթին: Այս մրցույթի տեղական`հայաստանյան փուլում թիմն արժանացավ գլխավոր մրցանակի և հնարավորություն ստացավ մասնակցել օն-լայն կազմակերպված միջազգային մրցույթի՝ արժանանալով հանձնաժողովի գնահատանքին:
Ծրագրավորողներին միավորող հաջորդ միջոցառումը, որին դարձյալ մասնակցեց Թերեզա Թումանյանը, Սևան Ստարտափ Սամիթ- 2018-ն էր: Միջոցառումը նոր գաղափարներով հարստացրեց և նոր հնարավորություններ բացեց:
– Այստեղ ևս ներկայացրեցի մեր ստարտափը` «1ofU»-ն: Այն կրթության տեխնոլոգիաների անվանակարգում հաղթող ճանաչվեց և շահեցինք 1500 ԱՄՆ դոլար , որն էլ մեզ հովանավորող AICA հ/կ-ի նախագահ Արթուր Միքայելյանի կողմից կրկնապատկվեց, կազմելով 3000 ԱՄՆ դոլար: Ողջ գումարն օգտագործվեց հավելվածը զարգացնելու նպատակով:
«1ofU» հավելվածը ներկայացրեց նաև European Youth Award մրցույթի ժամանակ՝ հասնելով կիսաեզրափակիչ փուլ: Թերեզայի խոսքով, European Youth Award-ը երիտասարդ նորարարներին միավորող եվրոպական շարժում է, որը մոտիվացնում է նրանց ստարտափներ ստեղծելու աշխարհը բարելավելու նպատակով:
Թերեզայի համար ուսանելի էր մասնակցությունը նաև 2019-ին Մինսկում կայացած EMERGE տեխնոլոգիական կոնֆերանս-մրցույթին, որտեղ թիմի ծրագիրը դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ: Պատմում է, որ կոնֆերանսի ընթացքում ստացավ շատ հրավերներ և համագործակցության առաջարկներ։
Հաջորդ հաջողությունը Թերեզան գրանցեց 2019-2020թ.թ. Ստարտափ Արմենիա հիմնադրամի կողմից իրականացվող «Ստարտափ Ակումբ» կրթական ծրագրի շրջանակներում, որի շնորհիվ հիմնեց Bright ստարտափը: Այն իրենից ներկայացնում էր նորարար գործիքակազմ հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատող հոգեբանների և թերապիստների համար։ Ծրագրի սեսիաների շնորհիվ Թերեզան թիմի հետ միասին մշակեց և ներկայանալի տեսքի բերեց գաղափարը՝ ներկայացնելով այն «Ստարտափ Ակումբ Դեմո օր» ամփոփիչ միջոցառմանը։ Թերեզայի ստարտափն արժանացավ բարձր գնահատանքի և մրցանակի` Բիլայն Ստարտափ Ինկուբատորի ինկուբացիոն շրջանին մասնակցելու հնարավորության։
-Մրցույթներին մասնակցությունը, շփումները ձևավորում են իմ աշխարհայացքը, բնավորությունը, ելույթներս դարձնում ավելի անկաշկանդ, ավելի համարձակ ու գրագետ: Նման շփումների շնորհիվ ձեռք եմ բերել բազմաթիվ ընկերներ, կարողանում եմ հաստատել արժեքավոր գործնական և մասնագիտական կապեր, որոնք վերափոխում են կյանքս, – ասում է Թերեզան ու հավելում, -Ներկայումս պատրաստվում եմ համացանցում ստեղծել իմ բլոգը, որտեղ կներկայացնեմ սեփական փորձս, կպատմեմ թե ինչ կարող են անել իմ տարիքի աղջիկները, ինչ նպատակներ կարող են ունենալ և ինչպես կարող են իրականացնել դրանք: Ինչ վերաբերում է իմ ապագա մասնագիտությանը, ապա դեռ սովորում եմ առաջին կուրսում, ուսումնասիրում եմ ՏՏ ոլորտը, հետագայում , կարծում եմ, ավելի կոնկրետ ուղղությամբ կմասնագիտանամ: Իմ ցանկությունն է, որպեսզի բոլոր ծրագրերս ծառայեն հայրենիքիս բարգավաճմանը…
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 3998