«Ձեռքս միշտ պահում եմ զարկերակին». Թերեզա Գաբրիելյան
Կորոնավիրուսի պատճառով արդեն մեկուկեսս ամիս է ինչ փակ է Հայաստանի զբոսաշրջային ամենհայտնի ուղղություններից մեկը `Գառնու տաճարն ու Գեղարդավանքը: Եկեղեցին անգամ զատիկի օրերին միայն մի քանի ժամով է բացվել, իսկ հավատացյալներին ներս են թողել միայն մեկ-երկու հոգով` սոցիալական հեռավորությունը պահպանելու պայմանով: Արտակարգ իրավիճակում իրենց համայնքի առօրյայի մասին WomenNet.am-ի հետ զրույցում պատմում է Կոտայքի մարզի Գառնի գյուղի ավագանու անդամ Թերեզա Գաբրիելյանը:
-Օրը մի քանի անգամ հեռախոսով կապվում եմ գյուղապետարան, պոլիկլինիկայի բժշկի հետ,- պատմում է Թերեզան,- ձեռքս միշտ պահում եմ զարկերակին, աշխատում եմ տեղյակ լինել ամեն ինչից:
Գառնիյում բարեբախտաբար կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել: Գյուղում միայն օդանավակայանի մի աշխատակից կա, ով շփում է ունեցել վարակակրի հետ, 14 օր անցկացրել է մեկուսացման վայրում, տեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է եղել` հիմա տանն է:
–Պոլիկլինիկան աշխատում է արտակարգ ռեժիմով, մուտքի առաջ ախտահանող միջոցներ են դրված,- պատմում է Թերեզան և ներկայացնում է իրականացվող միջոցառումները,- Գյուղապետարանը նույնպես աշխատում է, ամբողջ 2 հարկն էլ ախտահանում են: Գյուղապետարան մուտքը թույլատրում են միայն դիմակներով, մուտքի առաջ` մինչև ներս մտնելը, ախտահանող լուծույթով մաքրում են ձեռքերը և բարձրանում են վերև: Երբ ավարտում են իրենց գործը, նրանցից հետո նորից ախտահանվում են դռների բռնակները և մակերևույթները: Գյուղապետը և գյուղապետարանի աշխատողները, գյուղացիներին հորդորում են, վատ զգալու կամ ջերմություն ունենալու դեպքում անմիջապես դիմեն բուժկետ: Գյուղում չի գործում տրանսպորտը և անգամ գյուղապետի հրահանգով տաքսիները չեն աշխատում: Կան Երևանում աշխատող մարդիկ, նրանք էլ իրենց մեքենաներով են գործի գնում: Գյուղի փողոցները ախտահանվում են հատուկ այս նպատակի համար տրամադրված մեքենաներով:
Գյուղում գործում են միայն մթերային խանութները և միակ սուպերմարկետը, վաճառողները դիմակներով և ձեռնոցներով են աշխատում, հագուստի և շինանյութի խանութները փակ են:
-Ես ամեն անգամ խանութ գնալիս հետևում եմ, որ մարդիկ պահպանեն սոցիալական հեռավորությունը, եթե նկատում եմ որևէ խախտում, նկատողություն եմ անում, խնդրում եմ մեկը մյուսից հեռու կանգնեն և դրամարկղին մոտենան միայն իրենց վճարումը կատարելու ժամանակ և շնորհակալ եմ, որ միշտ էլ ընդունում են խոսքս, չնայած այսպիսի դեպքերը շատ քիչ են:
Փողոցներում հազվադեպ կարելի հանդիպել մարդկանց, բացի նրանից որ մարդիկ հասկացել և ընբռնել են իրավիճակը նաև սկսվել է գյուղատնտեսական աշխատանքների սեզոնը և գյուղացին առավոտից երեկո իր այգին է մշակում, փողոցներում անտեղի կանգնելու ժամանակ չունի:
– Այս ընթացքում միայն մի անգամ են գյուղի երիտասարևդները հավաքվել մեծ խաչմերուկում, սակայն գյուղապետարանի աշխատակիցների բացատրական աշխատանքներից հետո ամեն ինչ շտկվել է, կուտակումներ և խմբերով մարդիկ գյուղի փողոցներում չեք տեսնի, հատուկենտ մարդիկ կան, այն էլ ինչ որ հրատապ գործով են դուրս գալիս:
Հյուղարկավորության կարգի փոփոխությունն էլ է խիստ պահպանվում.
-Մեր գյուղում մի քանի մահ եղավ` քաղցկեղից, ինֆակտից, մեր գյուղապետն ու թաղայինը անձամբ հսկել են, որ միայն հարազատները լինեն, միայն 10 հոգի: Պատկերացրեք, ես էլ ճանաչել ու հարգել եմ այդ մարդկանց, բայց ներկա չեմ եղել:
Գյուղապետարանը այս ընթացքում օգնել է նաև գյուղի անապահով ընտանիքներին, առաջին օգնությունը այն էր, որ փակված ամնկապարտեզի սնունդը ամբողջությամբ բաժանել է նրանց: Մրազպետարանից նույնպես օգնություն են ստացել, իսկ վերջերս գյուղապետարանի բյուջեից միջոցներ են դուրս գրվել, որին գնվել է սննդամթերք և բաժանվել բոլոր կարիքավորներին:
Այս օրերին կառավարության աջակցության միջոցառումներից օգտվելու խնդիրներ են ունեցել գյուղի բնակիչներից շատերը: Թերեզան անձամբ ինքն է զբաղվում կառավարության միջոցառումների ծրագրերին գյուղացիներին գրանցելով:
-Այն քաղաքացիները, ովքեր չեն կարողացել իրենց հեռախոսով գրանցվել, կամ դժվարություններ են ունեցել, նրանց անձամբ ես եմ օգնել: Խնդրել եմ ինձ մոտենան, իրենց անձնագրով, սոցիալական քարտով` տնից մի հոգի, տրամադրել են տվյալները ինձ, օգնել եմ գրանցվել, որ կարողանան այդ 26500 դրամները ստանալ, բոլորն էլ 5 օրվա ընթացքում ստացել են: Հղիների 100 հազար դրամներով էլ ես եմ զբաղվում, մտածում եմ հղին այս իրավիճակում ինչու՞ գնա այդքան հեռու, հասնի Աբովյան քաղաք, հերթ կանգնի, հետո պարզվի իր գումարը չկա: Հետևել եմ, որ նրանց բոլորի անունները ուղարկվեն, անձամբ եմ կապվել սոցապ բաժնի տարածքային տեսուչի հետ, անուն ազգանունները տվել եմ, ճշտել եմ նրանց գումարը նստել է իրենց հաշվին թե ոչ, դրանից հետո միայն հղի կնոջը ասել եմ, որ գնա և ստանա իր գումարը:
Կարինե Պետրոսյան
Դիտումների քանակը` 1044