Թեհմինա Վարդանյան. «Մենք աշխատել ենք հանուն Երևանի ու երևանցու, և աշխատելու ենք էլ ավելի արդյունավետ»
Մեր զրուցակիցն է «Լույս» դաշինքի ցուցակի առաջին հնգյակում ներկայացված Թեհմինա Վարդանյանը, ով Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ լինելով արդեն մեկ տարուց ավելի պայքարում է հանուն մայրաքաղաքի խնդիրների լուծման համար: Մասնագիտությամբ միջազգային լրագրող է , ունի նաեւ սոցիոլոգիայի եւ բիզնեսի կառավարման ոլորտներում աշխատելու որոշակի փորձ:
-Դուք Երևանի գործող ավագանու անդամ եք, ինչո՞ւ որոշեցիք շարունակել այս գործունեությունը և ո՞րն է Երևանի զարգացման Ձեր տեսլականը:
– Ավագանու աշխատանքը, ինչպես գիտեք, հասարակական հիմունքներով աշխատանք է: Մենք շուրջ 1.5 տարի աշխատել ենք մեր թիմով հանուն Երևանի և երևանցու ու դա իսկապես շատ հետաքրքիր, ծավալուն, միևնույն ծամանակ բարդ ու ծավալուն աշխատանք էր։ Ես մեծ նվիրվածությամբ եմ ստանձնել ու կատարել այդ պարտավորություններն ու ծառայել։ Վստահ եմ՝ դեռ շատ անելիք ունեմ ու համոզված եմ, որ «Լույս» դաշինքի գրագետ և պրոֆեսսիոնալ թիմը պատրաստ է իրականացնել Երևանի արդար և արդյունավետ կառավարումը։
-Ի՞նչ է փոխվել այս մեկ տարվա ընթացքում Երևանում և ինչպես եք փոխվել Դուք:
– Բոլորը կհամաձայնեն, որ Երևանի գործող ավագանու «Ելք» խմբակցությունը նոր մշակույթ բերեց իր հետ։ Մենք փոխեցինք ժանգոտած պատկերացումներն ու կարծրատիպերն ավագանու մասին որպես ընտրություններից առաջ ձայն հավաքող, հետո էլ քվեարկությունների ժամանակ ձեռք բարձրացնող կառույցի: Քաղաքացիները վերջապես տեսան՝ ինչ ասել է ավագանի։ Տեսան իրենց բարձրացված խնդիրներն ու դրանց լուծումները։ Առաջնայինը, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցներն ու քաղաքային իշխանություններն այլևս հասկացան, որ անպատժելիություն, ամենաթողություն ու անգործություն չի լինելու։ Ինչ վերաբերվում է անձամբ ինձ, ես այժմ ավելի քան վճռական եմ տրամադրված և ավելի ամուր եմ կանգնած հողին:
-Մեկ տարի առաջ ի՞նչ վախերով ու ակնկալիքներով էիք մասնակցում ընտրություններին, և այսօր ինչպիսին են դրանք:
– Այո, նախորդ ընտրություններին կային որոշակի վախեր՝ կապված դաշտը ներսից չտիրապետելու հետ։ Կարճ ժամանակահատվածում այդ վախերն իսպառ վերացան։
-Արդեն ներսից հայացքը մայրաքաղաքի խնդիրներին փոխում է նաև պատկերացումները դրանց լուծումների մասով: Ի՞նչ է փոխվել Ձեզ համար այդ իմաստով, արդյոք ավագանին ունակ է լուծել Երևանում առկա բարդ խնդիրները:
– Քաղաքային տնտեսությունն ու կառավարումն, ինչ խոսք, բարդ մեխանիզմ է և պահանջում է ամենօրյա և ամենժամյա աշխատանք։ Կարևորագույն կոմպոնենտն արդյունավետ կառավարումն է։ Մենք ավագանիում 14 անդամ ունեինք, և անհերքելի է, որ բազմաթիվ հարցեր ենք բարձրացրել և բազմաթիվ խնդիրներ ենք լուծել։ Կարծում եմ, ավագանին լուրջ ռեսուրսներ և իրավասություններ ունի լուծել այն խնդիրները որոնք տարիներ շարունակ ծառացած են եղել։
Օրինակ բերեմ անձնական փորձից: Ինչպես գիտեք, համայնքի ենթակայության տակ են գտնվում նաև պոլիկլինիկաներն ու որոշ դիսպանսերներ: Առողջապահության ոլորտն ինձ հարազատ է և ես մեծ ուշադրություն եմ դարձնում այդ սպեկտրին: Առաջին պոլիկլինիկան, որի հետ ես առնչվել եմ, դա Նոր Արեշն էր: Պատահական այցելեցինք պոլիկլինիկա, մասնավորապես լաբորատորիա, որտեղ արվում են արյան բիոքիմիական հետազոտությունները: Ամբողջ լաբորատորիան կեղտաջրերի և աղբի մեջ էր, չէին աշխատում նույնիսկ սարքավորումները: Եվ այդտեղ, այդ հակահիգենիկ պայմաններում քաղաքացիները արյուն էին հանձնում ու պատասխան ստանում, մինչդեռ տնօրենի աշխատասենյակը շքեղ վերանորոգված ու կահավորած էր: Ապշած էի: Բարեբախտաբար, մեր ահազանգից հետո կարճ ժամանակ անց, լաբորատորիան վերանորոգվեց և տնօրենն ազատվեց աշխատանքից:
– Որո՞նք են այն առաջնահերթ խնդիրները, որ առաջ կքաշեք վերընտրվելուց հետո:
-Առաջնային է հասարակական տրանսպորտի խնդիրը: Այն լուծելու համար պետք է ներդնել ուղևորափոխադրման նոր ցանց և ամբողջապես արդիականացվի ավտոբուսային պարկը: Պետք է փակվեն Երևանում գործող երկու բաց աղբավայրերը՝ Նուբարաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում և փոխարենը կառուցվի նոր, ժամանակակից և եվրոպական չափանիշներին համապատասխանող աղբավայր: Եվ, վերջապես, ներդրվի շինարարական աղբի և կոշտ աղբի հավաքման հատուկ համակարգ: Բնակարանային ֆոնդի արդիականացման նպատակով բարեկարգվեն բազմաբնակարան շենքերի շքամուտքերը, վերանորոգվեն թեք և հարթ տանիքները: Խնդիրները բազմաթիվ են…
-Ի՞նչ խնդիրներ ունեն Երևանի կանայք ու երեխաները և ի՞նչ լուծումներ եք Դուք տեսնում:
– Կանանց ու երեխաներին անմիջապես առնչվող կարևորագույն խնդիրներից է նախադպրոցական կրթությունը: Մանկապարտեզներում ահռելի հերթեր են: Երեխան հասնում է դպրոցի տարիքի, բայց մանկապարտեզում դեռ հերթը չի գալիս: Սա արդյունքն է այն բանի, որ տարիների ընթացքում բազմաթիվ մանապարտեզների շենքեր են օտարվել և վաճառվել, բյուջեն բավականաչափ արդյունավետ չի կիրառվել… Լուրջ խնդիր են գնալով նվազող կանաչապատ տարածքները, էկոլոգիան: Կրկին հիշատակեմ պոլիկլինիկաների ոչ պատշաճ վիճակը, հետազոտությունների որակը… Թվարկածս բոլոր խնդիրները պահանջում են համակարգային լուծումներ: Մեր ծրագրում մենք անդրադարձել ենք բոլոր ենթակառուցվածքներին և պատրասխանատու ենք զետեղված յուրաքանչյուր կետի իրագործման համար:
-Ինչո՞վ է ապագա ավագանին՝ քաղաքական նոր իրողությունները հաշվի առնելով, տարբերվելու նախորդից և կարող եք, որպես թեկնածու, երևանցուն խոստանալ, որ իր կյանքում էական փոփոխություններ կլինեն:
– Ինչպես ասացի, մենք նոր մշակույթ ենք բերել, նոր իրողություն ենք նեդրել: Մենք աշխատել ենք հանուն Երևանի ու երևանցու, և աշխատելու ենք էլ ավելի արդյունավետ: «Լույս» դաշինքը, քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, պատրաստ է ստանձնել Երևանի արդար և արդյունավետ կառավարումը:
-Երևանը Ձեզ համար դա…
-223 քառ. կմ ջերմություն է: Իմ ժպտացող ու չքնաղ քաղաքը:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 3569