Տաթևիկ Մինասյան. «Պարտավոր ենք նպաստել մեր համայնքի զարգացմանը» / տեսանյութ
Փետրվարի 17-ի ընտրություններում Իջևան համայնքում առաջադրված ավագանու թեկնածուները 32-ն են: Նրանց շարքում միակ կին թեկնածուն Տաթևիկ Մինասյանն է: Ասում է, առայժմ հաղթելու հարցում հույսեր չեմ փայփայում, բայց չեմ էլ հուսահատվում, ես եմ ընտրել այս ուղին, ուստի պարտավոր եմ արդարացնել ինձ սատարողների ու հավատացողների սպասելիքները…
Տաթևիկ Մինասյանը ծնվել է 1990 թ. հոկտեմբերի 21-ին, Տավուշի մարզի ք. Իջևանում:
2007 թ. –ին Իջևանի Գ. Էդիլյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորում է Եվրոպական տարածաշրջանային քոլեջի Իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտում է 2016 թ-ին:Մասնագիտությամբ իրավագետ է: Տաթևիկ Մինասյանը «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության սաներից է։ Ունի կամավորության ավելի քան 10 տարվա փորձ: Մասնակցել է բազմաթիվ սեմինարների, համագործակցել տարբեր ՀԿ-ների հետ: Աշխատել է նույն կազմակերպության մեդիաթիմում, ներկայումս ՀԿ-ում սոցիալական աշխատող է։ Անկուսակցական է: Ավագանու անդամ առաջադրվել է առաջին անգամ:
-Նախապես ասեմ, որ ավագանու թեկնածու առաջադրվելու հարցում ինձ ոչ ոք խորհուրդ չի տվել, ես ինքս որոշեցի մասնակցել ընտրություններին: Թավշյա հեղափոխությունից հետո իմ մեջ համարձակություն առաջացավ, որոշեցի՝ իսկ ինչու ոչ , որոշեցի ես էլ քայլ անել… Ծնողներս սկզբից լուրջ չընդունեցին, քանի որ նախկինում էլ պատահել է, որ ինչ-որ բան եմ ձեռնարկել, սակայն չեմ իրականացրել, ուստի նրանք այս անգամ էլ լուրջ չընդունեցին որոշումս: Դե, Տաթևիկն է, հերթական անգամ երազում է, որոշում ու թողնում անավարտ, կարծում եմ, այսպես մտածեցին: Սակայն տեսան, որ քայլ արեցի: Ասեմ, որ իմ ներսում երկու Տաթևիկներ էին պայքարում, պայքար էր գնում երկուսի միջև, մեկն ասում էր չես կարող, մյուսը պնդում էր հակառակը: Երկրորդ Տաթևիկը հաղթեց և առաջադրվեց: Ծնողներս դեմ էին, ասում էին, թե երիատասարդ եմ, անփորձ, որ դա աղջկա գործ չի, չեմ կարող: Հետո տեսան, որ վճռական եմ տրամադրված, որ թեկնածությունս հենց այնպես չեմ դրել, այլ հստակ որոշել եմ , այդ ժամանակ համոզվեցին ու քաջալերեցին թե ծնողներս, թե քույրերես ու նրանց ամուսինները և թե բարեկամներս: Դա ինձ ուժ տվեց, շատերը ոգևորեցին ու ասացին որ ճիշտ եմ որոշել,- WomenNet.am-ի հետ զրույցում պատմում է Տաթևիկը:
Տաթևիկն իրեն ծանոթ նախկին ավագանիներից տեղեկացել է ավագանու աշխատանքի մանրամասներին ու վստահ է, որ անգործ չի նստելու, կմասնակցի ավագանու նիստերին և հետամուտ կլինի իր առաջադրած ծրագրերի իրագործմանը: Իսկ ծրագրերը բազմաշերտ են: Լինելով սոցիալական աշխատող և շփվելով անապահով ընտանիքների հետ Տաթևիկը ծրագրել է բարձրաձայնել խոցելի շերտի, հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները: Այդքանով հանդերձ Տաթևիկը ցանկանում է ապացուցել, որ հաշմանդամ լինել չի նշանակում համակերպվել ճակատագրին, կամքի ու համառության շնորհիվ հաշմանդամություն ունեցող մարդը նույնպես ունակ է «սարեր շրջել», զբաղվել անգամ քաղաքականությամբ:
-Ես սթափության կոչ եմ անում մարդկանց, ուզում եմ իմ օրինակով ապացուցել, որ հաշմանդամություն ունեցող մարդը կարող է պիտանի լինել հասարակությանը, նպաստել իր ծննդավայրի զարգացմանը, չպետք է նստել ու սպասել, թե պետությունն ինչ է անելու մեզ համար, մեզանից յուրաքանչյուրն ինքը պետք է տեղից շարժվի, մենք էլ պետք է որոշակի չափով աջակցենք պետությանը: Մենք միշտ կրկնում ենք, որ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձ հասարակության լիիրավ անդամ է, ունի իրավունքներ։ Այո՛, նաև պարտավոր է նպաստել իր համայնքի զարգացմանը,- ասում է Տաթևիկը:
Քաղաքի աղբահանության, փողոցների լուսավորության, բազմաբնակարան շենքերի տանիքների և սոցիալական չլուծված բազմաթիվ խնդիրները Տաթևիկի ծրագրային գլխավոր դրույթներից են , որոնց լուծման համար պետք է մասնակից լինի նաև քաղաքի յուրաքանչյուր բնակիչ: Ուստի զարմանալի չէ, որ Տաթևիկ Մինասյանի նախընտրական բուկլետը սկսվում է «Ձեր ձայնը կարևոր է» կարգախոսով:
Պակաս կարևոր չէ նաև զբաղվածության հարցը: Աշխատատեղերի բացակայության պատճառով համայնքի տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի, կանանց ուսերին թողնելով ընտանիքի գոյատևման ծանր հոգսը: Շրջանում դեռևս պահպանված ավանդական մտածելակերպը, թե կնոջ տեղը ընտանիքն ու խոհանոցն է, թերևս քիչ կանանց է հաջողվում կոտրել այդ կարծրատիպը: Սակայն այն, որ այսօր ՏԻՄ ընտրություններում ավագանու թեկնածու առաջադրվողների շարքում դարձյալ մեծամասնություն են կազմում տղամարդիկ, փաստում է, որ ավանդական մտածելակերպը դեռևս գերիշխող է:
Անուշ Ներսիսյան
Տեսանյութը՝ Նարինե Մաթևոսյանի
Դիտումների քանակը` 2435