Սիրիայում երկրորդ ցեղասպանություն է. Թալին Կլբաշյան

Թալին Կլբաշյանը Լիբանանից է, Երեւան է ժամանել Հայոց ցեղասպանության  հարյուրերորդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով: Թալին Կլբաշյանը Ծիծեռնակաբերդ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման պահանջով չէ, որ եկել է: Նրա համոզմամբ, աշխարհն այսօր էլ ցեղասպանության ականատես է լինում եւ դա , նախկինում տեղի ունեցած հանցագործությունը չդատապարտելու հետեւանք է:

 

 

‘’Մեզի համար շատ մեծ ցավ  է, որ հարյուր տարին վերջ պատահին նման դեպքեր եւ նույնիսկ հայերը  շատ մեծ կորուստներ կունենան: Սա երկրորդ ցեղասպանություն է : Մենք իբրեւ բարեսիրական կազմակերպություն  կուզենանք , որ պատերազմներ չլլան այս աշխարհի վրա’’, -անդրադառնալով Մերձավոր Արեւելքում ու մասնավորապես Սիրիայում տիրող իրավիճակին, WomenNet.am-ին ասում է Թալին Կլբաշյանը:

 

 

Նա Հայ օգնության միության Լիբանանի մասնաճյուղի կանանց կազմակերպության` լիբանանահայ Օգնության Խաչի ատենապետուհին է: Կազմակերպությունը 1929-ից  իրականացնում է բարեսիրական ու կրթական գործունեություն: Պետական ճանաչման է արժանացել 1935-ին, իսկ 1939-ից դարձել է զուտ կանանց կազմակերպություն:

 

‘’Այն հայ ժողովուրդի, որը ցեղասպանությունեն վերջ տեղավորված էր Լիբանանին մեջ եւ շատ կարիք ուներ օգնության,  իրենց կյանքը քիչ մը հեշտ դարձնելու համար այս կազմակերպությունը հիմնված է Լիբանան: Օգնությունեն զատ կիները միշտ խաղաղություն կսիրեն: Դա է մեր առաքելությունը’’,-կազմակերպության առաքելությունը ներկայացնում է  Թալին Կլբաշյանը:

 

 

Լիբանանահայ Օգնության Խաչը առաքելության շրջանակում փորձում է օժանդակել պատերազմից տուժած սիրիահայերին:

 

 

 

‘’ Շատ  դժվար հայ ժողովուրդը կրցավ կաթիլ- կաթիլ, քիչ –քիչ ոտքի ելնալ, բայց այսօր ` հարյուր տարի վերջ ամեն ինչ սրբվիլը եւ ետ ոտքի ըլլանը մեզի համար դժվար պիտի ըլլա: Դա մեզ համար շատ  մեծ ցավ է:  Մենք իբրեւ բարեսիրական կազմակերպություն  կօգնենք սիրիահայերին: Սիրիահայերը շատ դժվար պայմաններու մեջ են: Շատերը կորցացուցին ամեն ինչ եւ այսօր զրոյեն ետ կսկսին: Դժվար է, նրանք կորցրել են տուն, տեղ գործ, իրենց ապրած միջավայրը: Դա երկրորդ ցեղասպանություն մըն է’’,-ասում է  Թալին Կլբաշյանը:

 

Նշենք, որ իրավիճակը Սիրիայում  շարունակում է լարված մնալ: Խնդրին ապրիլի 24-ին անդրադարձել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Վալերի Ամոսը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի վերաբերյալ նիստի ժամանակ նա ասել է, որ Սիրիայում  բոլոր կողմերից շարունակում են  սպանել, բռնաբարել և վնասել մարդկանց:  Շուրջ  4 տարի ձգվող հակամարտության հետեւանքով արդեն  220 հազար մարդ է սպանվել, 12 մլն-ը՝ հումանիտար օգնության կարիք են զգում, 4 մլն-ը ՝ փախստական ,  7,6 մլն-ը՝  ներքին տեղահանվածներն են դարձել:

 

 

Թալին Կլբաշյանը կարծում է, որ առաջադեմ մարդկությունը պետք է կանխի նոր հանցագործությունները`  Թուրքիային  անցյալ դարում տեղի ունեցածը ճանաչել պարտավորեցնելու միջոցով:

 

‘’ Թուրքիային ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Անշուշտ, եթե Թուրքիան  ընդունի, գացածը ետ չկըրնա տալ, բայց ինչպես կըսենք` հիշիր եւ պահանջիր, այս մեկը մեզի քիչ մը կհանդարտեցնե’’,- WomenNet.am-ին ասում է Թալին Կլբաշյանը:

 

Մարիաննա Ղահրամանյան

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

Հալեպի հայերը Հայաստանի իշխանություններից աջակցություն են խնդրում

 

Սիրիայում մարդասիրական աղետ է

 

Օգնության ձեռք Հալեպում մնացած հայերին

 

 

 

Դիտումների քանակը` 3779

Գլխավոր էջ