Սյուզի Սաֆարյան. «Ընտանիքն աղջկան պետք է թևեր տա… »
31-ամյա Սյուզի Սաֆարյանը մասնագիտությամբ լեզվաբան է: Ոստիկանական ակադեմիայում սովորելու մասին երազող, սակայն ծնողների հորդորով լեզվաբանական կրթություն ստացած զրուցակիցս հիշում է՝ կարծրատիպերով պայմանավորված կանանց նկատմամբ կողմնակալ վերաբերմունքին առաջին անգամ բախվել է մասնագիտություն ընտրելու ճանապարհին:
Չիրականացված երազանք
«Շատ էի ուզում ոստիկանական ակադեմիա դիմել, բայց այդ շրջանում շատ քիչ էին աղջիկ դիմորդները, ընտանեկան անհամաձայնություն կար ու ես ընտրեցի լեզվաբանական կրթությունը»,- պատմում է Սյուզին:
Ասում է՝ համալսարանն ավարտելուց հետո կարծում էր, որ պայծառ, կանաչ ճանապարհ է բացվելու իր առաջ, որ հնարավորություն է ունենալու ընտրել, թե հատկապես որտեղ է ցանկանում աշխատել: Իրականությունը, սակայն, բոլորովին այլ էր:
«Իրականությունն ավելի դառն էր. ես շատ արագ հասկացա,որ դժվար է լինելու աշխատանք գտնելը»,- նշում է Սյուզին, ով մեկ անգամ չէ առերեսվել է կանանց նկատմամբ կողմնակալության տարբեր դրսևորումներին:
Վերջին 10 տարիների չդադարող փնտրտուքների ընթացքում Սյուզին մի քանի աշխատանք է փոխել՝ տուրիզմի գործակալություն, թանգարանի PR մենեջեր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամ, Արմավիրի փոխմարզպետի օգնական, դասընթացավար… Աշխատատեղերից յուրաքանչյուրի փոփոխության համար Սյուզին իր հիմնավորումն ունի. մի դեպքում աշխատանքն ու վարձատրությունն են եղել ոչ համարժեք, մյուս դեպքում՝ անկարևոր լինելու զգացողությունն է ստիպել թողնել այն… Գուցե նաև իր չիրականացված երազանքի հետ համեմատելու պատճառով դժվար էր այնպիսի գործ գտնել, որ իր սրտով լինի…
«Մի շրջափուլ կար, երբ ես Երևանում էի աշխատանք փնտրում, ակնկալելով, որ այն ավելի լավ վարձատրվող ու ավելի հեռանկարային կլինի: Երբևէ չեմ բարձրաձայնել այդ մասին, բայց շատ դժվար էր ինձ համար: Նախ՝ մարզից եկած էին դիտարկում, հետո՝ անհարմար հարցեր էին տալիս՝ որտե՞ղ եմ մնալու, մենա՞կ եմ մնալու, թե՞՝ ոչ… Վատ հայացքներ էի նկատում, հեգնական խոսք էի նկատում… Ու ես սկսեցի մտածել՝ միգուցե չարժե ինձ համար լրիվ անծանոթ միջավայրում, իմ ծննդավայրից հեռու աշխատանք փնտրելը»,-պատմում է Սյուզին:
Կողմնակալություն նշանված լինելու հիմքով
Ծննդավայր վերադարձած Սյուզին մայրաքաղաքում աշխատանքի փնտրտուքները վերսկսել է տարիներ անց՝ ապագա ամուսնուն հանդիպելուց հետո:
«Արդեն նշանված էինք: Շուտով ամուսնանալու էինք ու ես մշտական բնակության էի տեղափոխվելու Երևան: Մինչ այդ փորձում էի աշխատանք գտնել, բայց ինչն էր զարմանալի: Այս անգամ կողմնակալության հիմք էր հանդիսանում նշանված լինելն ու ամուսնանալ պատրաստվելը, ինչը գործատուների տեսակետից խոչընդոտ են հանդիսանում աշխատանքի ընդունելու հարցում: Երբ ամուսնական կարգավիճակի հետ կապված հարցին ի պատասխան ասում էի՝ նշանված եմ, սկսվում էին հարցերը՝ ե՞րբ եք ամուսնանալու, հետո երեխա եք, չէ՞, ունենալու… Մի շրջան կար, երբ իմ CV-ից նույնիսկ հեռացրել էի ամուսնական կարգավիճակի մասին տեղեկատվությունն ու փորձում էի հնարավորինս չխոսել այդ մասին»,- հիշում է զրուցակիցս:
Որոշ ժամանակ անց Սյուզիին, այդուհանդերձ, հաջողվում է աշխատանքի ընդունվել տուրիստական ընկերություններից մեկում, որտեղ շուրջ մեկ տարի աշխատելուց հետո անցնում է երեխայի խնամքի արձակուրդի:
«Մոտ մեկուկես տարի զբաղվել եմ միայն փոքրիկիս խնամքով: Շատ կարևոր շրջան էր ինձ համար:Քանի որ չէի կարող ամբողջ օրով բաժանվել փոքրիկիցս, կես դրույքով աշխատանք էի փնտրում, որպեսզի և՛ երեխայիս ժամանակ հատկացնեմ, և՛ աշխատեմ: Շատ տեղեր դիմեցի, պարզվեց, հիմա էլ երեխան է խանգարող հանգամանք: Ասում էին՝ բա ո՞նց եք անելու, բա որ վաղը երեխան հիվանդանա՞, որ չկարողանաք գալ աշխատանքի, որ ամուսինդ թույլ չտա…»,- պատմում է նա:
Ինչպե՞ս պայքարել
Սյուզիի օրինակը փաստում է, որ կանանց նկատմամբ աշխատանքի շուկայում այնհայտ կողմնակալ վերաբերմունք կա, որը լուրջ խոչընդոտ է հանդիսանում նրանց առաջընթացի համար: Սյուզիի դիտարկմամբ՝ կանանց աշխատանքային իրավունքները Հայաստանում պաշտպանված չեն. բազմաթիվ բացեր ու խնդիրներ կան, որոնք, մի կողմից, օրենսդրական լուծումների կարիք ունեն, մյուս կողմից, տարիներով արմատացած կարծրատիպային պատկերացումների դաշտում են: Առաջնայինը, սական, Սյուզին համարում է կանանց համախմբումն ու համատեղ ուժերով սեփական իրավունքների մասին բարձրաձայնումը, այդ թվում բոլոր այն դեպքերում, երբ բախվում են կանանց հանդեպ ակնհայտ կողմնակալությանը:
«Եթե կանայք միանան, պայքարեն իրենց իրավունքների համար, միգուցե հնարավոր լինի հասնել նրան, որ կնոջ իրավունքները լինեն ավելի պաշտպանված թե՛ ընտանիքում, թե՛աշխատանքի ընդունվելիս:Կանայք շատ հաճախ խուսափում են խոսել խնդիրների մասին, այնինչ դրանց մասին բարձրաձայնելով հնարավոր կլինի խնդիրը հասցնել հասցեատերերին: Արդյունքում շատերը կխուսափեն կանանց իրավունքների ակնհայտ ոտնահարումից, ուղղակի կվախենան դա անել, որովհետև կմտածեն, որ կարող է իրենց անունները հնչեցվեն հրապարակայնորեն»,- կարծում է Սյուզին:
«Ուզում եմ փոխանցել դստերս այն վստահությունն ու ազատությունը, որն այսօր ունեմ»…
Սյուզիի խոսքով՝ կնոջ կայացման ու հաջողելու հարցում կարևոր նշանակություն ունեն նախ ընտանիքը, ապա՝ միջավայրը.
«Ընտանիքը պետք է չկաշկանդի կնոջը, աղջկան: Երբ տանն ասում են՝ դու աղջիկ ես, սուս մնա, աղջիկը նման բան չի անի, դա տանում է հետագա լիքը «սուս մնա»-ների, դա ուղեկցում է կնոջը ողջ կյանքի ընթացքում: Ընտանիքն աղջկան պետք է թևեր տա… »:
Ի դեպ, հենց ընտանիքի ու հատկապես ամուսնու տված թևերի շնորհիվ Սյուզին այսօր ունի իր փոքրիկ օնլայն բիզնեսը, որը հայկական զարդանախշերով արտադրատեսակների վաճառքով է զբաղվում:
Ասում է. «Յուրաքանչյուր կարևոր քայլից առաջ, երբ ես երկմտում ու չեմ համարձակվում, ամուսինս ասում է՝ դու կարող ես: Այդ երկու բառն ինձ ուժ է տալիս փորձել, թեկուզ չստացվի»:
Փոքրիկ դստեր համար վաղվա Հայաստանում Սյուզին մի ապագա է նախանշում.
«Ուզում եմ նրան փոխանցել այն վստահությունն ու ազատությունը, որն ես այսօր ունեմ: Ուզում եմ, որ վաղվա Հայաստանում կանայք լինեն ավելի պահանջված և գնահատված»…
Գայանե Սարգսյան
Դիտումների քանակը` 1048