Ինչպե՞ս են կանայք ու տղամարդիկ մասնակցում ընտրական գործընթացներում․ ԿԸՀ հետազոտության տվյալներ

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է  2021 թ. հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում կանանց ու տղամարդկանց մասնակցության վերաբերյալ հետազոտության տվյալները, որոնք ամփոփվել են առանձին գրքույքի տեսքով։ Նման  ամփոփումը ԿԸՀ-ի երկրորդ փորձն է ներկայացնելու հանրությանը սեռով տարբերակված տվյալներ ընտրությունների վերաբերյալ։ Առաջինը՝ 2018 թ․ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների և ՏԻՄ ընտրությունների  հետազոտության արդյունքներն էին, որոնք նույնպես հրապարակվել են առանձին գրքույքով։ Նշենք, որ սեռով տարբերակված տվյալների հրապարակումը հնարավորություն է տալիս համեմատել ընտրական գործընթացներում կանանց ու տղամարդկանց ակտիվությունը որպես ընտրողներ, ընտրական հանձնաժողովների անդամներ, թեկնածուներ։

 

WomenNet.am-ը համեմատել է 2018թ․ և 2021 թ. ԿԸՀ-ի հետազոտությունների տվյալներն արտահերթ խորհրդարանական ընտրություններում կանանց մասնակցության տեսակետից։  

 

 

Այսպես, ընտրողների կեսից ավելին Հայաստանում կանայք են։ Ըստ ԿԸՀ հետազոտության, 2021 թ. ընտրությունների ժամանակ ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների  53.13 %-ը կանայք էին, 46.87% -ը տղամարդիկ։ 2018-ին ընտրողների համամասնությունը նույն էր՝  կանայք 53.23 % էին, տղամարդիկ՝ 46.77%:

 

Աղբյուրը՝ ԿԸՀ վերլուծություն

 

Քվեարկության մասնակիցների 55%-ը կանայք էին  

 

 

Կանանց մասնակցությունը 2021թ․ ընտրություններում ավելի բարձր է եղել, քան նախորդ ընտրությունների ժամանակ։ Ըստ ԿԸՀ տվյալների,  2021 թ. քվեարկության մասնակիցների 54.97%-ը կանայք էին, 2018-ին կանայք քվեարկության մասնակիցների 51.76 %-ն էին կազմում։ Տղամարդ ընտրողների մասնակցությունը 2018-ին եղել է 48.24%, իսկ  2021թ․ ընտրություններին  իջել է մինչև 45.04% , և այդպիսով կանանց ու տղամարդկանց մասնակցութան տարբերությունը 2021թ-ին կազմել է մոտ 10% , մինչդեռ նախորդ ընտրություններում այդ տարբերությունը շատ ավելի փոքր էր՝ 3.5%։

 

Աղբյուրը՝ ԿԸՀ վերլուծություն

 

Տարեց ընտրողների շրջանում ավելի ակտիվ են կանայք, երիտասարդների թվում՝ տղամարդիկ

 

 

Հատկանաշական է, որ երկու ընտրությունների կտրվածքով կին ընտրողների շրջանում առավել ակտիվ են քվեարկությանը մասնակցում  50-65 տարիքային խմբի կանայք։  2021 թ. ընտրություններում  նրանք կազմել են քվեարկության մասնակից կանանց 29.3%-ը,  մինչդեռ 2018-ին այդ ցուցանիշը ավելին էր՝ 31.54 % էր, տարբերությունը մոտ 4 տոկոսային կետ է կազմում։

 

2021 թ. ընտրություններում կանանց մասնակցությունը մի փոքր ցածր է եղել, քան  2018-ին նաև 18-35 տարիքային խմբում ՝ համապատասխանաբար՝  25.3% և  26.6%։ Մնացած տարիքային խմբերի կանանց մասնակցությունը քվեարկությանը  2021 թ. ընտրություններում մոտ 2 տոկոսային կետով ավելի բարձր է եղել, քան 2018-ին։  

 

Տղամարդ ընտրողների շրջանում  առավել ակտիվ է եղել 2018 թ․ ընտրություններում  18-35 տաիքային խումբը՝  31.2%,  սակայն 2021թ․ այդ խմբի ակտիվությունն իջել է մոտ 3  տոկոսային կետով մինչև  28%։ Փոխարենը 2021թ․ ընտրություններին  ավելի ակտիվ է մասնակցել  35-50 տարիքային խումբը՝  27.2%, որը   2018թ․ ընտրություններում  25.6% էր կազմում։

 

Ընդհանուր առմամբ, ինչպես նշվեց, կանանց ու տղամարդկանց մասնակցության տեսակետից ամենամեծ տարբերությունն 50-65 տարեկանների խմբում է նկատվում:

 

Նշենք, որ 60+ կանանց ու տղամարդկանց միջև մասնակցության տարբերությունը դիտարկելիս, պետք է նաև հաշվի առնել կյանքի տևողության գործոնը, որն ավելի բարձր է կանանց շրջանում, հետևաբար և՛ բնակչության կազմում, և՛ ընտրողների շրջանում  այդ տարիքային խմբի կանանց տոկոսն ավելի բարձր է տղամարդկանցից։

 

 

Կանայք ընտրական վարչարարության գործընթացներում

 

Ընտրական վարչարարության գործընթացներում կանանց ընդգրկվածությունը վերջին երկու արտահերթ ընտրություններում գրեթե անփոփոխ է մնացել. թե՛ 2018-ին, թե՛ 2021-ին ԿԸՀ կազմում ընդգրկված 7անդամից 3-ը կանայք են, ինչը 42.86% են կազմում: Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի և տարածքային ընտրական հանձնաժողովների գենդերային կազմը կարգավորվում է ՀՀ ընտրական օրենսգրքով, այն է․   

 

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երկուսից»;

«Տարածքային ընտրական հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երկուսից»:

 

Աղբյուրը՝ ԿԸՀ վերլուծություն

 

ԿԸՀ քարտուղարությունում կանանց ներկայացվածությունն ավելացել է․ 2018-ի 74.73%-ի փոխարեն այժմ 79.03% է կազմում։ ԿԸՀ առանձնացված ստորաբաժանումների մասնագետների (օպերատորների) 85.7% -ը կանայք են։

 

 

 Տարածքային ընտրական հանձնաժողովներում կանանց ընդգրկվածությունը մի փոքր ավելացել է՝ 2018-ին այդ ցուցանիշը կազմում էր 34.96%, 2021-ին՝ 35.34% է։ Այդ փոփոխությունը սակայն կատարվել է միայն հանձնաժողովների շարքային անդամների թվում, անփոփոխ ու դեռևս ցածր է մնացել կանանց ներկայացվածությունը տարածքային հանձնաժողովների ղեկավարների պաշտոններում։

 

 

Աղբյուրը՝ ԿԸՀ վերլուծություն

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում կանանց ներգրավվածությունը  62.61% է, ընդ որում նրանք 42.48% են կազմում հանձնաժողովների նախագահների թվում և  մինչև  77.1% քարտուղարների թվում։ Հիշեցնենք, որ տեղամասային հանձնաժողովների գենդերային կազմը Ընտրական օրենսգրքով չի կարգավորվում։

 

 

Աղբյուրը՝ ԿԸՀ վերլուծություն

 

 

 

 

Ինչպես աշխատեց գենդերյաին քվոտան

 

Ինչ վերաբերում է պատգամավորության կին թեկնածուների մասնակցությանը, ապա 2021-ին ընտրությունների մասնակից 21 կուսակցությունների և 4 դաշինքների ցուցակներում կանանց ներկայացվածությունը միջինում  36.57% էր։  Համեմատության համար նշենք, որ 2018-ին այդ ցուցանիշը 32.21% էր։ Հիշեցնենք, որ կուսակցությունների ցուցակներում  թեկնածուների սեռային համամասնությունը կարգավորվում է  ՀՀ ընտրական օրենսգրքով։ Ըստ այդմ 2018-ի ընտրություններում գործել է  25% քվոտան, իսկ 2021-ի ընտրություններում ուժի մեջ  է մտել 30% քվոտայի պահանջը։ 

 

 

Աղբյուրը՝ ԿԸՀ վերլուծություն

 

Նշենք, որ  2021-ի ընտրություններն անցել են պարզ համամասնական ընտրակարգով առանց տարածքային ցուցակների, ինչն անմիջականորեն նպաստել է նորընտիր Ազգային ժողովում կանանց ներկայացվածության զգալի ավելացմանը։ Այսպես, 2021-ին  ընտրված պատգամավորների 34.58%-ն կանայք են, 2018-ին այդ ցուցանիշը 24.24% էր։

 

 

Աղբյուրը՝ ԿԸՀ վերլուծություն

 

«Վիճակագրություն․ կանանց և տղամարդկանց մասնակցությունը 2021 թ. հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին» գրքույկին կարելի է ծանոթանալ այս հղումով։ Գրքույքը ստեղծվել է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն 3» (ՀԸԳԱ-3) ծրագրի շրջանակներում։ ՀԸԳԱ-3 ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Նիդերլանդների Թագավորության, Շվեդիայի Թագավորության, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կողմից: Ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը։

 

 

 

Հ. Կարապետյան

 

Դիտումների քանակը` 906

Գլխավոր էջ