Հայտարարություն պատերազմը վերսկսելու Ադրբեջանի վարչակազմի փորձերի կապակցությամբ
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախաձեռնությամբ և այլ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ ապրիլի 2-ին կայացած «Ընտրական օրենսդրությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացների զարգացման համատեքստում» ֆորումի 70 մասնակիցները ՝ հանդես են եկել հայտարարությամբ ՝ իրենց մտահոգությունը հայտնելով պատերազմը վերսկսելու Ադրբեջանի վարչակազմի փորձերի կապակցությամբ:
Հայտարությունը ուղարկվելու է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ), ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների, Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին, ՄԱԿ-Կանայք կառույցին և ի գիտություն՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
Ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ.
Մենք`
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախաձեռնությամբ և այլ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ
ապրիլի 2-ին կայացած «Ընտրական օրենսդրությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացների զարգացման համատեքստում» ֆորումի մասնակիցներս,
Արձագանքելով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից տանկերի, հրետանու և օդուժի կիրառմամբ ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների փաստին,
Դատապարտում ենք ադրբեջանական իշխանությունների՝ ռազմական գործողություններ սկսելու ագրեսիվ և հանցավոր որոշումը, որն արդեն իսկ հանգեցրել է զոհերի և վիրավորների, այդ թվում՝ ԼՂՀ խաղաղ բնակչության և, որ ավելի սարսափելի է, երեխաների շրջանում,
Մտահոգություն ենք հայտնում այդ գործողությունների անկանխատեսելի հետևանքների, ինչպես նաև այն միջազգային կառույցների դիրքորոշման կապակցությամբ, որոնք մինչև հիմա համարժեք չեն արձագանքել Ադրբեջանի կողմից արդեն մի քանի տարի շարունակվող հրադարարի ռեժիմի խախտման դեպքերին, այդ թվում Հայաստանի սահմանամերձ տարածքների ուղղությամբ, որոնք բազմաթիվ մարդկային կյանքեր են խլել նաև խաղաղ բնակչության շրջանում,
Հիմնվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը» թիվ 1325 բանաձևի և դրան հաջորդող առնվազն 7 նույնաբովանդակ բանաձևերի վրա, որոնք ուղղված են հակամարտությունների կանխարգելման և հաղթահարման գործում կանանց մասնակցության ընդլայնմանը,
Կոչ ենք անում ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներին լսելի դարձնել Հայաստանի և Ղարաբաղի կանանց ձայնը և անհապաղ արձագանքել հակամարտության գոտում զինադադարի այս անգամ աննախադեպ կոպիտ խախտմանը՝ դրանով իսկ վերջ դնելով Ադրբեջանի վարչակազմի կողմից տարածաշրջանում լայնածավալ պատերազմական գործողություններ վերսկսելու անընդունելի փորձերին և Ղարաբաղյան հակամարտւթյունը բռնի ուժով լուծելու նպատակներին:
Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի մայրերն արդեն իսկ բարձր գին են վճարել 1991-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի համար և համոզված են, որ հակառակ կողմում գտնվող Ադրբեջանի մայրերը նույնպես դեմ են պատերազմի վերսկսմանը, որի վտանգը խիստ մեծանում է միջազգային հանրության անտարբերության և դրանով իսկ Ադրբեջանի վարչակազմի գործողությունների նկատմամբ անպատժելիության մթնոլորտի ստեղծման պարագայում:
Դիմում ենք նաև բարի կամքի տեր բոլոր մարդկանց, աշխարհի որ երկրում էլ նրանք գտնվեն, միանալ խաղաղության մեր կոչին՝ դատապարտելով Ադրբեջանի վարչակազմի՝ տարածաշրջանի ժողովուրդներին պատերազմի մեջ ներքաշելու փորձերը:
«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ և իր 30 մարզային մասնաճյուղեր
«Կանանց հանրապետական խորհուրդ» ՀԿ
«ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ
«Հայտուր» ՀԿ
«Հոգևոր Հայաստան» ՀԿ
«Համայնքների զարգացման և օրենսդրական բարեփոխումների կենտրոն» ՀԿ
«Հասարակության զարգացման կանանց ասոցիացիա» ՀԿ
«Աբովյանի ուսանողական խորհուրդ» ՀԿ
«Սոցիալական աջակցության համակարգչային կենտրոն» ՀԿ
Հայտարարությունը բաց է միանալու համար
Դիտումների քանակը` 4349