«Ծեծում են ձեռքով, ոտքերով, երկաթե ձողով…». Զեկույց հատուկ դպրոցների մասին
WomenNet.am –ը առիթ ունեցել է անդրադառնալու օրերս հրապարակված Հանրային դիտորդական խմբի երրորդ զեկույցին: Այս թեմայի առնչությամբ հոդված է հրապարակել նաև Panorama.am-ը, մեջբերելով զեկույցում զետեղված սաների վկայությունները հատուկ դպրոցներում կիրառվող բռնությունների մասին …
«Հատուկ դպրոցներում երեխաների նկատմամբ կիրառվում են պատիժներ, որոնցից ամենաթեթևը բարկանալն է, իսկ ամենածանրը` զրկելը սիրելի զբաղմունքից, խաղերից, զբեսանքից: Սակայն կան նաև ավելի ծանր պատիժներ, ինչպիսիք են` սպառնալ, անկյուն կանգնեցնել, թեթև խփել, ծեծել, ապտակել` «մի հատ աջից ձախ, մի հատ ձախից աջ», խփել գլխին: Ընդ որում մանկավարժը, որը կիրառում է գլխին խփելը, անում է մեծ քար ունեցող մատանիով, որը կարող է բացի հոգեբանական ազդեցությունից, ազդել նաև երեխայի առողջության վրա: Այս մեթոդաբանությամբ գործող մանկավարժներին զսպում է փոխտնօրենից քաշվելը, վերջինիս խիստ լինելը (մասնավորապես Երևանի թիվ 16, տեսողական հատուկ դպրոցում)»… Այս տվյալները ներկայացված են Հանրային դիտորդական խմբի երրորդ զեկույցում :
Նշենք, որ խումբը ստեղծվել է 2009-ին Կրթության և գիտության նախարարարության որոշման համաձայն, դրա կազմում են 13 հասարակական կազմակերպությունների 31 ներկայացուցիչներ, որոնց նախորդ երկու զեկույցները հատուկ դպրոցների մոնիթերինգի արդյունքներով հրապարակվել է 2011 և 2012թթ-ին:
Ըստ զեկույցի հեղինակների` 22 հատուկ դպրոցներում, որտեղ իրականացվել է մոնիթորինգը, երեխա-դաստիարակ փոխհարաբերություններում առկա է բռնություն. «Ծեծ, փայտով ծեծ, քամահրանք, հայհոյանք, կոպիտ վերաբերմունք, հրել, խփել, ինչպես նաև բղավել, սաստել, ամոթանք տալ, մասնագիտական օգնություն չցուցաբերել, ստորացնել: Չնայած սոց.մանկավարժը պահում է բռնության դեպքերի վարման տետր, սակայն քանի որ «բռնություն չկա» այն դատարկ է մնում: Դպրոցում ծեծը և բռնությունները սովորական երևույթ են: Ծեծողները տնօրենն են և մի շարք աշխատակիցներ: Ծեծում են ձեռքով, ցուցափայտով, ոտքերով, «պլետով», երկաթե ձողով և վախեցնում են նկուղ գցելով (Վանաձորի դպրոց, հատվածներ դիտորդների հաշվետվություններից)»,- ներկայացված է զեկույցում:
Հեղինակները նաև ավելացնում են, որ Վանաձորի դպրոցում, ըստ երևույթին, երեխաների հանդեպ վատ վերաբերմունքը պատմություն ունի և այն էլ` հայտնի պատմություն: Այդ դպրոցում գործառնվող անթույլատրելի պրակտիկայի վերաբերյալ նշում կա նաև ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի դիտողություններում:
Նման փաստեր զեկույցում բազմաթիվ են ու գրեթե բոլոր դպրոցներում դրանք կրկնվելու միտում ունեն, այսինքն կիրառվող բռնությունները, պատժի ձևերը, մանկավարժների վերաբերմունքը իրարից չեն տարբերվում: Հատուկ դպրոցները չեն տարբերվում նաև մյուս առումներով, մասնավորապես` շենքային պայմանների անմխիթար պայմաններով ու աշխատակազմի անբավարար թվաքանակով. «Ննջասենյակների ծանրաբեռնվածությունը գրեթե բոլոր դպրոցներում գերազանցում է թույլատրելի սահմանը: Չկան մշակված համապատասխան ստանդարտներ թե’ այդ և թե’ երեխաների կյանքի կազմակերպման այլ հիմնական ասպեկտների վերաբերյալ: Սովորական պրակտիկա է երեխաների հիմնարար կարիքների անտեսումը. օրինակ` անտարբերություն է դրսևորվում երեխաների կանոնավոր բուժզննման անհրաժեշտության հանդեպ, անտեսվում է երեխայի կարծիքը սննդի, հագուստի, ազատ ժամանցի կազմակերպման, որոշ դեպքերում էլ ընտանիքի հետ կապի պահպանման իրավունքը», -ասված է զեկույցում:
Խայտառակ վիճակ է հաստատությունների զուգարաններում ու լոգարաններում` հիգիենիկ պայմանները անբավարար են գրեթե բոլոր դպրոցներում: Անգամ հիգիենայի անհրաժեշտ պարագաները տրամադրվում են ոչ բոլոր դպրոցներում, այլ միայն ԿԳՆ ենթակայության տակ գտնվող հաստատություններում, իսկ ահա Տարածքային կառավարման նախարարության ենթակայության տակ գտնվող դպրոցներից միայն 8-ին են տրամադրվում: Հիգիենայի պակաս զգացվում է նաև հատուկ դպրոցների ճաշարաններում` հերիք չի երեխաները անհրաժեշտ սննդից են զրկված, մի բան էլ կանգնած են նման խնդրի առաջ ևս. «Սննդակարգը, որպես կանոն, չի բխում երեխաների նախասիրություններից, բացակայում է ձկնեղենը (բացառությամբ մեկ-երկու դպրոցի), քիչ է թարմ միրգը, պահեստներում հանդիպել են ժամկետանց մթերքի տեսակներ, որոշ ճաշարաններ անընդունելի հիգիենայի պայմաններում են աշխատում, օրինակ` Աշտարակի դպրոցում»:
Հոդվածը ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Հատուկ դպրոցներում անտեսվում են երեխաների իրավունքները . զեկույց
Դիտումների քանակը` 3609