Սորիկի ապագան՝ երկու Գյուլիզարների խիզախությունը
Արագածոտնի մարզի եզդիաբնակ Սորիկ համայնքում հունիսի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նախատեսված: Առաջադրված հինգ թեկնածուներից 2-ը կանայք են՝ Գյուլիզար Թամոյան և Գյուլիզար Ասոյան:
Ազգային սովորույթներին ու կենսակերպի համաձայն՝ եզդի կանայք քչախոս են, շփման մեջ զուսպ ու խոհեմ, ամուսինների ու ընտանիքների նկատմամբ ակնհայտ սիրով ու մեծարանքով:
Այս երկու կանայք, երկու եզդի կանայք, կոտրել են բոլոր կարծրատիպերը՝ ցանկանալով և որոշելով մասնակցել իրենց համայնքում տեղի ունեցող ընտրություններին՝ լիովին գիտակցելով համայնքի խնդիրներն ու պատկերացնելով դրանց լուծման ճանապարհները:
Չունենալով բազային կրթություն, իրենց կյանքն ապրելով տարատեսակ շփումներից գրեթե մեկուսացած՝ հստակ պատկերացնում են գյուղի առաջնային ու կենսական խնդիրները. գիշերային լուսավորություն, ճանապարհի բարեկարգում, խմելու ջրի առկայություն, գազամատակարարում, տրանսպորտ, նախակրթարանի և բուժկետի ստեղծում:
«Ես ծնվել եմ Գետաշեն գյուղում, Սորիկ եկել եմ հարս, ունեմ 3 զավակ, զբաղվում եմ տնային գործերով: Կրթություն չեմ ստացել ամբողջությամբ, բայց ամուսինս և սկեսրայրս կրթված մարդիկ են: Ընտրություններին մասնակցելու որոշումն ընդունել եմ՝ ամուսնուս հետ խորհրդակցելով: Իմ ընտանիքը պատրաստ է օգնելու և աջակցելու հետագա գործերում: Ես շատ եմ սիրում մեր գյուղը և ուզում եմ, որ այն զարգանա»,- պատմում է Գյուլիզար Ասոյանը:
Նույն խնդիրների և ցանկությունների մասին է խոսում նաև մյուս թեկնածուն՝ Գյուլիզար Թամոյանը. «Ես նույնպես այս գյուղ հարս եմ եկել, ծնվել եմ Խոդալուր գյուղում, ունեմ երեքամյա կրթություն: Մեր ընտանիքներում գլխավորը ամուսնու խոսքն է, սակայն նրանք հաշվի են առնում նաև մեր կարծիքը: Այս ընտրություններին մասնակցելու որոշումն ընդունել եմ՝ ամուսնուս հետ խորհրդակցելով: Որպեսզի մեր գյուղի բնակիչները չհեռանան ու մշտական բնակություն հաստատեն այստեղ, անհապաղ պետք է լուծենք մեր խնդիրները: Ես ուզում եմ իմ գյուղը տեսնել շենացած ու բարեկարգված»:
Երկու կին թեկնածուների պատկերացումներն այն մասին, թե ինչպես են աշխատելու, ինչ ծրագրեր են կազմելու և իրագործելու՝ համայնքը զարգացնելու համար, սահմանափակվում էին կենսական պահանջների բավարարմամբ: Գողտրիկ ժպիտների ներքո հավելում էին, որ ամուսինները կօգնեն իրենց:
Գյուղապետի որակմամբ՝ գյուղի համար մեծ առաջընթաց է ունենալ երկու կին թեկնածու, ովքեր վայելում են ոչ միայն իրենց ընտանիքների, այլև ամբողջ համայնքի աջակցությունն ու պատրաստակամությունը:
Սորիկ համայնքը ժամանակին 150, այս պահին 16 ընտանիք ունի, այն սահմանամերձ է, զբաղվում են, հիմնականում, անասնապահությամբ:
Գայանե Մանուկյան
Դիտումների քանակը` 1466