«Ի՞նչ կարող ենք անել կուսակցությունների ընտրովի մարմիններում կանանց ներկայացվածությունը բարձրացնելու ուղղությամբ »
ՀՀ Ազգային ժողովում «Կուսակցությունների մասին» օրենսդրական փաթեթի շուրջ խորհրդարանական լսումներին ընդառաջ WomenNet.am-ը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ: Մեր զրուցակցի խոսքով, փոփոխություններով նախատեսվող կուսակցությունների ֆինանսական աղբյուրների թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացման հետ մեկտեղ, առաջարկվում է նաև նոր կարգավորումներով խթանել կանանց քաղաքական մասնակցությունը: Ուստի մեր առաջին հարցը հենց այդ կարգավորումներին է վերաբերում…
-Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ուսումնասիրել եմ հենց միջազգային փորձը, թե ինչ կարող ենք անել կուսակցությունում և, մասնավորապես, կուսակցության ընտրովի մարմիններում կանանց ներգրավվածությունը մեծացնելու համար: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի երկու ընտրովի մարմին՝ Վարչությունն ու Վերահսկող հանձնաժողով և որպես Վերահսկող հանձնաժողովի նախագահ ինքս էլ տեսնում եմ կանանց քիչ ներգրավվածության խնդիրը:
Միջազգային փորձը բազմաթիվ տարբերակն է առաջարկում: Օրինակ, մի շարք եվրոպական երկրներում, որտեղ քվոտա չկա, կուսակցությունների համամասնական ցուցակն ընտրությունների ժամանակ համակարգվում է հանրային ֆինանսավորման միջոցով: Եթե Ֆրանսիայում կամ անգամ մեր հարևան Վրաստանում, կանանց ներգրավվածությունը նախանշված տոկոսից ցածր է, ապա այդ կուսակցությունները հանրային ֆինանսավորումից որոշ չափով զրկվում են: Կարծում եմ, որ սա միջոցներից մեկն է, որ կարող է իսկապես արդյունավետ լինել:
–Այսինքն, ֆինանասական լծակները նախընտրելի միջոց եք համարում…
-Կարծում եմ՝ այո: Օրինակ, Ֆինլանդիայի«Կուսակցությունների մասին» օրենքն ասում է, որ հանրային ֆինանսավորման 12 տոկոսը պարտադիր պետք է ուղղված լինի կուսակցության ներսում կանանց զարգացմանը: Ըստ իս, սա շատ լավ կարգավորման միջոց է:
Մենք կարող ենք նաև որոշակի կարգավորումներ ստեղծել, որոնք կստիպեն կուսակցության ներսում, ընտրովի մարմիններում քվոտաներ օգտագործել, և օգտակար կլինի այս ուղղությամբ միջազգային փորձն ավելի մանրամասն ուսումնասիրել:
Ներկայումս մենք ուսումնասիրում ենք տարբեր խթանման ձևաչափեր, և ես շատ ուրախ եմ, որ այս օրենքում փոփոխությունների շուրջ քննարկումներին մասնակցում են նաև տղամարդիկ, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, որովհետև շատ հաճախ կանանց մասին հավաքվում և խոսում են հենց կանայք: Այս առումով հերթական անգամ պետք է ֆիքսենք, որ կանանց խնդիրները միայն կանանց խնդիրները չեն, դրանք բոլորին են վերաբերում և ինչքան ներառական լինի այս քննարկումը, որքան շատ կուսակցություններ ներգարվված լինեն թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական այնքան շահելու ենք բոլորս:
– Կուսակցությունների ներսում նշված կարգավորումներն ինչպե՞ս են ազդելու Ընտրական օրենսգրքով ամրագրված քվոտայի վրա:
– Այո, Ընտրական օրենսգիրքը կարգավորում է թեկնածուների սեռերի հարաբերակցությունը կուսակցությունների ընտրական ցուցակներում: Ինչպես հայտնի է, առկա հարաբերակցությունը 25/75-ից ոչ պակաս է, իսկ մյուս ընտրությունների համար ամրագրված է 30/70: Այս պահին քննարկումներ են ընթանում այդ տոկոսային թվի փոփոխության շուրջ, և ես, օրինակ, կարծում եմ, որ հարաբերակցությունը պետք է լինի 35/65: Անընդունելի եմ համարում այն փաստարկը, որ շատ հաճախ շահարկվում է, թե իբր կուսակցություններում չկան բավարար թվով կանայք: Դա թյուր կարծիք է, և թավշյա հեղափոխությունն էլ ի ցույց դրեց, որ ակտիվ կանայք կան և եթե խրախուսվի կանանց մասնակցությունը, ապա նրանք տեղ կգտնեն ոչ միայն ընտրական ցուցակներում, այլև կհայտնվեն Ազգային ժողովում:
Նշեմ մեկ հարց ևս, որ ինձ համար խնդրահարույց է: Երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը գնաց գործադիր՝ իրեն եկավ փոխարինելու տղամարդ: Մի քանի տարի է այս խնդիրը բարձրաձայնվում է, որ կնոջը պետք է կին փոխարինի, և Ընտրական օրենսգիրքն այս հարցը կարգավորում է, սակայն որոշակի վերապահումներով ( ԸՕ, հոդված 100.3): Կարծում եմ, որ այդ մոտեցումը պետք է պահպանվի առանց վերապահումների, այսինքն կնոջը կին պետք է փոխարինի, անկախ նրանից ինչպիսին է կանանց ներկայացվածությունը տվյալ խմբակցությունում:
-Վերջին շրջանում առաջարկներ են հնչեցվում քվոտավորման պահանջ դնել նաև գործադիրի համար, քանի որ նույնիսկ թավշյա հեղափոխությունից հետո գործադիրում կին նախարարների թիվը շարունակում է շատ ցածր մնալ:
-«Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների շրջանակում դժվար թե այս հարցին անդրադառնանք, բայց ,կարծում եմ, որ այդ խնդիրը պետք է այլ կերպ լուծվի: Օրինակ Շվեդիայում ընդհանրապես քվոտա չկա, բայց խորհրդարանում կանանց ներկայացվածությունը 46 տոկոս է: Երբ իրենց փոխխոսնակի հետ պատիվ ունեցա հանդիպելու, հարցրեցի, թե ինչպե՞ս են իրենք հասել նման բարձր ցուցանիշի, և նա ասաց, որ եթե կուսակցությունների ցուցակներում կանանց ներգրավվածությունը 20 տոկոսից բարձր չէր, ապա դա , այսպես ասած, հանրային պախարակման առարկա էր դառնում: Ինձ թվում է, որ գործադիրում կանանց ներկայացվածության հարցը մեզանում էլ պետք է դառնա հանրային պահանջ ու հանրային ամոթի խնդիր, եթե կանայք քիչ են կամ չկան: Գոնե այս պահին այս հարցի լուծումն ես այդպես եմ պատկերացնում:
Բացի այդ, ես շատ ողջունելի եմ համարում նաև ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի նախաձեռնությունը, որը միտված է ավելացնել կին դեսպանների թիվը մեր դիվանագիտական կորպուսում: Նախօրեին նաև ուսումնասիրում էի միջազգային և տեղական փորձագետների առաջարկները, ըստ որոնց նպատահարմար է քաղաքային համայնքներում ՏԻՄ ընտրություններն անցկացնել, ինչպես Երևանում, Գյումրիում և Վանաձորում , այսինքն համամասնական ընտրակարգով և քվոտավորման սկզբունքի կիրառմամբ…
-Տեխնիկական հարց՝ ի՞նչ ժամկետներում է ԱԺ-ն նախատեսում ընդունել «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունները:
-Հոկտեմբերի 18-ին Ազգային ժողովում տեղի կունենան հանրային քննարկումներ, դրանից հետո ակտիվ աշխատանքները կշարունակվեն: Ես հույս ունեմ, որ օրենքովամրագրված փոփոխությունները մինչև տարեվերջ արդեն իսկ կունենանք:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 1706