Սոնա Աղեկյան. «Պարտավոր ենք հարմարեցնել Երևանը բոլոր բնակիչների պահանջներին»

WomenNet.am-ի զրուցակիցն է Երևանի ավագանու ընտրություններին «Երկիր Ծիրանի» կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված Սոնա Աղեկյանը, ով ներկայումս գործող ավագանու անդամ է: Համոզված է՝ կինը քաղաքականության մեջ ոչ միայն  մարդկանց հոգսերը դարձնում է ավելի հասանելի ու ընկալելի, այլ  նոր լուծումներ գտնում:

 

 

Ծնվել է 1980 թ. Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է «Մխիթար Գոշ» համալսարան,  այնուհետև ուսումը  շարունակել է «Ինտերլինգվա» լեզվագիտական  համալսարանում` ստանալով մանկավարժության բակալավրի աստիճան (անգլերեն լեզու): Աշխատել է միջնակարգ, հիմնական դպրոցներում որպես անգլերենի ուսուցիչ, նաև որպես լրագրող, սրբագրիչ: 2016 –ին  հիմնել է «ԱրևԷլլա» մանուկների զարգացման կենտրոնը:

 

 

Դուք գործող ավագանու անդամ եք, նոր ընտրություններում նույնպես առաջադրված եք, ի՞նչ է ձեզ տվել այդ մեկմեկուկես տարվա աշխատանքը և ի՞նչ տվեցիք դուք Երևանի բնակիչներին:

 

 

-Երևանի ավագանիիում այս մեկուկես տարվա աշխատանքը հնարավորություն տվեց հիմքից ծանոթանալ, հասկանալ Երևանում առկա ու մայրաքաղաքի  բնակիչներին հուզող խնդիրներին, որոնց հիմնական մասն ապօրինի որոշումների, անտարբերության, անփութության արդյունք են: Մեկ տարվա աշխատանքը ավագանու կազմում տվեց փորձ, քաղաքացիների հետ շփումներ: Ամեն օր գրեթե 20-ից ավել բողոքներ էինք ստանում քաղաքացիներից, որոնք դժգոհում էին՝ սեփականության իրավունքի խախտումից, կոյուղագծերի անմխիթար վիճակից: «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, որպես Երևանի ավագանու անդամներ, բարձրաձայնել ենք, օգտագործել ենք մեր հնարավորություները և լուծել ենք որոշ խնդիրներ… Երբ կողքից լսում ես թե Երևանի քաղաքապետարանում կա կոռուպցիա, որոշումները կայացվում են ծանոթ-բարեկամանկան կապերի միջոցով և այլն, դա, ուղղակի լսում ես և անցնում է, բայց, երբ, որպես ավագանու անդամ մտնում ես Երևանի քաղաքապետարան և շփվում ես քաղաքացիների հետ, որոնք ունեն խնդիրներ և դրանք առաջացել են հենց այդ ապօրինի որոշումների, կոռուպցիայի հետևանքով, իրականում հասականում ես, թե ինչ սարսափելի իրականության մեջ ենք մենք ապրում:

 

 

Ավագանիում հաճախ էիք հարցեր բարձրացնում  Երևանի համայնքային բյուջեի ոչ արդյունավետ ծախսման վերաբերյալԻ՞նչ փոփոխություններ եք  նկատել այս ընթացքում և ընտրվելու դեպքում ի՞նչ եք նախատեսում համայնքային բյուջեն արդյունավետ կառավարելու համար:

 

-Երևանի բյուջեի 75 %-ից ավելին չի ծառայում երևանցիների խնդիրների լուծմանը, մինչդեռ չէ՞ որ հենց մենք՝ երևանցիներս մեր հարկերի միջոցով են ստեղծում այդ բյուջեն: Իրականում Երևանի բյուջեն բավական հարուստ է և սրտացավ, հոգատար, քաղաքական կամք ունենալու դեպքում կլուծվեն բազմաթիվ խնդիրներ: Սակայն բացահայտեցինք, որ Երևանի բյուջեն տրամադրվում է շքեղ նվերներին: Ամեն առիթով քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակիցներին տրվում էին նվերներ համայնքային բյուջեից, իսկ երբ դիմում էինք այս կամ այն խնդիրը լուծելու, ասում էին՝ բյուջեում չունեն բավարար գումարներ: Դրա համար ասում ենք, որ Երևանում կառավարումը պետք է լինի այն անձի կողմից, ով կծառայեցնի իր քաղաքական փորձն ու հմտությունները և քաղաքական կամքը մայրաքաղաքին, որովհետև միայն այդ դեպքում է հնարավոր չգայթակղվել: Հարկավոր է սիրել Երևանը, լինել հոգատար, որպեսզի բյուջեն ծախսվի նպատակային:

 

 

Որքանո՞վ է Երևանը հարմարեցված սոցիալական բոլոր խմբերի՝ այդ թվում և հարմարությունների սովոր շատ զբոսաշրջիկների համարԻ՞նչ կփոխեիք Երևանում:

 

-Երևանը կարելի է ասել, հարմարեցված չէ տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիների համար, այդ թվում և տարեց մարդկանց, չնայած, որ մայրաքաղաքի բյուջեն ունի հնարավորություններ, որպեսզի քաղաքը ավելի հարմար դարձնելու  խնդիրը որպես առաջնահերթություն սահմանվի:  Երևանում ապրում է Հայաստանի բնակչության գրեթե կեսից ավելին, ուստի ուղղակի պարտավոր ենք հարմարեցնել Երևանը բոլոր բնակիչների  պահանջներին, որպեսզի տեղաշարժվելը և ապրելը լինի հարմարավետ: Մեր ծրագրում առաջնահերթ խնդիրների թվում ընդգրկված է այս հարցը, պետք է հարմարեցվեն  նախակրթական հաստատությունները,  կրթական, մշակութային օջախները, հասարակական հիմնարկները: Հասարակ օրինակ, եթե այսօր իմ ոտքը կոտրված է, գիպսի մեջ է,  ես չեմ կարողանա օգտվել մշակութային օջախներից …  

 

 – Մեկ տարի առաջ WomenNet.am-ի հետ զրույցում Երևանի խնդիրների թվում մատնանշել  էիք մանկապարտեզների ոչ բարվոք շենքային պայմանները, գերբեռնվածությունը, փոփոխություն նկատե՞լ եք այս մեկմեկուկես տարվա   ընթացքում:

 

 

– Որևէ փոփոխություն չկա, ես պնդում եմ, որ այսօր Երևանում գոյություն ունեն մանկապարտեզներ և նաև դպրոցներ, որոնցում մի քանի մասնաշենքեր անտարբերության և անտերության են մատնված, դրանք չեն վերանորոգվում, մինչդեռ, եթե բյուջեից տրամադրեն համապատասխան գումար, վերանորոգեն, կունենանք ուսուցիչների, դաստիարակների, դայակների համար աշխատատեղեր, հերթացուցակում էլ՝ հնարավորինս քիչ երեխաներ: Այսօր ունենք երեխաներ, որոնք առանց մանկապարտեզ հաճախելու նստում են առաջին դասարան:

 

 

 

Ակտիվ մասնակցել եք տարբեր առիթներով ընդդեմ Երևանի քաղաքապետի, քաղաքապետարանի կազմակերպված բողոքի ակցիաներին, քննադատել նրանց որոշումները: Ձեր՝ ընտրվելու դեպքում ինչպե՞ս կվերաբերվեք, եթե քաղաքացիներն  այս կամ այն հարցի շուրջ պայքարի մեթոդներն ընտրեն փողոց փակելով, բողոքի ակցիաներ անելով

 

– Եթե մենք լինենք կառավարման ղեկին և կլինեն առիթներ, որ քաղաքացիները կունենան դժգոհություններ և կփակեն փողոցները, մենք նախևառաջ կլսենք նրանց հուզող հարցերը և հնարավորինս սեղմ ժամկետում լուծումներ կտանք այդ հարցերին, որովհետև մենք գալիս ենք ծառայելու և հաշվետու լինելու: Քաղաքապետը դա համայնքի ծառայի պաշտոն է, և այս մեկուկես տարին, որ ավագանիում էինք, իրականում հասկացանք, որ ավագանի լինելը պարտավորեցնող է. մեզ ընտրում  են խնդիրները լուծելու համար ու պետք է հնարավորինս անենք,  որ երևանցիները չունենան այլևս փողոց փակելու  առիթները…

 

 

Լուսինե Կարապետյան  

 

Դիտումների քանակը` 1648

Գլխավոր էջ