Հայկական սերիալների խեղված արժեքները / տեսահոլովակ
Ինչպե՞ս են հայկական եթերով ցուցադրվող հեռուստասերիալները ազդում մեր հասարակության արժեհամակարգի ձևավորման վրա: Ահա այս թեմային էր նվիրված Լուսինե Հովհաննիսյանի դիպլոմային թեզը, որի մասին էլ WomenNet-ը զրուցեց Լուսինեի հետ` հասկանալու, թե ինչո՞ւ է ընտրել այդ թեման: Առավել ևս, որ տարիներ շարունակ հասարակությունը իր հստակ «Ոչ»-ն է ասում սերիալների միջոցով քարոզվող բարքերին, բայց էական արդյունքի, ցավոք, այդպես էլ չենք հասնում:
«Հայաստանյան եթերը ներկայումս ողողված է բազմապիսի հայկական ու արտասահմանյան սերիալներով, որոնք ամեն օր կրթում, դաստրիարակում, խորհուրդներ ու խնդիրների լուծման ուղիներ են առաջարկում հեռուստադիտողին: Բացի այդ` հեռուստասերիալները հասարակության համար գերակա ինստիտուտների` ընտանիքի, կրթության, տնտեսության, եկեղեցու մասին իրենց պատկերացումներն են քարոզում՝ հաստատելով կամ վերարժեվորելով հասարակության մեջ արդեն իսկ առկա արժեքները», – նշեց Լ.Հովհաննիսյանը, նկատելով, որ Կովկասյան ռեսուրս կենտրոնի հայաստանյան գրասենյակի կողմից 2013թ.կատարած «Հայաստանի ԶԼՄ-ների, հասարակական կարծիքի և նախընտրությունների մասին» հետազոտության արդյունքներով հեռուստասերիալները ամենապահանջված երկրորդ հեռուստաարտադրանքն են, իսկ հեռուստատեսությունն էլ տեղեկատվություն ստանալու առաջնային աղբյուրը ։ Սակայն , Լուսինեի խոսքով, Հայաստանում դեռևս hետազոտված չէ, թե հեռուստաարտադրանքն ու հատկապես սերիալները ինչ ազդեցություն ու դեր են ունենում հայաստանյան հասարակության արժեհամակարգի ձևավորման ու փոխակերպման հարցում:
«Չնայած հեռուստաեթերը կարգավորվում է օրենսդրական դաշտով, բայց սերիալներում ներկայացվում են սոցիալական ինստիտուտների խեղված ու աղավաղված արժեքներ ։ Սա էր պատճառը, որ ձեռնամուխ եղա ուսումնասիրելու հայկական եթերով շրջանառվող հեռուստասերիալները, ուզում էի պարզել ինչ ազդեցություն ունեն դրանք հայ հասարակության արժեհամակարգի ձևավորման վրա», – ասաց մեր զրուցակիցը:
Որպես հետազոտության օբյեկտ Լուսինեն ընտրել էր հայաստանյան հեռուստաեթերով ցուցադրվող կամ արդեն ցուցադրված ամենռեյտինգային 11 սերիալները.
«Ցավով պետք է նշեմ , որ սերիալներում ամենաաղավաղված ինստիտուտը ընտանիքն է: Օրինակ` վերցնենք ամուսին –կին կամ տղամարդ-կին հարաբերությունները: Մոնիթորինգի միջոցով առանձնացվել են ամուսին – կին 76 հարաբերություններ, երբ տղամարդը բռնություն է գործադրում: Ի տարբերություն բրազիլական սերիալների, հայկական սերիալները ավելի շատ են բռնություն պարունակում: Այստեղ ավելի շատ գործ ունենք հնազանդ ու ամեն ինչ հեզությամբ տարող կանանց հետ, և անհամեմատ շատ են տղամարդիկ, ովքեր որպես կանոն ունեն սիրուհիներ ու ապօրինի երեխաներ։ Կանայք բռնության են ենթարկվում կամ ամուսինների, կամ էլ իրենց սիրեկանների կողմից։ Խոսելով բռնության մասին, նկատի չունեմ միայն ֆիզիկական բռնությունը, այլ՝ հոգեբանական ճնշում, անձի ազատ ընտրության կամ տեղաշարժման իրավունքի սահմանափակում և այլն»,- պատմեց Լուսինեն։
Քանի որ մոնիթորինգն իրականացվել է համապատասխան տեսարանների և խոսքային միավորների ընտրությամբ, մեր զրուցակիցը նշեց դրանցից մի քանիսը, որոնք հստակ հիմնավորում են ասածը.
«Օրինակ «Աղջի, վեր ընգի ավտոյի մեջ ու ձենդ չլսեմ», «Կանես ընենց, ոնց որ ասում եմ», «Մի խառնվի իմ գործերին», «Ռադ եղի սենյակդ, ձենդ դուրս չգա», «Իմ քուրը քո լոխ ախպորը կտրվի հարսանիքից առաջ, իսկ դու ինձ չէ՞, ուրեմն ինձ չես սիրում…»։ Հարկ է նշել նաև , որ ուսումնասիրված սերիալների 77 տոկոս դեպքերում գործ ունենք տնային տնտեսուհիների հետ, ովքեր չունեն մասնագիտություն և հիմնական զբաղմունք: Հիմնականում տանն են , խոհանոցում, զբաղվում են երեխաների դաստիարակությամբ, փորձում հաճոյանալ ամուսնուն, բայց արժանանում ծեծի ու բռնության»,- թվարկեց նա:
Այս առիթով Լուսինեն նաև մեջբերեց հարցված փորձագետներից մեկի կարծիքը սերիալներում ներկայացված ընտանիքի ինստիտուտի մասին: Նրա խոսքով, այժմ հայկական հեռուստասերիալներով տեսնում ենք միայն սիրո գռեհիկ դրսևումներ, ընտանիքում չես հասկանում` ով ինչ գործառույթ ու դեր ունի. «Գործ ունենք կնոջ անիմաստ ու անհիմն հնազանդ կերպարի հետ ու նրանց բռնության երթարկող բռի տղամարդու կերպարի հետ»:
Անդրադառնալով այն հարցին , թե ինչպես են սերիալները ազդում, մասնավորապես, երեխաների հոգեբանության վրա, Լուսինեն նշեց, որ ուսումնասիրել է հեռուստատեսության հոգեբանական ու սոցիալական ազդեցության մասին աշխատությունները ու միջազգային փորձի մի քանի օրինակներ: Եվ այդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենախոցելի լսարանը , ով ակտիվորեն կրում է բացասական ազդեցությունը, երեխաներն ու պատանիներն են.
«Ինչպես գիտենք, ընդօրինակումը ուսուցողական հիմնական ձևերից է ու հիմանկանում երեխաներն են հակված մեծահասակներին կրկնօրինակելու, օգտագործելու նույն բարապաշարը, նույն շարժուձևը և այլ: Օրինակ, մի բավականին հետաքրքիր գիտափորձ նշեմ. 1997 թ-ին սոցիոլոգ Բանդուրան մանկահասակ երեխաներին բաժանում է երկու խմբի, մի խմբին ցույց է տալիս տեսանյութ, որտեղ մեծահասակը մուրճով հարվածում է տիկնիկի գլխին, իսկ մյուսոմ՝ մեծահասակը հոգ է տանում տիկինիկի մասին: Գիտափորձից հետո երկու խումբ երեխաներին էլ հնարավորություն տրվեց փակ սենյակներում խաղալ տիկնիկի հետ։ Երեխաները, ովքեր բռնություն էին տեսել, նույն կերպ վարվեցին տիկինիկի հետ, իսկ մյուս խումբ կրկօրինակեց մեծահասակի հոգատար վարքագիծն։ Ուստի կարող ենք փաստել, որ երեխան անմիջապես ու ուղղակի կերպով հանդիսանում է կապույտ էկրանի ազդեցության կրողը»,- ասաց նաէ նշելով, որ անձամբ էլ է մի փոքր փորձ կատարել.
«Սերիալներից առանձնացրեցի ամենաշատ հնչող արտահայտությունները և պատահականության սկզբունքով ընտրված 7-16 տարեկան երեխաների ու պատանիների հետ հարցումներ արեցի: Հարցվողներից յուրաքանչյուրին տրվեց նաև սերիալների դուրս բերված հայտնի արտահայտությունների ցանկ՝ «կպիսկեմ քեզ», «եղավ քեզ ազիզ ջան», «կիլդիմ բռնել», «համբալը տատդա», «շակալ», «բոմժ», «անլվա», «մունդռիկ» և այլն։ Հարցված 20 երեխաներից 17-ը միանգամից գուշակեցին, թե որ սերիալներից են արտահայտությունները և որ հերոսներն են դրանք օգտագործում»։ Լուսինեն նշեց նաև , որ արտահայտությունները հիմնականում դուրս են բերվել 1-2 տարի առաջ ցուցադրված սերիալներից, այսինքն կարող ենք հետևություն անել , որ գործ ունենք նաև երկարատև ազդեցության հետ: Ինչպես նաև հիշեցրեց, որ երեխաները նաև բավականին ակտիվ կլանում են սերիալներում առկա վարքի մոդելները.
« Բոլորս կհիշենք ժամանակին ցուցադրվող «Որոգայթ» հեռուստասերիալը: Բոլոր դպրոցներում աշակերտները սկսեցին խոսել, միմյանց հետ շփվել մաֆիայի անդամ մարմնավորող հերոսների նման: Բայց ցավոք` երբեմն հերոսների կրկնօրինակումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Մի քանի տարի առաջ Հայաստանում դեպք արձանագրվեց. 9 տարեկան երեխայի ինքնասպանության փորձի պատճառը սերիալներից մեկի հերոսն էր, ով ինքնասպանություն էր կատարել: Ավելին՝ նրա ընկերներից մեկն էլ ասել էր, որ դա լավ ձև չէ, ավելի լավ է կախվել: Երեխան էլ գնացել էր նկուղ ու կախվելու փորձ արել, որը, բարեբախտաբար, հաջողությամբ չավարտվեց»։
Ամփոփելով խոսքը WomenNet.am-ի զրուցակիցը կարծիք հայտնեց, որ հեռուստասերիալները բացառապես վնասում են հասարակության համար գերակա արժեքներին՝ փոփոխելով կամ նոր արժեքներ ձևավորելով։ Հայկական եթերով ամեն օր ցուցադրվում են հեռուստասերիալներ, որտեղ միայն կամազուրկ տնային տնտեսուհիներ են, ովքեր չունեն մասնագիտություն, ում վրա անընդհատ գոռում է տղամարդը ու ովքեր պարբերաբար հոգեբանական ու ֆիզիկական բռնության են երթարկվում։ Երեխաները մշտապես ընտանեկան հարաբերությունների մասնակիցներ են՝ չեն կատարում այն գործառույթները, որոնք բնորոշ են իրենց տարիքին։ Երիտասարդների հիմնական զբաղմունքը արտամուսնական հարաբերություններն են, կամ էլ՝ հանցագործ աշխարհը։ Լեզվամտածողությունն աղավաղված է, հիմնական բառային միավորը ժարգոնային արտահայտություններն ու օտարաբանություններն են։ Նաև սերիալները քարոզում են ագրեսիվ վարքի մոդելներ, որոնց առաջնային կրկնօրինակողները պատանիներն ու երիտասարդներն են.
«Հարկ է նշել նաև, որ ներկայիս հայաստանյան հեռուստամշակույթը լուրջ փոփոխությունների կարիք ունի՝ խնդիրը առաջնահերթ պետք է կարգավորել օրենսդրորեն ու խստացնել վերահսկողությունը՝ 18-ից բարձր հեռուստադիտողների համար նախատեսված սերիալները պետք է եթեր հեռարձակվեն գիշերային ժամերին, այլ ոչ թե փրայմ թայմին»։
Դրա հետ մեկտեղ պետք է աշխատել հասարակության հետ՝ բարձրացնելով հասարակության ինքնագիտակցությունը։ «Հասարակությունը պետք է գիտակցի, որ կապույտ էկրանը ընտանիքի միավորման կենտրոն չէ, և ընտանիքում ապրող երեխան չպետք է դաստիարակվի ու կրթվի հենց այդ էկրանի կողմից»,- հավելեց մեր զրուցակիցը:
Էնզելա Մակարյան
Դիտեք նաեւ թեզի շրջանակում պատրաստված տեսահոլովակը.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Հեռուստադիտողը սիրո՞ւմ է կին ծեծող տղամարդկանց
Կնոջ կերպարը մեդիայում / վիդեո
Կնոջ կերպարը հայկական գովազդում – ինչպիսի՞ն է այն
«Սերիալում՝ կինը որպես երկրորդ սորտի մարդ է ներկայացվում»…/վիդեո
Հայկական սերիալներում տոտալ ագրեսիա է քարոզվում
«64 կանանց կերպար եւ միայն մեկ կին, ում ոչ ոք չի ծեծում, նվաստացնում…»
Դիտումների քանակը` 9041