Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներ. հաղթահարվե՞լ է արդյոք քաղաքական ճգնաժամը

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը։

 

 

 

Ըստ այդ փաստաթղթի,  քվեարկելու իրավունք ունեցող  2 միլիոն 595 հազար 334 քաղաքացուց ընտրելու իրավունքն իրացրել է 1 միլիոն 282 հազար 411 մարդ կամ ընտրողների 49,4 տոկոսը։ Անվավեր է ճանաչվել 4682  քվեաթերթիկ, անճշտությունների գումարային չափը 1110 է։

 

 

 

Ըստ հանձնաժողովի հրապարակած նախնակական արդյունքների, 53.92 տոկոս ձայներով առաջատար է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այս ուժի օգտին իր ձայնն է տվել  687 հազար 414 մարդ։

 

 

Ստացած քվեների թվով երկրորդ տեղում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է։ ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցություններից կազմված ուժը ստացել  է 21.04 տոկոս կամ 268 հազար 300 ձայն։

 

 

Երրորդ տեղում «Պատիվ ունեմ» դաշինքն է՝ 5.23 տոկոս ցուցանիշով։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ի ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցություններից կազմված դաշինքի օգտին քվեարկել է 66 հազար 647 մարդ։ Չնայած այս քաղաքական ուժը չի կարողացել ապահովել դաշինքների՝ խորհրդարան անցնելու համար սահմանված 7 տոկոս նվազագույն շեմը, Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ հավաքած ուժ ներկայացված կլինի խորհրդարանում։

 

 

Դեռևս ոչ պաշտոնական տվյալներով ու նախնական հաշվարկներով, նորընտիր խորհրդարանը կունենա 3 խմբակցություն, որոնց միջև մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ.

 

«Քաղաքացիական պայմանագիր» – 71 մանդատ

«Հայաստան» դաշինք  – 29 մանդատ

«Պատիվ ունեմ» դաշինք – 7 մանդատ:

 

Նշենք, որ մանդատների բաշխման հետ կապված հաշվարկների մեջ տարընթերցումներ կան, որոնք կստակեցվեն միայն ԿԸՀ-ի կողմից ընտրությունների վերջնական արդյունքնեևը հրապարակելուց հետո: 

 

 

 

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակից մյուս ուժերին՝  նշենք, որ ըստ ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների,  3 տոկոսից բարձր արդյունքներ հավաքել է ԲՀԿ-ն՝ 3.96 տոկոս և «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3.4 տոկոս։

 

 

Քվեների 1-2 տոկոս ստացել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայոց Հայրենիք» կուսակցությունը, «5165 շարժում» կուսակցությունը, Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը, Ազատական կուսակցությունը և Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակացությունը։

 

 

Մասնակից մյուս ուժերը՝ «Արդար Հայաստան», «Զարթոնք», «Ազատություն, «Միացյալ հայրենիք», «Համահայկական ազգային պետականություն», «Մեր տունը Հայաստանն է»,  ՔՈ-ն, Դեմկուս, «Ազգային օրակարգ», «Վերելք», «Հայաստանի եվրոպական», «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները, ինչպես նաև Ազատ հայրենիք դաշինքը  ստացել են մինչև մեկ տոկոս ձայներ։

 

 

Ընտրություններին մասնակից 25 քաղաքական ուժերից առավել քիչ ձայներ ստացել է «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցությունը՝  803 քվե կամ 0.06 տոկոս։

 

 

Հաղթահարվե՞լ է արդյոք քաղաքական ճգնաժամը

 

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակից ուժերի մեծ մասն արդեն հանդես են եկել ընտրությունների ընթացքի ու արդյունքների մասին հայտարարություններով։

 

 

 «Հայաստան» դաշինքը վերահաստատել  է իր մոտեցումը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում:

 

 

«Մենք ունենք լուրջ հիմքեր, այս ընտրությունները ոչ լեգիտիմ համարելու և հայտարարելու, որ այսպիսի արդյունքներով ԱԺ-ն չի արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը: «Հայաստան» դաշինքն օգտագործելու է ընտրության արդյունքները վիճարկելու  ողջ գործիքակազմը՝ այդ թվում դիմելու է Սահմանադրական դատարան: Դաշինքը սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ ընտրություններին մասնակցած այլ ուժերի հետ միասնական ՍԴ դիմելու հնարավորությունը քննարկելու համար»,-ասված է 21.04 տոկոս ձայն հավաքած ընդդիմադիր ուժի հայտարարության մեջ։

 

«Մեր դիտարկումները և դաշինքի նախընտրական շտաբերից եկած տեղեկատվությունը փաստում են, որ խախտումները սկսվել են ընտրության օրվանից շատ ավելի վաղ: Իսկ բուն ընտրության օրը բազմաթիվ տեղամասերից մեր վստահված անձանց ահազանգերի նախնական ամփոփումը վկայում է, որ խոսքը ընտրության արդյունքների համակարգված և նախապես պլանավորված կեղծարարության մասին է», – հայտարարել է դաշինքը՝ ներկայացնելով արձանագրված խախտումները վեց կետով: Ըստ դածինքի ձևավորվել է ոչ մրցակցային միջավայր, իշխանությունը զանգվածաբար օգտագործել է վարչական ռեսուրս, քվերաթերթիկների հաշվարկի ժամանակ հոսանքազրկվել են Արմավիրի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի մի շարք համայնքներ, գործել է շրջիկ խմբերի կեղծարարության համակարգ, առկա է խորը կասկած, որ գործել է ընտրությունների ծրագրային ապահովման կեղծարարություն, որն ի սկզբանե բացառում է օբյեկտիվ արդյունքների հնարավորությունը, առանձին համայնքներում իշխանության կողմից քողարկված ընտրակաշառքի դեպքերի մասին ահազանգեր կան:

 

 

«Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարել է՝ պայքարը շարունակելու է։ Տարածած հայտարարության մեջ նշել է. «Ականատես եղանք ուժային մարմինների կողմից ապօրինաբար ընդդիմության դեմ բռնաճնշումների, ընդդիմադիր ակտիվ գործիչների բնակարաններում և ընդդիմության շտաբներում անհիմն խուզարկությունների ու ձերբակալությունների, ակտիվիստների և շտաբի անդամների գաղտնալսումների, այդպիսով՝  նախընտրական փուլում և ընտրությունների օրը ընդդիմության աշխատանքի խոչընդոտման բազմաթիվ աղաղակող դեպքերի, ինչպես նաև իշխանության կողմից վարչական լծակների կիրառմամբ ընտրողներին ակնհայտ ուղղորդման դեպքերի»։

 

 

 

Ընտրությունների արդյունքները չընդունելու վերաբերյալ հայտարարել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ղեկավարած «Զարթոնք» կուսակցությունը։ Նշում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն անցկացնում էր ատելության, բռնության և հոգեբանական հարկադրանքի կոչերով, ընտրությունների ժամանակ արձանագրվել են մի շարք խախտումներ և, որ քաղաքական ճգնաժամը վերացնելու նպատակով նշանակված ԱԺ արտահերթ ընտրությունները չծառայեցին այդ նպատակին։

 

 

Կարին Տոնոյանի ղեկավարած «5165» շարժումը ևս համարում է, որ այս ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին և չի ընդունում ընտրությունների արդյունքները: Նշում են՝ ընտրություններին առկա էին ընտրողների ուռճացված ցուցակներ և անճշտություններ, քվեների հաշվարկի ընթացքում եղան քաղաքների հոսանքազրկումներ:

 

 

 

 «Հայոց հայրենիք», «Վերելք» կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով ՍԴ դիմելու մտադրության մասին.

«1. Չենք ճանաչում 2021թ-ի հունիսի 20-ի ԱԺ կեղծված ընտրության արդյունքները և դրանք գնահատում ենք ոչ լեգիտիմ ու ժողովրդի կամքը չարտահայտող;
2. Պատրաստվում ենք հնգoրյա ժամկետում դիմել ՀՀ ՍԴ` 2021թ-ի հունիսի 20-ի ԱԺ կեղծված ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Հայտարարությունը բաց է միանալու համար»։

 

 

 

Հայտարարությունում նաև նշվում են ընտրությունների արդյունքները բողոքարկելու հիմքերը, այդ  թվում. «տոտալ ընտրակաշառքների բաժանումը, նախընտրական շտաբերի պետերի ապօրինի ձերբակալությունները, հանրապետության գրեթե բոլոր մարզերում հոսանքի տոտալ անջատումները, ԶՈՒ ուղղորդված և բաց քվեարկությունը, տեղամասերից չմարված քվեաթերթիկների դուրս բերումը, վարչական ռեսուրսի տոտալ օգտագործումը, նախընտրական քարոզարշավի կոպիտ խախտումները, երկրի բարձրագույն իշխանության փաստացի յուրացման պայմաններում ընտրությունների անցկացումը և այլն»։

 

 

 

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը  հայտարարել է, որ հարգում է ժողովրդի որոշումը, իսկ խորհրդարան անցած ուժերին մաղթում արդյունավետ աշխատանք։ Նշել է նաև, որ կշարունակի ներքաղաքական համերաշխության, երկրի ներսում միասնականությունը վերականգնելու հարցը պահել օրակարգում, և վերահաստատում է համոզմունքն առ այն, որ Հայաստանի դեմ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու միակ ճանապարհը մնում է համազգային համախմբումը»։

 

 

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանն էլ նշել  է. «Մեր ժողովուրդն այսպիսի ընտրություն է կատարել, ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի քաղաքական դաշտում ձևավորված նոր իրավիճակի և քաղաքական խճանկարի արմատական փոփոխման հետ՝ վճռականորեն առաջ շարժվելու մտադրությամբ»։

 

 

«Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորել է հաղթող թիմին ու նշել. «Ցանկանում ենք, որ խորհրդարան անցած բոլոր ուժերը աշխատեն ի շահ մեր երկրի և պետականության ու հարգում ենք նրանց քվեարկողների ցանկությունը»։

 

 

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Տիգրան Ուրիխանյանն էլ հայտարարել է. «Ունենք այն, ինչ ունենք.։ Անելիքները շատ են»։

 

 

 

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի  գլխավորած Հայ ազգային կոնգրեսը հանդես չի եկել հայտարարությամբ, թեև նրա մամուլի խոսնակ Արման Մուսինյանը նշել էր, որ ընտրություններում ուղղորդման, ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի կիրառման դեպքեր են արձանագրել։ «Մեզ համար ամենաթանկ բանը երկրի կայունությունն է այս ծանրագույն աղետից հետո, որովհետև, եթե Հայաստանում այս անկայունության շղթան շարունակվի և խորանա, մենք կրելու ենք երկրորդ պարտությունը․ մի դաժան պարտությունը կլինի արցախյան պատերազմում ունեցած պարտությունը, երկրորդն արդեն կլինի Հայաստանի ներսում և Հայաստանին ոչ մի լավ բան դա չի խոստանում։ Այնպես որ, եթե Կոնգրեսից և Տեր-Պետրոսյանից կախված լինի մեկ բան նույնիսկ, որը կապահովի երկրի համար կայուն հեռանկար, մենք դրան միշտ պատրաստ ենք», – ասել է Մուսինյանը։

 

 

 «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը  շնորհավորել է ՔՊ-ին ու նշել. «Հայաստանում անցկացվեց ժողովրդավարական ընտրություն, որտեղ ապահովվեց քվեարկության ազատությունը»։

 

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը այսօր կայացած հանրահավաքում հայտարարեց, որ որ նոյեմբերի 9-ին Հայաստանում արձանագրված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է:

 

 

«Մենք վաղվանից վերադառնում ենք լիարժեք աշխատանքի, բայց պայմանները և միջավայրն այսօր էականորեն փոխված են, որովհետև ՀՀ-ն մեր կառավարությանը, քաղաքական այս թիմին տվել է մանդատ` երկրում հաստատելու օրենքի և իրավունքի դիկտատուրա, ժողովուրդն իրականացրել է պողպատե հեղափոխություն», – ասաց Փաշինյանը:

 

 

Համաձայնելով, դիտորդների դիտարկումների հետ, որ այս քարոզարշավի ընթացքում օգտագործվել է ագրեսիվ հռետորաբանություն, դիմեց քաղաքական և հանրային գործընթացի բոլոր մասնակիցներին. «Հայաստանի ժողովուրդը կայացրել է իր որոշումը, ստեղծել է նոր քաղաքական իրադրություն և նոր քաղաքական իրավիճակ, և այդ իրավիճակի առաջին կետն ու հանգրվանը հետևյալն է` ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, հանրային մասնակիցներին` սկսել մի պարզ կետից, վերջ դնել հայհոյախոսությանը: Կոչ եմ անում մեր բոլոր կողմնակիցներին` վերջ դնել հայհոյախոսությանը, անհարկի ագրեսիվությանը, անհարկի թշնամանքին, որովհետև մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք, և մենք պետք է մեր պետականության կառուցման այս նոր և հրաշալի էջը բացենք»:

 

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

 

Դիտումների քանակը` 858

Գլխավոր էջ