Աշխարհում առաջին «սմարթ այգին» կբացվի Երևանում
Առաջիկա տարիներին Երևանյան լճի ափին, հնարավոր է բացվի աշխարհում առաջին սմարթ այգին: Հայաստանի Զարգացման Հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթին դրա գաղափարը ներկայացրել են Սոնա Թելունցն և Զորի Մկրտիչյանը: Այժմ ոչ պակաս կարևոր փուլ է մեկնարկում՝ գտնել ֆինանսավորման աղբյուր, որպեսզի նախագիծը կյանքի կոչվի:
Ըստ «Երևանյան լիճ սմարթ այգի» նախագծի՝ ապագայի զբոսայգին բաժանված կլինի 8 հատվածների. ընտանեկան գոտի, բիզնես հանդիպումների ու քննարկումների հարթակ, չեն մոռացվել նաև սիրահարներին՝ նրանց համար կգործի ռոմանտիկ ժամադրավայր: Բացի այդ, կլինի նաև Շավարշ Կարապետյանի անվան հրապարակ, արևային էներգիայով լիցքավորվող և քաշը կշռող նստարաններ, սմարթ-մարզասքարքեր, որոնք այրված կալորիաներից էներգիա կարտադրեն, և այլն:
Բացի այդ, կլինի նաև Շավարշ Կարապետյանի անվան հրապարակ: Նորարարական մոտեցումներից մեկն այն է, որ այգում տեղադրված նստարանները կլիցքավորվեն արևային էներգիայով, կլինեն նաև քաշը կշռող նստարաններ: Այգին կզարմացնի այցելուներին նաև սմարթ-մարզասքարքերով , որոնք այրված կալորիաներից էներգիա կարտադրեն, և այլ նորամուծություններով:
«Խելացի այգու» տարածքում կգործի ռեստորան, որի այցելուները հնարավորություն կունենան պտույտ կատարել նավակներով Երևանյան լճում: Լճի ողջ տարածքում տեղակայված կլինեն փոքրիկ կղզյակներ, որոնք միտված կլինեն ջրի մաքրմանը: Ընդհանուր առմամբ, ամբողջ այգու ենթակառուցվածքը մշակված է այնպես, որ ավելորդ ծախս չլինի և այգին ինքը որոշի, թե որտեղ ինչ է հարկավոր` ոռոգման ջրի ավել բացթողում, լուսավորություն և այլն: Այգու մուտքը կլինի անվճար, իսկ եկամուտները կգոյանան տարածքում գործող սրճարանների, ռեստորանի և այլ կետերի գործունեությունից:
WomenNet.am-ի հետ զրույցում նախագծի համահեղինակ Սոնա Թելունցը պատմեց, որ ինքն ու Զորի Մկրտչյանը աշխատանքի բերումով տուրիզմի հետ առնչվող գործունեության փորձ ունեն , այնպես որ երբ տեղեկացան մրցույթի մասին, ապա մեկ րոպե անգամ չեն հապաղել մասնակցության առումով: Սկզբում անգամ որոշել են ներկայանալ 2 գաղափարով.
«Մեկը Խնձորեսկի քարանձավային քաղաքի բարեկարգումն էր, որը իմ գաղափարն էր, մյուսը՝ Երևանյան լճի բարեկարգումը, որն առաջարկում էր ընկերս։ Այցելեցինք քարանձավային քաղաք ու հասկացանք, որ այնտեղ արդեն բավականին աշխատանքներ տարվել են, ու չենք կարող այնպիսի բան առաջարկել, որ հաղթաթուղթ կդառնար մեզ համար, դրա համար էլ որոշեցինք ներկայանալ Երևանյան լճի բարեկարգման ծրագրով»,- նշեց նա։
Սոնայի խոսքով, նախագծի մշակումը իրենց առաջին համատեղ գործունեությունն էր, որը լի էր թեժ քննարկումներով, բանավեճերով, սակայն դա շատ հաճելի ու ոգևորող երկու ամիս է եղել:
Նախագիծը կյանքի կոչելու համար 1,7 մլն դոլար և չորս տարի ժամանակ է պետք, և ներկայումս հենց այդ աշխատանքներն են տարվում: Բայց որ նախագիծն իսկապես արժե կյանքի կոչել չի կասկածում և ոչ թե այն պատճառով, որ այն իրենցն է, այլ որովհետև Երևանը նման հատվածի կարիք ունի, այդ թվում նաև՝ զբոսաշրջիկներին ներկայանալու համար.
«Սմարթ այգի աշխարհում գոյություն չունի՝ որքան մենք փնտրեցինք, այդպես էլ չգտանք: Թեպետ ներկայումս Սան-Ֆրանցիսկոյում փորձում են կյանքի կոչել սմարթ-քաղաք գաղափարը»,- ասաց նա:
Սոնան սովորել է Ագրոբիզնեսի Ուսուցման Կենտրոնում, որը Ագրարային համալսարանին կից կառույց է՝ Տեխասի A&M համալսարանի հետ իրականացվող համատեղ ծրագիր։ Ներկայում աշխատում է CARD հիմնադրամում, որպես ծրագրի ղեկավար: Ասում է, որ այս պահի դրությամբ մշակված այլ նախագիծ չունի, թեպետ ունի շատ գաղափարներ, որոնք կարող են վերածվել նախագծի։ Իսկ մինչ այդ ուշի-ուշով հետևում է, որպեսզի ֆինանսավորման խնդիրը լուծվի ու իրենց գաղափարը իրականություն դառնա.
«Սպասում ենք. երբ ֆինանսավորումը լինի՝ այդ պահին էլ շինարարությունը կմեկնարկի»,- հավելեց մեր զրուցակիցը:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 3926