Սիլվա Գալստյան.  Կնոջ համար սահմաններ չկան, բայց և չափազանց դժվար է համատեղել պաշտոնն ու ընտանիքը

WomenNet.am -ի զրուցակիցն է  Սիլվա Գալստյանը, ով Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ համայնքում  հինգ տարի առաջ անցկացված   ՏԻՄ ընտրություններում ավագանու 11 թեկնածուներից առավելագույն քվե ստացած անդամն է: Այս տարվա աշնանն սպասվող ՏԻՄ ընտրություններում 39-ամյա Սիլվա Գալստյանը մտադիր է կրկին առաջադրվել: Ասում է՝ սահմանային լարված իրավիճակներից հետո երկմտում էր,    գյուղում, սակայն,  մարդիկ հորդորում են կրկին առաջադրվել:  

 

 

 -Հինգ տարի առաջ ավագանու թեկնածության առաջադրումս   կանանց պահանջն էր, հիմա հանրային պահանջ է դարձել,- ժպտում է Սիլվան:  Վերհիիշելով  2016 -ի սեպտեմբերին Տեղում անցկացված առաջին խոշորացված ընտրություններն,  ասում է՝  ի սկզբանե վստահ էր, որ շատերն են իր օգտին քվեարկելու:

 

 

 

-Երկար տարիներ մանկավարժությամբ եմ զբաղվում, ես իմ վաստակն ունեմ գյուղում:Մարդիկ են եղել, որ ասել են՝ կուզեն ինձ նաև համայնքապետի թեկնածու տեսնել,  բայց դա ավելի ծանր աշխատանք է. դեռ պատրաստ չեմ, – ժպտում է Ս. Գալստյանը:

 

 

 

Առաջադրվելու հարցում Սիլվային սատարել են նախ գյուղի կանայք, ովքեր կարևորելով վերջինիս ակտիվությունը, հատկապես կանանց վերաբերող խնդիրների բարձրաձայնումն ու դրանց լուծմանն ուղղված քայլերի հետևողականությունը, առաջարկել են դառնալ ավագանու անդամ ու այդ կարգավիճակով ներկայացնել թե՛ իրենց, թե՛ ընդհանուր համայնքի շահերը:

 

 

Սակայն եթե գյուղի կանայք կողմ էին, ապա ընտանիքը դեմ էր Սիլվայի առաջադրմանը:

 

 

-Սկզբում  ընտանիքս դեմ էր: Առավել դեմ էր ամուսինս: Ապրում ես սահմանային գյուղում, որտեղ հին բարքեր ու ավանդույթներ կան… Հետո կարիք կար համատեղել աշխատանքը, ընտանիքը, ավագանու գործունեությունը: Ասացին՝ դու որոշիր,  պատրա՞ստ ես այդ ծանր բեռը վերցնել, կարողանալո՞ւ ես ամեն ինչ համատեղել,- պատմում է  Սիլվան ու հավելում, -ասացի՝ այո, որովհետև եթե սիրով ես անում, պատրաստ ես ամեն ինչի, այդ թվում և այդ ծանր բեռը շալակդ առնելու: 

 

 

Վերջինիս դիտարկմամբ՝ Տեղում կին ավագանու անդամների ընտրվելու հարցում կարևոր նշանակություն է ունեցել մասնագիտությունը:

 

 

-Գյուղում մանկավարժությամբ զվաղվելն օգնեց: Մեր երեխաների ծնողներն էին մեզ ընտրողները: Մեր մասնագիտականը թույլ տվեց, որ ավանդապաշտ Տեղում ավելի հեշտ անցում կատարենք,- ասում է նա, վստահ՝ որ ՏԻՄ-ում կանանց ներգրավվածության անհրաժեշտության սառույցը համայնքում հիմնովին կոտրված է:

 

 

Խոսելով համայնքի ավագանու վերջին հինգ տարիների աշխատանքի մասին, Ս. Գալստյանը նշում է ձեռքբերումները, բայց և փաստում՝ ավագանին օրենքով սահմանված բավականաչափ լիազորություններ ունենալով հանդերձ, օգտագործում է դրանց մի չնչին մասը միայն:

 

 

– Լիազորությունները բավարար են, բայց մենք  այդ լիազորությունների մի չնչին տոկոսն ենք միայն կիրառում: Շատ հարցեր են լինում, որոնց, ենթադրվում է, որ ավագանին պետք  է դեմ քվեարկի, բայց ինչ-ինչ պատճառներով, փոքր համայնքներին բնորոշ բարեկամ-հարազատական կապերով ու տարբեր շահերով պայմանավորված, հաճախ  քվեարկում են իրենց կամքին ու սկզբունքին հակառակ: Դեպքեր են լինում, երբ տվյալ հարցին ես միակ դեմ քվերակողն եմ լինում, իսկ մեկ դեմ ձայնով շատ բան փոխել հնարավոր չէ,- ասում է զրուցակիցս  ու հավելում,-ավագանին պետք է լիարժեք արտահայտի ժողովրդի կարծիքը, առանց որևէ մեկից կամ որևէ հարցից կաշկանդվելու:  

 

 

Ավագանու անդամի դիտարկմամբ՝ լիարժեք ու արդյունավետ գործելու համար հատկապես նորընտիր ավագանու անդամներին խանգարում է նաև հմտությունների ու ՏԻՄ-ին առնչվող գիտելիքների պակասը, ինչը հնարավորինս արագ լրացնելու համար համակարգային մոտեցման անհրաժեշտություն կա:

 

 

-Չկա այն ինստիտուտը, որը կաշխատի ավագանիների հետ:Աստիճանաբար, իհարկե, ծանոթանում ենք օրենքներին, ձեռք բերում ոլորտային հմտություններ,  բայց այդ ամենը երկար ժամանակ է տևում: Նախապես պետք է ինչ-որ մեխանիզմ գործի, որը ավագանու անդամներին հնարավորություն կտա շատ արագ հմտանալ գործում և  ավելի պատրաստված  աշխատել: Հակառակ պարագայում մեկ-երկու տարի ծախսում ես ոլորտին ու օրենքներին ծանոթանալու համար, այնինչ տեղեկացված լինելու դեպքում այդ ժամանակը հնարավոր էր ավելի ադյունավետ ծախսել:

 

 

 Վերջինիս կարծիքով՝ տեղական  ինքնակառավարման մարմիններում կանանց    ներկայացվածությունը բխում է  համայնքի շահերից:

 

 

-Կանայք սոցիալական իրավիճակներում ավելի հղկված ու կրթված են: Մենք համայնքային կամ անհատի խնդիրներին շատ հաճախ ընտանեկան մոտեցում ենք ցուցաբերում, ինչի արդյունքում խնդիրները հաճախ տեղում կարգավորվում են:Իհարկե, հարցեր կան, որոնցից ավելի շատ տղամարդիկ են տեղեկացված: Հետևաբար, որքան բալանսավորված է լինում կանանց ու տղամարդկանց ներկայացվածությունը ՏԻՄ-ում, այնքան լավ՝ համայնքի համար:

 

 

Գնահատելով կանանց դերակատարումն ու ներգրավումը երկրի կառավարման կարևորագույն   օղակներում, Ս. Գալստյանն այդուհանդերձ գտնում է, որ ոչ բոլոր կանայք են պատրաստ դրան:

 

 

– Շատ մեծ էներգիա ու ներդրում է պահանջում պաշտոնը, որովհետև դրանից հետո նաև ընտանիքով պետք է զբաղվես, կենցաղավարություն անես: Կնոջ համար սահմաններ չկան, բայց և չափազանց դժվար է պաշտոնն ու ընտանիքը համատեղել այնպես,  որ կինը և՛ լավ մայր լինի, և՛ ներգրավված լինի քաղաքական, հասարակական կյանքում:

 

 

 Այդուհանդերձ, հաստատակամ է մի հարցում. եթե կինն ունի կառավարման ձիրք,  առաջնորդական հմտություններ և եթե պատրաստ է ծառայելու իր համայնքին, իր երկրին,  անպայման պետք է առաջադրվի:

 

 

                                                                                                            Գայանե Սարգսյան

 

Դիտումների քանակը` 2217

Գլխավոր էջ