«Իսկ որքան  տարօրինակ կհնչեր հարցը ՝ քանի տղամարդ պետք է լինի ԱԺ-ում»

Հետընտրական զրույց  պատգամավոր Շաքե Իսայանի հետ

 

Ազգային  ժողովի նախորդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը  շարունակում է  իր օրենսդրական գործունեությունը նաև 7-րդ գումարման խորհդարանում: WomenNet.am-ի հետ զրույցում նա պատմեց, թե ինչպես են փոխվել իր մոտեցումները խորհրդարանական 1,5 տարվա գործունեությունից հետո, ի՞նչ ակնկալիքներ ունի նա այսօր և ի՞նչ առաջնահերթություններ է տեսնում իր հետագա գործունեության համար:

 

 

– Ինչո՞վ էին Ձեզ համար տարբերվում այս ընտրությունները նախորդներից, փոխվե՞լ է արդյոք հասարակական կարծիքը  կին թեկնածուների նկատմամբ:

 

– Անվիճարկելի է, որ այս ընտրությունները նախորդից տարբերվում էին առաջին հերթին լեգիտիմության բարձր մակարդակով: Դրանց նկատմամբ կար հասարակական լայն վստահություն: Ինչ վերաբերում է կին թեկնածուների նկատմամբ հասարակության ընկալումներին, անկեղծ ասած, շեշտակի փոփոխություն չեմ նկատել:

 

 

– Որքանո՞վ է Ձեզ  փոխել  1,5 տարվա պատգամավորական  գործունեությունը

 

-Իմ  քաղաքական  սկզբունքների  առումով  փոփոխություն տեղի չի ունեցել:  Սակայն անմիջական աշխատանքը օրենսդիրում, միջազգային խորհրդարանական քննարկումների ձևաչափը,  ամենօրյա շփումները քաղաքացիների ամենատարբեր շերտերի հետ չէին կարող իրենց հետքը չթողնել իմ քաղաքական մոտեցումների զարգացման առումով : Հատկապես, որ վերջին  տարին  եղել է  քաղաքականապես ամենահագեցած փուլերից մեկը:

 

 

-Թավշյա հեղափոխությունից հետո Ընտրական օրենսգրքի փոփոխությունը օրակարգային հարցերից մեկը  դարձավ, այդ թվում նաև ռեյտինգային ընտրակարգը: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը դրան, ի՞նչ առավելություններ և ի՞նչ խոչընդոտներ ունի այն կին թեկնածուների համար:   

 

-Դեռևս նախորդ գումարման Ազգային Ժողովում «Ծառուկյան» խմբակցությունը հանդես էր եկել ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու օրենսդրական նախաձեռնությամբ: Քանզի այն, նախ և առաջ, անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում: Մասնավորապես՝ շրջանում առավել հայտնի և մեծ կապերի տիրապետող անձը այս ճանապարհով հայտնվում էր խորհրդարանում՝ հետագայում այնտեղ չծավալելով տվյալ ընտրատարածքի շահերից բխող որևէ գործունեություն: ԲՀԿ-ի տեսակետն այս հարցում չի փոխվել, այն սկզբունքային է. ինչ-որ մի փուլից սկսած մենք պետք է հրաժարվենք ռեյտինգային ընտրակարգից: Դեկտեմբերի 9-ի ընտրություններին, այնուամենայնիվ, մոտեցանք հին և չբարեփոխված Ընտրական օրենսգրքով, հետևաբար նաև ռեյտինգային ընտրակարգով: Այս գումարման ԱԺ-ի ռեյտինգային պատգամավորները կլինեն լավագույն օրինակը՝ ընտրական այդ համակարգը պե՞տք է արդյոք պահպանել, իհարկե բարեփոխելով այն, թե՝ ոչ: Ու թեպետ  համարվում է, որ հակառակ պարագայում մարզային ներկայացվածությունը խորհրդարանում տուժում է,  պետք է հիշել, որ պատգամավորը սահմանադրորեն ներկայացնում է ՀՀ ողջ բնակչությունը:

 

 

-Ի՞նչ դեր է խաղում, Ձեր կարծիքով, ընտանիքը  կանանց քաղաքական մասնակցության հարցում:  

 

-Առանց որևէ չափազանցության՝ ամենամեծ: Կոնկրետ  ինձ համար ընտանիքն առաջին տեղում է, և, հետևաբար, քաղաքական գործունեության մեջ կարևորում եմ աջակցությունը ընտանիքի անդամների կողմից:

 

 

–  Միջազգային դիտորդներն իրենց զեկույցում նշել էին , որ կուսակցությունները  խնդիր էին ունեցել ընտրական ցուցակներում  կանանց անհրաժեշտ տոկոսը ապահովելու հարցում: Այդ առումով,  ին՞չ սկզբունքով է կազմվել Ձեր կուսակցության համամասնական ցուցակը, եղել են արդյոք հիմնախնդիրներ կանանց ներգրավման հետ:

 

-«Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեությանը գոնե մի որոշակի ժամանակահատված հետևող անձինք կտեսնեն, որ ԲՀԿ-ի անդամ հանդիսացող  կանայք ակտիվորեն ներգրավված են քաղաքական գործընթացներում: Այս առումով ունենք պատրաստված, պրոֆեսիոնալ կին գործիչներ: Իր ուրույն դերն ունի նաև ԲՀԿ Կանանց խորհուրդը, որի պատվավոր նախագահը տիկին Ռոզա Ծառուկյանն է:

 

 

-Ձեր կարծիքով,  ինչպիսին պետք է լինի  կանանց ներկայացվածությունն Ազգային ժողովում, և անհրաժե՞շտ է, արդյոք, բարձրացնել քվոտան:

 

– Համաձայնեք, իսկ որքան  տարօրինակ կհնչեր հարցը՝ քանի տղամարդ պետք է լինի ԱԺ-ում: Այստեղ գերակա պետք է հռչակել մի սկզբունք. քաղաքականությամբ պետք է զբաղվեն մրցունակները: Գուցե առայժմ, ելնելով հասարակության մեջ որոշակի կարծրատիպային պատկերացումներից, դեռ զգացվում է կանանց մասով քվոտավորման պահանջ, սակայն այս ուղղությամբ պետք է հետևողական մոտեցում դրսևորել, որպեսզի ինչ-որ մի պահից մենք այլևս քվոտավորման խնդիր մեր առջև չդնենք: Այլ կերպ ասած, անկախ այն բանից տվյալ պահին  քանի կին կունենա  քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն և  ամենակարևորը՝ կարողություն, մեկ թե   100 կին ,   նրանք  պետք է հնարավորություն ունենան  անխոչընդոտ իրացնել իրենց ձգտումը:  

 

 

– Ձեր օրենսդրական գործունեությունը այս գումարման ԱԺ-ում շարունակելու եք Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում: Տեսնու՞մ եք  Ձեզ կանանց իրավունքների պաշտպանի դերում:

 

– Անխոս: Կցանկանայի շեշտել, որ նախորդ՝ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում էլ մարդու իրավունքների ողջ սպեկտրը եղել է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Հիմա, երբ ամբողջությամբ ոլորտի համար պատասխանատու հանձնաժողովում եմ լինելու, վստահաբար շարունակելու եմ ներկայանալ մարդու իրավունքների լավագույնս ներկայացման և պաշտպանության դիրքերից: Կանանց իրավունքներն իհարկե բացառություն չեն կազմի:

 

 

-Որո՞նք են այն խնդիրները, որ կցանկանայիք առաջնահերթ լուծել:

 

– Առաջնահերթ հետևելու եմ և փորձելու եմ իմ լուման ներդնել  20 և ավելի տարիներ իրենց պատիժը կրող ցմահ դատապարտյալների գործերի վերանայման, ներման ներկայացնող հանձնաժողովի աշխատանքներին: Ինչպես նաև նախորդ գումարման ԱԺ-ում ընդունված Ընտանեկան բռնության մասին օրենքի իրավակիրառ պրակտիկայի հարցն եմ կարևորում : Հարկավոր է այնպիսի  մեխանիզմներ ձևավորել, որ այս օրենքի շրջանակներում գործադրվող սոցիալական և հոգեբանական աշխատողի ինստիտուտը կայանա, և հնարավորինս նպաստի ընտանեկան միջավայրի կայունացմանը:

 

 

-Ձեր կարծիքով, կա՞ն արդյոք պետական քաղաքականության տեսակետից  կանանց ու տղամարդկանց վերաբերող հարցեր: Որո՞նք են դրանք:

 

-Պետք է ազնիվ լինել և նշել, որ պետական քաղաքականության հիմքում ընկած օրենսդրական դաշտը  կանանց և տղամարդկանց միջև անհավասարության նշան չի դնում: Այլ հարց է, կրկին նշեմ, հասարակության մեջ դարերով ձևավորված կարծրատիպային մոտեցումը՝ կնոջ տեղի և դերի առումով: Շատ դեպքերում այս վերջինն է խոչընդոտ հանդիսանում  կանանց ներուժի իրացման համար, քանզի բարձրագույն կրթություն ստացած կանանց տոկոսը մեր երկրում մի փոքր նույնիսկ ավելին է, քան բարձրագույն կրթություն ստացած տղամարդկանց: Պետական քաղաքականության անելիքները հենց այդ խոչընդոտները  հանելու  ոլորտում են…

 

Զրուցեց Լիա Խոջոյանը

Դիտումների քանակը` 1912

Գլխավոր էջ