«Ցանկացած տարիքում հնարավոր է նորարար լինել, պետք է ուղղակի երազել …»

55-ամյա Շամամ Խաչատրյանը Վանաձորում ֆրանսիական հրուշակարան-արտադրամաս է հիմնել

 

Ֆրանսիական մակարունների համն արդեն Վանաձորում է: Մի քանի շաբաթ է՝ Վանաձորի կենտրոնում իր դռներն է բացել Shamam’s Macarons-ը՝ 55-ամյա Շամամ Խաչատրյանի հրուշակարան-վաճառակետը: Մակարուններ, կրուասաններ, էկլեր, ֆրանսիական այլ հրուշակեղեն՝ կողք կողքի շարված սպասում են հաճախորդներին: Ամեն առավոտ տիկին Շամամը շտապում է այստեղ, ձեռքը վերցնում հարիչն ու սկսում ստեղծագործել՝ վանաձորցիներին ու քաղաք այցելող հյուրերին առաջարկելով նոր՝ դեռևս շատերին անծանոթ համեր:

 

 

Ֆրանսիական հրուշակեղենը նորություն է Վանաձորում, սա քաղաքի առաջին ու դեռևս միակ ֆրանսիական հրուշակարանն է: Տիկին Շամամը նպատակ ունի ոչ միայն նոր համ ու նոր մշակույթ հաղորդել հարազատ քաղաքին, այլև նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանն ու համայնքի զարացմանը: Ցանկացած տարիքում հնարավոր է նորարար լինել, պետք է ուղղակի երազել ու գնալ երազանքին ընդառաջ՝ համոզված է նա: Համավարակի պայմաններում սկսելով գործունեությունը, ապա առերեսվելով պատերազմի բացասական հետևանքների հետ՝ տիկին Շամամը ոչ թե հուսահատվել է դժվարություններից, այլ սիրելի գործին նվիրվել նոր եռանդով՝ համադրելով սերը, ջանքերն ու ժամանակը:

 

Ինչպե՞ս սկվեց ամեն ինչ

 

Ամեն ինչ սկսվեց մի քանի տարի առաջ, երբ տիկին Շամամը համացանցում պատահական տեսավ ֆրանսիական հրուշակագործության դասընթացի մասին հայտարարությունն ու որոշեց մասնակցել դրան:

 

-Ֆրանսիական մշակույթը, նրանց հրուակեղենը միշտ հետաքրքրել ու գրավել են ինձ: Երբ ամսագրերում մակարունների նկարներ էի տեսնում, այնքան հիացմունքով էի նայում դրանց: Երևի այդ մեծ սերն էր, որ առաջնորդեց ինձ,- ասում է նա:

 

Հրուշակագործության դասընթացներին մասնակցելուց հետո տիկին Շամամը սկսել է նախ տանը պատրաստել մակարուններ՝ ընտանիքի անդամների ու թոռնիկների համար, ժամանակի ընթացքում հմտացել ու կատարելագործել արտադրանքը՝ հասնելով մի մակարդակի, երբ Վանաձորում պատրաստած իր մակարունները սկսել են մրցակցել Ֆրանսիայում վաճառվող մակարունների հետ:

 

 

-Ինձ շատ են այցելում զբոսաշրջիկներ: Մի քանի օր առաջ Մոսկվայից էին այցելել, զրուցեցինք, մտերմացանք… Այնքան հաճելի է, երբ նոր մարդկանց հետ եմ ծանոթանում ու ծանոթացնում իմ արտադրանքին: Շատ պատասխանատու է, երբ Ֆրանսիայից են գալիս, որովհետև այնտեղ մարդիկ մակարուններ են փորձել և գալով այստեղ՝ ուզում են նույն համն զգալ: Այնքան եմ ոգևորվում, երբ այս մարդիկ փորձում են իմ մակարուններն ու ասում, որ համը չի տարբերվում Ֆրանսիայում իրենց կերած մակարուններից,- ակեղծանում է տիկին Շամամը:

 

Տնից՝ հրուշակագործարան

 

Սեփական հրուշակագործարան ու ֆրանսիական ոճով փոքրիկ սրճարան ունենալու մասին տիկին Շամամը միշտ է երազել: Երազանքի առաջին մասն արդեն իրականություն է դարձել Հայկական բարեգործական ընդհանուր միության «Կին ձեռներեցներ» ծրագրի շրջանակներում ստացած դրամաշնորհի արդյունքում: Դրամաշնորհով տիկին Շամամն անհրաժեշտ տեխնիկա է գնել, վարձակալել փոքրիկ արտադրամասն ու սկսել գործունեությունը:

 

Սրճարան ունենալու երազանքն էլ մյուս կողմից հանգիստ չի տալիս: Հիմա, երբ թեկուզ մեկ րոպե ազատ ժամանակ է ունենում, տիկին Շամամը նստում է պատուհանի մոտ դրված հին սեղան-աթոռին ու հիանում պատուհանից բացվող՝ քաղաքային այգու տեսարանով:

 

-Այ, նայեք, ինչքան սիրուն տեսարան է բացվում, իսկական նստել-վայելելու տեսարան է: Այստեղ որոշել եմ սեղան-աթոռներ դնե, հուսով եմ՝ գարնանը կկարողանամ բացել սրճարանը,- ասում է նա:

 

Դժվարությունների մասին

 

Ինչպես ցանկացած գործում, այստեղ ևս դժվարությունները շատ են՝ սկսած որակյալ հումք, նվիրված աշխատող գտնելուց մինչև արտադրանքի իրացում ու վաճառք: Տիկին Շամամը սովորել է ժպիտով վերաբերվել դրանց՝ համոզված լինելով, եթե կան խոչընդոտներ, ապա կան նաև դրանք հաղթահարելու ուղիներ:

 

-Պատվերները երբեմն այնքան շատ են լինում, որ ֆիզիկապես ուղղակի չեմ հասցնում: Ինձ օգնական եմ վերցրել, որ հասցնեմ: Ինձ շատ են օգնում նաև ընտանիքիս անդամները: Ինչ հրուշակագործարանը բացել եմ, տանը գրեթե չեմ լինում: Տան ամբողջ հոգսը, ուտելիք պատրաստելը սկեսուրս է անում: Եթե նա չլիներ, չէի կարողանա այսքան վստահ առաջ գնալ: Հարսս է ինձ ոգևորում, օգնում ամեն հարցում: Երբ ընտանիքդ կողքիդ է, դու ավելի ազատ ես ճախրում,- նշում է նա:

 

Համայնքն ու ֆրանսիական հրուշակեղենը

 

Տիկին Շամամը հաճախորդների հետ շփման մեծ վարպետ է: Հրուշակարան այցելողներին նա նախ ծանոթացնում է մակարուններին ու դրանց յուրահատկություններին, ապա միայն վաճառում: Առցանց կամ զանգով պատվիրողներին էլ իր արտադրանքն առաքմամբ է հասցնում՝  այսպիսով ներգրավելով նոր գործընկերների: Տուփերը, ստվարաթղթե տոպրակները ևս Վանաձորում են պատրաստվում: Սպառելով Վանաձորում պատրաստվող արտադրանքը՝ տիկին Շամամը նպատակ ունի աջակցել նաև տեղում գործունեություն ծավալող մարդկանց՝ նրանց համար լրացուցիչ եկամտի աղբյուր ստեղծելով:

 

-Նպատակ ունեմ այստեղ նաև այլ կանանց արտադրանքներից ցուցադրել՝ այդպիսով նպաստելով նրանց արտադրանքի իրացմանը: Ես շատ կուզեմ, որ մեր կանայք ոչ թե նստեն տանն ու սպասեն, որ ամուսինը վաստակի ու գումար բերի, այլ իրենք գնան իրենց երազանքի հետևից, ստեղծեն իրենց գործը և իրար աջակցելով՝ բարձրանան ու բարձրացնեն մեր երկիրը,- ասում է տիկին Շամամը՝ ստվարաթղթե տոպրակում տեղավորելով հերթական պատվերը:

 

 

Տաթևիկ Սարգսյան

 

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 1238

Գլխավոր էջ