Սեռական բռնություն. «Ոչ-ը նշանակում է ո՛չ»

Սեռական բռնությունը սովորական երեւույթ է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Ֆրանսիան այս առումով բացառություն չէ: Փաստաբան Կառոլին Դումենսիլը Ֆրանսիայում սեռական բռնությունների վերաբերյալ բաց դասախոսություն անցկացրեց Կենտրոնական Եվրոպական Համալսարանի ուսանողների համար: «Ոչ-ը նշանակում է ո՛չ» խորագրով հանդիպումը կազմակերպել էր «Մարդու իրավունքների նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը՝ Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա քարոզարշավի շրջանակներում:

 

«Սեռական բռնությունը եւ բռնաբարությունն ամենուր է Ֆրանսիայում, բայց չգիտես ինչու, շատերիս դեռ թվում է, թե դա մի բան է, որ ուրիշների հետ է կատարվում, մենք հավատում ենք, որ մեզ հետ դա չի պատահի»,- իր դասախոսությունն այսպես սկսեց Փարիզից ժամանած փաստաբանը:

 

Նա ընդգծեց, որ կանանց նկատմամբ բռնության ակտեր տեղի են ունենում թե փողոցում, թե տանը: «Եթե կինը կարողանում է աշխատանքից վերադառնալ տուն անվտանգ, ապա թվում է, թե նա պետք է իրեն ապահով զգա, սակայն նրա անկողինն ամենաանապահով վայրն է երբեմն: Շատ հաճախ կանայք սեռական բռնության են ենթարկվում իրենց զուգընկերոջ կողմից, ով իբրեւ թե սիրում է նրանց»:

 

Կառոլին Դումենսիլը նշում է, որ ամուսնացած կինը հաճախ չի գիտակցում, որ առանց իր համաձայնության սեռական ակտը բռնություն է՝ նույնիսկ եթե դա տեղի է ունենում ամուսնու կամ զուգընկերոջ մասնակցությամբ: «Ամենից դժվարը սեփական անկողնում «ո՛չ» ասելն է: Սակայն երբ կինը ասում է «ո՛չ», տղամարդը պետք է գիտակցի, որ դրանից հետո իր գործողությունները դիտվելու են որպես բռնություն, եւ նա կարող է պատասխանատվության ենթարկվել»:

 

Բանախոսի կարծիքով՝ կարծրատիպերն են հաճախ կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների եւ բռնությունների պատճառ դառնում: «Տղամարդիկ հաճախ նույնիսկ չեն կարողանում պատկերացնել, որ կինը իսկապես չի ցանկանում իր հետ սեռական հարաբերություն ունենալ: Բռնաբարություն գործած տղամարդիկ դատարանում էլ են պնդում, թե իրենք հանցագործություն չեն կատարել: Բայց նրանցից որեւէ մեկը չի հարցրել կնոջ կարծիքը, չի ստացել նրա համաձայնությունը սեռական ակտի համար»:

 

Փաստաբանը նշում է, որ սեռական բռնությունների դեմ պայքարելու համար պետք է բռնաբարության գործով դատավարությունները պահել հանրության ուշադրության կենտրոնում: «Երբ բռնաբարության գործ է քննվում, բռնության ենթարկված կանայք հաճախ չեն ցանկանում, որպեսզի այն լուսաբանվի կամ խնդրում եմ, որպեսզի իրենց անունը չհրապարակեն: Բայց այս կանայք բացարձակ չպետք է ամաչեն: Հանցագործը պետք է ամաչի, իսկ իրենք պետք է հպարտ լինեն, որ պայքարում են հանուն արդար դատավճռի»:

 

Պատասխանելով «WomenNet.am»-ի հարցին՝ Կառոլին Դումենսիլը նշեց, որ իր փաստաբանական գործունեության ընթացքում պարզել է, որ ընտանեկան բռնության ենթարկված կանանցից քչերն են դիմում իրավապահ մարմիններին, հատկապես երբ բռնությունը տեղի է ունենում սեփական անկողնում:

 

«Իհարկե, եղել են ու կան խիզախ կանայք, որոնք պատժել են իրենց բռնաբարող տղամարդկանց՝ լինի նա ամուսին, թե պարզապես զուգընկեր, սակայն այս կանանց թիվը անհամեմատ քիչ է բռնությունը հանդուրժող կանանց թվի համեմատությամբ»:

 

Արման Ղարիբյան

Բուդապեշտ

Դիտումների քանակը` 4576

Գլխավոր էջ