Սեռական ոտնձգություններն աշխատավայրում. խնդիր, որը չի բարձրաձայնվում

… «Ես կարծում եմ, որ կինը ուր էլ գնա, ինչ գործատուի դուռ էլ ծեծի, միևնույն է, ամեն տեղ մի տղամարդ նստած է: Ես այսօր էդ խնդրի առաջ եմ կանգնած, քանի որ ես չեմ ուզում թողնել իմ մասնագիտությունը, ու գործի համար արդեն մի 3-4 տղամարդ գործատուի դուռ եմ ծեծել, հետևաբար, ուր էլ գնամ, ես տղամարդուց կախված եմ լինելու: Ինձ շատ են ասում՝ քո աստղը իմ հետ բռնում է: Հենց ես գործատուից նման արտահայտություն եմ լսում, արդեն գիտեմ, թե հաջորդ նախադասությունը, ինչ է լինելու: Իմ աչքն արդեն վախեցած է, ու նման դեպքերում ես չգիտեմ, նախապես այդ մարդու ասածի մեջ  «միտք» փնտրեմ, թե ոչ»: (Սպորտի ոլորտում զբաղված կին)

 

…«Մեր թատրոնում շատ էին խոսում նման կապերի և առաջարկների մասին: Անգամ գիտեմ, որ դեր ստանալու համար շատ աղջիկներ կարող են ընդունել նման առաջարկներ»: (Դերասանուհի, Երևան)

 

…«Հոգեբանական կենտրոնում աշխատելիս, տնօրենը ուղիղ առաջարկով ասաց, եթե ինձ հետ չլինես, ես քեզ աշխատանքից կազատեմ: Բայց մինչև դա հոգեբանական ճնշումների էր ենթարկում ինձ, այն կարգի, որ օր չէր լինում, որ լացելով տուն չգնայի: Ու չէի հասկանում պատճառը»: (Քարտուղարուհի, Երևան)

 

…«Գիտական հիմնարկներից մեկում ղեկավարն իր իգական սեռի ասպիրանտներին սեռական բնույթի առաջարկններ էր անում: Միանգամից առաջարկներ չէր անում, սկզբից՝ կոմպլիմենտներ, երազներ էր պատմում»:

 

Այս ամենը  սեռական բնույթի ոտնձգությունների դեպքեր են, որոնք հավաքվել են սոցիոլոգներ՝ Նվարդ Մելքոնյանի ու  Յուլիանա Մելքումյանի  կողմից Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնի շրջանակներում կատարված հետազոտության ընթացքում: Հետազոտության թեման էր՝   «Սեռական բնույթի հետապնդումները աշխատավայրում, որպես կանանց մասնագիտական առաջընթացը խոչընդոտող գործոն»: Փորձել են ուսումնասիրել Հայաստանում արդի իրավիճակը: Հեղինակների խոսքով,  չնայած ի սկզբանե իրենց առջև խնդիր դրված չէր հրապարակել հավաքագրված  պատմությունները, սակայն հետազոտության ավարտին, որոշում կայացրեցին առանձին խորագրով ներկայացնել նաև այդ պամությունները, որոնք թվով մոտ երեսունն են :

–         Մեր հետազոտության նպատակն էր հայսատանյան հասարակությունում բացահայտել աշխատավայրում սեռական բնույթի ոտնձգությունների առանձնահատկությունները և մշակել երևույթի կանխմանն ու հաղթահարմանն ուղղված առաջարկություններ, – իր խոսքում նշեց Նվարդ Մելքոնյանը:

 

Հետազոտությունը իր մեջ ներառել է փորձագետների հետ հարցազրույցներ, ընդգրկված են եղել վեց փորձագետներ՝ իրավաբաններ, լրագրողներ և ՀԿ ներկայացուցիչներ, ովքեր լավատեղյակ են խնդրին: Ինչպես նաև հարցազրույցներ են իրականացվել սեռական հետապնդումների տեսանկյունից ռիսկային համարվող աշխատատեղերում զբաղված տարբեր տարիքի 18 կանանց հետ:

 

Նվարդ Մելքոնյանը նշում է, որ խնդրի  ուսումնասիրումից և միջազգային փորձից ելնելով, ընտրել են առավել ռիսկային ոլորտներ ներկայացնող կանանց.

 

–         Ռիսկային են համարվում օֆիսային աշխատողները, բուժքույրերը, քարտուղարուհիները, փոքր բիզնեսում ՝ գեղեցկության սրահներում, սրճարաններում, բաղնիքներում զբաղվածները: Սրանք հաճախ նաև այն ոլորտներն են, որտեղ բարձր է նաև չգրանցված աշխատողների թիվը, ինչը նույնպես ավելի է մեծացնում ռիսկը: Խորացված հարցազրույցներ ենք ունեցել նաև 6 գործատուների, ինչպես նաև երեք ֆոկուս խմբեր ենքանցկացրել, – նշում է Նվարդ Մելքոնյանը՝ հավելելով, որ հետազոտության համար ընտրվել են Գեղարքունիքի և Արմավիրի մարզերև և Երևանը:

 

Հետազոտողները նշում են, որ թեպետ ՀՀ աշխատանքային և քրեական օրենսգրքերում  սեռական ոտնձգություններին վերաբերող մի քանի հոդվածներ կան , սակայն միևնույն է բացեր կան՝ սկսած տերմինի հստակեցումից, մինչև օրենքի մեխանիզմների մշակումը:

 

–         Ունենք քրեական օրենսգրքում հոդված, սակայն նախադեպեր չկան, մեխանիզմները չեն գործում: Ունենք նաև տերմինաբանության հետ խնդիր. անգլերեն տերմինը՝  «Sexual Harassment» -ը,  հետազոտության մեջ ներկայացված է հետապնդում և ոտնձգություն տերմինների միջոցով, բայց արդյոք դրանք համարժե՞ք են, հստակեցման կարիք  կա,  – նշում է Նվարդ Մելքոնյանը:

 

Փորձագետները խոսեցին նաև աշխատաշուկայում առկա անհավասար պայմանների մասին, ինչը նույնպես կարող  է սեռական բնույթի հետապնդումների պատճառ հանդսանալ:

 

–         Չնայած օրենսդրությամբ Հայստանի բոլոր քաղաքացիների համար նույն իրավունքներն են վերապահված, սակայն 2013 թ. վիճակագրական տվյալների համաձայն` կանանց միջին աշխատավարձը զգալի ցածր է տղամարդկանց միջին աշխատավարձից մոտ 60 հազար դրամով:  Այսպիսի տարբերության պատճառը՝ աշխատատեղերի գենդերային բաժանումն է, գենդերային սեգրեգացիան: Այն ոլորտներում, որտեղ տղամադիկ են աշխատում աշխատավարձն ավելի բարձր է, քան այն ոլորտներում, որտեղ կանայք են զբաղված: Որոշ ոլորտներում զբաղվածությունը ունի ընդգծված կանացի դեմք, օրինակ, կանայք մեծապես սպասարկան ոլորտում են ներկայացված, – նշում է Յուլիանա Մելքումյանը:

 

Խոսելով  աշխատանք գտնելու առումով խոցելի խմբերի մասին Յուլիա Մելքումյանը առանձնացրեց հատկապես 40-ից բարձր տարիքային խմբի կանանց, որոնք դժվարությամբ են գտնում աշխատանք, ավելի հակված են կորցնելու աշխատանքը:

 

–         Շեմը  դրվում է հայտարարություններում մինչև 35 տարեկանը, եւ դա այն պահանջներից է, որը կարող է իր հետ նաև բերել ռիսկայնություն՝ սեռական ոտնձգությունների հետ կապված, – նշեց Յուլիա Մելքումյանը, հավելելով, որ ռիսկային են համարվում նաև աշխատանքի նոր ընդունվածները, ինչպես նաև  այն կանայք, ովքեր չունեն բարձրագույն կրթություն:

 

Ըստ հետազոտողի սա այն խնդիրներից է, որը նաև չի բարձրաձայնվում.

 

–         Մի կողմից այս կանայք վախենում են կորցնել աշխատանքը,  մյուս կողմից էլ՝ հասարական կարծիքն է, այն է թե՝ ինչ կասեն իր մասին: Մեր մշակույթում  մենք մեղադրում ենք կնոջը, տարածված նման արտահայտություն կա՝ ինքը թույլ տվեց… Իսկ ապացուցման մեխանիզմների բացակայությունը  ետ  է պահում տուժված կանանց  դատարան դիմելուց:

 

Հետազոտողները  նաև  փորձել են հայալեզու էլեկտրոնային ԶԼՄ-ների մոնիտորինգ անել՝ աշխատավայրում սեռական բնույթի հետապնդումներին վերաբերող  նյութեր գտնելու նպատակով: Դիտարկելու ժամանակահատվածը  մոտ յոթ ամիս է եղել, եւ այդ  ընթացքում ըստ բանախոսի ընդամենը երկու դեպք է լուսաբանվել, որ վերաբերել է աշխատավայրում սեռական ոտնձգությանը:

 

–         Երկու միջադեպերն էլ տեղի են ունեցել 2013- ին: Մի դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքում. դատավորի որդին մեղադրվել է աղջկա բռնաբարության մեջ՝ իր ռեստորանում որպես մատուցող աշխատանքի տեղավորելու դիմած: Այս դեպքին անդրադարձել են 13 կայքեր: Հարկ է նշել նաև, որ լրատվամիջոցները կարևորում էին, ոչ թե գործատուի կողմից կնոջ հանդեպ սեռական բռնության փաստը, այլ շեշտադրում էին այն, որ մեղադրյալը դատավորի որդի է: Իսկ մյուսը՝ Կոտայքի մարզում. տրակտորիստը փորձել էր բռնաբարել իր հետ նույն ֆերմայում աշխատող կթվորուհուն: Սակայն այս դեպքը լուսաբանվել է միայն մեկ, այն էլ ժամանցային կայքի կողմից, – նշում է Նվարդ Մելքոնյանը, հավելելով, որ այստեղ էթիկայի կոպիտ խախտում է նաև տեղի ունեցել, քանի որ երկու դեպքերում էլ ԶԼՄ-ներն առանց փոփոխության հրապարակել են ինչպես տուժողների, այնպես էլ մեղադրյալների անունները:

 

 

Ինչ անել հարցին պատասխանելիս, հետազոտողները նշում են, որ միտված չեն  ծայրահեղ քայլեր ձեռնարկելուն :

 

–         Խնդիրը նրանում է, որ անգամ հետազոտությունը կատարելիս սեռական ոտնձգությունների և հաճոյախոսությունների միջեւ սահմանը դժվար էր գտնել: Այստեղ նաև կան մշակությային առանձնահատկություններ, առկա է տերմինաբանության հստակեցման խնդիր: Անհրաժեշտ է հստակ ձևակերպումներ մտցնել և մեխանիզմներ կիրառել, – նշում էին հետազոտողները ՝ հավելելով, որ հարցված կանանցից բոլորը միաբերան նշում էին, որ կամ չեն հանդուրժել սեռական ոտնձգությունները և դուրս են եկել աշխատանքից, կամ լսել են դրանց մասին ուրիշներց և իրենք անմիջական տուժող կողմ չեն հանդիսանում: Մինչդեռ  հիմքեր կան ենթադրելու, որ իրականում ոչ բոլոր կանայք են պատրաստ խոստովնանել՝ սեռական ոտնձգության զոհ լինելու մասին, հատկապես, եթե նրանք «ընդունել» են այդ խաղի կանոնները…

 

Լիլիթ Քոչինյան

 

Հետազոտությանը ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ.

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Տնտեսական ավելի արդար օրակարգ. ազդարարում է «ՄԱԿ-Կանայք»-ի նոր զեկույցը

 

Կանայք եւ տղամարդիկ աշխատանքի շուկայում. թաքնված խտրականություն

 

Հավասար հնարավորությունների քաղաքականություն – ի՞նչ է դա նշանակում

 

Իսկ ձեզ հայտնի՞ է երջանիկ ընտանեկան կյանքի ամենակարևոր գործոնը

 

Պատգամավոր Լիսիա Ռոնզուլիի դուստրը քվեարկում է մոր հետ միասին

 

ԵԽԽՎ նոր բանաձևը կոչ է անում հավասար բաժանել պարտականությունները ընտանիքում

 

«Այսօր հայ կնոջ համար այլ ելք չկա. պետք է աշխատել»…

 

«Մնում է մի հատ գոգնոց կապեմ ու վրեն գրեմ «Նինայի կնիկը»…

 

Կանայք աշխատանքի շուկայում. օրենսդրական փոփոխություններ

 

«Պահանջվում են մինչև 25 տարեկան, բարետես աղջիկներ….»

 

Հաջողված կարիերա թե՞ երջանիկ ընտանիք

 

 

 

Դիտումների քանակը` 4536

Գլխավոր էջ