«Ոստիկանապետի վարքը ՝ սեքսիզմի դրսևորում է» . Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հայտարարություն
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հանդես է եկել հայտարարությամբ՝ լրագրող Սիրանուշ Պապյանի նկատմամբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ցուցաբերած կեցվածքի վերաբերյալ:
Նշենք, որ ապրիլի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմար Գասպարյանը ՝ պատասխանելով « Լրագիր» և «1in. am» կայքերի լրագող Սիրանուշ Պապյանի դիտարկմանը, թե հասարակությունը չի տեսնում Ոստիկանության բարեփոխումներն ասել է. «Ես էլ քո մեջ, կներես, կին չեմ տեսնում»:
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան այդ վարքը գնահատում է որպես սեքսիզմի դրսևորում, կանանց հանդեպ խտրական վերաբերմունք և հոգեբանական բռնություն՝ տվյալ լրագրողի նկատմամբ՝ հիշեցնելով, որ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է անձի վերաբերյալ սեռի հատկանիշով պայմանավորված վիրավորական և ստորացուցիչ հայտարարություն անել։
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոլաիցիայի հայտարարությունը ստորագրել են նաեւ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ու 50/50 քաղաքացիական նախաձեռնությունը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան վրդովված և խիստ անհանգստացած է ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կեցվածքով: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ոստիկանապետը Լրագիր և 1in. am կայքերի լրագող Սիրանուշ Պապյանին՝ մասնագիտական գործունեություն իրականացնելիս փորձել է մանիպուլացնել՝ ասելով. «Ես քո մեջ կին չեմ տեսնում»:
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան այդ վարքը գնահատում է որպես սեքսիզմի դրսևորում, կանանց հանդեպ խտրական վերաբերմունք և հոգեբանական բռնություն՝ տվյալ լրագրողի նկատմամբ: Միևնույն ժամանակ ընդգծում ենք, որ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կանանց թիրախավորելն ու վիրավորական արտահայտություններ անելը դարձել է գործելաոճ: Մասնավորապես 2013 թվականի օգոստոսին՝ կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարության դեմ տեղի ունեցած ակցիայի ընթացքում Արաբկիրի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը ակտիվիստ Շողեր Մելքումյանի ականջին սեռական բնույթի հայհոյանքներ էր շշնջացել, իսկ մեկ այլ ոստիկան համբուրել նրա պարանոցը:
2015 թվականի ամռանը՝ Բաղրամյան պողոտայում «էլեկտրիկ Երևան» հանրային ընդվզման ակցիաների ժամանակ, ցուցարար Ելենա Օվսյաննիկովային ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը անվանել էր սադրիչ և հայտարարել, որ նա ոստիկանների առաջին շարքի ծառայողներին սեքս է առաջարկել։
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան փաստում է , որ սեռականության ակնարկները կին ակտիվիստների ու լրագրողների հանդեպ հոգեբանական զենք են և օգտագործվում են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որպես ճնշման միջոց: Նման դրսևորումները մնում են անպատիժ և շարունակական բնույթ կրում, ինչը կանխելու համար՝
Առաջարկում ենք
-ԶԼՄ-ներին և իրավապաշտպան կազմակերպություններին դատապարտել ՀՀ ոստկանապետ Վլադիմիր Գասպարյանի սեքսիստական վարքը:
Պահանջում ենք
– ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հանրային ներողություն խնդրել լրագրող Սիրանուշ Պապյանից, հակառակ դեպքում հարկ կլինի պահանջել նման պաշտոնյայի հրաժարականը:
Հիշեցնում ենք, որ
-«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն. «Արգելվում է անձի վերաբերյալ սեռի հատկանիշով պայմանավորված վիրավորական և նվաստացուցիչ հրապարակային հայտարարություն անելը, ներառյալ` զանգվածային լրատվությանմիջոցներով»:
Հ.Գ. Երեկ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներողություն է խնդրել լրագրող Սիրանույշ Պապյանից. «Անկախ կոնկրետ միջադեպից, բոլորս՝ եւ լրագրողները, եւ ոստիկանությունը, եւ քաղաքական գործիչները, եւ մեր քաղաքացիները պետք է ձգտենք պահպանել կոռեկտություն: Սա է իմ կարծիքը: Հիմա ես չեմ ուզում կոնկրետ գնահատական հնչեցնել: Եթե լրագրող Սիրանույշ Պապյանը վիրավորվել է, ես որպես իշխանություն Սիրանույշից ներողություն եմ խնդրում»,- ասել է Շարմազանովը: ՀՀ ոստիկանապետի արարքն անընդունելի են համարել նաեւ մի շարք պատգամավորներ, այդ թվում Նաիրա Զահրաբյանը« Զարուհի Փոսթանջյանը եւ այլոք:
Լրագրողական կազմակերպությունները նույնպես հայտարարություն են տարածել ՝ պահանջելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հրապարակային ներողություն խնդրել լրագրող Սիրանույշ Պապյանից եւ այսուհետ թույլ չտալ վիրավորական արտահայտություններ լրագրողների հասցեին:
Երեկ ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունը միջադեպի առիթով հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է . « Լրագրողների հետ ճեպսզրույցի ժամանակ ոստիկանության պետի արտահայտած միտքը որոշ անձանց կողմից սխալ է ընկալվել և տարբեր թյուր մեկնաբանությունների ու շահարկումների առիթ տվել: Իրականում ոստիկանության պետը լրագրողին չի վիրավորել, ընդամենը հակադարձելով նրա պնդմանը, թե ոստիկանության փոփոխությունները չի տեսնում, որպես ակնհայտը չտեսնելու օրինակ ասել է, թե դա նույնն է, որ իր առաջ կանգնած կնոջը չտեսնել որպես կին»…
Լրագրող Սիրանուշ Պապյանը պատրաստվում է դիմել բոլոր հնարավոր ատյաններին՝ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով, նաեւ դատարան, որպեսզի ոստիկանապետը ներողություն խնդրի իր արժանապատվությունը վիրավորելու համար. «Ոստիկանապետը դուրս է եկել իրեն վերապահված սահմաններից, վիրավորել է քաղաքացու, նաեւ լրագրողի», – ասում է նա:
Դիտումների քանակը` 4972