« Չէի համարձակվում ասել, որ երեխան աղջիկ է, վախենում էի…»  

Մարինե Պետրոսյանը (անունը փոխված է) սպասում էր առաջնեկի լույս աշխարհ գալուն։ Լիարժեք ուրախությանը, սակայն, խոչընդոտում էին ընտանիքի անդամները, որոնք դեմ էին աղջիկ երեխային։ Մարինեն ասում է՝ նախընտրում էին, որ երեխան տղա լինի, հատկապես, որ առաջինն էր։

 

 

«Տանը ի սկզբանե քննարկվում էր՝ այլ տարբերակ չկա, ապագա երեխան պետք է անպայման տղա լինի, հակառակը լսել անգամ չէին ուզում։ Ամուսինս և նրա ծնողներն այնքան էին խոսել այդ մասին, որ մինչև վերջ հավատում էին, որ որդի ենք ունենալու, իսկ ես նրանց ոգևորությունը և տրամադրվածությունը տեսնելով՝ չէի համարձակվում ասել, որ երեխան աղջիկ է․ վախենում էի …»,- պատմում է Մարինեն։

 

 

Երեխայի աղջիկ լինելու մասին Մարինեն ընտանիքին հայտնել է հղիության միայն 4,5-րդ ամսում․

 

 

«Սկզբում այդ մասին հայտնեցի ամուսնուս, նրա համար լուրն անսպասելի էր։ Այդ պահին նա ինձ ոչինչ չասաց, լռում էր, զգացի որ ծանր տարավ… Մտածում էի՝ ի՞նչ կլինի հետո, ինչպե՞ս կվարվեն տան մյուս անդամները և ի՞նչ կլինի, երբ ծնվի դուստրս։ Մտովի պատկերացնում էի անգամ, թե ինչ վեճեր են սպասվում, ինչ մեղադրանքներ՝ ճշմարտությունը թաքցնելու համար․․․ Վախենում էի, որ երեխայի ծնվելուց հետո ընտանիքի անդամների վերաբերմունքը չէր փոխվի երեխայի նկատմամբ։ Շատ էի նեղվում, մտածում էի, որ աղջիկ է, ուրեմն չպե՞տք է լույս աշխարհ գա, դա շատ անարդար մոտեցում էր»:

 

 

Եթե ընտանիքում երեխայի հանդեպ վերաբերմունքը չփոխվեր, Մարինեն մտածում էր նույնիսկ բաժանության մասին, չէր ցանկանում, որ երեխան մեծանար մի տանը, որտեղ բոլորը դեմ էին նրան։

 

 

Մարինեն պատմում է նաև՝ մինչ իրականությունն իմանալը ընտանիքում բոլորն իր նկատմամբ անչափ ուշադիր էին, սակայն, երբ իմացան ճշմարտությունը, այլևս չկար նախկին հոգատարությունը։

 

 

«Ընտանիքում, իհարկե, սկանդալներ, վեճեր բարեբախտաբար տեղի չէին ունենում․․․ Ինձ, չէին ճնշում, չէին վիրավորում կամ ստիպում, որ հրաժարվեմ երեխայից, բայց բոլորը նեղսրտում էին, տղա թոռ էին ցանկանում, տոհմը շարունակող էին ուզում»,- նշում է նա։

 

 

Մարինեն պատմում է՝ սկեսուրը շուրջ մեկ ամիս իր հետ բառ չի փոխանակել, գնում-գալիս՝ միայն թարս ու շիտակ նայում էր․ «Չէր ուզում, որ երեխան իր անունը կրեր, իհարկե, պատճառը՝ փաստի անսպասելի լինելն էր, բայց աստիճանաբար բոլորը համակերպվեցին, իսկ երբ ծնվեց աղջիկս, ու առաջին անգամ երբ տեսան նրան, միանգամից բոլորը կապվեցին երեխայի հետ, ձեռքներից անգամ ցած չէին դնում»…

 

 

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի

 

… Այժմ  Մարինեի դուստրը 5 տարեկան է: Մոր խոսքով՝ երեխան շատ ակտիվ է, խելացի, կազմակերպված․․․ Այսօր ընտանիքում բոլորը շատ են զղջում, որ նման կերպ էին ընդունել երեխայի ծնվելու մասին լուրը և այնքան կապված են նրա հետ, որ կարճ բացակայության դեպքում անգամ՝ հասցնում են կարոտել։

 

 

Մարինեի  պատմությունը եզակի դեպք չէ, այն մեզանում արմատավորված պտղի սեռի խտրական ընտրության պրակտիկայի բազմաթիվ  դրսևորումներից մեկն  է :  Ցավոք, ոչ բոլոր դեպքերում են նման պատմությունները բարեհաջող ավարտ ունենում…

 

 

Ի՞նչ է փաստում վիճակագրությունը

 

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից 2011 թ.-ին իրականացված հետազոտությունը հաստատեց, որ Հայաստանում նորածինների սեռերի հարաբերակցության շեղումը բնականից սկսել է նկատվել դեռևս 1991 թվականից, իսկ 2000 թվականին այն հասել էր մինչև 120 տղա – 100 աղջիկ հարաբերակցության, այն դեպքում, երբ բնական  համամասնությունը   կազմում է 102-106 տղա` 100 աղջկա հաշվով:

 

 

Հետազոտութունը փաստեց նաև, որ նորածինների սեռերի համամասնության  զգալի շեղումը  Հայաստանում տեղի է ունենում  պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հետևանքով: Փորձագետների  կանխատեումներով,  եթե Հայաստանում շարունակվեն ապագա երեխայի սեռը կանխորոշող, այսպես կոչված, սելեկտիվ, աբորտները, ապա մինչև 2060 թվականը չի ծնվի գրեթե 93000 աղջիկ, ինչն էլ իր հերթին կբերի ծնունդների թվի կրճատման և, որպես հետևանք, բնակչության թվի նվազման:

 

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի  նախաձեռնությամբ մեկնարկած  լուսաբանման և իրազեկման լայնածավալ աշխատանքների շնորհիվ, որոնց միացան  ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովը, եկեղեցին, ԶԼՄ-ները,  Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, հասարակական կազմակերպությունները և այլ շահագրգիռ կողմերը, Հայաստանին հաջողվեց համեմատաբար կայունացնել իրավիճակը՝ 2012 թ․-ին, օրինակ, նորածինների սեռերի համամասնության  ցուցանիշը եղել է 115 տղա 100 աղջկա հաշվով:

 

 

Վերջին վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2021 թ․-ին Հայաստանում  նորածինների սեռերի հարաբերակցությունը 108,8 տղա էր 100 աղջկա հաշվով։ Թեև սա զգալիորեն  բարելավված ցուցանիշ է համարվում  նախորդ տարիների համեմատ,  սակայն այն դեռևս հեռու է բնական համամասնությունից:

 

 

Տղա երեխայի նախապատվության խնդիր. որո՞նք են պատճառները

 

 Պտղի սեռի խտրական ընտրության խնդրի արմատներն բավականին խորն են, մասնավորապես, այն  պայմանավորված  է առկա գենդերային անհավասարությամբ,  մեր հասարակության պատկերացումներում  կնոջ ավելի  նվազ դերով: Տղան համարվում է տան ծուխը վառ պահողը, հողի և այլ ունեցվածքի արժանի ժառանգորդը և այլն:  Աղջիկը այդ սպասումների առումով ավելի քիչ արժեք է ներկայացնում:

 

 

Ըստ ՄԱԲՀ-ի  2013-ին  հրապարակված  հետազոտության՝ Հայաստանի  ընտանիքներում  տղա ունենալու ցանկությունը միջինում վեց անգամ ավելի մեծ է, քան աղջիկ: Ընդ որում, գյուղական բնակավայրերում տղա ունենալու ցանկությունը 10 անգամ ավելին է:

 

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ի ներկայացուցիչ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը WomenNet.am-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին, պարզաբանում է, որ տղա երեխայի նախապատվությունը գյուղաբնակ վայրերում պայմանավորված է գյուղական աշխատանքի տարբերությամբ, ընտանիքի դիրքի ամրապնդմամբ և ժառանգության իրավունքով և այս առումով՝ բնակչության գիտակցությունը դեռևս անփոփոխ է։ Նրա խոսքով՝ եթե դիտարկում ենք իրավական կառուցակարգերը, ապա օրենքները և երեխայի՝ ծնողներից ժառանգություն ստանալու իրավունքը հավասար են, սակայն գյուղաբնակները նախընտրում են ժառանգությունը ձևակերպել տղա երեխայի անվամբ. պատճառն, իհարկե, շատ խորը արմատներ ունեցող հայրիշխանական համակարգի ազդեցությունն է։

 

 

Ըստ իրավապաշտպանի, սակայն, քաղաքներում հատկապես՝ մայրաքաղաքներում այդ ձգտումն այդքան էլ ցցուն և ակներև չէ։

 

 

Հովհաննիսյանի դիտարկմամբ,  հայ ընտանիքի՝ տղա երեխա ունենալու ձգտումը պայմանավորված է նաև նրանով, որ համարում են՝ տղան ազգանվան շարունակությունն է, ժառանգության կրողը, նաև՝ հայրենիքի պաշտպանը. «Այդպես տղա երեխայի նախընտրության վերաբերյալ ձևավորվում են հիմնավորող փաստարկներ՝ կապված թե՛ պատերազմական իրավիճակներով, երբ տղաները ռազմաճակատում կարևոր դերակատարում ունեն, թե՝ հանրային ներկայացվածությամբ, որ քաղաքական որոշումներ կայացնողները և հանրային դիրք զբաղեցնողները տղամարդիկ են, նաև՝ կապված ընտանիքի կառուցվածքի հետ, երբ ընտանիքի ներսում որոշում կայացնողնողը դարձյալ ընտանիքի գլուխ համարվող տղամարդն է»:

 

 

Այնուամենայնիվ, հետազոտությունները փաստում են, որ վերջին տարիներին հանրության ընկալումներում որոշակի փոփոխություններ են կատարվել :

 

 

Այսպես, 2010 թվականին Հայաստանում CRRC-ի կողմից անցկացված Caucasus Barometer  հարցման   տվյալներով, երեխայի սեռի նախապատվության մասին հարցին  ռեսպոնդենտների 54 %-ը  նշել  էր  տղա երեխային,  10 %-ը՝ աղջիկ երեխային և  35 %-ը պատասխանել  էր, որ սեռը նշանակություն չունի։

 

 

 2020-ին հրապարակված նույն  Caucasus Barometer հարցման արդյունքներով, ռեսպոնդենտների  9 %-ը պատասխանել է աղջիկ, իսկ տղա երեխա  նախընտրողների թիվն իջել է ՝ դառնալով  34 %, դրա հետ մեկտեղ   աճել է մինչև 55 % այն հարցվածների թիվը, որոնք նշել են, որ երեխայի սեռն իրենց համար  նշանակություն  չունի։

 

 

 

 Մերի Մաթևոսյան

 

 

Կարդալ թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հայաստանին հաջողվել է որոշ չափով նվազեցնել նորածինների սեռերի անհամամասնությունը

 

Հավասարության միտումները Հայաստանում. ինչ են փաստում հարցումները

Դիտումների քանակը` 771

Գլխավոր էջ