«Հայաստանի չծնված աղջիկները…»
«Երբ մեր առաջնեկը պիտի ծնվեր, բժիշկը, ով պարզել էր երեխայի սեռը, հարցրեց՝ տղա ունե՞ք, ասացինք՝ ոչ, սա առաջին երեխան է: Ասաց՝ աղջիկ է, բայց ոչինչ, հաջորդը տղա կունենաք…»,- Արթին Առաքելյանը հիշում է, թե բժիշկն ինչպես է «մխիթարել» իրեն աղջիկ ունենալու համար: «Ես ավելի երջանիկ եմ, որ աղջիկ ունեմ, բայց կարծում եմ, որ չպետք է տարբերություն դնենք՝ տղա, թե աղջիկ, երեխա է, երջանկություն է»,- ասում է երիտասարդ հայրիկը:
Արթինը 6 ամսեկան դստեր հետ եկել էր Հյուսիսային պողոտա՝ «Հայաստանի չնված աղջիկները» միջոցառմանը մասնակցելու համար: Նա միակ հայրիկը չէր: Եվս երեք երիտասարդ զույգեր իրենց աղջիկների հետ միացել էին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ակցիային:
Ակցիայի նպատակը հանրությանը չծնված աղջիկների մասին հիշեցնելն էր: Հարյուրից ավելի աղջիկների կոշիկներ դրված էին հատակին՝ ուղեկցող գրություններով այն մասին, թե ինչու չեն ծնվել այն աղջիկները, որոնք պետք է հագնեին այդ կոշիկները
«Գոհար. Ես չծնվեցի, քանի որ մեր տանն արդեն մեկ աղջիկ ունեին»,
«Գայանե. Ես չծնվեցի, որովհետեւ ամուսինս չէր կարող արժանավայել թաղել հորս ու մորս»,
«Անի. Ես չծնվեցի, քանի որ չէի կարող կրել հորս ազգանունը»,
Բոլոր գրությունները պարունակում էին մեկ հիմնական ասելիք. «Ես չծնվեցի, քանի որ աղջիկ էի»: Գոհարը, Գայանեն, Անին եւ հազարավոր ուրիշներ չեն ծնվել, քանի որ նրանց ծնողները նախընտրելով տղա ունենալ, ընդհատել են հղիությունը:
Եթե հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների երեւույթը շարունակվի, ըստ կանխատեսումների, մինչեւ 2060 թվականը Հայաստանը կկորցնի 93.000 կին:
«Ինձ համար անընդունելի է, որ հայ տղամարդիկ ձգտում են անպայման տղա ունենալ, հատկապես երբ խոսքը առաջնեկի մասին է: Այդպիսի մտածելակերպ կա, թե տղուց տղա է ծնվում, բայց դրան կա լավ պատասխան՝ լավ տղուց էլ աղջիկ է ծնվում»,- ասում է Հովհաննես Նավոյանը, ով ակցիային մասնակցում էր իր դստեր հետ: Բոլոր հայրիկները միանշանակ դատապարտում են սեռով պայմանավորված հղիության ընդհատումները:
Ակցիայի ընթացքում Կոալիցիայի անդամները քաղաքացիներին բաժանում էին ՀՀ առողջապահության նախարարության եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից պատրաստված տեղակատվական գրքույկը, որտեղ նշված է, որ Հայաստանում նորածինների սեռերի անհամամասնությունը վտանգավոր աստիճանի է հասել՝ 100 աղջկան բաժին է ընկնում 114 տղա, այնինչ բնականոն է համարվում 100 աղջկան 102-106 տղա հարաբերակցությունը:
Այս ցուցանիշով մենք աշխարհում վերջից 3-րդ տեղն ենք զբաղեցնում՝ «զիջելով» միայն Չինաստանին եւ Ադրբեջանին, որտեղ եւս աղջիկ երեխաները անցանկալի են համարվում:
Նշենք, որ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան «Հայաստանի չծնված աղջիկները» միջոցառումը կազմակերպել էր «World Vision Armenia» կազմակերպության եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ:
Արման Ղարիբյան
Դիտումների քանակը` 7035