Սեդա Աղբալյան. «Մայրաքաղաքի  խնամքն  ավելի  հոգատար,  նուրբ  սրտի ու ձեռքերի  կարիք ունի» 

WomenNet.am-ի  հարցերին է պատասխանում   Երևանի ավագանու  ընտրություններում  «Ժառանգություն»  կուսակցության  ցուցակով առաջադրված թեկնածու Սեդա Աղբալյանը: Ասում է, որ «Ժառանգություն»  կուսակցության այս ընտրությունների  «Ժպտա»  կարգախոսին , կավելացներ՝ «Անկեղծ  ժպտա»:

 

 

Ծնվել է 1984 թ.  Երևանում: Ավարտել է Երևանի պետական  տնտեսագիտական  համալսարանը,  մասնագիտությամբ  տնտեսագետ է: Աշխատել է <Արմենակոբ> հեռուստաընկերությունում որպես  հաղորդման  հեղինակ  և հաղորդավար, այնուհետև աշխատել է Հանրային  ռադիոյում: Ներկայումս հանդիսանում է Seductive World տուրիստական  գործակալության համահիմնադիրն ու տնօրենը: 

 

 

– Երևանի ավագանու թեկնածուների մեջ երիտասարդ  և  նոր դեմքերը շատ են, այդ  թվում  նաև  Դուք: Հանրությունը որքանո՞վ է  ճանաչում  Ձեզ:

 

 

-Ես  միշտ  իմ  գործն արել եմ նվիրումով և ճանաչված լինելու ցանկություն  երբևէ  չեմ ունեցել:Նախորդ կառավարության վարած քաղաքականության արդյունքում նրանց  գաղափարախոսությունը  չկիսող շնորհալի և  գործիմաց  շատ  մարդիկ, որոնց  թվում  քիչ չեն եղել  երիտասարդներ,  մնացել են  ստվերում: Ես  իմ  գործունեությունը  ծավալել  եմ  տուրիստական  գործակալությունում: Աշխատանքի  բերումով ընդլայնվել է  շրջապատս,  բոլորին  ծանոթ է երկրի և  մասնավորապես Երևանի հանդեպ իմ սերն ու  նվիրվածությունը:

 

 

-Բացի  ծննդավայր լինելուց, ի՞նչ է Ձեզ  համար Երևանը:

 

 

-Երևանն  ինձ համար նաև զարգացման  լուրջ  հնարավորություններով  հարուստ   քաղաք է, իր խնդիրներով  հանդերձ այն զարգացած, զբոսաշրջային  քաղաք  դառնալու  մեծ   ներուժ ունի: Երևանի  հսկայական  բյուջեն կարող էր  բավարարել կուտակված խնդիրները լուծելու համար, եթե  չլիներ  կոռուպցիան: Սակայն  հուսանք, որ  նման երևույթներից  այլևս  զերբազատված ենք և այսուհետ պետք է  նպաստենք մայրաքաղաքի  հրատապ  խնդիրների  լուծմանը:

 

Ենթադրվում է , որ Ձեր «Ժպտա» կարգախոսը նաև մեսիջ է  երևանցիներին, ովքեր   քիչ  կամ  ընդհանրապես  չեն  ժպտում: Ի՞նչն է  պատճառը:

 

-Կարծում եմ, հոգսը…

 

 

-Կարո՞ղ եք  նպաստել  այդ  հոգսի թեթևացմանը: Ինչի՞ց  կսկսեք:

 

 

-Երևանի և  երևանցիների ամենալուրջ հոգսերից մեկը  տրանսպորտի  չլուծված   խնդիրն է: Հնամաշ ու սանիտարական  հիգիենայից  զուրկ  միկրոավտոբուսներով  երթևեկելը  վիրավորական  է  երևանցիների  համար: Ես  մշտապես  կարևորել եմ  էկոլոգիապես  մաքուր  տրանսպորտային  միջոցները՝ տրամվայը,  ճոպանուղին  և  հեծանիվը: Սակայն  մեր պայմաններում տրամվայի  վերագործարկման  մասին խոսք  լինել  չի կարող,  այն  ցավոք հանվեց շահագործումից,  ճոպանուղու  գործարկումը  ֆինանսական  մեծ  ներդրումներ է  պահանջում, մինչդեռ կարելի է  աստիճանաբար ձևավորել  հեծանվով  երթևեկելու մշակույթ: Բացի դա, տրանսպորտային  խցանումնեից  խուսափելու նպատակով  կարելի է  վերանայել  դպրոցականների, ուսանողների / թեկուզ  դասերը  մեկ ժամով ուշ  սկսելու պայմանով/  և աշխատողների աշխատաժամակը՝ առավոտյան  կանգառներում  կուտակումներից խուսափելու նպատակով: Կարծում եմ երթուղայինները ավտոբուսներով  փոխարինելու ժամանակն է, հատկապես, որ Չինաստանից ներկրվել է որոշակի  խմբաքանակով ավտոբուսներ, որոնք  ամբողջովին  կարող են  փոխարինել երթուղիներին: Պակաս  կարևոր  չէ  նաև նոր ավտոկայանատեղիների ստեղծումը: Երևանում  ամենուրեք  բիզնես կենտրոններ են կառուցվում, սակայն  ավտոկայանատեղիների  մասին  մոռանում են, արդյունքում  ավտոմեքենաները  կայանում են  որտեղ  պատահի, անգամ  կանգառներում ու մայթերի վրա: Թեև  մի քանի ավտոկայանատեղի  կա, սակայն  բարձր  վարձավճարի  պատճառով  դրանք  հասանելի չեն  բոլորին:

 

 

-Երևանի քաղաքապետարանը  բազմիցս արգելել է   փողոցային  առևտուրը, սակայն  այն այսօր էլ շարունակվում է: Լուծման  ի՞նչ ուղիներ կառաջարկեք:

 

– Գիտեք, դժվար չէ արգելել, փոխարենը ոչինչ  չառաջարկելով,  մինչդեռ շատերի համար  դրա  ապրուստի  միակ  միջոցն է: Հասկանալի է, իր տեսակով փողոցային  առևտուրը  հարիր  չէ  մեր մայրաքաղաքի արտքին  տեսքին ոչ  միայն  մաքրության, այլև  զբոսաշրջիկների  պահով: Կարծում եմ  արգելելուց  առաջ  պետք է  առաջարկել այլընտրանք, դրանք  մատչելի շուկաներն են, որտեղ հնարավոր կլինի  իրականացնել քաղաքակիրթ առևտուր: Այսօր դժվար է գյուղի  բնակչին  համոզել, որ  նա  իր բերքը  վաճառի շուկայում, դա  նրա  կարծիքով  լրացուցիչ ծախս ու ժամանակի  կորուստ է: Բայց  միաժամանակ  պետք է պահանջել  նրանցից   հարգել  օրենքը:

 

 

Բացի դա փողոցային  առևտուրը  նպաստում է  նաև  ամենուրեք աղբի  կուտակմանը,  հատկապես, որ այս  օրերին մայրաքաղաքում աղբահանությունը  վատ է  իրականացվում: Ես համնաձայն  չեմ,  որ ամբողջ քաղաքի աղբահանությունն  իրականացվում է  մեկ  կազմակերպության կողմից: Երևանն  մեծ քաղաք է  և  հարկ է, որ աղբահանությունն  իրականացվի օրվա  մեջ  և ոչ  թե  մեկ, այլ երկու հերթափոխով: Այս հարցը կանոնակարգման կարիք ունի, այլապես մայրաքաղաքն ամբողջովին աղբի  մեջ կորած է, այն  դեպքում, երբ պատրաստվում ենք  հյուրընկալել  Ֆրանկոֆոնիայի  2018թ.  գագաթաժողովը,  որից  հետ նշվելու է Երևան-2800 ամյակը: Սրանք  կարևոր միջոցառումներ են, որոնք ենթադրում են քաղաքային  իշխանությունների  արհեստավարժ կազմակերպչական ունակություն և բարձր պատասխանատվություն:

 

 

-Երևանի  կոլորիտը վրականգնելու համար լուծման  ինչպիսի՞ ուղիներ եք  տեսնում:

 

 

Երևանի  ճարտարապետական դեմքն այնքան է  խաթարվել,  որ  չեմ  պատկերացնում, թե  արդյոք  հնարավո՞ր է  վերականգնել պատմական  տեսքը,  նախկին  կոլորիտը: Հին,  արդեն պատմություն ունեցող  շենքերը  շրջապատվել են  նորակառույց  շենք  շինություններով,  կարծես  խեղդվում են  դրանց  օղակում, համաչափություն  չկա: Եվրոպական  քաղաքներում անգամ  բնակիչներին  պարտադրում են, որ  տանիքները  միանման  գույնով  ներկեն, մինչդեռ  մեզ  մոտ  ոչ միայն  շենքերի  տանիքների, այլև  պատշգամբերի  համաչափությունն է  խախտված: Չեմ  կարծում  թե  կգտնվի  մի երևանցի, որ  չսիրի  Երևանը,  բայց  սիրելով հանդերձ անփույթ ու անհոգ են  մայրաքաղաքի  հանդեպ:

 

 

Երևանում  կան  թաղամասեր, որոնք  շատ են  մռայլ: Իմ կարծիքով նման  վայրերում  կարելի է  կիրառել  մոդեռն-արտ, արդյունքում  տխուր ու  մռայլ  թաղամասերը կփոխեն արտաքին  տեսքը,  կդառնան ավելի  հրապուրիչ, ինչ էլ  կնպաստի  բնակչի  տրամադրության  բարձրացմանը: Ցավում եմ, որ այլևս  հնարավոր չէ  վերականգնել  Հին Երևանը: Երևանը միայն մայրաքաղաքի  բնակչինը չէ, այն  համայն  հայության՝ Սփյուռքի  մայրաքաղաքն է, ում  հայացքը  մշտապես սևեռված է Երևանի  վրա: Երևանն  իր  ներքին ու արտաքին  գրավչությամբ  պետք է  համախմբի աշխարհասփյուռ  հայությանը:

 

 

-Ըստ Ձեզ, կանանց  ներգրավվածությունը  քաղաքականության  մեջ որքանո՞վ կնպաստի երկրում,  մայրաքաղաքում առկա  խնդիրների լուծմանը:

 

 

Ես դրական եմ  գնահատում  կանանց  ներգրավվածությունը քաղաքականության  մեջ,  որն արդեն  տենդենց է  ողջ աշխարհում: Փորձը ցույց է  տալիս, որ  կանայք ավելի  խորքային  են  դիտարկում  բոլոր խնդիրները,  ավելի խաղաղ են  քննարկումների  ժամանակ, նրանք  կարողանում են  հարթել  սուր անկյունները  և  գտնել  ավելի  ճիշտ  լուծումներ: Եվ  հետո  կանայք  երկրի,  քաղաքի  կառավարման խնդիրներին  մոտենում են  սրտացավությամբ,  ինչպես  հարազատ  օջախի,  նրանք  ռիսկային  քայլերի չեն  գնա և  չեն  վտանգի խաղաղությունը հանուն ինչ-ինչ շահերի: Երևան քաղաքի  առումով  կանանց  դերը  գնահատում եմ, քանի որ  մայրաքաղաքի  խնամքն  ավելի  հոգատար,  նուրբ  սրտի ու ձեռքերի  կարիք ունի:      

            

 

  Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 3030

Գլխավոր էջ