«Որոշեք՝ որ կատեգորիային եք պատկանում»…
Հարցազրույց «Դժվար ապրուստ» սերիալի սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանի հետ:
«Գլխավոր հերոս Գոռը Մերիին է ծեծում, Գոռի եղբյարը` Ֆելոն, Էվային է ծեծում, Գոռի հայրը` մորը, Գոռի փեսան` Գոռի քրոջը, մի խոսքով, ով ում պատահի խփում է»,- «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի մասին իր տպավորությունն է հայտնում հեռուստադիտող Էլեն Արզումանյանը: Աշխեն Քեշիշյանն էլ կարծում է, որ սերիալը միտումնավոր կանանց նկատմամբ բռնություն է քարոզում. «Մի տարի շարունակ էկրանից կին ծեծելը կատակ չէ, ընդ որում` կին, քույր, անգամ մայր»: Հեռուստադիտողներից շատերին ապշեցրել է այն, որ ֆիլմի գլխավոր դրական հերոսը, թեեւ կարծում է, որ կինը հղի է, այնուամենայնիվ, չի զլանում պարբերաբար ապտակներ հասցնել նրան:
Տարիքային հոգեբան Էլինա Ավետիսյանը կարծում է, որ հեռուստասերիալները մեծ ազդեցություն են ունենում հատկապես դեռահասների վրա, որոնք առավել խոցելի են: «Երեխաները կարող են հեշտությամբ ընդօրինակել հեռուստատեսային ցանկացած հերոսի վարքը, ընդ որում նաեւ նրանը, ով բռնության է ենթարկում կնոջը, դրա համար ծնողները պետք է երեխաներին բացատրեն, որ սա չէ մեր իրականությունը»,- ասում է հոգեբանը:
Իսկ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանն այլ դիրքորոշում ունի կնոջ նկատմամբ բռնության եւ հեռուստատեսության ազդեցության վերաբերյալ, ներկայացնում ենք մեր հարցազրույցն առանց մեկնաբանությունների:
– Հեռուստադիտողները նշում են, որ «Դժվար ապրուստ» սերիալում չափից շատ են կնոջ նկատմամբ բռնության տեսարանները:
– Ի՞նչ է նշանակում բռնության տեսարան եւ առհասարակ կնոջ նկատմամբ բռնություն: Դուք տղամարդ եք, եթե Դուք ամուսնանաք մի կնոջ հետ եւ գիտակցեք, որ նրա սիրտն ուրիշին է պատկանում, Դուք կասեք` վայ, ազիզ ջան, գնա ուրիշ տղամարդու մո՞տ: Եթե նման բան ասեք, ուրեմն Դուք տղամարդ չեք: Գլխավոր հերոսը հիմա հասկանում է, որ կինը իրեն ստել է հղիության հետ կապված, դրա համար էլ կնոջ հետ այդպես է վերաբերվում, որովհետեւ տղամարդուն չի կարելի հիմարեցնել, առհասարակ ընտանիքին չի կարելի հիմարեցնել: Ի՞նչ է նշանակում կանանց նկատմամբ բռնություն. դա այն է, երբ կնոջն անմեղ տեղը բռնանաս, բռնաբարես, պատվազրկես: Բայց երբ դու տեսնում ես, որ կինդ քեզ հիմարեցնում է, եւ մեկ հատ ապտակում ես, դա չի նշանակում բռնություն, դա յուրաքանչյուր ընտանիքում կա, ես կարծում եմ, որ տղամարդիկ, մանավանդ հայ տղամարդիկ, չպետք է թույլ տան, որ կանայք իրենց հիմարեցնեն:
– Իսկ Դուք դա ո՞ր ընտանիքում եք տեսել. օրինակ իմ ընտանիքում ես չեմ տեսել, որ ամուսինը կնոջը ծեծի:
– Եթե ձեր ընտանիքում մայրդ հորդ դավաճանի, գնա հարեւանի ծոցը մտնի, հայրդ կասի` ապրես կնիկ ջա՞ն:
– Եթե իրար չեն սիրում, դավաճանություն կա, կարող են պարզապես ամուսնալուծվել:
– Ոնց, այսինքն` էն ամենասիրուն ձեւով կասի` ապրես, որ գնացել ես, մենք երեւի ամուսնալուծվե՞նք: Լավ, ինձ մոտ տղամարդու հետ կապված բաները լրիվ ուրիշ ձեւ են, Դուք ավելի լավ է` որոշեք, թե Դուք որ կատեգորիային եք պատկանում, նոր զանգահարեք:
– Իմ անձնական կարծիքն այլ է, բայց Ձեր դեպքում կարծիքը դրված է սերիալում եւ այն մեծ ազդեցություն ունի մարդկանց վրա:
– Եթե ընտանիքը կարող է սերիալ նայելով ինչ-որ բան վերցնել, այն էլ վատը, ապա դա ընտանիք չէ, որովհետեւ նման բաներ մենք նաեւ մեր շրջապատում ենք տեսնում` բակում, դպրոցում, համալսարանում, ամեն տեղ դու նման բանի ականատես ես լինում: Եթե մարդիկ նմանատիպ բաներ պիտի ընդօրինակեն, նշանակում է, որ այս ազգը հեղհեղուկ ազգ է: Ես չեմ կարծում, որ կայուն դաստիարակված ընտանիքի վրա հեռուստատեսությունը կարող է ազդեցություն ունենալ:
– Բայց ձեր սերիալում ներկայացվում է, որ դրական հերոսն է պարբերաբար ապտակում կնոջը: Իսկ դրական հերոսներին ընդօրինակում են:
– Նախ, պարբերաբար չի ապտակում, ինքը նոր է սկսել ապտակել, որովհետեւ հասկացել է, որ կինն իրեն հիմարացնում է: Եւ երկրորդ` մարդ չի կարող լինել իդեալական: Դրական հերոսն ինքն էլ ունի իր պոռթկումները: Յուրաքանչյուր մարդ այս կյանքում սայթաքելու իրավունք ունի, ինչ-որ իրավիճակներում իրեն դարձնում է ոգելիցի զոհը: Բայց դա իրեն հարիր չէ, որովհետեւ մարդու ներքինը չի փոխվում: Սա պարզապես առերես երեւույթ է, որը ժամանակի հարց է ընդամենը:
– Իսկ հակառակ տեսարաններ պատահել են ձեր ֆիլմում, երբ կինն է պոռթկացել եւ ամուսնուն ապտակել է:
– Եղել է, երբ Մերին ապտակել է, նմանատիպ բան կա, բայց դե չափի մեջ, էլի, որովհետեւ դե կին է, իր էությամբ համեստ ու հեզ է:
– Չեք կարծում, որ հեռուստատեսությամբ պարբերաբար ցուցադրելով, կարծես լեգիտիմացվում է տղամարդու` կնոջը բռնության ենթարկելու իրավունքը, կարծես թե դա նորմա է, եթե կինը ստել է, ապա տղամարդը պետք է հարվածի:
– Տղամարդիկ առանձնանում են տաքարյունությամբ ու երբ զգում են, որ կինը սխալ քայլ է անում, խոսքը զուտ դավաճանության եւ խաբեբայության մասին է, միայն այդ դեպքերում է, որ կարող են տղամարդիկ պոռթկալ:
– Հետաքրքրական է, որ Դուք կին եք, բայց Ձեր սցենարով արդարացնում եք տղամարդկանց այդ գիծը:
– Մեզ մոտ չի արդարացվում, այնքանով է արդարացվում, որ այդ խաբեությունն ու սուտը չպետք է ընտանիքում լինի, դա ճիշտ չէ:
– Հեռուստատեսությունն ունի նաեւ դաստիարակչական գործառույթ:
– Դաստիարակչական գործառույթը նշանակում է, որ հեռուստաընկերությունը պետք է ցուցադրի գիտահանրամատչելի հաղորդումներ, ես շատ եմ ուզում նման հաղորդումներ ստեղծել: Սերիալով չէ, որ ազգը պետք է դաստիարակվի, ինձ համար շատ ցավալի է, որ այսօր սերիալն առաջին տեղում է: Բայց եթե սերիալն առաջին տեղում է, նշանակում է` ազգն է այդպիսին, իրենք են դա պահանջում:
– Իսկ գուցե ինչ տվել եք, դա էլ սկսել են պահանջե՞լ, այսինքն` սովորեցրել եք հեռուստադիտողին:
– Ոչ: Ոչ, թող չնայեն, թող վարկանիշն ընկնի, ղեկավարությունն էլ ասի` սերիալ չեն նայում, էլ չենք անում, անում ենք գիտահանրամատչելի հաղորդումներ: Ես կլինեմ առաջին երջանիկը:
Արման Ղարիբյան
Դիտումների քանակը` 18191