Ինչո՞ւ են կին գիտնականները ստվերում մնում
Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականների միայն 3.1%-ն է կին: Ինչո՞ւ են կին գիտնականները ստվերում մնում, իսկ նրանց աշխատանքը հաճախ վերագրվում է իրենց տղամարդ գործընկերներին: Այս հարցը տասնյակ տարիներ առաջ հուզել է մասնագիտությամբ քիմիկ Մագդոլնա Հարգիթայիին:
«Քսան տարի առաջ ես եւ ամուսինս գիտական հանդեսի համար հոդվածներ էինք պատրաստում հայտնի գիտնականների մասին: Ես դեռ այն ժամանակ նկատեցի, որ նրանց թվում կանայք շատ քիչ են: Սակայն ես վստահ էի, որ բազմաթիվ արժանավոր կին գիտնականներ էլ կան, ուղղակի աշխարհը տեղյակ չէ նրանց մասին»,- ասում է Մագդոլնան:
Նա հավաքագրել է տարբեր մայրցամաքներում ապրող կին գիտնականների մասին տեղեկատվություն եւ անցած տարի հրապարակել է այն գրքի տեսքով: Հունվարի 19-ին Կենտրոնական Եվրոպական Համալսարանում կայացած հանդիպման ժամանակ Մագդոլնա Հարգիթայիին ներկայացրեց իր աշխատանքը, որը կոչվում է «Կին գիտնականներ. անդրադարձներ, մարտահրավերներ եւ սահմանների խախտում»:
Գիրքը տեղեկատվություն է պարունակում գրեթե 70 կին գիտնականների աշխատանքների, անցած ուղու եւ դժվարությունների մասին: «Նրանցից ոմանք արդեն մահացել են, բայց ես նրանց պատմությունները եւս ներառել եմ այս գրքում, քանի որ այդ կանանց մասին աշխարհը պետք է իմանա»,- նշում է գրքի հեղինակը:
Մագդոլնան գիրքը մի քանի մասերի է բաժանել, ազգությամբ թուրք, հնդիկ եւ ռուս գիտնականներին առանձին է ներկայացրել, քանի որ նրանց մասին առկա տեղեկատվություն գրեթե չկա:
«Նույնիսկ Թուրքիայում քչերը գիտեն, որ Այհան Ուլուբելեմն է հայտնաբերել հղիության դեմ գործածվող դեղաբույսի քաղցկեղածին հատկությունը, որից հետո այդ դեղամիջոցն արգելվել է: Նրա շնորհիվ բազմաթիվ կանանց կյանքեր է փրկվել»:
Գրքի հեղինակը սիրով ու հիացմունքով էր խոսում բոլոր կին գիտնականների մասին, ում հետ իրեն բախտ է վիճակվել անձամբ հանդիպել եւ զրուցել: «Բոլորի պատմություններն էլ հետաքրքրական են: Օրինակ, Ռիտա Մոնտալչինիի հայրը արգելել է նրան համալսարան ընդունվել: Ստիպել է, որ աղջիկը ամուսնանա: Սակայն երբ Ռիտան չափահաս է դարձել, ինքնուրույն կարողացել է համալսարան ընդունվել: Արդյունքում նա գիտնական է դարձել եւ արժանացել Նոբելյան մրցանակի»,- պատմում է Մագդոլնան:
Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրեց Նոբելյան մրցանակի արժանացակ կանանցից մի քանիսին: 1977 թվականին մրցանակ ստացած Ռոզալին Յալոուն միակ կինն է եղել, ով ժամանակին ընդունվել է Ֆիզիկայի ինստիտուտ: Նա ոչ միայն գերազանցությամբ տիրապետել է առարկային, այլեւ մի շարք գիտական բացահայտումներ է արել, որոնցից ամենանշանավորը ռադիոակտիվ նյութերի գործածությունն է բժշկության մեջ:
Մեկ այլ մրցանակակիր՝ Գերտրուդ Էլիոնը, քիմիկ-դեղագետ է, ով բազմաթիվ դեղամիջոցներ է ստեղծել: «Երբ ես մտա նրա աշխատասենյակ, ամբողջ պատերին գրություններ էին փակցված: Դա սովորական մարդկանց շնորհակալության խոսքերն էին, որոնք Գերտրուդի դեղամիջոցների միջոցով կարողացել էին ապրել»,- հիշում է Մագդոլնան:
Բանախոսն ընդգծում է, որ գրքում ներառված գրեթե բոլոր կին գիտնականները նաեւ ունեն ընտանիք եւ երեխաներ: «Իհարկե, շատերի համար դժվար է եղել: Ես նրանց հարցնում էի, թե ինչպես են իրենք կարողացել համատեղել ընտանիքն ու գիտությունը: Շատերը աջակցող ամուսիններ են ունեցել, սակայն այդ կանանցից ոչ ոք չէր կարող հաջողության հասնել, եթե այդքան համառ ու նպատակասլաց չլինեին»:
«WomenNet.am»-ը հարց ուղղեց բանախոսին՝ արդյոք կին գիտնականների գալիք սերունդը եւս բախվում է ընտանիքն ու գիտությունը համատեղելու խնդրին: «Այո, իհարկե, կանանցից շատերը ցանկանում են մայրանալ եւ դա հաճախ լինում է այն տարիքում, երբ նրանք պետք է իրենց առաջին լուրջ ուսումնասիրություններն անեն, առաջին կոչումների արժանանան գիտության բնագավառում: Այժմ կին հետազոտողներին ինստիտուտները հավելյալ մեկ տարի են տրամադրում, որպեսզի երեխա ունենալու փաստը չխանգարի նրանց: Հիմա կարծես ավելի հեշտ է, քան նախկինում, բայց դժվարություններն , այնուամենայնիվ, ավելի շատ են, քան տղամարդկանց համար»,- ընդգծեծ Մագդոլնա Հարգիթայիին:
Արման Ղարիբյան
Բուդապեշտ
Հ.Գ. Ըստ Եվրոպական միության վիճակագրական ծառայության, Եվրոպայի գիտնականների մեկ երրորդը կանայք են: Ըստ ՀՀ Վիճագրական ծառայության տվյալների Հայաստանում գիտական աստիճան ունեցողներից 37 տոկոսը կանայք են:
ԱՄՆ-ի Ինդիանայի համալսարանի գիտնականները՝ հաշվարկելով կին եւ տղամարդ գիտնականների կողմից հրապարակումների թիվը, եկել են գրեթե նույն հարաբերակցության . գիտական աշխատությունների հեղինակների կին/տղամարդ համամասնությունը աշխարհում 30 եւ 70% է, համապատասխանաբար:
Հետազոտողները վերլուծել են գիտական հոդվածների Web of Science միջազգային բազայում 2008- 2012 թ.թ հրապարակված 5.5 միլիոն գիտական հոդված, որոնց հեղինակներն էին ավելի քան 27 մլն գիտնականներ:
Կարդացեք կին գիտնականների եւ նորարարների մասին.
Կին գիտնականներ եւ նորարարներ / ֆոտոռեպորտաժ
Самые знаменитые женщины-ученые.
Филдсовскую медаль по математике впервые в истории получила женщина
Лучшие изобретения женщин в истории
Самые известные изобретения женщин.
10 женщин-учёных, изменивших мир
Хэди Ламарр – изобретательница Wi-Fi
10 сделавших инновационные открытия женщин-учёных, которые были вычеркнуты из истории
Կանանց դար. Ատոմային կանայք / վիդեո
Կանանց դար. Փիլիսոփայության աստվածուհիները / վիդեո
Կանանց դար. Հոգեվերլուծության ծնունդը
Դիտումների քանակը` 5103