«Սայտոտեկի» ազատ վաճառքն արգելվեց


Իրականում  «Սայտոտեկ» (Cytotec) դեղամիջոցը նախատեսված է աղեստամոքսային տրակտի  հիվանդությունների համար , սակայն կանայք այն հաճախ օգտագործում են հղիությունն ընդհատելու նպատակով։  Այդ դեղամիջոցը  արգանդի սուր կծկումներ է առաջացնում` արյունահոսության և պտղի վիժման հիմք դառնալով:

 

 

Մասնագետները նշում են, որ հղիության ընդհատման նպատակով կիրառվելու դեպքում սխալ դեղաչափերի և ընդունման կանոնների խախտման դեպքում «Սայտոտեկի» հաբերից սկիզբ առած առատ արյունահոսությունը ուղեկցող բարդությունները կարող են ոչ միայն անդառնալի առողջական խնդիրների պատճառ լինել, այլև կնոջ կյանք արժենալ:

 

 

Հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի հաստատմամբ  եղել են   դեպքեր , երբ «Սայտոտեկ»-ի  սխալ օգտագործման կամ չափը գերազանցելու հետևանքով կանայք  հայտնվել են  վերակենդանացման բաժանմունքում, ու  չկա այդպիսի մի օր, որ այս կամ այն հիվանդանոցում  այդ դեղամիջոցի հետ կապված   բարդություններով    դեպք չգրանցվի:

 

 

ՀՀ Առողջապաության  նախարարության տվյալներով  «Սայտոտեկ»-ի ներկրումն ու կիրառումը   Հայաստանում աճել է  ավելի քան 10 անգամ` մեկ տարվա կտրվածքով հասնելով 2500 տուփից  26.655 տուփի: Ու թեեւ  պաշտոնական տվյալներով  վերջին տարիներին   հիվանդանոցներում կատարած  աբորտների թիվը  նվազում է, «Սայտոտեկի» վաճառքի ծավալները թույլ են տալիս ենթադրել, որ դա կատարվում  է տնային աբորտների աճի հաշվին: :Աճում է նաեւ  «Սայտոտեկի»   կիրառումից տուժած  կանանց թիվը՝ արնահոսություններ, բորբոքային պրոցեսներ, հետագա չբերություն: Խնդրի մասին առաջիններից մեկը ահազանդեց  ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը, որի  աջակցությամբ կատարված հետազոտությունները  բացահայտեցին , որ  «Սայտոտեկը»  Հայաստանում լայն տարածում  ունի որպես տնային պայմաններում վիժում առաջացնելու միջոց՝ դրա հետ կապված բոլոր լուրջ հետեւանքներով:

 

 

Նշված  համգամանքները հաշվի առնելով ՀՀ  Առողջապահության նախարարությունը  որոշում ընդունեց՝  2014 թվականի օգոստոսի 1-ից արգելել  Միզոպրոստոլ (Սայտոտեկ, Միրոլյուտ) դեղամիջոցի վաճառքն առանց դեղատոմսի:

 

Դիտեք  նաեւ  CivilNet-ի ռեպորտաժը թեմայի առնչությամբ:

 

 

 

Կարդացեք մեր կայքում.

 

“Կանայք պետք է ավելի գրագետ մոտենան իրենց առողջությանը”

 

“Հայ կինը անբարյացակամ է իր առողջության նկատմամբ”…

 

Հայաստանում տնային աբորտների աճի վտանգավոր միտում է նկատվում

 

 

 

Դիտումների քանակը` 11897

Գլխավոր էջ