Ռոզա մայրիկ. «Ստացվում է, մենք պետությանը պետք չենք…»
– Հեռուստացույցով լսեցի, որ տարեցների օրն էին նշում… Էհ, ինչ միջազգային օր, դա ինձ համար չի, երբ ես իմ կարիքների համար անգամ 2 մետր չեմ կարող քայլել, էլ ինչ տոն, ես բեռ եմ դարձել զավակներիս համար,-նեղսրտում է 76 ամյա Ռոզա մայրիկը, արձագանքելով Տարեցների միջազգային օրվա մասին իմ հարցին:
-Իմ երեխաները չեն դժգոհում, հոգատար են իմ հանդեպ, ու լավ են ինձ պահում, բայց ես բոլորի ոտքը կապել եմ տանը ու իմ փեշին, ինձ մենակ թողել չեն կարող, ոչ քայլել կարամ, ոչ էլ կարիքներս եմ կարողանում հոգալ,- շարունակում է նա ձեռքով հարվածելով ոտքերին,- Ախր էս անտերները իսկի սյուն չեն տալիս, որ կանգնեմ:
Ռոզա մայրիկը արդեն 3 տարի է տնից դուրս չի եկել: Ծունկը կոտրելուց հետո նա այլևս չկարողացավ քայլել: Գյուղից տեղափոխվել է և ապրում է տղայի տանը, Երևանում:
– 33 տարի աշխատել եմ մեր գյուղի կոլխոզում, հող եմ մշակել, ծառ տնկել 3 երեխա եմ մեծացրել, հետո էլ իմ այգին եմ մշակել, կով, խոզ ու հավ եմ պահել: Արել եմ ամեն ինչ՝ հիմնականում ծանր ֆիզիկական աշխատանք, դա է գյուղացու գործը,- ժպտում է նա,- միշտ եղել եմ ակտիվ, կենսուրախ, երբեք չեմ իմացել թե ինչ է ֆիզիկական հոգնածությունը, հիվանդ երբեք չեմ եղել,- հպարտությամբ ասում է նա,- չէի էլ հիվանդանա, եթե էդքան մտածմունք չունենայի, եթե էդ քարը ոտիս տակից չփախներ՝ չընկնեի: Իսկ համա, եկել «գերի եմ մնացել» 7-րդ հարկում, ոչ դուրս եմ կարում գամ, որ արևի երես եմ տեսնեմ, մաքուր օդ շնչեմ, սա իսկի կյանքի նման էլ չի, իսկ դու ասում ես միջազգային օր:
Ռոզա մայրիկը ասում է, որ իրեն մի տեսակ անտեսված է զգում, կարծես պետությանն պետք չեն ինքն ու իր նմանները, շենքերն այպես են կառուցված, որ սայլակով դուրս գալն անհնար է, դեղօրայքն թանկ է, թոշակը շատ քիչ.
– Սովետի տարիներին մարդ ու կին աշխատում էինք, բանկում գումար էինք հավաքում, մտածում էինք ապահով ծերություն կունենանք, ով կմտածեր էսպես կլիներ՝ մեր փողերը կկորեին, ես էլ կմնայի 39 հազար դրամ թոշակի հույսին,- ասում է Ռոզա մայրիկը,- հազար ու մի տեսակ դեղեր էմ խմում,- ցուց է տալիս դեղերի իր տուփը,- սա ճնշումի, սա սրտի, ցավազրկող, շաքարի, արյունը նոսրացնող, մարսողության դեղ է, ես երկուսն էլ կաթեցնում եմ աչքերս, օրեկան էլ 3-4 տակդիրն էլ գումարած: Բա անտեսված ենք, բա ինչ ենք, այսքան դեղերից պետությունը միայն շաքարի դեղն է տալիս, մնացածը երեխաներս են մի կերպ գնում: Գոնե ծերերին ու թոշակառուներին որոշ դեղեր լինեին անվճար, մյուսները կես գնով, իսկ տակդիրներ, ընդհանրապես պետք է բաժանվեին անվճար կարիք ունեցողներին… թե չէ ստացվում է, մենք պետությանը պետք չենք…
Ռոզա մայրիկը արդեն երկար ժամանակ գիշերները չի կարողանում քնել, ասում է մտածելու բան շատ ունի.
-Ինչպես չմտածեմ, տան միակ աշխատողը տղաս է, հազիվ ենք ծայրը-ծայրին հասցնում: Հարսս աշխատանքից դուրս է եկել, ինձ է խնամում, ամբողջ ծանրությունը նրա վրա է մնացել, – ձեռքերն է տրորում Ռոզա մայրիկը,- գիտեք հեշտ է հիվանդ պահելը: Խեղճի մեջքը արդեն ցավում է, տակդիր փոխել, լողացնել, հագցնել, լվանալ, մաքրել, ամեն ինչ նրա ուսերին է, տնից չի էլ կարողանում դուրս գալ, ինձ ում թողնի, – հուզվում է նա,-մարդիկ արտասահման են գնում ու այնտեղ հիվանդ պահելով լավ գումարներ են վաստակում… Այ, եթե մեզ մոտ էլ նման մի բան լիներ: Վերջերս կառավարությունը երեխաներին խնամող դայակների համար սկսեց գումար վճարել, երեխաների հարցը կարծես թե ուզում են լուծել, բա մերը՞… միգուցե մեզ էլ հաշվի առնեն, տարեցներին խնամելու համար էլ գումար տան հիվանդին պահողին… Թե չե ճառեր ասելով, մաղթանքներ հայտնելով, շնորհավորելով հարց չի լուծվի, գործեր են պետք, բոլոր տարեցներն էլ սպասում են, հույսով սպասում են…
Կարինե Պետրոսյան
Դիտումների քանակը` 946