Կանանց դերը կուսակցություններում. տեսությունից դեպի քաղաքական պրակտիկա
«Ժառանգության» կուսակցության ցուցակում , որը այս տարվա ընտրություններում մաս է կազմում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի, չենք տեսնի ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, ինչպես նաև Անահիտ Բախշյանի անունները:
Ինչպես և 2012 թվականին, այնպես էլ այս տարվա խորհրդարանական ընտրությունները լուրջ փորձություն դարձան «Ժառանգություն» կուսակցության համար: Հինգ տարի առաջ հանրության կողմից ճանաչված ժառանգականները, որոնք նախորդ տարիներին ակտիվ պայքար էին մղում բոլոր բնագավառներում՝ Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը ինչ-ինչ պատճառներով ցուցակում հայտնվեցին ոչ անցողիկ տեղերում, իսկ համանուն խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը որոշում կայացրեց ընդհանրապես չընդգրկվել կուսակցության ցուցակում:
Այս տարի իրավիճակը փոքր-ինչ այլ է. Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցությունը հայաստանյան քաղաքական դաշտում պահելու համար որոշում կայացրեց մասնակցել ընտրություններին դաշինքով՝ Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի հետ մի թիմով: Որոշ քաղտեխնոլոգներ համարում են, որ դա օպտիմալ որոշում էր «Ժառանգության» համար: Սակայն քչերն են նշում, որ այդ ալյանսի արդյունքում կուսակցությունը կորցրեց միանգամից երկու առանցքային դերակատարների՝ Զարուհի Փոսանջյանին և Անահիտ Բախշյանին, ովքեր հաշվի առնելով նախորդ ընտրությունների դաշինքի անփառունակ փորձը, դեմ էին դաշինք կազմելու գաղափարին և համարում էին, որ «Ժառանգությունը» պետք է միայնակ գնա ընտրությունների:
Անահիտ Բախշյանը դեռ տարեսկզբին էր հայտարարել, որ դադարեցնում է անդամակցությունը կուսակցությանը , բայց ըտրություններին կմասնակցի, քանի որ ուզում է նորից պատգամավոր դառնալ: Այժմ նա «Ազատ դեմոկրատների» ցուցակի առաջին կին թեկնածուն է : Այս զարգացումների ֆոնին հարցականի տակ հայտնվեց նաև Զարուհի Փոստանջյանի ապագան, պատգամավորը չէր շտապում փակագծեր բացել ընտրություններում իր մասնակցության վերաբերյալ մինչև վերջ փորձելով հետ պահել «Ժառանգությունը» որևէ դաշինքից: Լրատվական որոշ աղբյուրներ իր անունը կապում էին «Ելք» դաշինքի հետ, առավել ևս, որ հրավեր այդ դաշինքից տիկին Փոստանջյանը ստացել էր: Բայց հենց որ հրապարակվեցին ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի և դաշինքների համամասնական ու ռեյտինգային ցուցակները, պարզ դարձավ, որ Զարուհի Փոստանջյանն այս ընտրություններին չի մասնակցի:
Այն առիթով, որ Զարուհի Փոստանջյանն այլևս հաջորդ խորհրդարանում չի լինի, ափսոսանք է հայտնել անգամ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Անսպասելի խոստովանություն էր շատերի համար, քանի որ այս երկու պատգամավորների միջև գաղափարական տարաձայնությունները հաճախակի հանրության ուշադրության կենտրոնում են հայտնվել: Բայց միևնույն է՝ Զոհրաբյանը գործընկեր-կնոջը սկզբունքային քաղաքական գործիչ է որակում ու ափսոսում նման որոշման համար.
«Հարգանքով եմ վերաբերվում թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանին, թե՛ Արմեն Մարտիրոսյանին, բայց այսօրվա «Ժառանգությունն» ինձ համար, ինչպես նաև, համոզված եմ, հանրության համար Զարուհի Փոստանջյանն է: Անկախ նրանից, որ հաճախ, տարբեր հարցերի վերաբերյալ մենք ունեցել ենք տարբեր մոտեցումներ և հնարավոր է էլի ունենանք՝ Զարուհի Փոստանջյանին համարում եմ սկզբունքային, հանրային մեծ հեղինակություն ունեցող և հարգանքի արժանի գործիչ»,- WomenNet-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Գուցե, ինչպես կուսակցության որոշ անդամներն են ասում, անփոխարինելի մարդիկ չկան, սակայն դժվար է պատկերացնել «Ժառանգությունը» առանց այն կանանց, ովքեր առանցքային խաղացողներ են եղել և առանց չափազանցության՝ շատ դեպքերում իրենց վրա տարել «Ժառանգության» պայքարը: Քաղաքական ճանապարհի սկզբում Րաֆֆի Հովհաննիսյանն իր շուրջը հավաքեց այնպիսի անհատների, որոնք 2007-2012 թվականներին գաղափարական ու սկզբունքային հենքի վրա հիմնված թիմ դարձան, որոնք ամեն ինչ անում էին ու ամեն տեղ պայքարում էին, երբ խոսքն անարդարության կամ իշխանությունների ամենաթողության մասին էր: Բացի դրանից, Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը կոտրեցին շատ կարծրատիպեր կին քաղաքական գործիչների մասին, ցույց տվեցին, որ կանայք ոչ միայն ԿԱՐՈՂ են և ունեն սեփական կարծիք, այլև ուժ են համախմբվելու դեպքում : Նրանք «Ժառանգության» իմիջի մաս կազմեցին և դժվար է թերագնահատել այն դերը, որ նրանք ունեցան կուսակցության կայացման և ճանաչելության գործում: Ուժեղացնելով կուսակցությունը իրենք էլ ուժեղացան, անշուշտ այսօր էլ այդ կանայք իրենց քաղաքական պոտենցիալը չեն կորցրել և շարունակում են հետևողական մնալ իրենց սկզբունքներում:
Նրանց օրինակն, ի դեպ, արժեքավոր է նրանով, որ շատ հստակ ցույց է տալիս կանանց դերակատարությունն ու ներուժը քաղաքականության մեջ. որքանո՞վ կանայք կարող են օգտակար լինել կուսակցությանը, որքանո՞վ նրանց ներկայությունը կարող է որոշիչ դեր խաղալ կուսակցության իմիջի հարցում, որքանո՞վ նրանց սեփական քաղաքական կարիերայի կայացումը կարող է նպաստել կուսակցության ուժեղացմանը: Այս հարցերը նրանց օրինակով տեղափոխվեցին տեսությունից դեպի հաջողված քաղաքական պրակտիկա : Եվ դա կարևոր հանգամանք է հատկապես Հայաստանում, որտեղ կուսակցություններում ներգրաված կանայք դեռևս եզակի դեպքերում են կարողանում օգտվել իրենց սկզբունքայնության, մտածելակերպի, գործունեության հաշվին կայանալու հնարավորությունից …
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 3385