«Լավ գաղափարներով պետք է կիսվել լավ ընկերների հետ, այլապես դրանք այդ հրաշալի տիտղոսը երբեք չեն ձեռք բերի» . Հռիփսիմե Մկրտչյան
Հռիփսիմե Մկրտչյանը ֆիզիկոս է։ Այս պահին աշխատում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում՝ որպես հետազոտող։ Չնայած երիտասարդ տարիքին տպագրված գիտական աշխատանքներ ունի բարձր վարկանիշ ունեցող միջազգային ամսագրերում, հեղինակ ու համահեղինակ է, նաև գրախոս։ Որպես գիտնական ուսումնասիրում է ամպրոպային ամպերի էլեկտրական կառուցվածքը, հետազոտում ամպրոպներից եկող ճառագայթումն այդ հոսքերը գրանցող դետեկտորների միջոցով, որոնք բարձր լեռնային հատվածներում են տեղադրվում։
Բացի գիտությունից, Հռիփսիմեն մշապես զբաղվել է հասարակական գործունեությամբ՝ հանդես գալով նորարարական նախաձեռնություններով։ Էությամբ ակտիվ, պրպտող գիտնականը «Էկո Աղբ» բնապահպանական ՀԿ-ի հիմնադիրն է։ Պատերազմից հետո ընկերների հետ նախաձեռնել ու իրականացնում են Awesome Nature Armenia նախագիծը։ Երիտասարդ կին գիտնականի հետ WomenNet.am-ը խոսել է նախագծի, դրա նպատակների, պատերազմի դասերի, բանակի համար օգտակար նախագծերի մասին։
–Awesome Nature Armenia նախագծի գաղափարն ինչպե՞ս առաջացավ։ Ովքե՞ր էին արձագանքել նախաձեռնությանը:
-Գաղտնիք չէ, որ Հայաստանի շատ ու շատ համայնքներում առկա են տարատեսակ բնապահպանական խնդիրներ։ Սակայն ստեղծված իրավիճակում բարդ է պատկերացնել այդ խնդիրներից շատերի շուտափույթ լուծումն օրենսդրական բացթողումների, ֆինանսների սղության և մասնագետների սակավության պատճառով։ Իսկ մենք ժամանակ չունենք սպասելու։
Ժամանակին «Օսմ Երևան» հիմնադրամից ստացել եմ մրցանակ 2018 թվականին «Ձեռագործ գիտություն» նախագծի համար, որի իմաստը կայանում էր ստեղծել փոքր լաբորատոր սարքավորումներ դպրոցների համար ուսանողների ձեռքերով՝ լրացնելով համալսարանի պրակտիկ ուսումնական բացը և դպրոցների լաբորատորիանների դատարկությունը։ «Օսմ» հիմնադրամը (Awesome Foundation) համընդհանուր բնույթ կրող միավորում է, որը կոչված է աշխարհում ամենախենթ գաղափարների առաջմղմանը: Որպես այդպիսին, «օսմ» նախագծերն ընդգրկում են ամենատարբեր բնագավառների լայն շրջանակ՝ ներառյալ արվեստի, տեխնոլոգիաների, համայնքային զարգացմանն ուղղված գաղափարներ: Դրանցից շատերը նորարարական ու փորձարարական են եւ երբեմն զարմանք ու հիացմունք են առաջացնում: Երբեմն էլ օսմ գաղափարները մարտահրավեր են նետում եւ շատ հաճախ ոգեշնչման աղբյուր դառնում: Օսմ Երևանի գոյությունը ինձ շատ էր ոգևորել…
Եվ երբ բնապահպանական խնդիրենրի մասին խոսում էի ընկերներիս հետ, միտք հղացավ նույն մոդելը կիրառել նաև բնության խնդիրները լուծելու համար։ Գաղափարիս առաջինը արձագանքեց «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ի համահիմնադիր Արսեն Գասպարյանը, ով ի տարբերություն մյուս բնապահպան ընկերներիս ոչ միայն իր կարծիքն հայտնեց գաղափարի մասին, այլ նաև կարելի է ասել հարկադրեց այն կյանքի կոչել՝ խոսքից գործի անցնելով։
Աշխատանքները համակարգելու համար մեզ միացան ՇԻՎ ընկերության հիմնադիր Գայանե Ղարագյոզյանը և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի աշխատակից Տաթև Վարդանյանը։
Գաղափարի մասին պատմեցինք ընկերներին սոցիալական հարթակներում։ Շատ կարճ ժամանակում նախագծին ցանկություն հայտնեցին միանալու 70 և ավել բնասեր հայեր կարելի է ասել աշխարհի տարբեր անկյուններից, անգամ Կորեայից՝ ամսական ամենացնցող բնապհպանական նախագծի համար պատրաստակամ լինելով նվիրաբերել 5000-20000 դրամ՝ ըստ ցանկության։ Շուտով առաջին նախագծերի գնահտման փուլն է լինելու, ու հուսանք՝ արդյունքը կգոհացնի բոլորիս։
-Ի՞նչ նպատակ ունի նախագիծը…
-Մեր նախագծով փորձում ենք մի քանի նպատակների հասնել, այն է ՝ տեղացիների օգնությամբ վեր հանել մարզերում առկա բնապհպանական խնդիրները, ներգրավել ՏԻՄ մարմիներինւ մարզային բնապահպանական խնդիրների լուծման մեջ, մոտիվացնել մարդկանց փոփոխություններ անելու իրենց մարզերում ու համայնքներում՝ փոքր ստարտափեր հիմնելու միջոցով, սովորեցնել մարզաբնակ երիտասարդներին դիմելու տեղական ու միջազգային դրամշնորհների համար և գտնել հովանավորներ լուրջ բնապհպանական խնդիրների լուծման համար:
Մենք համոզված ենք, որ բնության մասին հոգածությունը, երիտասարդներին մոտիվացնելը, համայնքների մոբիլիզացումն ու մարզերում առկա փոքր բնապահպանական խնդիրների լուծումը կարող է տալ հրաշալի արդյունքներ։ Ուզում եմ ավելացնել, որ լավ գաղափարներով պետք է կիսվել լավ ընկերների հետ, այլապես դրանք այդ հրաշալի տիտղոսը չեն ձեռք բերի երբեք։ Ուրախ եմ, որ նման ընկերներ ունեմ…
-Բացի այս նախագծից, գիտեմ, որ մասնակցում եք հետպատերազմյան վիճակում հայտնված երկրին օգնելու այլ ծրագրերի, նախաձեռնությունների …
-Այս պահին նաև փորձում ենք աջակցել արցախահայ կանանց՝ զբաղվածության ապահովման հարցում։ Երկու հրաշալի քույրիկների Կարինա ու Արիանա Նազարյանների հետ փորձում ենք կազմակերպել ձեռագործ իրերի վաճառք ԱՄՆ-ում։ Դեռ միայն կարողանում ենք աջակցել 7 ընտանիքների, սակայն հուսանք՝ շուտով ավելի շատ կանանց կկարողնանք ներգրավել։ Համաճարակային պայմաններում լավագույն բանը դա իրապես ձեռագործ իրերի արտահանումն է։ Ստիպված չեն գնալ աշխատանքի, ավելացնել լրացուցիչ ծախսեր, պատրաստում են իրերը տանը իրենց ազատ ժամանակի ընթացքում։ Իսկ արտահանելով մենք կարողանում ենք լրացուցիչ ֆինանսներ բերել երկիր, ինչը շատ կարևոր է հատկապես պատերազմական ճգնաժամը հաղթահարելու համար, ճիշտ է այս պահին կարելի համարել կաթիլ ծովում, սակայն նախագծի ծավալները մեծացնելուն պես ավելի շոշափելի կդառնան արդյունքները։ Այլ ծրարգերում մասնակցությունս ժամանակավոր դադարեցրել եմ, գործուղման լինելու պատճառով։
-Որպես երիտասարդ ֆիզիկոս՝ ի՞նչ դասեր տվեց պատերազմը։
-Որպես ֆիզիկոս, ասեմ ավելի կարևորեցի մասնագիտությունս և մասնագիտական գիտելիքներս խորացնելու ցանկությունը։ Վստահաբար առանց հզոր գիտության մենք ուժեղ պետություն կերտել չենք կարող։ Այն դասերը որ քաղեցինք պատերազմից, ցավով, կախված չեն իմ կամ մյուս բնագետ ընկերոջ մասնագիտացումից, այլ պարզապես պետության հսկա բացթողության ու գիտության նկատմամբ արհամարանքի հետևանք են․․․ Եթե պետական համապատասխան մարմիները կարողանային գիտական հաստատություններին տալ երկակի բնույթի խնդիրներ , պատերազմի հետևանքները շատ այլ կլինեին։ Նախքան պատերազմ եղել են հանդիպումներ պատասխաանտու օղակների հետ ու հարցին թե ինչ կարող է անել գիտնականը հնչում էր պատասխան՝ իսկ ի՞նչ կարող եք անել։ Զարգացած պետություններում նման օրինակ հարցադրումը զավեշտ է․․․ Այն խնդիրները, որոնց մասին ես լսեցի պատերազմի ընթացքում, հավատացեք, եթե գիտական համայնքը իմանար, շատ ավելի վաղ ու համապատասխան միջոցները տրվեին, մենք դրանք վստահաբար լուծելու էինք օգտագործելով նաև յուրքանչյուրիս հզոր ու ընդարձակ միջազգային գիտական կապեր։
-Կար կատակ, որ պատերազմի շրջանում ֆիզիկայի ինստիտուտում ցանց են գործում… Մինչդեռ ֆիզիկոսներից հանրությունը այլ սպասելիքներ ուներ …
-Ֆիզիկայի ինստիտուտը չէ, բայց ԵՊՀ- ֆիզիկայի ֆակուլտետում գործել են։ Կատակ չէր, իրապես արել են։ Մեր հասարակությունը պարզապես պետք է կատակի ու զավեշտի վերածելու փոխարեն հարց ուղղեր համապատասխան կառույցներին, իսկ ինչու է առաջացել ցանցերի կարիք։ Իսկ ինչ վերաբերում է գիտական պրոդուկտների, ասեմ որ դրանք եղել են։ Այլ հարց է, որ արդյոք պետք էր հրապարակել դրանց մասին պատերազմի թեժ ժամանակահատվածում։
Բերեմ մի քանի օրինակ, հենց նույն ժամանակ ֆիզֆակում աշխատում էին արդյունավետ զրահապաշտպանիչ շերտ ստանալու վրա / кевлар/, ինչը հիմա պատրաստ է սակայն չունի պետական հետաքրքրվածություն ․․ ավելորդ էր նշել, որ խմբեր կային աշխատանքներ էին տանում գաղտնալսման համակարգերի զարգացման ու եռաչափ տարածության մեջ օտար օբյեկտների հայտնաբերման համար ու բազում այլ նախագծեր, որոնց մասին պետք չէ հրապարակավ հայտարարել։
Այ եթե նույն հանրության կողմից այժմ պահանջ լինի անհապաղ ֆինանսավորել գիտությունը ու պատերազմի հետևանքով արագ սկսված շատ գիտական նախագծեր, հաջորդիվ ավելի պատրաստված կլինենք։ Թերֆինասավորված գիտությամբ կորցնում ենք այն պոտենցիալը, որ կարող էր երկիրը արագ ոտքի կանգնեցնել։ Եթե այսօր չպահանջենք, վաղը ուշ կլինի ․․․
Իրականում այս թեմայով շատ ավելի կարելի է խոսել բայց թողնենք մյուս անգամ ․․․
Զրուցեց Հ. Կարապետյանը
Դիտումների քանակը` 1280