«Հարցվածների 82.4%-ն արդարացնում են բռնաբարությունը». հետազոտություն
Հարցված տղամարդկանց 86.2%-ը և կանանց 78.9%-ը հակված են արդարացնել բռնաբարությունը՝ մեղադրելով զոհին առանձին վերցված պատճառներից մեկով, փաստում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից 2016թվականին անցկացված «Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրը Հայաստանում» սոցիոլոգիական հետազոտության տվյալները: Հարցմանը մասնակցել էր 1600 ՀՀ քաղաքացի՝ Երևանում և մարզերում, 18-59 տարիքային խմբերում:
Փորձագետների գնահատականներով, հարցման արդյունքներն, առանց չափազանցման, ապշեցուցիչ են. յուրաքանչյուր 5 հարցվածից 4-ը համաձայն է առնվազն մեկ պնդման հետ, որն արդարացնում է բռնաբարությունը…
- Երբ կին է բռնաբարվում, սովորաբար նա է ինչ-որ բան արել՝ իրեն դնելով այդ իրադրության մեջ – այսպես են կարծում հարցված տղամարդկանց 40.9%-ը և կանանց 24.2%-ը;
- Որոշ բռնաբարության դեպքերում, կանայք իրականում ուզում են, որ դա տեղի ունենա կարծում են տղամարդկանց 44.0%-ը և կանանց 28.6%-ը;
- Եթե կինը ֆիզիկապես չի հակադարձում, ապա հնարավոր չէ հաստատապես պնդել, որ տեղի ունեցածը բռնաբարություն է – կարծում են տղամարդկանց 61.3%-ը և կանանց 58.4%-ը;
- Ցանկացած բռնաբարության դեպքում անհրաժեշտ է պարզել, թե արդյոք զոհը պատահական սեռական կապեր կամ վատ համբավ չի ունեցել կարծում են տղամարդկանց 64.4%-ը և կանանց 61.0%-ը;
Հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ ինչ վերաբերում է առաջին 2 պնդումներին, բռնաբարության զոհ դարձած կանանց մեղադրող տղամարդ հարցվածների տոկոսը 1.5-2 անգամ բարձր է, քան կին հարցվածներինը: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր չորրորդ կին հարցվածը մեղադրում է զոհին: Ընդհանուր առմամբ, բռնաբարությունն արդարացնող մեկ կամ ավելի պնդումների հետ համաձայն տղամարդ և կին հարցվածների տոկոսը չափազանց բարձր է (համապատասխանաբար 86.2% և 78.9%):
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հարցվածների կողմից, ըստ էության, ինչ-որ կերպով արհամարհվոմ է այն փաստը, որ բռնաբարությունը չափազանց տրավմատիկ փորձ է զոհի համար: Ուշադրությունը շեղվում է բռնարարի մեղսունակությունից և բռնաբարության անընդունելի լինելուց դեպի կնոջ մեղադրանք:
Հարցվածների մեծամասնությունը համաձայն են այն պնդդումներին, որ «Եթե կինը հակահարված չի հասցնում, ապա հնարավոր չէ հաստատ պնդել, որ դա բռնաբարություն է եղել» (59.8%) և «Ցանկացած բռնաբարության դեպքում պետք է պարզել, թե արդյոք զոհը պատահական սեռական հարաբերությունների մեջ չի ներգրավվում կամ վատահամբավ չէ» (62.7%): Այս հարցվածները չգիտեն կամ չեն ուզում ընդունել այն պարզ ճշմարտությունը, որ առանց փոխհամաձայնությանցանկացած սեռական գործողություն փաստացի բռնություն է և որ նման հանգամանքներում սեռական հարաբերությունները բռնաբարություն են համարվում:
Այլ կերպ ասած, այդ հարցվածների կարծիքով մինչև կինը, հետևելով «հայրիշխանական մշակութային նորմերին և լինելով «արժանապատիվ»՝ մեծ կռիվ չսարքի «պատիվը» պաշտպանելու համար հարձակման ենթարկվելու դեպքում, նրան կարող են կասկածել կամ նույնիսկ մեղադրել տղամարդկանց «սադրելու» մեջ, «թեթևաբարո» լինելու մեջ կամ ինքն իրեն փորձանքի մեջ գցելու համար, հատկապես երբ նա չունի արական սեռի «պաշտպան»:
Այդ մարդկանց համար մեծ կարևորություն չունի, որ կինը պարտավոր չէ ֆիզիկական հակահարված տալ կամ «անբասիր» վարքի ապացույցներ բերել՝ զոհ համարվելու համար, այլ ոչ թե սեռական բռնության «օրինական» թիրախ: Կարևոր չէ նաև այն, որ այդ կարծրատիպերը Հայստանի սահմանադրության խախտում են: Ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի 138 Հոդվածի, բռնաբարությունը «տղամարդու սեռական հարաբերություն է կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ մեկ ուրիշի հանդեպ բռնության կիրառմամբ, վերջինիս նկատմամբ սպասնալիքի կիրառմամբ, կամ օգտվելով կնոջ անօգնական վիճակից» և պատժվում է բանտարկությամբ: Օրենքը չի սահմանում այլ պահանջներ՝ բացի կնոջ համաձայնության բացակայությունից, որը թույլ է տալիս ոտնձգությունը բռնաբարություն որակել:
Նմանօրինակ արմատացած «հայրիշխանական» կարծրատիպերը, անշուշտ, վտանգավոր են և ապակողմնորոշում են ավելի երիտասարդ սերունդներին: Ինչքան էլ որ տարօրինակ թվա, թեև բռնաբարությունը կանանց դեմ սեռական բռնության ծայրահեղ ձև է (և, բացի այդ, սեռական հարաբերությունը պատրիարխալ նորմերի և հոգեկերտվածքի համար զգայուն խնդիր է), հարցվածներից շատերը բավականին ներողամիտ դիրքորոշում են որդեգրում: Ամեն դեպքում նրանք ավելի հանդուրժող են թվում այդ հարցում, քան կանանց դեմ ֆիզիկական բռնության դեպքում՝ արհամարհելով այն փաստը, որ բռնաբարությունը սովորաբար ուղեկցվում է ֆիզիկական բռնությամբ:
Հասարակության համար չափազանց մտահոգիչ ևս մի խնդիր պետք է լինի այն, որ նույնիսկ բարձրագույն կրթությամբ հարցվածների կեսից ավելին համաձայն են կարծրատիպերի վրա հիմնված այն պնդումներին, որ այն կանայք, ովքեր ֆիզիկապես հակահարված չեն հասցնում, կամ ովքեր «պատահական» սեռական հարաբերություններ ունեն կամ վատ համբավ (համապատասխանաբար 54.2% և 57.2%) և այսպիսով տեղյակ չեն իրենց տեսակետների անհամապատասխանությանը օրենքի պայմաններին կամ օրինական մոտեցումը չեն համարում ադեկվատ և իրավազոր:
Բռնաբարությունն արդարացնող պնդումների հետ համամիտ երիտասարդների մասնաբաժինը փաստորեն նույնն է, ինչ ավելի մեծ տարիքով սերնդինը: Դա նշանակում է, որ բռնությանն առնչվող կարծրատիպերի վերարտադրման և փոխանցման մեխամիզմը դեռ նույն սանդղակով է գործում: Ընդհանուր առմամբ հարցվածների կրթամակարդակը ցույց է տալիս, թե նրանց որ մասնաբաժինն է հակված բռնաբարությունն արդարացնելու և կին զոհին մեղադրելու, այն է՝ ինչքան բարձր է կրթության մակարդակը, այնքան ցածր է բռնաբարությունն արդարացնողների տոկոսը: Սա հատկապես ճշմարիտ է բարձրագույն կրթության դեպքում:
Ըստ ամուսնական կարգավիճակի և սեռի տարանջատված տվյալները ցույց են տալիս, որ տղամարդ հարցվածների թվում ընդհանուր առմամբ բռնության արդարացմանն ամենաքիչը հակված են չգրանցված/ քաղաքացիական կարգով ամուսնացած տղամարդիկ, իսկ ամենաշատը՝ բաժանված/ ամուսնալուծված տղամարդիկ: Հետազոտության մասնակից տղամարդ հարցվածների տվյալ պնդումներին համաձայնություն տվածների ամենափոքր մասնաբաժինը երևանաբնակներն էին: Ըստ զբաղվածության բաշխված տվյալները ցույց են տալիս, որ պնդումներին համամիտ տղամարդ հարցվածների ամենացածր տոկոսն են կազմում ուսանողները:
Ըստ «Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրը
Հայաստանում» սոցիոլոգիական հետազոտության
արդյունքների
Լուսանկարները՝
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի «Մեղավորը բռնարարն է»
հանրային իրազեկման ակցիայից
Դիտումների քանակը` 2518