«Ռեպլիկը տհաճությունից բացի ուրիշ զգացում չի կարող առաջացնել»
«Վախ, ինչ լավն ես», «քո նման սիրուն աղջիկը խի ա մենակ քայլում», «իզուր չեն ասում`գեղեցկությունը կփրկի աշխարհը»…սրանք մի քանիսն են այն ռեպլիկներից, որոնք հայ տղաներն ուղղում են աղջիկներին` փողոցում կամ հանրային այլ վայրերում:
Մեր անցկացրած հարցախույզից պարզ դարձավ, որ հայ աղջիկների համար հիմնականում տհաճ են փողոցում իրենց հասցեին հնչեցվող ռեպլիկները, եթե անգամ դրանք հաճոյախության ձեւով են արվում:
«Երբեք ինձ դուր չի եկել, երբ անծանոթ տղամարդիկ իրենց թույլ են տվել ռեպլիկներ անել: Ինձ կարիք չկա հիշեցնելու, որ ես գեղեցիկ եմ, ես առանց այդ էլ դա գիտեմ»,- ասում է 24-ամյա Արմինեն: Երիտասարդ աղջիկն իր հասցեին ռեպլիկներ լսում է գրեթե ամեն օր:
«Իրականում դա ճնշում է աղջիկների նկատմամբ, որովհետեւ որեւէ հագուստ ընտրելիս պիտի մտածես, հանկարծ այնպիսի բան չհագնես, որ էլ ավելի ուշադրության արժանանաս: Բայց ես ինչի՞ պիտի իմ արտաքին տեսքը պայմանավորեմ փողոցում անցնող տղամարդկանցով: Ես ազատ եմ հագնվելու այնպես, ինչպես ինքս եմ կամենում»:
Տղաներից քչերն են լրագրողի հետ զրույցում խոստովանում, որ իրենք ռեպլիկներ են անում, սակայն մի քանի համարձակներ այնուամենայնիվ, գտնվում են: «Դուք ահավոր կյանք եք» կամ «աբսուրդ ա, որ Ձեր պես կյանք աղջկա կողքին սպիտակ X6-ով ասպետ չլինի»: Իր օրիգինալ ռեպլիկներով է «WomenNet.am»-ի հետ կիսվում 21-ամյա Մարատը:
Նա անծանոթ աղջիկներին միշտ «Դուք»-ով է դիմում, քանի որ իր խոսքով, հարգում է նրանց: «Աղջիկները հիմնականում խառնվում են իրար, իրենց լավ են զգում կամ զարմանում են` նիուժելի իրենք էդքան կան, որ ես իրենց ռեպլիկ եմ թողնում»,- անկեղծանում է մեր զրուցակիցը:
Մարատը հիմնականում ռեպլիկներ է անում «գլամուռոտ» եւ «մարդու դեմքին չնայող» աղջիկներին: «Մեկ-մեկ էլ ասում եմ`Դուք ահավոր ուժեղ եք, իրենք հասկանում են, թե ես ինչ նկատի ունեմ…ուզում եմ ասել, որ ես շատ ցանկանում եմ Ձեզ»:
Տղաներից շատերը մեզ հետ զրույցում նշում են, որ իրենք ռեպլիկներ են անում այն աղջիկներին, որոնք այս կամ այն կերպ աչքի են ընկնում իրենց հագուկապով կամ վարքագծով: «Ասենք, եթե էդ աղջիկը հագել է էնպիսի կոշիկ, որոնց վրա հազիվ է քայլում կամ խուճուճ է խոսում, կամ մի այլ կարգի ջարդում է իրեն…»:
Աղջիկները, սակայն, նշում են, որ ռեպլիկի «արժանանալը» հիմնականում պայմանավորված է տղամարդկանց բնույթով, այլ ոչ իրենց արտաքին տեսքով: «Մեր շենքի կողքին մի տղամարդ է միշտ կանգնած լինում, ինքը գրեթե բոլոր կանանց հետեւից ինչ-որ բան ասում է`անկախ նրանից, թե այդ կանայք ինչ տեսք կամ ինչ քայլվածք ունեն, դա բնավորության պես մի բան է»,- ասում է 31-ամյա Մարիամը:
Մեր հարցախույզին մասնակցած աղջիկների մեծամասնությունը նշում է, որ որեւէ կերպ չի արձագանքում փողոցում հնչեցվող ռեպլիկներին, սակայն լինում են նաեւ եզակի իրավիճակներ:
«Մեր հարեւանը մի անգամ հարբած դուրս եկավ դեմս ու ռեպլիկներ արեց` բա, էս ուր ես գնում, սիրուն ջան: Շատ տհաճ էր, նույնիսկ չշրջվեցի, որ պատասխանեմ: Բայց հաջորդ օրը տեսա վերելակի մեջ, ամաչացրեցի, ասացի` քեզ դուր կգա, որ քո աղջկա հետեւից քո տարիքի տղամարդը տենց բաներ ասի»,- պատմում է 22-ամյա Ալինան:
«Նորմալ անձնավորության մոտ ռեպլիկը տհաճությունից բացի ուրիշ զգացում չի կարող առաջացնել: Ես չեմ կարող պատկերացնել, որ որեւէ կնոջ դուր գա իր հասցեին հնչող ռեպլիկը: Ռեպլիկը հաճոյախոսություն չէ»,- վստահ է 29-ամյա Լուսինեն:
Նրա խոսքով` անծանոթ տղամարդը երբեք չպետք է իրեն թույլ տա փողոցում բարձրաձայն կարծիք հայտնել կնոջ արտաքին տեսքի վերաբերյալ: «Մենք մեզ նման բան երբեք թույլ չենք տալիս, տղամարդիկ եւս պետք է լռեն: Յուրաքանչյուր կին գիտի իր արժեքը եւ կողմնակի անձանց կարծիքը նրան չի հետաքրքրում»:
ՀԳ – Ռեպլիկներ անելը զուտ հայկական ֆենոմեն չէ: Վերջերս Նյու-Յորքում արված մի փորձարկումից պարզ է դառնում, որ ԱՄՆ-ում եւս կինն ավելորդ ուշադրության է արժանանում տղամարդկանց կողմից հանրային վայրում: «Hollaback» շարժման ակտիվիստների իրականացրած փորձարկումը ցույց է տվել, որ 24-ամյա աղջիկը 10 ժամ փողոցային զբոսանքի ժամանակ 108 անգամ արժանացել էր տղամարդկանց ուշադրությանը:
Արման Ղարիբյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Կինը փողոցում» . Բրյուսելում կտուգանեն կանանց հասցեին վիրավորանքների համար/ վիդեո
Դիտումների քանակը` 4687