«Ապահովել կուսակցությունների ցուցակներում կանանց և տղամարդկանց ոչ պակաս, քան 30/70-համամասնությունը»
Այս առաջարկը ներկայացվեց այսօր ՀՀ Արդարադատության նախարարությունն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված Ընտրական նոր օրենսգրքի նախագծի շուրջ հանրային քննարկման ընթացքում: Մասնակցում էին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործող ղեկավար Բարբարա Դեվիսը, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների եւ հասարակական ներկայացուցիչները :
Ընտրական օրենսգրքի նախագծին վերաբերող բազմաթիվ այլ խնդիրների հետ մեկտեղ բարձրաձայնվեց նաև կանանց քաղաքական մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ հարցը : Հանդես գալով ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ կառավարության ներկայացուցիչների համանախագահությամբ գործող Գենդերային թեմատիկ խմբի անունից Թամարա Հովնաթանյանը («ՊրոՄեդիաԳենդեր» ՀԿ-ի նախագահ) տեղեկացրեց, որ մինչ Ընտրական նոր օրենսգրքի նախագծի հրապարակումը խումբը առաջարկներ էր ներկայացրել ՀՀ վարչապետին կից կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների խորհրդին եւ այժմ պատրաստվում է նաև ուղարկել դրանք Ազգային Ժողով: Առաջարկները որոշակի փոփոխություններ են նախատեսում Ընտրական օրենսգրքում` կուսակցությունների ընտրկական ցուցակներում կանանց ներկայացվածությունը ընդլայնելու վերաբերյալ:
Մասնավորապես, առաջարկվում է Ընտրական օրենսգրքի նոր նախագծի հոդված 84-ում (կետ3 եւ 9 ) վերանայել կանանց և տղամարդկանց համամասնությունը, դարձնելով այն 30/70, նշված 20/80-ի փոխարեն: Բանախոսը նշեց, որ առաջարկն արվել է նախորդ ընտրությունների արդյունքների վերլուծության, ինչպես նաև ազգային եւ միջազգային փաստաթղթերի հիման վրա:
«ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարական ծրագրով դեռևս 2011 թվականին նպատակ էր դրված ապահովել 30 տոկոս կանանց ներկայացվածություն օրենսդիր և գործադիր մարմիններում : Բացի այս, ՄԱԿ-ի կողմից 2015-ին ընդունվել է բանաձև՝ մինչև 2030 թվականը ապահովել բոլոր բնագավառներում կանանց ու տղամարդկանց 50/50 մասնակցություն : Իսկ ավելի վաղ ընդունված ԵԽԽՎ բանաձևերով առաջարկվում էր 40/60 համամասնությունն ապահովել մինչև 2020 թվականը»,- թվարկեց Թ.Հովնաթանյանը : Բացի այդ, շարունակեց նա, գենդերային խումբն խտրական է համարում Ընտրական օրենսգրքի նախագծում պահպանված ձևակերպումը, ըստ որի կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածությունը պետք է լինի երկրորդ համարից սկսած եւ 2-6, 6-11 եւ այլն հնգյակներից յուրաքանչյուրում , եւ առաջարկում է դրա փոխարեն ներգրավել կանանց ցուցակի հենց առաջին համարից եւ յուրաքանչյուր եռյակում ՝ 1-3, 3-6, 6-9 եւ այլն :
« 2012-ի ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ խիստ կրճատվել էր կանանց թիվը ցուցակների անցողիկ առաջին հնգյակներում՝ մոտ 4 անգամ նախորդ 2007-ի համեմատ, իսկ առաջին տասնյակներում երկու անգամ էր կրճատվել : Այսինքն , օրենսգրքում տեղ գտած նորմը խտրական ձևով է գործել և պետք է փոխվի»,- նշեց նա :
Հաջորդ նկատառումը, ըստ բանախոսի, վերաբերում է նախատեսված քվոտաների պահպանմանը քաղաքական գործընթացների ողջ ընթացքում, այսինքն այնպիսի մեխանիզմների ներդրմանը, որոնք կերաշխավորեն քվոտայի չափով կանանց ներկայացվածությունը դե-ֆակտո ընտրված մարմնում : Ըստ այդմ, առաջարկվում է նախատեսել հետևյալ դրույթը. «Կուսակցությունների ցուցակում քվոտայից օգտվող թեկնածուի ինքնաբացարկի միջոցով, մանդատից հրաժարվելու դեպքում նրա տեղը պետք է զբաղեցնի ցուցակում ընդգրկված, քվոտայից օգտվող հաջորդ թեկնածուն» :
Թ.Հովնաթանյանը ավելացրեց նաև, որ նույն առաջարկները վերաբերում են համամասնականով անցնող ՏԻՄ ընտրություններին և ոչ միայն Վանաձորին ու Գյումրիին, ինչպես դա նախատեսվում է նախագծով, այլև խոշոր և խոշորացված համայնքների ընտրություններին:
Արձագանքելով այդ առաջարկներին ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ դիտողություններն արժանի են քննարկման, բայց և մատնանշեց, որ նախագծում որևէ տեղ նշված չէ կանանց և տղամարդկանց «քվոտա» հասկացությունը, առկա է միայն յուրաքանչյուր սեռի նվազագույն ներկայացվածությանը վերաբերող ձևակերպումը .
«Պայմանական, եթե ինչ-որ մի սեռ ունի 27 տոկոս, մյուսը 73 տոկոս, եթե դա դիտարկում եք քվոտա, ապա դա կարող է աշխատել նաև ձեր առաջարկությանն ի վնաս : Որովհետև դա կնշանակի, որ եթե հերթական տղամարդը ինքնաբացարկ հայտնեց, հաջորդ համարը կին է, այդ նույն տրամաբանությամբ կնոջ փոխարեն խորհրդարան պետք է անցնի հաջորդ տղամարդը : Սա, կարծում եմ, լավագույն լուծումը չէ»,- նշեց Դավիթ Հարությունյանը, առաջարկելով հաշվի առնել նշված հանգամանքը ձեւակերպման մեջ և հստակեցնել այն:
Ինչ վերաբերում է այլ համայնքներում ևս համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների անցկացմանը, ապա Դ.Հարությունյանը նշեց, որ կիսում է այդ մոտեցումը, բայց դա պետք է արվի քայլ առ քայլ, որովհետև եթե օրենքը շատ ավելի առաջ է ընկնում ստեղծված իրավիճակից, ապա այն հավակնում է դառնալ մեռած օրենք : Բայց, հավելեց նա, դա շատ ողջամիտ առաջարկ է՝ ապագայում բոլոր համայնքներում հիմք ընդունել ընտրության երևանյան մոդելը և կառավարությունը հենց այդ ճանապարհով էլ շարժվում է:
Քննարկումն ամբողջությամբ Սիվիլնեթի տեսագրությամբ.
Գենդերային թեմատիկ խմբի նշված առաջարկներին կարելի է ծանոթանալ այստեղ.
Առաջարկներ ՀՀ Կառավարությանը կանանց քաղաքական մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Բարեփոխված Սահմանադրությունն ու կանանց իրավունքները. մեկնաբանում են քաղաքական գործիչները
Երկրներ, որտեղ կանանց համար քանդվում են «ապակյա առաստաղները»
Կին խորհրդարանականների թիվն աշխարհում աճում է, բայց շատ դանդաղ
ՀՀ Նախագահ․ «Այժմ մեր երկրում կանայք շատ ավելի մեծ դեր ունեն, քան երբևէ»
«Մենք այնքան «ապակյա առաստաղներ» ու պատեր ենք քանդել…». ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը
Կանանց միջազգային օր -2016. Քայլե՛նք դեպի հավասարություն
Առաջարկներ ՀՀ Կառավարությանը կանանց քաղաքական մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ
Ի՞նչ է նախատեսում Ընտրական օրենսգիրքը կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածության մասով
Կառավարությունը հաստատեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը. այն կներկայացվի Ազգային ժողով
Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016
Կանայք Հայաստանի Կառավարությունում. թվացյալ հավասարություն
Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է
Քանի՞ կին պատգամավոր պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում:
ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք
Նատալյա Վուտովա. «Կանայք պետք է ավելի շատ ներգրավված լինեն պետական պաշտոններում»
2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել
Դիտումների քանակը` 4102