Յուրաքանչյուր քառյակում մեկ կին. նոր փոփոխություն Ընտրական օրենսգրքի նախագծում
Այս պահին առաջարկները մասնակի են ընդունվել
Հաջորդ շաբաթա սկզբից Ազգային Ժողովը քառօրյա նիստի շրջանակում կմեկնարկի Ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկումն առաջին ընթերցմամբ: Այն նախագիծը , որը դրվելու է պաշտոնական քննարկման որշոկի փոփոխությունների է ենթարկվել մինչ այդ տեղի ունեցած տարբեր հանրային քննարկումների արդյունքում: Նրանց թվում նաեւ կուսակացությունների ցուցակներում կանանց ներկայացվածության առումով երկու կարեւոր փոփոխություն է արվել:
Նախ, փոխվել է կանանց ու տղամարդկանց համամասնությունը կուսակցությունների ցուցակներում , եւ մինչ այդ ամրագրված 20/80- – փոխարեն, այժմ արդեն առաջարկվում է 25/75 համամասնություն:
Այսպես, նախագծի հոդված 83 –ում , որը կոչվում է «Կուսակցության (կուսակցությունների դաշինքների) համապետական և տարածքային ընտրական ցուցակները», առաջարկվում է.
Կետ 4. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում 1-ին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով քառյակներում (1-4, 1-8, 1-12 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը:
Կետ 10. Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) տարածքային ընտրական ցուցակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը:
Հիշեցնենք, որ մինչ այդ այդ հոդվածը 84-րդն է եւ այլ տեսք ուներ.
«…Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 2-րդ համարից սկսած ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը…»,
Արված փոփոխությունը տարածվում է նաեւ նախագծի հոդված 130-ով Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրման կարգի վրա:
Երկրորդ կարեւոր փոփոխությունը վերաբերում է ինքնաբացարկներին : Մինչ այդ նախագծով չէր երաշխավորվում սեռերի համամսնության պահպանումը՝ կանանց մանդատից հրաժարվելու դեպքերում: Այժմ նախագծի հոդված 100-ով, որը կոչվում է « Մանդատների տրամադրումը պատգամավորներին », նախատեսվում է.
Կետ 2. «Առաջին հերթին մանդատները տրամադրվում են տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավորներին: Ընտրական տարածքում կուսակցությանը հասանելիք մանդատներն ստանում են տվյալ ընտրական տարածքին հասանելիք մանդատների թվին հավասար թվով այն թեկնածուները, որոնք ստացել են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Կողմ քվեարկված քվեաթերթիկների հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ: Եթե կուսակցության տվյալ ընտրական տարածքի ցուցակում չկան բավարար թվով թեկնածուներ, ապա թափուր մանդատները փոխանցվում են համապետական ցուցակի առաջին մասին: Երկրորդ հերթին մանդատները տրամադրվում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Կուսակցությանը հասանելիք որոշակի ազգային փոքրամասնության ներկայացուցչի մանդատը տրվում է ըստ ցուցակում համարների հերթականության: Եթե կուսակցության ազգային փոքրամասնության ցանկում այլևս թեկնածուներ չկան, ապա մանդատը մնում է թափուր:
Երրորդ հերթին մանդատները տրամադրվում են կուսակցության համապետական ցուցակի առաջին մասի թեկնածուներին` ըստ հերթականության: Եթե դրա արդյունքում կուսակցության բոլոր մանդատները բաժին են հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա վերջին թեկնածուն իր մանդատը զիջում է համապետական ընտրական ցուցակի առաջին մասի չներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուին, եթե այդպիսինը կա: Եթե կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների թիվը փոքր է հասանելիք մանդատների թվից, ապա համապատասխան մանդատները մնում են թափուր»:
Այս կետը, ըստ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի դիտարկման, երաշխավորում է, որ Ազգային ժողովում այլեւս չեն լինելու խմբակցություններ, որոնց թվում կանայք չեն լինելու:
WomenNet-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ շեշտելով, որ նախապես ամրագրված տոկոսային համամասնությունը 20/80 փոփոխվել է. «Քննարկումների արդյունքում եկել ենք համաձայնության, որ քվոտան կսահմանվի 25/75 հարաբերակցությամբ և կուսակցությունների ցուցակներում յուրաքանչյուր քառյակում պետք է լինի այլ սեռի ներկայացուցիչ, տվյալ դեպքում՝ կին»,- ասաց Հ.Սահակյանը:
Ի դեպ, նա նաեւ նշեց, որ նախագիծը դեռ մի քանի ընթերցում քննարկումներ պետք է անցնի, այնպես որ չի բացառվում, որ սա էլ վերջնականը չէ. «Բայց այսօրվա դրությամբ կարող եմ փաստել, որ մենք, լսելով բոլոր շահագրգիռ կողմերին, կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններին, ինչպես նաև ռեալ գնահատելով կանանց կարողությունները նման համաձայնություն ենք ձեռք բերել»,- ասաց Հ.Սահակյանը:
Ըստ էության կարելի է փաստել, որ կանանց կազմակերպությունների կողմից առաջարկնեըն ընդունվել են մասնակի: Մասնավորապես, 60-ից ավել տեղական եւ միջազգային կազմակերպություններին միավորող Գենդերային թեմատիկ խմբի կողմից առաջարկվում էր, որ համապետական ընտրական ցուցակի առաջին երկու տեղերըհատկացվեն տարբեր սեռի ներկայացուցիչներին և այնուհետև 3- րդ համարից սկսած ՝ցանկացած ամբողջ թվով եռյակներում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվըչպետք է գերազանցի 70 տոկոսը : Նաեւ տարածքային ընտրական ցուցակներում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը նույնպես չգերազանցի 70 տոկոսը : Գենդերային թեմատիկ խումբը առաջարկում էր կիրառել նաև մեխանիզմներ, որոնք երաշխավորում են կուսակցությունների ցուցակներում նշված սեռերի համամասնության պահպանումը ընտրական գործընթացի բոլոր փուլերում և փաստացի ընտրված մարմնում : Այսպես, առաջարկվում էր կիրառել հետևյալ դրույթը՝ «Կուսակցությունների ցուցակներում ավելի պակաս ներկայացված թեկնածուի ինքնաբացարկի միջոցով մանդատից հրաժարվելու դեպքում նրա տեղը պետք է զբաղեցնի ցուցակում ընդգրկված ավելի պակաս ներկայացված սեռի հաջորդ թեկնածուն»:
Նշենք նաեւ, որ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը WomenNet.am –ի հետ զրույցում նշել էր, որ ՀՀԿ Կանանց խորհուրդը կաջակցի ցուցակներում կանանց ու տղամարդկանց 30/70 համամասնություն ամրագրելու առաջարկին, ինչպես նաև կողմ կլինի, որ ինքնաբացարկի դիմած կնոջ փոխարեն խորհրդարան պետք է գա ցուցակով հաջորդ կին թեկնածուն: Հուսանք, որ Ազգային ժողովում մեկնարկող պաշտոնական քննարկումների արդյունքում կանանց ու տղամարդկանց համամասնությունը ցուցակներում կբարձրացվի մինչեւ 30/70 …
Լիա Խոջոյան
ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխված նախագիծն այստեղ.
Գենդերային թեմատիկ խմբի առաջակներն այստեղ
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ընտրական օրենսգրքում կանանց քաղաքական մասնակցությանն վերաբերող առաջարկներ
Հերմինե Նաղդալյան. «Կանանց համամասնությունը ընտրությունից ընտրություն պետք է բարձրացվի»
Քվոտաների կոռեկտության եւ արդյունավետության մասին
Արդյո՞ք կանայք չեն ցանկանում առաջադրվել ընտրություններում
«Մեր հասարակությունը նման է մի ընտանքի, որտեղ մայրը բացակայում է…»
Կանանց մասնակցության խնդիրը երկրորդական լինել չի կարող…
Ինչու՞ են կին պատգամավորները լռում քվոտայի բարձրացման մասին
Նպաստելու է արդյո՞ք համամասնական ընտրակարգին անցումը ԱԺ-ում կանանց թվի ավելացմանը
«Ապահովել կուսակցությունների ցուցակներում կանանց և տղամարդկանց ոչ պակաս, քան 30/70-համամասնությունը»
Բարեփոխված Սահմանադրությունն ու կանանց իրավունքները. մեկնաբանում են քաղաքական գործիչները
Առաջարկներ ՀՀ Կառավարությանը կանանց քաղաքական մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ
Ի՞նչ է նախատեսում Ընտրական օրենսգիրքը կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածության մասով
Կառավարությունը հաստատեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը. այն կներկայացվի Ազգային ժողով
Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016
ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք
2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել
Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված
Քանի՞ կին պատգամավոր պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում:
Դիտումների քանակը` 4378