«Քվոտան պետք է աշխատի որպես պլատֆորմ և ոչ թե որպես առաստաղ»
Քննարկում Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների շուրջ
Երևանի ավագանու ընտրություններից մեկ ամիս անց և Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախաշեմին հոկտեմբերի 19-ին քննարկվեցին կանանց քաղաքական մասնակցության հիմնահարցերը Հայաստանի ընտրական գործընթացներում: Քննարկումը կազմակերպվել էր «ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավի շրջանակներում, որն իրականացվում է «ՕքսԵՋեն» hիմնադրամի կողմից՝ ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ-ի գործընկերությամբ և Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:
Նշենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ավագանու 65 տեղի համար հայտ էր ներկայացրել 982 թեկնածու, որոնցից 356-ը կամ 36,2 տոկոսը կանայք էին: Այս ընտրությունները աննախադեպ էին նաև կանանց հավակնությունների իմաստով, քանի որ առաջին անգամ Երևանի քաղաքապետի պաշտոնի համար երեք կին թեկնածու էր պայքարում: Բայց Երևանը ինչպես և նախկինում, այնպես էլ այսօր կին քաղաքապետ դեռ չունի…
Կլոր-սեղան քննարկման բացման խոսքում «ՕքսԵՋեն» hիմնադրամի ղեկավար Մարգարիտա Հակոբյանը՝ ներկայացնելով «Հավասար» քարոզարշավի առանցքային ուղղությունները, նշեց, որ արդեն ձևավորված ավանդույթի համաձայն Երևանի ավագանու ընտրություններին ոչ միայն կանանց մասնակցության վերլուծություն էր արվել, այլ տեղեկատվական աջակցություն էր ցուցաբերվել ցուցակներում ընդգրված կին թեկնածուներին անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից: «Հրապարակվել են հարցազրույցներ առաջին տասնյակներում ընդգրկված կին թեկնածուների հետ, դրանով իսկ բարձրացվել է նրանց ճանաչելիություննը հանրության շրջանում», – ասաց նա՝ նշելով, որ «Հավասար» քարոզարշավը նաև հետևողական է եղել քվոտայի բարձրացման հարցում ՝ առաջարկներ ներկայացնելով Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ:
«Հայաստանում այսօր իրավիճակ է փոխվել»
ՀՀ-ում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը իր բացման խոսքում ՝ հղում կատարելով «Հավասար» քարոզարշավի շրջանակում ներկայացված կանանց մասնակցության տվյալներին, կարծիք հայտնեց, որ ի տարբերություն մի քանի տարի առաջ առկա պատկերին` Հայաստանում այսօր իրավիճակ է փոխվել: Կանանց մասնակցությունը, ըստ նրա, քաղաքական գործընթացներում աճել է, սակայն դեռ չի համապատասխանում այն ռեսուրսին, որ երկիրն ունի ի դեմս կանանց:
« Ես քաջալերված ինձ զգացի, երբ տեսա վիճակագրությունը, որն արտացոլում է Երևանի ավագանու ընտրությունների ընթացքն ու արդյունքները, երբ 12 կուսակցությունների ցուցակներից կեսում կանայք կազմում էին 40 և ավելի տոկոս: Սա, իհարկե, տպավորիչ վիճակագրություն է, բայց երբ խոսում ենք քվոտաների մասին, ապա պետք է հասկանանք, որ այն պետք է աշխատի որպես պլատֆորմ և ոչ թե որպես առաստաղ»,- նշեց նա:
Պարոն Ֆրեդրիկսոնի խոսքով, կուսակցությունները կարող են հայտարարել, թե օրենքը պահանջում է 25 կամ 30 տոկոս կանանց ներկայացվածություն ցուցակներում, ուղղակի կոնկրետ մի կուսակցություն որոշել է, որ կանայք պետք է լինեն 50 տոկոս, բայց դա պետք չէ դիտարկել միայն ցանկությունների շարքից. «Մենք տեսանք, որ կա քաղաքական ուժ, որի ցուցակում կանայք 51 տոկոս էին կազմում: Կարծում եմ, որ այդ փաստը լոկ վիճակագրություն չէ, այն կարող է գործիք հանդիսանալ ԱԺ ապագա ընտրություններում առաջընթացի համար, որովհետև երբ ցանկացած անձ տեսնում է այդ կուսակցության ցուցակում կանանց ներկայացվածությունը , ինքն իրեն հարց է տալիս` իսկ մյուս կուսակցություններում ի՞նչ վիճակ է»,-ասաց բանախոսը: Շվեդիայի դեսպանության ներկայացուցիչը նաև ասաց, որ առաջիկայում ողջ ուշադրությունը բնականաբար սևեռված է լինելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների վրա, սակայն ոչ պակաս կարևոր է այն, ինչ է տեղի ունենալու հետո, այսինքն` կառավարության ձևավորման արադյունքում: Իսկ ահա այստեղ ունենք խնդիր, քանի որ գործադիրում քվոտաներ չկան և կուսակցությունները իրենք են որոշում, թե ում նշանակեն բարձր պաշտոններին:
«Կուսակցությունները խնդիր են ունեցել կանանց առաջնային դիրքերում ներկայացնելու հետ»
Քննարկման շրջանակում «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ նախագահ Թամարա Հովնաթանյանը և գենդերային հարցերով փորձագետ Լիլիթ Զաքարյանը ներկայացրեցին «Հավասար» քարոզարշավի շրջանակներում պատրաստված «Կանանց մասնակցությունը Երևանի ավագանու ընտրություններում» վերլուծական տեղեկանքը, անդարադառնալով նաև այն հարցին թե որքանով էին կանանց հիմնահարցերն արտացոլված քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում և նրանց քարոզարշավներում:
Ներկայացնելով առկա վիճակագրությունը, որ ներկայումս Երևանի ավագանու 65 անդամներից 18-ը կամ 27.8 տոկոսը կանայք են, Թամարա Հովնաթանյանը նշեց, որ այս շեմը հատվել էր դեռ անցած տարվա ընտրություններին և այս տարի ամրապնդվել` որպես առաջընթաց արձանագրող արդյունք: Թեպետ այս թիվը կարող էր ավելին լինել, քանի որ ցուցակների մասով ակնհայտ առաջընթաց կար և դրանցում կանանց ներկայացվածությունը միջինում 36.2% էր կազմում : «Մենք չենք կարող ասել, թե առաջընթաց չկա` կեսից ավելի կուսակցությունները ՝ բարի կամք դրսևորելով, 40-50 տոկոս կին են ներկայացրել իրենց ընտրական ցուցակներում, իսկ սա ցույց է ալիս, որ կուսակցությունների հետ ՀԿ-ների աշխատանքը և Ընտրական օրենսգրքում քվոտայի ամրագրումը փոփոխությունների է բերում»,- արձանագրեց նա, նշելով, որ, ըստ էության, ցուցակներում թեկնածուների սեռերի 30/70 համամասնությունն անցած էտապ է կուսակցությունների համար:
«Այլ հարց է, որ ցուցակների առաջին հնգյակներում կուսակցությունները ներգրավել էին 25% կին թեկնածուներ, իսկ առաջին տասնյակներում՝ 30,8%: Ընտրություններին մասնակցած 12 քաղաքական ուժերից միայն մեկի` «Լույս» դաշինքի ցուցակի առաջին հնգյակում էր երեք կին ընդգրկված, ու միայն երկուսի՝ «Երևանի հանրություն» դաշինքի ու «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակների առաջին հնգյակում` երկու կին: Մնացած քաղաքական ուժերը գերադասել էին մնալ օրենքով նախատեսված շրջանակներում և առաջին հնգյակում ընդգրկել մեկ կին թեկնածու՝ հիմնականում 4-րդ հորիզոնականում, ինչպես ամրագրված է օրենքում: Այստեղից կարելի է եզրակացնել, որ կուսակցություններն իրականում խնդիր են ունեցել ոչ թե կանանց ներգրավելու, այլ առաջնային դիրքերում նրանց ներկայացնելու հետ», – նշեց նա:
Քաղաքի արդար կառավարման սկզբունքները նախընտրական ծրագրերում
Փորձագետ Լիլիթ Զաքարյանն էլ ներկայացնելով նախընտրական ծրագրերի վերլուծությունը քաղաքի արդար կառավարման սկզբունքների տեսակետից, նշեց, որ ծրագրերից ոչ մեկը չէր տարանջատում կանանց ու տղամարդկաց հատուկ կարիքներն ու պահանջները: «Բայց շատ ծրագրերում կային դրույթներ, որոնք համապատասխանում են քաղաքի արդար կառավարման հայեցակարգին և, հետևապես, կարող են դիտարկվել որպես գենդերային զգայուն: Բացի այդ կային ձևակերպումներ, որոնք համապատասխանում են արտացոլված են տարբեր ՀԿ-ների ծրագրերում և, փաստացի, ներառվել էին քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում: Այդ տեսակետից որոշակի առաջընթաց է նկատվում»,- ասաց նա, նշելով, որ նախընտրական ծրագրերի գնահատումը քաղաքի արդար կառավարման մոդելին համապատասխանության տեսանկյունից հնարավորություն է տալիս գնահատել այդ ծրագրերը կանանց շահերի, նրանց առօրեական փորձի տեսանկյունից և առանձնացնել այն դրույթները, որոնց իրագործումը նպաստավոր է կանանց տարբեր սոցիալական խմբերի համար:
«Մասնավորապես, նայել ենք որքանո՞վ է նախընտրական ծրագրերում Երևանի տեսլականը համապատասխանում արդարության, անվտանգության, առողջ ապրելակերպի, հարմարավետության սկզբունքներին: Ծրագրերի նույնիսկ մակերեսային դիտարկումը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերն այս կամ այն կերպ փորձ են արել անդրադառնալ վերոնշյալ խնդիրներին՝ առաջարկելով տարբեր լուծումներ», – նշեց նա՝ ներկայացնելով վերլուծությունը:
«Փոխվում է կին քաղաքական գործչի մոդելը»
Ինչ վերաբերում է ավագանու կին անդամներին, ապա «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ևս համաձայնեց, որ այն փոքր առաջընթացը, որ մենք այսօր ունենք, ոչ միայն գարնանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության, այլ նաև ՀԿ-ների երկար տարիների աշխատանքն է: Նա նկատեց, որ գուցե առաջընթացը թվային պատկերներով այդքան էլ տեսանելի չէ, բայց միանշանակ է, որ փոխվել է կին քաղաքական գործիչների որակը:
«Ըստ էության, նախկինում կանայք քաղաքական դաշտ առաջ էին մղվում տղամարդկանց կողմից, բայց այսօր, գոնե «Իմ քայլը» դաշինքում ներկայացված են կանայք, որոնք իրենք են իրենց համար հարթել այդ ճանապարհը: Ես վստահ եմ, որ հաջորդ տարիներին կայանալիք ընտրություններում կունենանք տեսանելի ու ակնհայտ առաջընթաց, որովհետև փոխվում է կին քաղաքական գործչի մոդելը: Եթե մի քանի տարի առաջ ինձ հարցնեին, թե արդյոք ես կմասնակցեմ ընտրությունների, ապա ես կասեի միանշանակ ոչ, քանի որ այն քաղաքական գործընթացները, որ արմատավորված էին Հայաստանում, այդ մասնակցությունը իմ սկզբունքների խիստ խախտման կբերեր: Բայց այսօր կա ընկալում, որ կանանց ներուժը պետք է օգտագործել և դա գնալով ամրապնդվելու է»,- վստահություն հայտնեց նա: Կանանց հիմնահարցերի մասին խոսելուց առանձնացրեց մանկապարտեզների խնդիրը՝ նշելով, որ դա ոչ միայն երեխաների նախադպրոցական կրթությունն ապահովելու հետ կապված մարտահրավեր է, այլ նաև երիտասարդ կանանց աշխատելու համար հնարավորությունների ստեղծելու պետության պարտականությունն է:
«Ավագանու անդամը նույնպես քաղաքական պաշտոն է»
«Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հարցին մոտեցավ այլ կողմից: Նրա խոսքով` այո, այս ընտրություններում մասնակից ուժերի ցուցակներում շատ կանայք էին ներկայացված, բայց խնդիրը նրանում է, որ կանանց մեծ մասը չէին գիտակցում, որ իրենք ապագայում զբաղեցնելու են քաղաքական պաշտոն.
«Այս քարոզարշավի ժամանակ շատ անգամներ ենք լսել, թե ինչպես են կին թեկնածուները հայտարարում, որ պետք չէ քաղաքականացնել ավագանու դերը, դա կամավոր և հասարակական հիմունքներով աշխատանք է: Բայց կարևոր է, որ մենք գիտակցենք, որ նման պաշտոնները բոլորը քաղաքական են, ինչը ամրագրված է նաև օրենքով ( Հանրային ծառայության մասին ՀՀ Օրենք -խմբ.) »,- ասաց նա:
Ըստ Սամսոնյանի, թավշյա հեղափոխությունից հետո պայմաններն ավելի բարենպաստ են, որպեսզի կանայք ավելի շատ ինտեգրվեն քաղաքականության մեջ, զբաղեցնեն բարձր պաշտոններ: Բայցև կարևոր է գնահատել նաև այն կանանց, ընդգծեց բանախոսը, ովքեր քաղաքականության մեջ մտան մինչև հեղափոխությունը, երբ քաղաքական կոնյունկտուրան ամբողջությամբ փորձում էր նրանց կոտրել: «Քաղաքական փորձ ունեցող կանայք պետք է մեծ դեր ունենան նոր կանանց կրթելու հարցում, և այստեղ կարևոր է նաև կուսակցությունների դերը, քանի որ ես վստահ եմ, որ կանայք պետք է աճեն ու կայանան հենց կուսակցության ներսում»,- հավելեց նա:
«Քվոտաները կուսակցության խելամտությունն է, այլ ոչ թե բարի կամքի դրսևորում»
«Իմ քայլը» խմբակցության անդամ, մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանն էլ նշեց, որ քվոտաները «շտապ օգնության» համակարգն է, դա կուսակցության խելամտությունն է, այլ ոչ թե բարի կամքի դրսևորում, որով իրենք ընդգրկում են կանանց իրենց գործունեության մեջ. «Ես ինքս անկուսակցական եմ ու շատ կարևորում եմ այդ խելամտության կոնցեպտը` հույս ունենալով, որ այն ի վերջո կհաղթի»,- շեշտեց նա:
Ամրագրրել թեկնածուների սեռերի առնվազն 40/60 համամասնությունը կուսակցությունների ցուցակներում
Քննարկումը եզրափակվեց ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծում առաջարկի ներկայացմամբ: Խոսքը «Հավասար» քարոզարշավի մասնակից կազմակերպությունների՝ ի դեմս «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի և «Պրոմեդիա-Գենդեր» ՀԿ-ի կողմից ՀՀ Կառավարության e-draft կայքում հրապարակված ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի շուրջ ներկայացված առաջարկի մասին է: Այն նախատեսում է պարզ համամասնական կարգով (առանց բաց ցուցակների) անցկացվող ընտրություններում ապահովել կուսակցությունների ընտրական ցուցակներում և դե ֆակտո ընտրված Ազգային ժողովի խմբակցությունների կազմում թեկնածուների սեռերի առնվազն 40/60 համամասնությունը:
Առաջարկի տեքստին ու հիմնավորումներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Լիա Խոջոյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում ՏԻՄ ընտրություններ-2018 խորագրի ներքո.
«Քվոտան պետք է աշխատի որպես պլատֆորմ և ոչ թե որպես առաստաղ»
Առաջարկ կուսակցությունների ցուցակներում թեկնածուների սեռերի առնվազն 40/60 համամասնություն ապահովելու մասին
Երևանի ավագանու 4 մշտական հանձնաժողովներից երկուսը կանայք են ղեկավարելու
Կանանց ներկայացվածությունը Երևանի նորընտիր ավագանիում 27.6% է
Կին թեկնածուների քարոզարշավի առանձնահատկություններն ու սեքսիզմը
Կանանց մասնակցությունը Երևանի ավագանու ընտրություններում. վերլուծական տեղեկանք
Կին թեկնածուները կուսակցությունների ընտրական ցուցակներում. ամփոփում
Քաղաքի արդար կառավարման սկզբունքները նախընտրական ծրագրերում
Դիտումների քանակը` 2526