Խորհրդարանական հանձնաժողովը մերժեց աբորտներն արգելելու մասին  հանրագիրը / լրացված

Սեպտեմբերի 9-ին  ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «VARDANYAN@PARTNERS» իրավաբանական կազմակերպության կողմից խորհրդարանին ներկայացված հանրագիրը  չծնված երեխայի կյանքի իրավունքի պաշտպանության և աբորտների արգելման մասին:

 

Ընթացակարգի համաձայն  հանձնաժողովը պետք է դիրքորոշում արտահայտեր  հանրագրով առաջարկվող «Չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին» օրինագիծը և դրանից բխող  համապատասխան փոփոխություններ  մի շարք օրենքներում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը Ազգային ժողովում շրջանառության մեջ դնելու  մասին հարցի վերաբերյալ:

 

 

«Պետությունը պարտավոր է ճանաչել չծնված երեխայի կյանքի իրավունքը»

 

Հանրագրի հեղինակները փաստաբաններ են՝ Ներսես Իսաջանյանը, Վարուժան Վարդանյանը և Վահե Սիմոնյանը, որոնք նշել էին, որ եվրոպական մի շարք  երկրներում հարցի վերաբերյալ մոտեցումները տարբեր են, իսկ Հայաստանն  ընդհանրապես չի ճանաչում չծնված երեխայի կյանքի և արժանապատվության իրավունքները:

 

 

Հանրագրով հիմնականում առաջարկվում է արգելել մեր երկրում  հղիության  բոլոր տեսակի արհեստական ընդհատումները՝ անկախ հղիության ժամկետից ու հղիության ընդհատման բժշկական կամ սոցիալական ցուցումներից:

 

 

Հանրագիրը ներկայացնողներից Ներսես Իսաջանյանը խոսելով ներկայացված փոփոխությունների փաթեթի  մասին, ընդգծեց, որ այն վերաբերվում է չծնված երեխայի կամ պտղի կարգավիճակին: «Հանրագիրը ներկայացրել ենք այն պատճառով, քանի որ կարծել ենք, որ այս պահին Հայաստանի համար այն արդիական է առնվազն երկու պատճառով՝ առաջինն այն է, որ այն գաղափարական հենքը, որի վրա կառուցված է մեր օրենսդրությունը, թերևս կարելի է ասել, որ հակաիրավական է, երկրորդ՝ կան հիմքեր մտածելու, որ դրանք չեն արտահայտում մեր հասարակության տրամադրությունները, մեր ժողովրդի արժեհամակարգը:

 

 

2004թ.-ին Եվրոպական դատարանում քննվող գործերից մեկում նշվել է, որ չծնված երեխան՝ պտուղը, պատկանում է մարդկային ցեղին, դա չի նշանակում, որ պետությունը պարտավոր է ճանաչել նրա կյանքի իրավունքը, բայց պետք է որոշակի պաշտպանություն ապահովի, հանուն մարդկային արժանապատվության: Անընդունելի է  չծնված երեխային վերաբերվել որպես ոչ մի արժեք ներկայացնող հյուսվածքներ, բժշկական թափոններ և այլն: Եվրոպական տարբեր երկրներ, տարբեր մոտեցումներ ունեն: Օրինակ Լեհաստանը, կյանքի իրավունքը ճանաչում է բեղմնավորման պահից, Ֆրանսիան՝ ավելի ուշ ժամկետից է ճանաչում: Խնդիրը, որը մենք տեսնում ենք Հայաստանում` այն է, որ մեր երկիրը չի ճանաչում՝ ո՛չ չծնված երեխայի կյանքի իրավունքը, ո՛չ արժանապատվության իրավունքը, մարդկային կյանք էլ չի դիտում, ինչը կարծում ենք հակասություն է առաջացնում»,- ասաց նա :

 

 

Ներսես Իսաջանյանը մեջբերեց նաև 2018թ. -ի տվյալները՝ 8735 հղիության արհեստական ընդհատում է գրանցվել, որից 146-ը նշված է՝ դեղորայքների միջոցով. «Առողջապահության նախարարությունը մեզ գրությամբ պատասխանել է, որ յուրաքանչյուր տարի ներկրվում է մոտ 200 հազար հաբ, ինչը բավարար է մոտ 16 հազար հղիություն ընդհատելու համար: Այս թվերը խոսում են հարցի կարևորության մասին: Այս հանրագրով մենք խնդրում ենք, որպեսզի Ազգային ժողովն ուշադրություն դարձնի այս հարցին»,- ընդգծեց նա:

 

 

«Իսկ մենք հարցրե՞լ ենք կանանց այդ մասին»

 

 

Քննարկմանը հրավիրված էր նաև Առողջապահության նախարարության Մայրական և վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը: Վերջինս իր խոսքում բացասական տեսակետ հայտնեց ներկայացվող հանրագրի վերաբերյալ, նշելով. «Փաստորեն, հանրագիրն առաջարկում է աբորտների արգելք Հայաստանում, բոլոր տեսակի աբորտների, անգամ՝ բռնաբարության, սեռական օրգանների վնասվածքների, պտղի արատների դեպքում և մենք կարծես գնում ենք 40-50-ական թվականները: Աշխարհն առաջ է գնացել, և այսօր կան աբորտների միջազգային բազմաթիվ օրենքներ, կոնվենցիաներ, որոնցից շատերին Հայաստանն էլ է միացել , ստորագրել է և կրում է պարտավորություն»:

 

 

Գայանե Ավագյանը թվարկեց այն բոլոր միջազգային կոնվենցիաները, օրենքները, որոնք Հայաստանն ընդունել է և որոնք անդրադարձ են կատարում կանանց վերարտադրողական իրավունքներին և առողջությանը:  Նրա խոսքո,  կնոջ իրավունքներն, այդ թվում՝ աբորտի իրավունքը, ամրագրված են նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից (ԱՀԿ) , որի անդամ է նաև Հայաստանը:

 

 

«Հայաստանում  2002թ. մշակված  վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին օրենքը  բոլոր երկրների ներկայացուցիչները  հանդիպումների ժամանակ որակում էին որպես ժողովրդավարական վերաբերմունքի  օրինակ:  Երբ մենք մշակեցինք հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները հաստատելու կառավարության որոշման նախագիծը, մենք այն ուղարկեցինք Տորոնտոյի վերարտադրողական առողջության իրավունքի ամբիոն, և ստացանք դրական արձագանք, որ Հայաստանի որոշումը համապատասխանում է մարդու իրավունքներին, պաշտպանում է այդ իրավունքները, և Հայաստանի մոտեցումները  օրինակ կարող են լինել այլ երկրների համար: Այսքանից հետո մենք  ուզո՞ւմ ենք արգելել աբորտները, մենք հարցրե՞լ ենք կանանց այդ մասին, կանայք ուզու՞մ են, որ մենք արգելենք աբորտները, կամ՝ արգելելով ի՞նչ է լինելու:  Հիմա մենք լինելով ժողովրդավար, առաջադեմ, ամբողջ աշխարհի կողմից ընդունված երկիր՝  կնոջ իրավունքների պաշտպանության առումով, կներեք՝ գնում ենք քարե՞ դար»,-ասաց ԱՆ պաշտոնյան:

 

 

Գայանե Ավագյանի  խոսքով՝ միջազգային այն կազմակերպությունը, որը նման  հանրագիր է ներկայացրել, արել է 40 երկրի օրենքների վերլուծություն՝ աբորտների գծով, որտեղ Հայաստանը ներկայացվել է որպես դրական փորձ: Նրա խոսքով, այդ վերլուծություններից մեկում նշված է՝ հղիության արհեստական ընդհատման և անհրաժեշտ խնամքի բազմաթիվ խոչընդոտները, ներկայումս էլ պահպանվում են եվրոպական երկրներում:  

 

 

«Որոշ երկրներում, որտեղ առկա է պոպուլիզիմի և կտրուկ ազգայնակնության աճ, իրավիճակը ՝ աբորտների գծով, վատթարանում է: Ուլտրապահպանողական ուժերը, որոնք ունեն կանանց ինքնավարության և նրանց առողջության վերահսկման օրակարգ, փորձում են ստիպել իրենց ֆունդամենտալիստական տեսակետը՝ գենդերային դերերի վերաբերյալ՝ ինչպես պետական,  այնպես էլ՝ մասնավոր ոլորտներում: Նրանց մարտավարություններից մեկն այն է, որ աբորտների արգելքների միջոցով ստիպեն կանանց դիմելու՝ հղիության ընդհատակյա ընդհատման: Նպաստելով՝ կանանց կյանքի վերարտադրողական  առողջության վատթարացմանը, բարձրացնելով մահացության դեպքերը», –  մեջբերեց պաշտոնյան :

 

 

«Անապահով աբորտները բերում են անտպղության, մայրական մահացության, մանկալքության»

 

 

Առողջապահության ազգային  ինստիուտի աշխատակից,  դոցենտ Կարինե Սարիբեկյանն քննարկման ժամանակ կարծիք հայտնեց, որ փաստ է՝ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ երկիր է, և այն կոնվենցիաները, որոնք ընդունվել են Ազգային ժողովի կողմից, վեր են ազգային օրենսդրությունից: «Մենք առաջարկել ենք՝ եթե դուք կարծում եք՝ արդյո՞ք Եվրոպական դատարանի նախադեպային որոշումները կարող են հիմք լինել, որ միջազգային կոնվենցիան փոխվի, ուրեմն պետք է սկսել դրանց փոփոխություններից»:

 

 

Առողջապահության ոլորտի մասնագետն  ընդգծեց՝  եթե անգամ երեխան ցանկալի կամ պլանավորված չէ, միևնույն է կինը գտնում է հղիության արհեստական ընդհատման ձևը, դրա հետևանքը ոչ թե ծնելիության բարձրացումն է, այլ՝ իջեցումը: «Անապահով աբորտները բերում են անտպղության, մայրական մահացության, մանկալքության ցուցանիշների բարձրացմանը: Երբ մենք ասում ենք, որ պետության քաղաքականությունը պետք է ուղղված լինի մարդկային էակի ՝ սաղմի, պտղի արժևորմանը,  ես կարծում եմ՝ չպետք է հակադրենք դա կնոջ իրավունքին ու առողջությանը և պարզ պատկերացնենք  հետևանքները՝ աբորտների արգելքը ինչի կարող է հանգեցնել: Արգելքն առկա է շատ քիչ զարգացող երկրներում, որոնք նաև իրենց կրոնական հավատալիքների հետ է կապված: Մեր եկեղեցին չի արգելում հղիության ընդհատումը  ցուցումների դեպքում՝   մայրական , պտղին սպառնացող վտանգի ժամանակ»,-ասաց մասնագետը:

 

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին երկու տարիների ընթացքում հրապարակված ուղեցույցներում նշված է, որ եթե հղիությունը կատարվում է մինչև 12-րդ շաբաթականում՝ պատշաճ պայմաններում, ապա այն ոչ մի բացասական հետևանք չունի կնոջ առողջության համար:

 

 

«Արգելելլը  կշատացնի արտահիվանդանոցային աբորտները»

 

 

 Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևն իր խոսքում  նշեց, որ համաձայն չէ հնչեցված այն տեսակետների հետ, թե Հայաստանը չի պահպանում չծնված երեխային. «Հայաստանը բավականին գումարներ է հատկացնում վիժման վտանգը բուժելու համար: Այսինքն փորձ է արվում պահպանել էակի կյանքը: 22 շաբաթական հղիությունից, 500 գրամ քաշով պտուղն արդեն գրանցվում է: Այդ  երեխաների վրա բավականին գումարներ են ծախսվում, ամիսներով երեխաները մնում են բուժհաստատություններում: Չստացվի պատկերացնում, որ մենք աբորտների կողմնակից ենք, բայց մենք դեմ ենք միանգամից չէ ասելուն: Կտրականապես ամեն ինչ արգելելլը կբերի պաշտպանողական ռեակցիայի և կշատացնի արտահիվանդանոցային աբորտները: Դա միանշանակ ավելանալու է: Պետք է պարզապես հասնել նրան, որ կինը հղիանա այն դեպքում, երբ ցանկանում է ծննդաբերել: Արգելքներով դրան չենք հասնի, դրան կհասնենք աշխատելով, բացատրելով»:

 

 

«Հնարավոր չի լինելու վերահսկել անօրինական  աբորտները»

 

 

ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանն ասաց, որ եթե այս հանրագիրը ընդունվի որպես նախագիծ և  դառնա օրենք, երբեք հնարավոր չի լինի վերահսկել անօրինական  աբորտները , որովհետև եթե կինը ցանկանա աբորտ անել կարող է դա անել այլ երկրում, որտեղ այն թույլատրված է:  «Կնոջը որևէ մեկը չի կարող ստիպել, որ նա ընդհատի իր անցանկալի հղիությունը: Ես աբորտներին դեմ եմ, բայց դա փաստ է: Էլ չեմ խոսում ինքնասպանության մի շարք դեպքերի կամ փորձերի մասին: Իսկ նրանք, ովքեր հնարավորություն չեն ունենա այլ երկրներում աբորտ անել, դա անելու են նկուղներում, շատ վատ մասնագետների մոտ: Իմ հարցը հետևյալն է՝ դուք գտե՞լ եք հետևանքների լուծումը ,  որ արգելված աբորտների դեպքում հնարավոր է լինեն մայրական մահացության դեպքեր… Որովհետև եթե  օրենսդրորեն կարգավորում ենք, որ աբորտը արգելվելու է, ապա չգիտենք  թե ինչ կլինի, եթե աբորտն իրականացվի ընդհատակյա՝ ի՞նչ է լինելու այդ կանանց հետ»:

 

 

Հանրագիրը ներկայացնողներից Ներսես Իսաջանյանն ի պատասխան ասաց, որ իրենք չեն պնդում, որ այն այս տեսքով դրվի շրջանառության մեջ, այլ հանրագրի իմաստն այն է, որ աշխատանքներ տարվի, որպեսզի ճանաչվի չծնված երեխայի իրավունքները. «Աբորտային տուրիզմ հասկացությունը ենթադրում եմ, որ հնարավոր չէ չառաջանա:  Իսաջանյանը չհամաձայնեց այն տեսակետի հետ, թե բոլոր հղի կանայք կմեկնեն այլ երկիր աբորտ անելու նպատակով, բայց վստահեցրեց, եթե աբորտն արգելվի այնուամենայնիվ որոշ թվով  երեխաներ կծնվեն:

 

 

 

Աժ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն անդրադառնալով քննարկվող թեմային ընդգծեց, որ որևէ մեկի իրավունքը պաշտպանելիս պետք է այնպես անել, որ մյուսի իրավունքը չնսեմացվի. «Մենք հարցրե՞լ ենք բռնաբարության ենթարկած կնոջը՝ նա ուզու՞մ է այդ երեխային պահել: Այդ երեխան, մինչև կնոջ կյանքի վերջը իրեն հիշեցնելու է այդ սարսափելի պահերը, և կինը կարող է ամբողջ կյանքում մտածել, որ ինքն ուրիշ բռնարար է մեծացնում:Երկրորդ՝ մենք հաշվի առե՞լ ենք կնոջ կարծիքը, որ ինքը անառողջ երեխա է լույս աշխարհ բերելու և ամբողջ կյանքում տեսնելու է այդ երեխայի տանջանքը: Կնոջ համար իհարկե հեշտ չէ այդ քայլին գնալը, բայց երբեմն դա ստիպված է արվում՝ երեխային չտանջելու նպատակով»:

 

 

Մոտ երկու ժամ տևած քննարկման արդյունքում  ՀՀ առողջապահության նախարարության եւ ոլորտի ներկայացուցիչները հիմնականում ընդունելի չհամարեցին  փաթեթով առաջարկվող փոփոխությունները: Հանձնաժողովը, լսելով կողմերի կարծիքները, որոշեց մերժել   փաթեթը շրջանառության մեջ դնելու մասին առաջարկը:

 

 

Պատգամավորները միակարծիք չեն 

 

 

Քննարկումից հետո   ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում  վերահաստատեց իր մինչ այդ WomenNet.am-ի հետ զրույցում արտահայտված դիրքորոշումը, որ այնումենայնիվ չծնված երեխայի կյանքի իրավունքը պետք է կարգավորվի Հայաստանի օրենսդրությամբ: 

 

 

«Ես և իմ գործընկեր Շաքե Իսայանը առաջիկա օրերին շրջանառության մեջ ենք դնելու չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին օրենքի նախագիծ, որով արգելվելու է հղիության արհեստական ընդհատումը, բացառությամբ, եթե բժիշկների ցուցումով կինն ունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են հղիության հետ։
Գիտեմ, որ շատերը ասելու են, թե հղիության արհեստական ընդհատումը դա յուրաքանչյուր կնոջ և ընտանիքի իրավունքն է, սակայն չծնված երեխան ևս ունի կյանքի իրավունք։ Իրավունք՝ ծնվելու ու ապրելու։ ԵՎ որևէ մեկը հենց այնպես, իր կամ իր ընտանիքի հավեսի, կամ՝ երեխայի սեռը չհավանելու համար, կնոջը չպիտի դրդի նման ծայրահեղ քայլի», – գրել է պատգամավորը: 

 

 

Մարիամ Մելքումյան

 

Հ.Գ. Նյութը հրապարակելուց հետո Նաիրա Զոհրաբյանը գրեց իր ֆեյսբուքյան էջում, որ հրաժարվում է վերը նշված թեմայով  նոր օրինագիծ  ներկայացնելու գաղափարից.  

 

«Նման նախաձեռնությամբ հանդես գալու հայտարարությունից հետո ինձ դիմել են մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք ներկայացրել են իրենց հիմնավորումները, որ այդօրինակ կարգավորումները չեն կարող բխել կնոջ լավագույն շահից։ Բերված հիմնավորումները իմ եւ Շաքե Իսայանի համար եղել են հիմնավոր, ուստի նշյալ նախագիծը մենք շրջանառության մեջ չենք դնի», – գրել է պատգամաորը։

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հայաստանում արգելվելո՞ւ են աբորտները

 

 

Դիտումների քանակը` 1378

Գլխավոր էջ