Ինչ հարցեր է կարգավորում «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքը

Հազարից ավելի քաղաքացիներ արդեն ստորագրել են «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքն ընդունելու պահանջի տակ: Նշենք, որ խոսքը  վերամշակված տարբերակի մասին է , որն ուղարկվել է ՀՀ վարչապետին, Ազգային ժողովի խմբակցություններին , հասարակական տարբեր կառույցներին: Անշուշտ անհրաժեշտ է, որ օրենքը հասկանանլի լինի նաեւ հանրության լայն շրջանակների համար:  Այդ իսկ պատճառով փորձենք ներկայացնել օրենքի հիմնական դրույթներն ու առանձնահատկությունները:

 

Այս օրենքի գլխավոր առանձնահատկությունը այն է, որ նա  միտված  է հանցագործության կանխարգելմանը, այլ ոչ թե հետեւանքների վերացմանը: Ասել է թե ընդունելով այս օրենքը, մեր պետությունը ոչ միայն ավելի խիստ մոտեցում կցուցաբերի բռնարարների նկատմամբ, այլեւ կփորձի նվազեցնել նրանց թիվը:

 

 Ի՞նչ է ընտանեկան բռնությունը

 

Օրենքը նախեւառաջ պարզաբանում է, թե ինչ է ընտանեկան բռնությունն առհասարակ. «Ընտանեկան բռնությունը ընտանիքի անդամների միջեւ ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության կիրառումն է»:

 

Թվարկվող բռնության տեսակներից հանրության համար առավել հասկանալին ֆիզիկականն է, որը հիմնականում նույնացվում է ծեծի հետ, իսկ սեռական, հոգեբանական եւ տնտեսական բռնության տեսակները դեռ չեն արմատավորված մեր գիտակցության մեջ:

 

Այսպես, «հոգեբանական բռնությունը ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսին դիտավորությամբ հոգեկան տառապանք պատճառելն է կամ հոգեբանական հարկադրանքի, այդ թվում սպառնալիքների եւ հետապնդումների ենթարկելն է»:

 

Օրինակ, եթե ավագ եղբայրը կրստես եղբորը կամ քրոջը փորձում է արգելել շփվել ընկերների հետ` նրան սպառնալով, վախեցնելով, տնային կալանքի տակ պահելով, դա հոգեբանական բռնություն է: Կամ երբ ամուսինը կնոջն արգելում է կապ պահպանել ծնողների հետ, հաճախակի զանգել նրանց` սպառնալով, թե կամուսնալուծվի, դա եւս հոգեբանական բռնություն է:

 

Սեռական բռնությունը ընտանիքի ներսում եւս դժվար ընկալելի է հասարակության կողմից: Սակայն սեռական բռնություն հաճախ է լինում հենց ամուսնական զույգերի միջեւ:

 

Օրենքը սահմանում է. «Սեռական բռնությունը ընտանիքի մեկ անդամի կողմից մյուս անդամի կամքին հակառակ, վերջինիս հանդեպ բռնություն գործադրելով, նրա հետ սեռական հարաբերություն ունենալն է կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն է»:

 

Ավելի պարզ լեզվով` եթե ամուսիններից որեւէ մեկը չի ցանկանում սեռական հարաբերություն ունենալ եւ նրա կողակիցը ստիպում է նրան, դա համարվում է սեռական բռնություն:

 

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը ուժի մեջ մտնելու դեպքում կպաշտպանի նաեւ քաղաքացիների գույքային եւ ֆինանսական միջոցներ տնօրինելու իրավունքը:

 

Ըստ օրենքի` «տնտեսական բռնություն է համարվում «ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի գույքը դիտավորությամբ վերցնելը, ոչնչնացնելը, վնասելը, յուրացնելը, թաքցնելը»:

 

 

 Ինչպե՞ս կանխարգելել բռնությունը

 

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի ընդունումը բխում է ինչպես բռնության ենթարկվող մարդկանց, այնպես էլ բռնություն գործադրելու հակված քաղաքացիների շահերից, քանի որ օրենքի լիարժեք կիրառման շնորհիվ պոտենցիալ հանցագործների վարքը կվերահսկվի եւ նրանք չեն հասնի կրիտիկականի կետի` կատարելով այնպիսի հանցագործություններ, որոնց համար կարող են դատապարտվել տասնյակ տարիների ազատազրկման:

 

«Ինչպե՞ս է օրենքը կանխարգելելու բռնությունը»,- այս հարցը հաճախ է հնչում: Նախ` բռնությունը կանխարգելելու է ոչ թե օրենքը, այլ օրենքից բխող մի շարք գործառույթները, որոնք պետք է իրականացնի Հայաստանի կառավարությունը:

 

Օրենքը նախատեսում է ընտանեկան բռնության կանխարգելման հատուկ միջոցներ, մասնավորապես`

  1.  Պաշտոնեական նախազգուշացումը
  2.  Արտակարգ միջամտության որոշումը
  3. Պաշտպանական որոշումը

 

Պաշտոնեական նախազգուշացումն արվում է ոստիկանության կողմից: Ոստիկանության աշխատակիցը մեկ անգամ բռնություն կիրառած քաղաքացուն տալիս է գրավոր պաշտոնեական նախազգուշացում նրա գործողությունների անթույլատրելիության մասին: Հենց սա է բռնության կանխարգելման մեխանիզմը:

 

Երբ բռնարարը հասկանում է, որ իր գործողությունները կարող են դատապարտելի լինել օրենքով, որ ինքը գտնվում է ոստիկանության ուշադրության կենտրոնում, խուսափում է բռնություն կիրառելուց: Իհարկե, չի բացառվում, որ պաշտոնեական նախազգուշացումը չսզպի, նույնիսկ էլ ավելի գրգռի հանցագործության հակված անձնավորությանը: Նման դեպքերում հաջորդում են օրենքով նախատեսված մյուս գործողությունները, մասնավորապես արտակարգ միջամտության որոշումը:

 

Արտակարգ միջամտության որոշումը կայացվում է այն դեպքում, երբ ոստիկանության աշխատակցի գնահատմամբ բռնարարի վարքագիծը սպառնում է զոհի կամ նրա հարազատների կյանքին, ազատությանը, անձեռնմխելիությանը: Արտակարգ միջամտության ժամանակ բռնարարին առավելագույն 72 ժամով զրկում են ընտանեկան բռնության ենթարկված զոհի հետ որեւէ տեսակի հաղորդակցությունից` անմիջական շփում, հեռախոսային կամ նամակագրական կապ: Ավելին, բռնարարին արգելվում է 100 մետրից ավելի մոտենալ ընտանեկան բռնության զոհին:Այս գործառույթի շնորհիվ ոստիկանությանը լիազորություն կտրվի բռնարարին զերծ պահել հանցավոր գործողություններից եւ պաշտպանել նրա ընտանիքի անդամների իրավունքները:

 

Պաշտպանական որոշումը տրվում է այն ժմանակ, եթե մինչեւ 72 ժամ վերահսկողությունը բավարար չէ բռնարարին հանցավոր գործողություններից զերծ պահելու համար, եւ ոստիկանությունը հանգում է այն եզրակացության, որ տվյալ անձի նկատմամբ կիրառվող անհրաժեշտ սահմանափակումները պետք է կրեն ավելի տեւական բնույթ: Այս ժամանակ արտակարգ միջամտության որոշման պատճենը ներկայացնում է դատարան, եւ դատարանը 24 ժամվա ընթացքում որոշում է կայացնում առավելագույնը 6 ամիս ժամկետով արգելել բռնարարին մինչեւ 100 մետր հեռավորության վրա մոտենալ բռնության զոհին:

 

Ի դեպ, ընտանեկան բռնության կանխարգելման թվարկված հատուկ միջոցների դիմելու դեպքում ՀՀ ոստիկանությունը ընտանեկան բռնություն կատարած անձին վերցնում է պրոֆիլակտիկ հաշվառման: Սա եւս բռնությունը կանխարգելելու միջոց է: Երբ անձը ստացել է գրավոր նախազգուշացում եւ տեղեկացված է, որ վերցված է հաշվառման, գիտակցում է, որ հաջորդ անգամ իր նկատմամբ կարող են կիրառվել ավելի խիստ միջոցներ:

 

Ինչո՞ւ կառավարությունը հակված չէ ընդունել օրենքը

Թվում է` «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը պետք է միայն ողջունվեր Կառավարության եւ Ազգային ժողովի պատգամավորների կողմից, սակայն օրենքի ընդունման գործընթացը սկսվել է դեռեւս 2007 թվականից եւ մինչ օրս չի հասել տրամաբանական ավարտին: Ինչն է խանգարում իշխանություններին ընդունել այս օրենքը, մանավանդ հիմա, երբ ընտանեկան բռնության դեպքերը հանրության ուշադրության կենտրոնում են, եւ օրեցօր ավելանում է այն քաղաքացիների թիվը, ովքեր գիտակցում են նման օրենք ընդունելու անհրաժեշտությունը:

 

Բանն այն է, որ օրենքը մի շարք պարտավորություններ է նախատեսում ՀՀ կառավարության համար, դրույթներ, որոնք պետության պոզիտիվ պարտավորությունների շարքից են` իր քաղաքացիների անվտանգությունը երաշխավորելու նպատակով:

 

Օրենքով նախատեսում է Երեւանում եւ մարզերում ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար ստեղծել ապաստարաններ, խորհրդատվական եւ հոգեբանական աջակցության կենտրոններ: Այս ամենը, բնականաբար, կախված է ֆինանսական ծախսերի հետ, եւ մեր Կառավարությունը մինչ օրս չի ցուցաբերում բավարար պատրաստակամություն այս ծախսերը հոգալու համար:

 

Ավելին, իշխանությունները հավանաբար կարծում են, որ կանանց իրավունքները պաշտպանող մի քանի հասարակական կազմակերպությունները որոշ չափով լրացնում են այս բացը եւ չեն ցանկանում ստանձնել լրացուցիչ պարտավորություններ:

 

Հիշեցնենք, որ Հայաստանը դեռ տասնյակ տարիներ առաջ միացել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիային եւ մի շարք այլ փաստաթղթերի, որոնց հիման վրա միջազգային կազմակերպությունները,  օրինակ ՄԱԿի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեն,  պարբերաբար ՀՀին կոչ են անում իրականանցնել ստանձնած պարտավորությունները՝ ընդունելով ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքը եւ անհրաժեշտ պաշտպանության միջոցներ, այդ թվում,   ապաստարաններ տրամադրելով բռնության զոհերին:

 

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ

 

Արման Ղարիբյան

Դիտումների քանակը` 5792

Գլխավոր էջ