Զարուհի Փոստանջյան. «Մենք ասում ենք՝ ոչինչ, եթե նույնիսկ տղամարդիկ վախենում են, թող կանգնեն մեր թիկունքում»
Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի քաղաքական դաշտում ի հայտ եկավ Զարուհի Փոստանջյանի գլխավորած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: Հայաստանի նորագույն պատմության մեջ դա կնոջ կողմից ղեկավարվող առաջին քաղաքական ուժը չէր, սակայն երևի թե առաջինն էր, որի կին առաջնորդը ստեղծվելու պահից փորձեց ուղղորդել այն դեպի ծայրահեղական, կոմպրոմիսների չգնացող ընդդիմություն: Ընտրողների ուշադրությունը գրավելու քաղաքական հաշվարկ էր թե՞ կուսակցության ղեկավարի ըմբոստ բնարավորության դրսևորում… երևի թե այն դեպքն էր, երբ հաջողությամբ աշխատեց փոխլրացման սկզբունքը: Արդյունքում Զարուհի Փոստանջյանն այսօր ամենաքննարկվող կին քաղաքական գործիչն է, ով ոչ մի կերպ չի տեղավորվում կնոջ տեղի ու դերի մասին կարծրացած պատկերացումներում՝ հանդես գալով Հայաստանի քաղաքական դաշտի համար նորարար մոտեցումներով և ստանձնելով «կանոններին չենթարկվողի», այսպես կոչված, rule breaker –ի դերը:
«Իրավապաշտպան գործունեությունից քաղաքականություն անցումը սահուն է եղել»
Դատարանում՝ որպես փաստաբան, Ազգային Ժողովում՝ որպես պատգամավոր, Երևանի քաղաքապետարանում՝ որպես ավագանի, թե փողոցում՝ որպես ցուցարար, Զարուհի Փոստանջյանը մշտապես դրսևորել է ուրույն գործելաոճ, որը բուռն քննարկումների, հաճախ էլ սուր քննադատության առիթ է դարձել: Նա հանրությանը ճանաչելի դարձավ դեռևս 2000-ականների սկզբներին, երբ որպես փաստաբան պաշտպանում էր «Մատաղիսի գործով» մեղադրյալներին, որոնք հետագայում արդարացվեցին: Այդ տարիներին փաստաբաններից քչերն էին համագործակցում իրավապաշտպանների հետ. «Քաջ գիտակցում էի, որ առանց քաղաքացիական հասարակության ներգրավման հնարավոր չէր հանել այդ երիտասարդներին բանտախցերից: Իրավապաշտպանները «Մատաղիսի գործում» մեզ՝ փաստաբաններիս, թիկունք եղան, և եթե այդ թիկունքը մենք չունենայինք, այսօր էլ մեր պաշտպանյալները կլինեին բանտում», – հիշում է Փոստանջյանը:
Վարշավայի մարդու իրավունքների բարձրագույն դպրոցում և Շվեդիայի Լունդի համալսարանում ստացած գիտելիքների շնորհիվ Փոստանջյանն ինքն էլ էր ներգրավված իրավապաշտպան գործունեության մեջ: Կարիերայի սկզբում աշխատել է իրավապաշտպան կազմակերպություններում՝ Հելսինկյան Ասոցիացիայում և Կանանց իրավունքների կենտրոնում: Ասում է, որ այդ փորձն ուղղակի ազդեցություն է ունեցել իր վրա, քանի որ այսօր էլ իր գործունեությունն իրականացնում է իրավաքաղաքական գաղափարների ներքո. «Այսօր, երբ ուղղակիորեն քաղաքականությամբ եմ զբաղվում, շատ լավ եմ գիտակցում կանանց մասնակցության արժեքը, և մեր կուսակցության առանցքային սկզբունքներից մեկն այն է, որ կանայք պետք է պարտադիր ներգրավված լինեն, և նրանց իրավունքները հարգված լինեն»: Պատմում է, որ ժամանակին իր անցումը իրավապաշտպան գործունեությունից քաղաքականություն սահուն է եղել, և պայմանավորված էր «Ժառանգություն» կուսակցության նկատմամբ քաղաքական հետապնդումներով. «Ես որպես փաստաբան ներկայացնում էի կուսակցության շահերը պատկան մարմիններում: «Ժառանգության» գաղափարախոսությունը համահունչ էր իմ քաղաքական հայացքներին, այդ պատճառով էլ դարձա կուսակցության անդամ »,- նշում է Զարուհի Փոստանջյանը:
«Թիմակիցներս նույնիսկ եթե համաձայն չէին, բայց կանգնում էին կողքիս»
2007-ին կուսակցության ցուցակներով ընտրվում է Ազգային ժողովի պատգամավոր: Չորրորդ գումարման Ազգային Ժողովի կազմում 12 կին կար, ընդ որում «Ժառանգություն» խմբակցության 7 պատգամավորներից երեքն էին կին ՝ Լարիսա Ալավերդյանը, Անահիտ Բախշյանը և Զարուհի Փոստանջյանը: Նրանց ակտիվ գործունեությունն էական նշանակություն ունեցավ կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ հանրության մեջ առկա կարծրատիպերը հաղթահարելու հարցում: Նրանք տարբեր մոտեցումներ և գործելաոճ ունեին, ինչը երբեմն ներքին տարաձայնությունների առիթ էր դառնում, սակայն չէր արտահայտվում հանրային գործունեության մեջ: «Կուսակցությունում եղել են տարբեր կարծիքներ, բայց մշտապես ունեցել եմ Րաֆֆի Հովհաննիսյանի հովանավորչությունը մինչև վերջին տարիները, երբ ի հայտ եկավ քաղաքական հստակ բևեռացումը մեր կարծիքների մեջ: Բայց այն ժամանակ բոլոր թիմակիցներով գաղափարակիցներ էինք: Իսկ գործիքակազմի հետ կապված հիշում եմ, որ երբ ես հղի էի և պաստառը ձեռքիս փողոց էի դուրս գալիս, Լարիսա Ալավերդյանն ու Անահիտ Բախշյանը թեև չէին խրախուսում դա, ասում էին՝ դու այս վիճակում չպետք է գնաս, բայց երբ տեսնում էին, որ միևնույն է՝ գնում էի, նրանք ինձ հետ գալիս էին: Դա շատ կարևոր էր ինձ համար, նույնիսկ եթե նրանք համաձայն չէին, բայց կանգնում էին կողքիս»,- հիշում է նախկին պատգամավորը:
«Դա առաջին և վերջին անգամն էր, երբ գնացի նախագահական»
Լուսանկարները՝ Ֆոտոլուրի արխիվից
2007 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ ՀՀ անկախության տոնի կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԱԺ պատգամավորներին հրավիրել էր նախագահական նստավայր, Զարուհի Փոստանջյանը ներկայացել էր «Ազատություն Ժիրայր Սէֆիլյանին» շապիկով և թեև շապիկներ էր պատվիրել նաև «Ժառանգության» մյուս պատգամավորների համար, նրանք հրաժարվել էին այդ տեսքով գնալ նախագահական նստավայր. «Դա առաջին և վերջին անգամն էր, երբ ես գնացի նախագահական (ծիծաղում է): Ինձ երբեք էլ հետաքրքիր չի եղել նախագահական գնալը, եթե գնալ, ապա միայն հատուկ ուղերձով: Իմ գործընկերները համաձայն չէին, որ ես այդ շապիկով գնամ նախագահական, ու իրենք չհագան այդ շապիկները: Սակայն Վարդգես Գասպարին , Սեդա Մելիքյանը և ուրիշ ակտիվիստները հագան և կանգնեցին դրսում՝ նախագահականի դիմաց»,- պատմում է Փոստանջյանը:
Հանրահավաքների ժամանակ, երբ լարվածություն էր առաջանում ցուցարարների և ոստիկանների միջև, նա գրեթե միշտ հայտնվում էր ամենաթեժ կետերում՝ ոստիկանների և ցուցարների մեջտեղում՝ փորձելով կանխել բռնությունը.
«Դու այդ պահին չպետք է մտածես վախի մասին: Իհարկե, իրավապաշտպան գործունեությունը պետք է որոշակի կիրք ունենա, այսինքն՝ դու պետք է դրանով ապրես, դա քոնը պետք է լինի, առանց դրա դու չես կարող դիմադրել, երբ դիմացդ բիրտ ուժ ես տեսնում: Բայց դրա հետ մեկտեղ դու պետք է ունենաս նաև սառը շրջահայացություն, որպեսզի հասնես քո ուզածին և հնարավորինս քիչ վնաս կրես»:
«Միջոցներն ընտրում եմ ըստ իրավիճակի»
Հինգերորդ գումարման Ազգային ժողովում Փոստանջյանը միակ կինն էր «Ժառանգության» խմբակցությունում, որի կազմը սակայն այլևս չուներ առաջվա միասնականությունը: Փոստանջյանը փորձում էր լրացնել այդ պակասը ավելի կոշտ գործելաոճ ցուցաբերելով: 2013-ին , երբ ԱԺ-ում պետք է քվեարկության դրվեր «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը, նա ընդմիջման ժամանակ հավաքեց ՀՀԿ խմբակցության պատգամավորների գրանցման քարտերը՝ դրանով իսկ տապալելով քվեարկությունը: Նման դեպք ԱԺ-ում մինչ այդ և դրանից հետո չի գրանցվել: Ասում է, մտածում էր միայն այն մասին, թե ինչպես կանխի հերթական ապօրինությունը. «Ընտրում եմ, թե որ մի միջոցը գործածեմ՝ ըստ իրավիճակի: Այդ պահին քարտերը հավաքելը միջոցներից մեկն էր»:
Իրականում, Փոստանջյանի գործելաոճը հաճախ է ցնցում հանրությանը՝ առաջացնելով մի մասի մոտ հիացմունք, մյուսների մոտ ՝ սուր քննադատություն: Այդպիսին էր նաև Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Սերժ Սարգսյանին ուղղված նրա հարցը՝ խաղամոլության մասին ակնարկով: Տարիներ անց Փոստանջյանն այսպես է մեկնաբանում իր արարքը. «Երբ քեզ տրված է փոքրիկ հնարավորություն, ապա դու պետք է այնպիսի «դիպուկահար» լինես, որ այդ քո մեկ «կրակոցով» կարողանաս տապալել դիմացինին: Եթե դու ունես ընդամենը 30 վայրկյան հարց տալու, ապա դու պետք է այդ հարցն այնպես ձևակերպես, որ դիմացինդ չհասցնի մտածել: Դա նաև որոշակի հմտություն է պահանջում, որը ստացել եմ Միացյալ Նահանգներում (Տավթի համալսարանի՝ Ֆլետչերի դպրոցում դասընթացներին ուսանելու ընթացքում)»:
«Դու չես կարող կտրված լինել հանրությունից»
2017-ի ընտրություններից առաջ Զարուհի Փոստանջյանը լքեց «Ժառանգությունը» և ստեղծեց «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ գրեթե անմիջապես մասնակցելով Երևան քաղաքի ավագանու ընտրություններին: Քարոզարշավը սկսեց հեծանվաերթով՝ նոր շունչ հաղորդելով ընտրական գործընթացին:
«Մենք սովոր ենք տեսնել ավտոբուսների մեծությամբ մեքենաներով երթևեկող պաշտոնյաների, որոնք բացարձակ չեն շփվում հանրության հետ: Իսկ հեծանվով երթևեկելիս դու չես կարող կտրված լինել հանրությունից: Հեծանիվ վարելով դու ստանում ու հաղորդում ես ազատության և անկախության շունչը, դա երիտասարդություն է, առողջություն է: Բացի այդ մենք լուրջ խնդիր ունենք մեր քաղաքի տրանսպորտային համակարգը բարելավվելու, և հեծանիվների համար ճանապարհներ ստեղծելը և այդ մշակույթը խթանելը կարող է էական նշանակություն ունենալ այդ խնդիրը լուծելու հարցում»,- ասում է կուսակցության առաջնորդը:
«Իմ երեխան ՀՀ քաղաքացի է, և նա նույնպես պետք է պայքարի հանուն արդարության»
Ընտրությունների օրը բռնություն կիրառվեց թե՛ Փոստանջյանի, թե նրա դստեր նկատմամբ, ով այդ օրը մոր կողքին էր: Այս առիթով ևս Փոստանջյանը քննադատության արժանացավ՝ իր երեխային առաջնագիծ տանելու համար:
Զարուհի Փոստանջյանը՝ իր դուստրերի հետ/Լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի
«Իսկ ես ո՞ւմ երախային պետք է ներգրավվեի, եթե ոչ իմ: Իմ երեխան ՀՀ քաղաքացի է, և նա նույնպես պետք է պայքարի հանուն արդարության: Նա կրում է իմ գաղափարախոսությունը, քանի որ ես նրան դաստիարակել եմ այդ ոգով: Ես պիտի իմ երեխայից սկսեմ, որպեսզի նա էլ օրինակ ծառայի մյուսների համար»:
Փոստանջյանին ուղղած քննադատությունից հաճախ «բաժին է հասնում» նրա ամուսնուն: Մեկնաբանություններում հաճախ են հանդիպում «իսկ ո՞ւր է Զարուհու ամուսինը» արտահայտությունը՝ ակնարկելով, թե վերջինս պետք է կամ «պաշտպանի» կնոջը կամ ուղղակի «արգելի» նրան հայտնվել այնպիսի իրավիճակներում, որտեղ նրա նկատմամբ կարող է բռնություն կիրառվել կամ վիրավորանքներ հնչել: «Իհարկե,մենք երկուսս էլ չենք կաշկանդվում նման մեկնաբանություններից, տարբեր բաներ կարող են խոսել: Իմ ամուսնու համար պարզ է, որ ես քաղաքականության մեջ եմ, և դա այն ոլորտն է, երբ դու հանրության ուշադրության կենտրոնում ես, և տարբեր կարծիքներ կարող են հնչել, անգամ շատ սուր: Ամուսինս աշխատում է, նա բժիշկ է: Ինքն էլ է մեր գաղափարների առաջամարտիկը և պատրաստ է ունենալ իր ներդրումը կամ կրել իր բաժին զրկանքները: Նա կրում է պատասխանատվության իր բաժինը»,- ասում է Զարուհի Փոստանջյանը:
«Կնոջ առաջնորդությունը հատկապես այսօր պահանջված է»
Այս տարվա փետրարի 13-ին Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո ոմանք քննադատեցին Փոստանջյանի ու նրա թիմակիցների գործելաոճը՝ համարելով այն ծայրահեղական: Զարուհի Փոստանջյանը սա պայմանավորում է նրանով, որ մենք ապրում ենք փակ հասարակությունում, որտեղ քաղաքական պայքարի իրենց կողմից օգտագործվող միջոցները կարող են չընդունվել շատերի կողմից.
«Մեր երկրի քաղաքական կառուցվածքը բացարձակ ավտորիտար է, հետևաբար, մարդիկ չեն կարող իրենց թույլ տալ անել այն, ինչ մենք ենք անում: Մարդիկ կաշկանդված են, հաճախ հենց դա է պատճառը, որ մեր որոշ արարքներ իրենց համար անթույլատրելի են: Բայց երբ չկա դատարան, չկա քաղաքական արդար կառուցվածք, ապա դու այլ հնարավորություն չունես: Մեզ էլ հաճելի չէ ընտրել այդ միջոցները, մանավանդ, որ դրանք հաճախ վտանգներ են պարունակում իրենց մեջ, սակայն այլընտրանք չունես և քո նպատակին հասնելու համար պետք է դիմես ռիսկային միջոցների ու չվախենաս հետևանքներից»:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հաճախ է լինում մարզերում՝ քաղաքացիներին ընդվզելու կոչ անելու նպատակով: Փոստանջյանը նշում է, որ քաղաքացիների համար այլևս խորթ չէ տեսնել բարձրախոսը ձեռքին կնոջ, ով երթեր և ցույցեր է առաջնորդում: «Կարծում եմ, որ կնոջ առաջնորդությունը հատկապես այսօր պահանջված է: Պատերազմից հետո տղամարդկանցից շատերը մեկնել են արտագնա աշխատանքի, և կանայք հասկանում են, որ իրենց ուսերին է մնացել որոշումներ կայացնելու պատասխանատվությունը: Մենք ասում ենք՝ ոչինչ, եթե նույնիսկ տղամարդիկ վախենում են, թող կանգնեն մեր թիկունքում, և մենք կառաջնորդենք»,- նշում է Փոստանջյանը:
«Մենք ուզում ենք, որ մարդիկ մտածեն»
Մարզային այցելությունների ժամանակ կուսակցությունը մշտապես մի պաստառ է պարզում, որի վրա գրված է « Ընդվզի՛ր, մերժի՛ր սատանայի բանաձևը»: Սա, ըստ էության, քաղաքական ակցիաներին որոշակի դիցաբանական-կրոնական ենթատեքստ հաղորդելու փորձ է, ինչը միանշանակ չի ընկալվում շատերի կողմից:
«Մենք չենք ուզում պարզունակ ուղերձներով հանդես գալ, մենք ուզում ենք, որ մարդիկ մտածեն: Նրանք պետք է մտածեն, որպեսզի դառնան քո գաղափարակիցը: Այստեղ փոխաբերական իմաստ է գործում: Այդ պաստառը մեծ փիլիսոփայական նշանակություն ունի: Նկարում, որը ստեղծվել է 500 տարի առաջ, պատկերված է, թե ինչպես են կտրում մարդու ականջը, որպեսզի զրկեն լսելու ունակությունից: Այսինքն՝ մարդուն կտրում են իրականությունից,- բացատրում է Փոստանջյանը: – Մեզ շատ հաճախ ասում են, թե հանրությունը ծախվել է 10.000 դրամով: Բայց չէ՞ որ հանրությունը հաղորդակից չէ ազգային-քաղաքական գործընթացներին, նա արդեն իսկ խոցված է: Եթե անգամ մարդը ճնշման ներքո իր դեմ ցուցմունքներ է տվել, ես չեմ կարող ասել՝ դու պետք է մնաս բանտախցում, քանի որ ինքդ ես քո դեմ ցուցմունք տվել, ո՛չ, ես պետք է պաշտպանեմ նրա իրավունքը»:
Կուսակցության գործունեությունը լուսաբանելու նպատակով Փոստանջյանն ակտիվորեն օգտագործում է Ֆեյսբուք սոցիալական ցանցում ուղիղ եթեր հեռարձակվելու հնարավորությունը: Փոստանջյանն առաջնորդվում է այս հարցում ամերիկացի փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույամայի խոսքերով, որի նկարը և արտահայտած միտքը փակցված է կուսակցության գրասենյակի նախասրահում. «Տոտալիտար կառավարումը պահանջում է ռեժիմի տեղեկատվության մենաշնորհի պահպանում, իսկ ժամանակակից տեխնոլոգիաները, այն անհնար դարձնելով, տրոհում են ռեժիմի հզորությունը»: «Մենք այս գիտելիքները հենց այնպես չենք ստացել, մենք ժամանակակից բոլոր գործիքներն օգտագործում ենք: Ֆեյսբուքը մեզ աջակցող ժամանակակից տեխնոլոգիա է»:
«Ես ազգայնական չեմ, ես ազգային եմ»
Զարուհի Փոստանջյանը թեև հանդես է գալիս որպես ազատական քաղաքական գործիչ, այնուամենայնիվ, նրա ելույթներում հաճախ են նկատվում ազգայնականություն հիշեցնող մոտեցումներ: Փոստանջյանը, սակայն, իրեն համարում է ոչ թե ազգայնական, այլ ազգային գործիչ. «Այսօր յուրաքանչյուր ժամանակակից պետություն, որտեղ գնահատվում են մարդու իրավունքները, ազգային պետություններ են: Ֆրանսիան, Գերմանիան ազգային պետություններ են: Եթե դու չգիտակցես քո ազգային ինքնության արժեքը, դու չես կարող արժևորել մնացած արժեքները նույնպես: Ինձ համար շատ կարևոր է մեր տեսակի պաշտպանությունն ու պահպանությունը: Մեզ զրկել են մեր կյանքից, ոչնչացրել են հենց մեր ազգային ինքնության պատճառով: Եթե մենք չենք ընդունում ազգային ինքնությունը որպես արժեք, ապա չենք կարող պաշտպանել նաև մեր մյուս իրավունքները: Ես շատ եմ սիրում մեր ազգը, բայց կրկնում եմ՝ ես ազգայնական չեմ»:
Արման Ղարիբյան
Դիտումների քանակը` 6770