«Ոստիկանության գործողությունները կին ակտիվիստների նկատմամբ ոչ իրավաչափ են եղել». «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հայտարարությունը

Մարտի 24-ին  Մաշտոցի պողոտայում բախում  է տեղի ունեցել  ոստիկանների եւ «Նոր Հայաստան» շարժման անդամների միջեւ, որի հետեւանքով շարժման անդամներից Կարո Եղնուկյանի կինը՝ Ռուզաննա Եղնուկյանը գլխի շրջանում վնասվածք ստացավ եւ շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվեց: Հիշեցնենք, որ «Նոր Հայաստանի» անդամների, որոնց թվում նաեւ  «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամների  ակցիայի պահանջը ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի ազատությունն է :

 

Armtimes.com  կայքի փոխանցմամբ ,  ակցիայի մասնակիցները մեխով շղթաներ էին ամրացրել գետնին եւ իրենց շղթայել էին գետնին: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքով, Ռուզաննա Եղնուկյանը վնասվել է ակցիայի մասնակիցների հրմշտոցի արդյունքում։ «Նրանք իրենց ամրացված շղթաները մեխերով ամրացրել են ասֆալտին, երբ ոստիկանները փորձել են ազատել փողոցը, ակցիայի մասնակիցները, հրելով մեկը մյուսին, այդ վնասվածքը ստացել են», – ասաց Օսիպյանը՝ նշելով, որ իրեն այդպես են զեկուցել։

 

Ոստիկանությունը բերման էր ենթարկել  ակցիայից մասնակիցներից  14-ին:   «Մեզ բոլորիս տարեք, գցեք Նուբարաշեն, միևնույն է, մեր հետևից ուրիշներն են գալու: Մենք փողոցներ ենք փակելու, դա մեր սահմանդրական իրավունքն է», – ասաց Panorama.am-ի տեղեկացմամբ  ակցիայի կին մասնակիցներից մեկը, պնդելով, որ երիտասարդ ոստիկաններից մեկն ամենավատ հայհոյանքներ է տվել ակցիայի մասնակիցների հասցեին: Այս կնոջն էլ ոստիկանները բերման ենթարկեցին՝ չպատասխանելով հարցերին, թե ինչու են տանում:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ նրանք   սահմանփակել էին քաղաքացիների տեղաշարժի իրավունքը: Ավելի  ուշ  ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից  հայտնեցին, որ Մաշտոցի պուրակից ոստիկանություն բերման ենթարկված 14 քաղաքացիներ բաց են թողնվել:

 

Այսօր   «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հանդես է եկել    ՀՀ Ոստիկանության գործողությունների վերաբերյալ  դատապարտող հայտարարությամբ, որի   մեջ, մասնավորապես, ասված է .

 

       «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան  դատապարտում է  մարտի 24-ին՝ ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի անցկացված խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամների և մի խումբ այլ քաղաքացիների հանդեպ ոստիկանաության գործողություններն ու համարում ոչ իրավաչափ: Ոստիկանության աշխատակիցները ակցիայի մասնակիցներին հասցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, բռնի ուժ են կիրառել, որի արդյունքում «Հայ կանաց ճակատ» նախաձեռնության անդամ Ռուզան Եղնուկյանը ստացել է գլխի բաց վնասվածք,բերման են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ: 
      Հիշեցնում ենք, որ «Հավաքների ազատության մասին» օրենքը նախատեսում է, որ եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա Ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին։ Թեկուզ առանց իրազեկման, բայց խաղաղ բնույթ ունեցող հավաքը ցրելու անթույլատրելիության և այդպիսի հավաքին աջակցելու Ոստիկանության պարտականության մասին իրավական դիրքորոշում է արտահայտվել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում: Բացի այդ ոստիկանության գործունեությունը կարգավորող իրավական ակտերն արգելում են ոստիկանին ծառայողական պարտականություններն իրականացնելիս որևէ վերաբերմունք, դիրքորոշում արտահայտել, կամ գնահատականներ հնչեցնել քաղաքական որևէ երևույթի, գործընթացի կամ դրանցում ներգրավված անձանց վերաբերալ, այնինչ ակցիայի ժամանակ ոստիկանները հայհոյել և անարգել են քաղաքացիներին: 
     Կոչ ենք անում ՀՀ հատուկ քննչական ծառայությանը մանրամասն քննել Ոստիկանության ծառայողների ոչ իրավաչափ գործողությունները: 
      Պահանջում ենք ԵԱՀԿ երևանյան գրասենյակից՝ որպես ՀՀ Ոստիկանության վերափոխմանն ու արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացնողի, իրենց դիրքորոշումն արտահայտել վերոնշյալ երևույթների վերաբերյալ: 
       Վերահաստատում ենք այն սկզբունքը, ըստ որի Ոստիկանության աշխատանքը արդյունավետ է միայն այն դեպքում, երբ ոստիկանությունը կանգնած է մարդու իրավունքների պաշտպանության առաջնագծում՝ երաշխավորելու օրենքի գերակայությունը և ոստիկանության բարձր չափանիշները»:

 

Դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաեւ  «Ժառանգություն» կուսակցության կանանց խորհուրդը: Հայտարարության  հեղինակները պահանջում են  պատկան մարմիններից անհապաղ քայլեր ձեռնարկել նման վարքագծի որևէ այլ դրսևորում բացառելու և կանանց նկատմամբ բռնություններ իրականացնողներին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար։

 

«Հասարակությունը չի կարող ազատագրված համարվել, եթե կինը ստրկության մեջ է», առավել ևս` հասարակությունը չի կարող ազատագրվել, եթե չդատապարտվեն ոստիկանության բռնությունները անարդարության դեմ կենդանի բողոք արտահայտող կնոջ նկատմամբ: Հայ հասարակությունում կանանց սակավ ներգրավվածությունը հանրային և քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններին որպես հիմնական դերակատարի` նպաստել է անարդարության, բռնությունների և անազատությունների իշխող քաղաքականության արմատավորմանը: Ուստի կոչ ենք անում հասարակական և քաղաքական կազմակերպություններին, մտահոգ քաղաքացիներին, ովքեր պայքարում են կանանց հասարակական և քաղաքական կյանքում լիարժեք ներգրավվածության համար, բռնությունների դեմ դատապարտել ոստիկանների կողմից իրականացրած ապօրինությունները», – ասված է «Ժառանգություն» կուսակցության կանանց խորհրդի հայտարարության մեջ:

 

 

P.S. Մաշտոցի պողոտայում երեկ ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման արդյունքում ճակատային հատվածում վնասվածք ստացած Ռուզաննա Եղնուկյանը  «Ազատություն» ռադիոկայանին   պատմել է, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել։

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

 

 

Դիտումների քանակը` 3456

Գլխավոր էջ