«Ոստիկանությունը պետք է ձգտի նվաճել կանանց վստահությունը»

 Անդրադառնալով  «Կանացի անվտանգության» խորհուրդների մասին   սոցիալական ցանցերում  եւ մամուլում արտահայտված կարծիքներին ՀՀ  Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը  զարմանք է  արտահայտել , որ դրանք սխալ են ընկալվել:  Նա նշել է, որ քրեագետների ու հոգեբանների կողմից  մշակված  մասնագիտական խորհուրդները՝ հասարակական վայրերում որոշակի ճիշտ վարքականոնների մասին,  ընդունված  գործելաոճ են շատ երկրներում ,  այդ թվում Հայաստանում: «Անկեղծ ասած, զարմանում եմ որոշ մարդկանց զարմանքի վրա, որովհետև դրանք հոգեբանների, այլ մասնագետների հետ համատեղ մշակված չսահմանափակող, ոչ պարտադիր խորհուրդներ են: Ու նման թեման դարձնել զավեշտի թեմա, կրկնում եմ, զարմանալի է» ,- ասել է  Աշոտ Ահարոնյանը Tert.am-ի հետ զրույցում:

 

 

Womennet.am-ը  որոշեց եւս մեկ անգամ դիմել  կանանց նկատմամբ բռնության հարցերով զբաղվող մասնագետներին՝   պարզելու համար  ոստիկանության  «Կանացի անվտանգության» խորհուրդների  տարընթերցման  պատճառները:  Պարզվեց, որ իրականում  այս խորհուրդները  փորձագետներին եւ՛ ուրախացրել, եւ՛ մտահոգել են:

 

 

«Ես այս խորհուրդները կարող եմ համարել ոստիկանության կողմից հանցագործության կանխարգելման միջոցառում, որն ինքնին ողջունելի է, քանի որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանայք ավելի հաճախ են դառնում սեռական բռնության զոհ եւ կարծում եմ, որ հենց այս պատճառով է, որ ոստիկանությունը առանձնացրել է կանանց անվտանգությունը»,- ասում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր խորհրդական Աննա Սաֆարյանը:

 

Ինչ վերաբերում է խորհուրդների բովանդակությանը, ձեւակերպմանն ու ենթատեքստին, մասնագետներն այստեղ մի շարք թերություններ են արձանագրել:

 

«Ոստիկանությունը կնոջն ասում է, թե բռնաբարությունից խուսափելու համար որտեղով պիտի քայլել, որ ժամին, միայնակ չի կարելի քայլել, ընկերոջ հետ պիտի քայլել: Սա ոչ միայն մակերեսային, այլեւ  սկզբունքորեն  սխալ մոտեցում է, քանի որ  մեղքը դրվում է դարձյալ զոհի վրա»,- վստահ է «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Մարո Մաթոսյանը:

 

Նրա խոսքով` ոստիկանությունը պետք է շեշտը դնի հանցագործին օրենքի ամբողջ խստությամբ պատժելու վրա, ոչ թե բարոյականության դասեր տա կնոջը:

 

 

Պաշտպանի խորհրդականը եւս համամիտ է, որ ոստիկանության խորհուրդները թերի են մշակված. «Խորհուրդներից մի քանիսը որոշակի կարծրատիպեր են պարունակում: Չեմ կարող չհամաձայնել իրավապաշտպանների հետ այն մասով, որ տպավորություն է ստեղծվում, որ ոստիկանությունը խնդիրը օրինական դաշտից տարվել է բարոյական հարթություն: Պետք էր խնդիրն առավել լավ ուսումնասիրել եւ խորհրդակցել ոլորտի փորձագետների հետ, որպեսզի կնոջ խոցելիությունը չընդգծվեր: Հնարավոր է, որ այդ խորհուրդները կարդան նաեւ այն անձինք, որոնք կարող են հետագայում բռնություն գործադրել, եւ այդ խորհուրդները կարող են նաեւ ուղեցույց լինել հենց բռնարարի համար` բացասական իմաստով»:

 

Հիշեցնենք, որ խորհուրդ է տրվում , օրինակ, երեկոյան ժամերին զբոսնելիս աշխատեք այնպիսի հագուստ կրել, որը չի սահմանափակի ձեր շարժումները և չի գայթակղի հնարավոր մոլագարներին», կամ՝ «Երկար վարսեր ունեցողներին խորհուրդ է տրվում մազերը հավաքած պահել, քանի որ դրանք, ինչպես նաև` վզնոցները, կարող են հարձակման ժամանակ հանցագործի համար «գործիք» հանդիսանալ»  եւ այլն…

 

Նրա խոսքով, լավ կլիներ, որ ոստիկանությունը ցույց տար, որ իրենք կանանց կողքին են եւ որ կանայք պաշտպանված են:

 

«Մինչդեռ մենք բազմաթիվ դիմում-բողոքներ ենք ստանում հենց ոստիկանության գործելակերպի վերաբերյալ, լինում են դեպքեր, երբ բռնության ենթարկված կինը խուսափում է դիմել ոստիկանություն` վստահ լինելով, որ իր բողոքը պատշաճ արձագանք չի ստանա»,- նշում է Աննա Սաֆարյանը:

 

 

Աննա Սաֆարյանը ընդգծում է, որ ոստիկանությունը պետք է ձգտի նվաճել կանանց վստահությունը՝ կանանց նկատմամբ բռնության դեպքերին պատճաշ արձագանքելով եւ օբյեկտիվ քննություն իրականացնելով:

 

 

«Մեր իրականության մեջ բազմաթիվ բռնարարներ անպատիժ են մնում, այնպես որ լավ կլիներ, որ ոստիկանությունն ավելի մեծ ուշադրություն դարձներ քրեական գործերի օբյեկտիվությանը եւ արդյունավետ լուծմանը, հենց այդպես էլ կարող էր բարձրացնել վստահությունն իր նկատմամբ»,- ասում է Պաշտպանի գլխավոր խորհրդականը:

 

 

Մարո Մաթոսյանը եւս կարեւորում է ոչ թե կանանց խորհուրդներ տալը, այլ օրենքի գերակայությունը. «Որեւէ աջակցություն չի կարող լինել լիարժեք, երբ օրենքը չի գործում, ուստի խնդիրն ավելի խորն է եւ միայն խորհուրդներ տալով հարցը չի կարող լուծվել»:

 

Արման Ղարիբյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Ինչպե՞ս հասկանալ ոստիկանության խորհուրդները

 

Ոստիկանության խորհուրդներն ու իրավապաշտպանների արձագանքը

 

 

Դիտումների քանակը` 3312

Գլխավոր էջ