Փոխմարզպետների պաշտոններում  հինգ  կին է նշանակվել. ովքե՞ր են նրանք

 

Կառավարության ղեկավարի՝ վերջին օրերի որոշումներով մի շարք փոխմարզպետներ  են նշանակվել: Այդ նշանակումները բարենպաստ էին կանանց համար: Այսօր հայտնի դարձավ, որ միանգամից չորս կանայք նշանակվեցին  փոխմարզպետներ: Հիշեցնենք, որ ՀՀ մարզերից որևէ մեկը կին չի ղեկավարում:

 

Այսպես, Անահիտ Սարգսյանը  նշանակվել է Արագածոտնի մարզպետի տեղակալ, Նանե Ասատրյանը նշանակվել է  Վայոց Ձորի մարզպետի տեղակալ,  Լարիսա Մադոյանը  նշանակվել է Կոտայքի մարզպետի տեղակալ և  Հերմինե Համբարձումյանը ՝ Սյունիքի մարզպետի տեղակալ:  Նրանց կենսագրականները դեռևս պաշտոնապես չեն հրապարկվել, սակայն մեզ հաջողվեց որոշ տեղեկություններ  պարզել նորանշանակ փոխմարզպետների մասին:

 

Կոտայքի մարզպետի տեղակալ Լարիսա Մադոյանը «Աբովյանի ծննդատուն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենն է: Հայտնի է, որ տիկին Մադոյանը անցած տարի 5-րդ ընտրական տարածքից առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու  «Ծառուկյան» դաշինքի կողմից: «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակում նա 40-րդ հորիզոնականն էր զբաղեցնում:

 

 

Արագածոտնի փոխմարզպետ Անահիտ Սարգսյանը  «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության անդամ է,  մինչ նշանակումը՝ 2009 – 2018թթ.–ին եղել է «ԱԼՖԱ –ՖԱՐՄ» ՓԲԸ մեծածախ վաճառքի բաժնի գործավար, թեև մինչ այդ ուղղակի առնչություն մարզպետարանի հետ ունեցել է՝ 1996-2000թթ-ին նա եղել է Արագածոտնի մարզպետարանի կադրերի բաժնի պետ: 2000-2008թթ.-Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդարանի  աշխատակազմի ղեկավարն էր: Ի դեպ,   Արագածոտնը  Հայաստանի այն մարզերից մեկն է, որը 2013 թվականից սկսած ունեցել է կին փոխմարզպետ. 2013 թվականից այս պաշտոնում աշխատել է  Նունե Մովսիսյանը:  

 

 

Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը մասնագիտությամբ հեռուստալրագրող է,  2006-2008թթ-ին եղել է մարզում Հանրային հեռուստաընկերության թղթակիցը, ապա տեղափոխվել Երևան, որտեղ շարունակել է լրագրողական գործունեությունը Asekose կայքում, ինչպես նաև Անանիա Շիրակացու ճեմարանում որպես հասարակայնության հետ կապերի պատասխանատու: 2015-2018թթ-ին եղել է Հովհաննես Շարամբերյանի անվան ստեղծագործության կենտրոնի գիտաշխատող: Ամուսնացած չէ:  Ուշագրավ է, որ  Նանե Ասատրյանը  այն մարդկանցից է, ովքեր  ընդդիմացան Վայոց Ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի նշանակման դեմ։

 

Սյունիքի մարզպետի տեղակալ  Հերմինե Համբարձումյանը նշանակումից հետո իրեն ուղղված շնորհավորանքներին արձագանքել է ֆեյսբուքյան իր էջում. «Բոլորս ցանկանում ենք մեր սիրելի Հայաստանում ավելի լավ կյանք տեսնել, մեր սերունդների համար ավելի խաղաղ ու բարգավաճ երկիր ապահովել և այս հարցում ես ոչնչով չեմ տարբերվում բոլորից։ Եվ ուրեմն պատրաստ եմ օգտագործել իմ ամուր կրթական բազան, իմ ուժն ու եռանդը այս նոր կերտվող պատմության մեջ նոր տող գրելու, այս նոր կառուցվող Հայաստանի հիմքում մեկ քար դնելու և իմ ներդրումն ունենալու մեր երկրի զարգացման գործընթացում։ Պատիվ է ծառայել Ձեզ, պատիվ է ծառայել Հայաստանի Հանրապետությանը»: Հերմինե Համբարձումյանը ՀՅԴ անդամ է, «Viva-Cell MTS» օպերատոր: 2017-ին խորհրդարանական ըննտրություններում  առաջադրվել  էր ՀՅԴ-ի կողմից որպես տարածքային թեկնածու Սյունիքում:

Մինչ  այսօրվա նշանակումները  կին փոխմարզպետ էր նշանակվել  նաև Շիրակում: Հայաստանի ամենաղքատ մարզի ղեկավարի 3 տեղակալներից մեկն է կին՝ անկուսակցական Սոֆիա Հովսեփյանը: Ծնվել է 1981 թվականի ապրիլի 20-ին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում, 2001-2006 թթ․ սովորել է Խ․ Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի  Հոգեբանության  և  մանկավարժության   բաժնում։ Նա «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամ է, 2017-ին պատգամավորության թեկնածու էր առաջադրված  ԵԼՔ դաշինքից և WomenNet.am-ը այդ  ժամանակ առիթ ունեցել է ներկայացնել նրան հանրությանը: Նա  քաղաքացիական պայքարի հարուստ փորձ ունի՝ Թռչկանի ջրվեժից՝ մինչև ElectricYerevan: Բազմաթիվ  նախաձեռնությունների՝ «Ճանաչիր քո երկիրը», «Պատմամշակութային հուշարձանների պահպանում», «Հեռուստաեթերի մաքրում», «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին», «Աջակցություն թիկունքից առաջնագիծ» հիմնադիր է, տարբեր խնդիրների դեմ պայքարի առաջամատիկ:

 

Նշենք, որ Տավուշի մարզպետի երեք տեղակալների թվում կանայք չկան: Սյունիքում երեք փոխմարզպետներից մեկն է կին, ինչպես արդեն նշեցինք Հերմինե Հարությունյանը:  Գեղարքունիքում, որտեղ կանայք բազմաթիվ խնդիրներ ունեն (հիշեցնենք, այստեղ տղամարդկանց մեծ մասն արտագնա աշխատանքի է մեկնում, կանայք    ծանր աշխատանք կատարեկու հետևանքով առողջական բազմաթիվ խնդիրներ ունեն), մարզի ղեկավարության մեջ կանայք չկան: Երեք փոխմարզպետներն էլ տղամարդիկ են:  Արմավիրում, Արարատում, Լոռիում էլ կին փոխմարզպետներ չկան: Ստացվում է, որ Հայաստանի տասը մարզերից միայն հինգում մեկական կին փոխմարզպետ կա: Ընդհանուր առմամբ,  30 փոխմարզպետներից այս պահի դրությամբ հինգն են կանայք:

 

Անշուշտ նախորդ կառավարության համեմատ փոխմարզպետների թիվն ավելացել է, սակայն այդ ցուցանիշը դեռ հեռու է բավարար լինելուց: Հիշեցնենք՝ նախկին իշխանության օրոք փոխմարզպետների պաշտոնում երկու կին կար՝ Արմավիրում՝ Լարիսա Մուրադյանը և  Արագածոտնում՝ Նունե Մովսիսյանը:

 

 

Հ. Կարապետյան

Լ. Խոջոյան

 

Դիտումների քանակը` 3062

Գլխավոր էջ