«Երկու ամիս էլ  չվայելեցինք մեր կառուցած տունը, թողեցինք ու  հեռացանք․․․»

 

Կարի մեքենայի  կտկտոցի տակ զրույցը ձգվում է, իսկ Պայծառ Քարամյանը կարծես չի ցանկանում  ընդհատել այն․․․ Հիշողությունները  քաղցր են, ու թվում է, թե  ուր որ է  կբացվի Արցախի Երիցվանք  գյուղի  իրենց  ձեռքերով  կառուցած  տան դուռը, ու գյուղի դպրոցում աշխատող  սկեսրայրը, սկեսուրն ու ամուսինը  ներս  կմտնեն, երկու մանկահասակ երեխաների և ամուսնու եղբոր  հետ կհավաքվեն   իրիկնամուտի սեղանի  շուրջը  ու  կվայելեն Պայծառի  պատրաստած  համեղ ու  տաք  ճաշը․․․

 

 

Վայոց ձորի Եղեգնաձորի շրջանի Արտաբույնք գյուղում  ծնված Պայծառն ամուսնանում է Արցախում: Սովորում էր Գորիսի մանկավարժական  համալսարանում՝ տարրական  մեթոդիկա  մասնագիտությամբ, սակայն ուսումը կիսատ է մնում պատերազմի պատճառով․․․ Ընտանեկան հոգսերով ծանրաբեռնվածությունը խոչընդոտ  չէր Պայծառի համար, որպեսզի  նա զբաղվեր նաև մատնահարդարմամբ: Նրա  առօրյան   միշտ էլ հագեցած է եղել՝  տնտեսություն, երեխաների  խնամք, ուսում,  աշխատանք, թվում էր՝ կյանքն  ընթանում է իր հունով․․․

 

 

Պատերազմից առաջ, չնայած ականջն ահագնացող  լուրերին, Երիցվանքում  մարդիկ  շարունակում էին ապրել առօրյա  կյանքով, գիտեին, որ  իրավիճակը լարված է, սակայն  աշխատանքով զբաղված փորձում էին  խլացնել ճնշող  լուրերի ազդեցությունը․․․

 

 

 

Պատերազմն այնուամենայնիվ պայթեց: Գյուղի  ջահել  հարսներն իրենց  մանկահասակ  երեխաների հետ վաղուց էին  հեռացել  գյուղից: Պայծառի ամուսինն առաջնագծում էր,  իսկ ընտանիքի անդամները համոզված էին, որ  պատերազմը երկար  չի  տևի,  ու երբ  համոզվեցին, որ այն դեռ    կարող է  ձգվել, որոշեցին  հետևել  հարևաններին:

 

 

-Ցավն այն էր, որ  մեր  ձեռքերով էինք  կառուցել  մեր նոր տունը․․․ Ի՜նչ  երազանքներով  էինք  կառուցել, բայց երկու ամիս էլ  չվայելեցինք, ստիպված էինք թողնել ու  հեռանալ․․․ Գիտե՞ք՝  ի՜նչ  ցավ է․․․ Երիտասարդ  հարսներից ամենավերջինը ես եմ հեռացել  գյուղից,  բոլորն արդեն  գնացել էին: Հիշում եմ՝ 2020 թվականի հոկտեմբերի 15-ն էր, դուրս եկանք  տնից ու ետ-ետ  նայելով մեր տանը,  հեռացանք, միայն հասցրել էի երեխաների  համար  տաք  հագուստ  վերցրել,  հայրս  Հայաստանից  մեքենայով  եկել էր  մեզ  տանելու: Կարծում էի՝  շուտով  կվերադառնանք, որ Ապրիլյան  պատերազմի նման  կարճատև կլինի: Մեր ապրումներն աննկարագրելի էին թե՛  պատերազմի, թե՛  տեղահանման  ժամանակ,- պատմում է Պայծառ Քարամյանը:

 

 

Երկրորդ  տարի է՝  ինչ Պայծառն  ընտանիքով  ապրում է Վայոց ձորի Արփի գյուղում: Հարցնում եմ,  ինչպե՞ս  հայտնվեցիք Արփիում:

 

 

Պարզվում է,  տեղահանումից  հետո երեք ամիս Պայծառը երեխաների հետ ապրել է  հայրական տանը՝ Արտաբույնքում։ Ամուսինը երբեմն  առաջնագծից տուն էր գալիս՝ ընտանիքին  հանդիպելու: Սկեսրայրը կնոջ  հետ ապրում էր Մարտունու շրջանի Գեղահովիտ գյուղում: Այսպես  մասնատված ապրեցին  մի որոշ  ժամանակ, որից  հետո ծանոթների խորհրդով տեղափոխվեցին Արփի գյուղ, որտեղ առաջարկված տանն անհատույց ապրում են: Չի  դժգոհում,  հարմարվել են,  երեխաները  հաճախում են  տեղի դպրոց, ամուսինն աշխատանքի է անցել Եղեգնաձորի ոստիկանությունում, սկեսրոջ մահից  հետո սկեսրայրն ապրում է  որդու ընտանիքի  հետ:

 

 

Պայծառի  համար սկսվեց  մի նոր շրջան: Միջազգային կազմակերպություններից մեկի աջակցության  ծրագրով սովորեց  կարուձև, ստացավ  սերտիֆիկատ  և կարի  մեքենա: Այսօր արդեն անկողնային  պարագաների պատվերներ է  ընդունում: Ու քանի որ չի  կարող ուսումը  շարունակել, որոշել է ստեղծել սեփական  բիզնեսը, ունենալ կարի փոքրիկ արտադրամաս և ընդլայնել արտադրվող  տեսականին:

 

 

-Չգիտեմ, թե որքան  ժամանակ ենք  ապրելու այստեղ: Հետևում ենք  իրադարձություններին, սակայն  դրական  տեղաշարժ առայժմ  չենք  տեսնում: Հավանաբար երկար կապրենք Արփիում, եթե ոչ ընդմիշտ: Ես սովոր չեմ զբաղվել  միայն  տնային  տնտեսությամբ  ու երեխաներով: Հարկավոր է նաև աշխատել,  օգնել  ամուսնուս ոտքի  կանգնելու,-ասում է  26-ամյա Պայծառն ու հավելում,-դժվարություններ եղել են  կյանքում, սակայն ամենածանրը  հող,  բնակավայր  և  տուն  կորցնելն է: Երեխաներս թեև  փոքր են, սակայն  հաճախ  են հարցնում, թե  երբ ենք  վերադառնալու մեր տուն: Տխրում եմ,  բայց  և  չեմ  ընկճվում: Սա էլ է  մեր հայրենիքը,  եթե  մեզ  վիճակված է ապրել ու արարել այստեղ, ուրեմն այդպես էլ կլինի:

 

 

Պայծառի համոզմամբ՝  միայն աշխատանքի  շնորհիվ  հնարավոր կլինի ազատվել անցյալի  դառը հուշերից  կամ  գոնե  մեղմել դրանք: Երազանքը իրականություն  դարձնելու համար հարկավոր  է քայլ անել,  ինչն արդեն Պայծառի դեպքում կատարվել է: Դե,  իսկ ծրագրերի  իրագործման  առումով հաստատակամ է, եթե  աջակցող  լինի՝ ավելի լավ:

 

 

Անուշ Ներսիսյան

 

 

 

Դիտումների քանակը` 886

Գլխավոր էջ